011.0015.100903
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ» ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրելու և Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
2. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ խնդիրները.
- «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու համամասնությունների և փոխհատուցելու հնարավորությունների ուսումնասիրությունը: Այդ նպատակով խնայողական ավանդները վերականգնելու շուրջ սկզբունքներ, մեխանիզմներ և մեթոդիկա մշակելը.
- ըստ ժամանակագրության` առկա ավանդային հաշիվների կառուցվածքի (ըստ ավանդի տեսակի) և ծավալների ուսումնասիրությունը.
- խնայողական ավանդների փոխհատուցման առաջարկությունների, հաջորդականության և ժամկետների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
- իր գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական և այլ բնույթի առաջարկություններ Ազգային ժողով ներկայացնելը:
3. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններ (կազմակերպություններ), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն (բացառությամբ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների):
4. ԱԺ վերահսկիչ պալատն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը:
5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:
6. Հանձնաժողովն ստեղծել հետևյալ կազմով. ՀՀԿ խմբակցությունից երկու պատգամավոր, մեկական պատգամավոր մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից և դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:
7. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:
9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալներ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
11. Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունը:
12. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2004 թվականի մարտի 31-ը: Մինչ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ N Ն-015-3