Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/0129/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0129/02/19       2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

    Դատավորներ`        Ն. Կարապետյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Բազիկյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Վարդան Ավետիսյանի` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07.09.2016 թվականին կնքված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 52.218.000 ՀՀ դրամ արժեքով առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչելով դրանից ծագող սեփականության և գրավի իրավունքների գրանցումները, ինչպես նաև ճանաչել Սուսաննա Բազիկյանին և Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի նկատմամբ առկա սահմանափակումը 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիմքով գրանցված Բանկի գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամի վճարմամբ դադարեցնելու Սուսաննա Բազիկյանի իրավունքը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 28.08.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

Դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) 08.10.2020 թվականի լրացուցիչ վճռով Շուշանիկ Ղազարյանի միջնորդությունը փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին բավարարվել է մասնակի. հայցվոր Սուսաննա Բազիկյանից հօգուտ պատասխանող Շուշանիկ Ղազարյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.08.2020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Շուշանիկ Ղազարյանը և Վարդան Ավետիսյանը (ներկայացուցիչ Սարգիս Մադաթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Բազիկյանը (ներկայացուցիչ Կարեն Թունյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի սկիզբը համարել է ոչ թե այն պահը, երբ հայցվորը իմացել է իր իրավունքի խախտման համար հիմք հանդիսացած հանգամանքի մասին, այլ այն պահը, երբ հայցվորը իմացել է իր իրավունքի խախտման փաստը հավաստող դատական ակտի մասին: Նման մոտեցումը ուղղակիորեն հակասում է թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և թե՛ Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք դատական գործերով կայացված որոշումներով հայցային վաղեմության ժամկետի սկզբի վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին:

Սույն գործով շահագրգիռ անձի համար հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել այն պահից, երբ շահագրգիռ անձը համոզված է լինում իր իրավունքի խախտման հարցում` անկախ այն հանգամանքից, թե իրականում այդ խախտումը տեղի ունեցել է, թե ոչ:

Հայցվորը տեղեկանալով, որ առանց իր համաձայնության սնանկության գործի շրջանակներում կայացվել է որոշում անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին, ձեռնամուխ է եղել իր խախտված իրավունքների պաշտպանությանը և 2016 թվականին թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվորը վերոնշյալ գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին է ձևավորել սուբյեկտիվ համոզմունք այն մասին, որ իր իրավունքները խախտվել են, այդ իսկ պատճառով վերջինս ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի համատեքստում այն, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման, խախտել է հենց դատական ակտի պատճառաբանվածության պահանջը:

Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ մեկնաբաներ նորմը և նման մեկնաբանությամբ պայմանավորված` կատարեր գործով հաստատված փաստերի և այդ նորմի համադրում: Սակայն Վերաքննիչ դատարանն ընդամենը մեջբերել է օրենքի դրույթներ և փաստական հանգամանքներ և առանց վերլուծության կատարել է եզրահանգում: Այսինքն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.08.2020 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով թե հայցադիմումում, թե հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ տրված պարզաբանումներում և թե հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության հարցի քննության ընթացքում հայցվորը փաստարկել է, որ հայցապահանջի հիմքը վիճարկվող գործարքն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանելն է` բացակայում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչին լիազորող դատական ակտը, որպիսի հանգամանքն ի հայտ է եկել 07.06.2019 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործում առկա որոշման կայացմամբ:

Հայցի փաստական և իրավական հիմքերը կրկին անգամ մատնացույց անելով հայցվորը հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման գործարքի մասին իրազեկվելով կարող էր միայն ենթադրել, որ իր իրավունքը խախտվել է, սակայն բնավ չէր կարող հաստատապես իմանալ դրա մասին, քանի որ առկա էր օրինական ուժ ունեցող դատական ակտ այդ գործարքը թույլատրելու, այսինքն` այն օրենքին համապատասխանելու մասին և քանի դեռ այդ դատական ակտը գոյություն ուներ, բացակայում էր այն անվավեր ճանաչելու հիմքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համաձայն ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 15.08.2016 թվականին կայացված Արմեն Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին որոշման, որոշվել է. «Թույլատրել Արմեն Միսակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին` Արմեն Միսակի Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել ք. Երևան, Թավրիզյան փող., 17 տան բնակիչ Շուշանիկ Հովհաննեսի Ղազարյանին: (...)» (հատոր 1-ին, գ.թ.17):

