Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՖԼՈՐԵՆՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ «ԼԱՆԴՇԱՖՏ ...

 

 

020.0469.070104

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ «ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ» ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 հունվարի 2004 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստորագրման համար բացվել է 2000թ. հոկտեմբերի 20-ին, Ֆլորենցիայում` լանդշաֆտի պահպանությանը, կառավարմանը և պլանավորմանը նպաստելու, ինչպես նաև այդ ոլորտում եվրոպական համագործակցությունը կազմակերպելու նպատակով:

2. Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող պետությունները պարտավորվում են ձեռնարկել ընդհանուր և կոնկրետ միջոցառումներ, որպիսիք, մասնավորապես, ներառում են լանդշաֆտների պահպանությանը, կառավարմանը և պլանավորմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը, այդ գործընթացին շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովումը, լանդշաֆտները շրջանային և քաղաքաշինական պլանավորման քաղաքականության մեջ ներառելը, հանրության իրազեկության բարձրացումը, համապատասխան ուսուցողական և կրթական միջոցառումների իրականացումը, լանդշաֆտների ճանաչումն ու գնահատումը:

Կոնվենցիայով Պայմանավորվող պետություններն ստանձնում են նաև միմյանց հետ համագործակցելու պարտավորություն` տեխնիկական և գիտական աջակցություն տրամադրելու, մասնագետների և տեղեկատվության փոխանակման միջոցով:

3. Կոնվենցիան նախատեսում է միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության համակարգ և որպես խրախուսման միջոց սահմանում Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային մրցանակ` լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման լավագույն քաղաքականության և միջոցառումների համար:

4. Կոնվենցիան կնպաստի շրջակա միջավայրի պահպանության և վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների բանական օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված սահմանադրաիրավական պարտավորության կատարմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2000թ. հոկտեմբերի 20-ի Ֆլորենցիայի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայում» ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 հունվարի 2004 թվականի

ՍԴՈ-469

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.01.2004
N ՍԴՈ-469
Որոշում