020.0453.111103
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 նոյեմբերի 2003թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն արձանագրությունը ԵԽ-ի անդամ պետություններն ստորագրել են` նկատի ունենալով ԵԽ-ի Նախարարների կոմիտեի 2001թ. սեպտեմբերի 12-ի և 2002թ. մայիսի 3-ի հռչակագրերը, ինչպես նաև Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մասին 2001թ. սեպտեմբերի 21-ի որոշումը, Միջազգային ահաբեկչության վերացմանն ուղղված միջոցների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներն ու հռչակագրերը` նպատակահարմար գտնելով փոփոխություններ կատարել Ահաբեկչության արգելման մասին 1977թ. հունվարի 27-ի եվրոպական կոնվենցիայում (այսուհետև` Կոնվենցիա) ու ամրապնդել դրա կատարման արդյունավետությունը:
Հայաստանի Հանրապետությունը սույն արձանագրությունն ստորագրել է 2003 թվականի մայիսի 15-ին:
2. Արձանագրությամբ ընդլայնվում է Կոնվենցիայով նախատեսված այն հանցագործությունների շրջանակը, որոնք հանձնման նպատակով պայմանավորվող պետությունների կողմից չեն կարող համարվել քաղաքական հանցագործություն, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություն կամ քաղաքական շարժառիթներով կատարվող հանցագործություն: Կոնվենցիայի այս փոփոխությանը համապատասխան` պայմանավորվող պետությունները պարտավորվում են չմերժել արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնման պահանջը` վկայակոչելով այդ հանցագործությունների քաղաքական բնույթը:
3. Սույն արձանագրության ուժով` բոլոր այն պայմանավորվող պետությունների հարաբերություններում, որոնք միմյանց հետ չունեն հանձնման վերաբերյալ պայմանագիր, Կոնվենցիան կարող է դիտվել որպես հանձնման իրավական հիմք:
4. Արձանագրությունը ճանաչում է պայմանավորվող պետությունների իրավունքը` մերժելու հանձնման պահանջը, եթե հանձնման ենթակա անձին հայցող պետությունում սպառնում է խոշտանգումների ենթարկվելու վտանգ կամ մահապատիժ: Արձանագրության այս դրույթը համահունչ է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:
5. Արձանագրությունը սահմանում է Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու պարզեցված ընթացակարգ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 նոյեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-453