2. Բանկի մի կողմից Գևորգ Ավագյանի մյուս կողմից և Շուշանիկ Ղազարյանի (այսուհետ` գնորդ-գրավատու) միջև 07.09.2016 թվականին կնքվել է թիվ 256197 Անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի հիփոթեքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել սեղանամատյանում թիվ 2835 համարի տակ, որի 1.1 կետի համաձայն` պայմանագրով վաճառողը գնորդ-գրավատուին վաճառում է պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքը, իսկ գնորդ-գրավատուն պայմանագրով սահմանված կարգով և չափով վճարում է վաճառողին դրա դիմաց:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն` անշարժ գույքի տվյալները հետևյալն են` հասցե` քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենք, 230 բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 25-30):

3. Հայցվոր Սուսաննա Բազիկյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» 15.08.2016 թվականի որոշման դեմ 16.12.2016 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք և հայտնել է, որ իր գույքի վաճառքի մասին տեղեկացել է 23.09.2016 թվականին (...) (հատոր 1-ին, գ.թ. 123-135):

4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 147-158):

5. ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշումը բեկանել է և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով ուղարկել է ՀՀ սնանկության դատարան` նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

6. Սուսաննա Բազիկյանը 24.09.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, Բանկի, Վարդան Ավետիսյանի` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, ինչը ՀՀ սնանկության դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1, 3-10):

7. Պատասխանողներ Շուշանիկ Ղազարյանի, Վարդան Ավետիսյանի և Բանկի կողմից ներկայացվել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ (հատոր 1-ին, գ.թ. 100-102, 110-111, 120-122):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմության կիրառման հարցի հետ կապված իրավունքի խախտման և դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Վերը նշված հոդվածի նույն կետի երկրորդ պարբերությամբ թվարկվում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հիմքերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիշատակված իրավանորմերը սահմանելով քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման և իրականացման պայմանները նախատեսում են այդ իրավունքների դադարում` օրենքով նախատեսված դեպքերում, եթե այդ իրավունքները չեն իրականացվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթները, իսկ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական պաշտպանության եղանակները:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, իսկ 5-րդ կետով նախատեսված է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:

Դրա հետ միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որի ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված ձևով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, (...) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

i

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե՛ս, Իրինա Մանասերյանի ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին` արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտն ուղղված է դատական պաշտպանության իրավունքի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այլ հիմնարար իրավունքների չարաշահման բացառմանը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը չի կարող երաշխավորվել այն իրավիճակներում, երբ կողմերից մեկը չարաշահում է իր իրավունքները, այդ թվում` դատարան դիմելու իրավունքը:

(...) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված` իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը` ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների` Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 17.02.2016 թվականի վճռով Գագիկ Հակոբյանի դիմումը բավարարվել է և Արմեն Հակոբյանը ճանաչվել է սնանկ:

Նույն դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ թույլատրվել է Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող Բանկում գրավադրված` քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել Շուշանիկ Ղազարյանին:

Նշված դատական ակտը վերաքննության, ապա նաև վճռաբեկության կարգով բողոքարկվել է Սուսաննա Բազիկյանի կողմից:

Սուսաննա Բազիկյանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 15.08.2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ 16.12.2016 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքում նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ Սուսաննա Բազիկյանին առաջարկվել է ներկայանալ Բանկ որպեսզի քննարկվի գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշումը բեկանել է և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Սույն գործով Սուսաննա Բազիկյանը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07.09.2016 թվականին կնքված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 52.218.000 ՀՀ դրամ արժեքով առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչելով դրանից ծագող սեփականության և գրավի իրավունքների գրանցումները, ինչպես նաև ճանաչել Սուսաննա Բազիկյանին և Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի նկատմամբ առկա սահմանափակումը 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիմքով գրանցված Բանկի գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամի վճարմամբ դադարեցնելու Սուսաննա Բազիկյանի իրավունքը:

