020.0451.300903
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 սեպտեմբերի 2003 թվականի |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ` հրավիրված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21/1/ հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի մայիսի 22-ին Ստոկհոլմում ստորագրված` Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիան ստորագրվել է 2001 թ. մայիսի 22-ին` Ստոկհոլմում: Կոնվենցիան նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պաշտպանվող այնպիսի արժեքի պաշտպանությանը, ինչպիսին մարդու առողջությունն է: Այդ արժեքի պաշտպանությունը կոնվենցիան իրականացնում է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կայուն օրգանական աղտոտիչների վտանգավոր ազդեցությունը կանխելուն ուղղված միջոցառումներ սահմանելու միջոցով:
2. Կողմերը պարտավորվում են արգելել կամ սահմանափակել կոնվենցիայով նախատեսված առանձին քիմիական նյութերի արտադրությունն ու օգտագործումը, դրանց ներմուծումն ու արտահանումը: Այս պարտավորություններից շեղում թույլատրվում է միայն կոնվենցիայով սահմանված կոնկրետ բացառությունների դեպքում:
Կոնվենցիայով Կողմերն ստանձնում են նաև առանձին քիմիական նյութերի արտանետման կրճատմանը, քիմիական նյութեր պարունակող պաշարների և թափոնների կառավարմանն ուղղված այնպիսի միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն, որոնք կապահովեն մարդու առողջության ու շրջակա միջավայրի պաշտպանությունը: Կողմերը սույն պարտավորություններն իրականացնում են ըստ համապատասխան պլանի և կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն են տրամադրում Կողմերի Կոնֆերանսին:
Կոնվենցիան նախատեսում է նաև առանձին պարտավորություններ` կայուն օրգանական աղտոտիչների արտադրության ու օգտագործման, արտանետումների կրճատման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, դրանց առնչվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկությունն ապահովելու կապակցությամբ: Յուրաքանչյուր կողմ ստեղծում է ազգային համակարգող կենտրոն` տեղեկատվության փոխանակման նպատակների համար:
3. Կոնվենցիան, հաշվի առնելով զարգացող երկրների կարիքներն ու հնարավորությունները, տարբերակված մոտեցում է նախատեսում զարգացող և զարգացած երկրների համար: Զարգացող երկրների կողմից կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարումը պայմանավորվում է զարգացած երկրների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: Կոնվենցիայով ստեղծվում է ֆինանսական հստակ կանոնակարգված մեխանիզմ, որը նպատակաուղղված է զարգացող երկրների կողմից կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներուժի ստեղծմանը:
Կոնվենցիան նախատեսում է նաև կոնվենցիայի արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ:
Կոնվենցիայի շրջանակներում կազմավորվում են կոնվենցիայի կատարումը վերահսկելու և գնահատելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմիններ, սահմանվում են դրանց լիազորությունները:
Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում ընթացակարգային, գիտական, տեխնիկական և վարչական բնույթի հարցեր կանոնակարգող թվով վեց հավելվածներ:
Կոնվենցիային վերապահումներ կատարել չի թույլատրվում:
4. Կոնվենցիայի դրույթները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9, 10 և 34 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի մայիսի 22-ին Ստոկհոլմում ստորագրված` Կայուն օրգանական աղտոտիչների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 սեպտեմբերի 2003 թվականի
ՍԴՈ-451