Սուսաննա Բազիկյանը հայցադիմում ներկայացնելով դատարան, որպես փաստական հիմք նշել է այն հանգամանքը, որ փաստացի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարվել է այլ անձի և այդ օտարումը թույլատրող, այսինքն` այն որպես օրենքով չարգելված գործարք սահմանող դատական ակտը բեկանվել է, կամ ավելի պարզ ասած` բացակայում է որպես սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքն ուղղակի գործարքով իրացնելու իրավական հիմքը, հետևաբար գործարքը հակասում է օրենքով սահմանված պահանջներին, մասնավորապես տվյալ դեպքում գործարքն իրականացվել է առանց դատարանի կողմից տրված թույլտվության:

Պատասխանողներ Շուշանիկ Ավետիսյանը, Վարդան Ավետիսյանը և Բանկը ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն` այն հիմքով, որ հայցվորը դեռևս 23.09.2016 թվականին (ինչպես վերջինս նշել է թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքում) իմացել է, որ Շուշանիկ Ղազարյանը գնել է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը: Հետևաբար հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է դեռևս 23.09.2016 թվականին:

Դատարանը մերժելով Սուսաննա Բազիկյանի հայցադիմումը` պատճառաբանել է, որ հայցվորը «16.12.2016 թվական» թվագրությամբ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ բողոքում մասնավորապես նշել է.

«(...) Բողոքաբերը գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ բանկը բողոքաբերին առաջարկել է ներկայանալ բանկ, որպեսզի քննարկվեր գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ և որպեսզի բողոքաբերը բանկին հանձներ գույքի բանալիները: (...)»:

Այսպիսով հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար իր կողմից նշված հիմքերի վերաբերյալ տեղեկացված է եղել դեռևս 23.09.2016 թվականից, ուստի հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել հենց տեղեկացված լինելու օրվանից:

Համադրելով վերը նշված վերլուծությունները սույն քաղաքացիական գործի փաստերի հետ` Դատարանը փաստել է, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից շուրջ երկու տարի հետո` 24.09.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը բավարարելով Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքն` արձանագրել է, որ դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը որպես հայցի փաստական հիմք նշել է ոչ թե գործարքի վերաբերյալ տեղեկացված լինել/չլինելու հանգամանքը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացվելու հանգամանքը` վիճելի գործարքի օրինական հիմքի բացակայությունը, ինչի մասին բողոքաբերն ավելի վաղ, քան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը` 07.06.2019 թվականը, իմանալ չէր կարող ուստի սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել է ոչ թե իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այլ գործարքն անվավեր ճանաչելու համար բողոքաբերի գնահատմամբ հիմք ծառայող հանգամանքի վերաբերյալ տեղեկանալու պահից, հետևաբար սույն գործով Դատարանը հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելով գործարքի մասին իմանալու օրվանից` թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Ուստի վերաքննիչ բողոքի հիմքը` Դատարանի կողմից հայցի փաստական հիմքը ճիշտ չգնահատելու, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը սխալ հաշվարկելու վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման, ինչի հիմքով Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով պետք է իրականացվի գործի նոր քննություն` ամբողջ ծավալով, հայցի հիմքում դրված հանգամանքների հիմնավորվածությունը պարզելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական նորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վերոնշյալ դիրքորոշումների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սույն գործի լուծման համար կարևոր է որոշել այն պահը, թե երբ է Հայցվորն իր սուբյեկտիվ ընկալմամբ հաստատապես համոզված եղել իր իրավունքի խախտման մասին, որը կարող էր հիմք հանդիսանալ անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու համար:

Սույն պարագայում հայցվոր Սուսաննա Բազիկյանը մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ Բանկը Սուսաննա Բազիկյանին առաջարկել է ներկայանալ Բանկ, որպեսզի քննարկվեն գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ:

Այսինքն հայցվորը հայցադիմումը ներկայացրել է գործարքով իր իրավունքը խախտելու պահից` որի մասին վերջինս տեղյակ է եղել դեռևս 23.09.2016 թվականին, երեք տարի հետո, այն դեպքում, երբ վիճահարույց գործարքի վիճարկման համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար ամենևին կարևոր չէ տվյալ գործարքի հիմքում ընկած հանգամանքների առանձին-առանձին վիճարկումը, եթե օրենքով սահմանված չէ այդ հայցապահանջները մեկ հայցադիմումով ներկայացնելը:

Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելուց բացի ներկայացնել նաև հայցադիմում` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որոնք անմիջականորեն խախտել են իր սուբյեկտիվ իրավունքները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու` հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Բազիկյանից հօգուտ Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 28.08.2020 թվականի վճռին:

2. Սուսաննա Բազիկյանից հօգուտ Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ՍնԴ/0129/02/19 քաղաքացիական գործով 18.11.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

18.11.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Բազիկյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և Վարդան Ավետիսյանի` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանք կիրառելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 28.08.2020 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սուսաննա Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07.09.2016 թվականին կնքված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 52.218.000 ՀՀ դրամ արժեքով առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչելով դրանից ծագող սեփականության և գրավի իրավունքների գրանցումները, ինչպես նաև ճանաչել Սուսաննա Բազիկյանին և Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի նկատմամբ առկա սահմանափակումը 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիմքով գրանցված Բանկի գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամի վճարմամբ դադարեցնելու Սուսաննա Բազիկյանի իրավունքը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 28.08.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

Դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) 08.10.2020 թվականի լրացուցիչ վճռով Շուշանիկ Ղազարյանի միջնորդությունը փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին բավարարվել է մասնակի. հայցվոր Սուսաննա Բազիկյանից հօգուտ պատասխանող Շուշանիկ Ղազարյանի բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.08.2020 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Շուշանիկ Ղազարյանը և Վարդան Ավետիսյանը (ներկայացուցիչ Սարգիս Մադաթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Բազիկյանը (ներկայացուցիչ Կարեն Թունյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմության ժամկետի սկիզբը համարել է ոչ թե այն պահը, երբ հայցվորը իմացել է իր իրավունքի խախտման համար հիմք հանդիսացած հանգամանքի մասին, այլ այն պահը, երբ հայցվորը իմացել է իր իրավունքի խախտման փաստը հավաստող դատական ակտի մասին: Նման մոտեցումը ուղղակիորեն հակասում է թե՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և թե՛ Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք դատական գործերով կայացված որոշումներով հայցային վաղեմության ժամկետի սկզբի վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին:

Սույն գործով շահագրգիռ անձի համար հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել այն պահից, երբ շահագրգիռ անձը համոզված է լինում իր իրավունքի խախտման հարցում` անկախ այն հանգամանքից, թե իրականում այդ խախտումը տեղի ունեցել է, թե ոչ:

Հայցվորը տեղեկանալով, որ առանց իր համաձայնության սնանկության գործի շրջանակներում կայացվել է որոշում անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին, ձեռնամուխ է եղել իր խախտված իրավունքների պաշտպանությանը և 2016 թվականին թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվորը վերոնշյալ գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին է ձևավորել սուբյեկտիվ համոզմունք այն մասին, որ իր իրավունքները խախտվել են, այդ իսկ պատճառով վերջինս ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի համատեքստում այն, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման, խախտել է հենց դատական ակտի պատճառաբանվածության պահանջը:

Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ մեկնաբաներ նորմը և նման մեկնաբանությամբ պայմանավորված` կատարեր գործով հաստատված փաստերի և այդ նորմի համադրում: Սակայն Վերաքննիչ դատարանն ընդամենը մեջբերել է օրենքի դրույթներ և փաստական հանգամանքներ և առանց վերլուծության կատարել է եզրահանգում: Այսինքն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.08.2020 թվականի վճռին»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով թե հայցադիմումում, թե հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ տրված պարզաբանումներում և թե հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության հարցի քննության ընթացքում հայցվորը փաստարկել է, որ հայցապահանջի հիմքը վիճարկվող գործարքն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանելն է` բացակայում է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչին լիազորող դատական ակտը, որպիսի հանգամանքն ի հայտ է եկել 07.06.2019 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործում առկա որոշման կայացմամբ:

Հայցի փաստական և իրավական հիմքերը կրկին անգամ մատնացույց անելով հայցվորը հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման գործարքի մասին իրազեկվելով կարող էր միայն ենթադրել, որ իր իրավունքը խախտվել է, սակայն բնավ չէր կարող հաստատապես իմանալ դրա մասին, քանի որ առկա էր օրինական ուժ ունեցող դատական ակտ այդ գործարքը թույլատրելու, այսինքն` այն օրենքին համապատասխանելու մասին և քանի դեռ այդ դատական ակտը գոյություն ուներ, բացակայում էր այն անվավեր ճանաչելու հիմքը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Համաձայն ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 15.08.2016 թվականին կայացված Արմեն Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին որոշման, որոշվել է. «Թույլատրել Արմեն Միսակի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին` Արմեն Միսակի Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել ք. Երևան, Թավրիզյան փող., 17 տան բնակիչ Շուշանիկ Հովհաննեսի Ղազարյանին: (...)» (հատոր 1-ին, գ.թ.17):

2. Բանկի մի կողմից Գևորգ Ավագյանի մյուս կողմից և Շուշանիկ Ղազարյանի (այսուհետ` գնորդ-գրավատու) միջև 07.09.2016 թվականին կնքվել է թիվ 256197 Անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի հիփոթեքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով և գրանցվել սեղանամատյանում թիվ 2835 համարի տակ, որի 1.1 կետի համաձայն` պայմանագրով վաճառողը գնորդ-գրավատուին վաճառում է պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքը, իսկ գնորդ-գրավատուն պայմանագրով սահմանված կարգով և չափով վճարում է վաճառողին դրա դիմաց:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն` անշարժ գույքի տվյալները հետևյալն են` հասցե` քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենք, 230 բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 25-30):

3. Հայցվոր Սուսաննա Բազիկյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» 15.08.2016 թվականի որոշման դեմ 16.12.2016 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք և հայտնել է, որ իր գույքի վաճառքի մասին տեղեկացել է 23.09.2016 թվականին (...) (հատոր 1-ին, գ.թ. 123-135):

4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 147-158):

5. ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշումը բեկանել է և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով ուղարկել է ՀՀ սնանկության դատարան` նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

6. Սուսաննա Բազիկյանը 24.09.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, Բանկի, Վարդան Ավետիսյանի` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, ինչը ՀՀ սնանկության դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1, 3-10):

7. Պատասխանողներ Շուշանիկ Ղազարյանի, Վարդան Ավետիսյանի և Բանկի կողմից ներկայացվել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ (հատոր 1-ին, գ.թ. 100-102, 110-111, 120-122)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմության կիրառման հարցի հետ կապված իրավունքի խախտման և դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Վերը նշված հոդվածի նույն կետի երկրորդ պարբերությամբ թվարկվում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հիմքերը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հիշատակված իրավանորմերը սահմանելով քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման և իրականացման պայմանները նախատեսում են այդ իրավունքների դադարում` օրենքով նախատեսված դեպքերում, եթե այդ իրավունքները չեն իրականացվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր դրույթները, իսկ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական պաշտպանության եղանակները:

i

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, իսկ 5-րդ կետով նախատեսված է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:

Դրա հետ միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որի ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված ձևով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, (...) այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

 

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

i

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե՛ս, Իրինա Մանասերյանի ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի որոշումը):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին` արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտն ուղղված է դատական պաշտպանության իրավունքի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այլ հիմնարար իրավունքների չարաշահման բացառմանը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը չի կարող երաշխավորվել այն իրավիճակներում, երբ կողմերից մեկը չարաշահում է իր իրավունքները, այդ թվում` դատարան դիմելու իրավունքը:

(...) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված` իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը` ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների` Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/»պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ` զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող` «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 17.02.2016 թվականի վճռով Գագիկ Հակոբյանի դիմումը բավարարվել է և Արմեն Հակոբյանը ճանաչվել է սնանկ:

Նույն դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ թույլատրվել է Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող Բանկում գրավադրված` քաղաք Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել Շուշանիկ Ղազարյանին:

Նշված դատական ակտը վերաքննության, ապա նաև վճռաբեկության կարգով բողոքարկվել է Սուսաննա Բազիկյանի կողմից:

Սուսաննա Բազիկյանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 15.08.2016 թվականի «Արմեն Միսակի Հակոբյանի գույքը ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ 16.12.2016 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքում նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ Սուսաննա Բազիկյանին առաջարկվել է ներկայանալ Բանկ որպեսզի քննարկվի գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 07.06.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշումը բեկանել է և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Սույն գործով Սուսաննա Բազիկյանը դիմելով դատարան պահանջել է անվավեր ճանաչել Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07.09.2016 թվականին կնքված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը 52.218.000 ՀՀ դրամ արժեքով առուվաճառքի և հաջորդող գրավի պայմանագիրը, որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչելով դրանից ծագող սեփականության և գրավի իրավունքների գրանցումները, ինչպես նաև ճանաչել Սուսաննա Բազիկյանին և Գագիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի նկատմամբ առկա սահմանափակումը 10.09.2010 թվականի թիվ 243257 պայմանագրի հիմքով գրանցված Բանկի գրավի իրավունքն Արմեն Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին 50.500.000 ՀՀ դրամի վճարմամբ դադարեցնելու Սուսաննա Բազիկյանի իրավունքը:

Սուսաննա Բազիկյանը հայցադիմում ներկայացնելով դատարան, որպես փաստական հիմք նշել է այն հանգամանքը, որ փաստացի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարվել է այլ անձի և այդ օտարումը թույլատրող, այսինքն` այն որպես օրենքով չարգելված գործարք սահմանող դատական ակտը բեկանվել է, կամ ավելի պարզ ասած` բացակայում է որպես սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքն ուղղակի գործարքով իրացնելու իրավական հիմքը, հետևաբար գործարքը հակասում է օրենքով սահմանված պահանջներին, մասնավորապես տվյալ դեպքում գործարքն իրականացվել է առանց դատարանի կողմից տրված թույլտվության:

Պատասխանողներ Շուշանիկ Ավետիսյանը, Վարդան Ավետիսյանը և Բանկը ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն` այն հիմքով, որ հայցվորը դեռևս 23.09.2016 թվականին (ինչպես վերջինս նշել է թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքում) իմացել է, որ Շուշանիկ Ղազարյանը գնել է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, թիվ 230 բնակարանը: Հետևաբար հայցվորն իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել է դեռևս 23.09.2016 թվականին:

Դատարանը մերժելով Սուսաննա Բազիկյանի հայցադիմումը` պատճառաբանել է, որ հայցվորը «16.12.2016 թվական» թվագրությամբ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ բողոքում մասնավորապես նշել է.

«(...) Բողոքաբերը գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ բանկը բողոքաբերին առաջարկել է ներկայանալ բանկ, որպեսզի քննարկվեր գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ և որպեսզի բողոքաբերը բանկին հանձներ գույքի բանալիները: (...)»:

Այսպիսով հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար իր կողմից նշված հիմքերի վերաբերյալ տեղեկացված է եղել դեռևս 23.09.2016 թվականից, ուստի հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել հենց տեղեկացված լինելու օրվանից:

Համադրելով վերը նշված վերլուծությունները սույն քաղաքացիական գործի փաստերի հետ` Դատարանը փաստել է, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից շուրջ երկու տարի հետո` 24.09.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը բավարարելով Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքն` արձանագրել է, որ դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը որպես հայցի փաստական հիմք նշել է ոչ թե գործարքի վերաբերյալ տեղեկացված լինել/չլինելու հանգամանքը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացվելու հանգամանքը` վիճելի գործարքի օրինական հիմքի բացակայությունը, ինչի մասին բողոքաբերն ավելի վաղ, քան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը` 07.06.2019 թվականը, իմանալ չէր կարող ուստի սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել է ոչ թե իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այլ գործարքն անվավեր ճանաչելու համար բողոքաբերի գնահատմամբ հիմք ծառայող հանգամանքի վերաբերյալ տեղեկանալու պահից, հետևաբար սույն գործով Դատարանը հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելով գործարքի մասին իմանալու օրվանից` թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: ՈՒստի վերաքննիչ բողոքի հիմքը` Դատարանի կողմից հայցի փաստական հիմքը ճիշտ չգնահատելու, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը սխալ հաշվարկելու վերաբերյալ հիմնավոր է և ենթակա է բավարարման, ինչի հիմքով Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով պետք է իրականացվի գործի նոր քննություն` ամբողջ ծավալով, հայցի հիմքում դրված հանգամանքների հիմնավորվածությունը պարզելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական նորմերի, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների և ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վերոնշյալ դիրքորոշումների հիման վրա կարող ենք արձանագրել, որ սույն գործի լուծման համար կարևոր է որոշել այն պահը, թե երբ է Հայցվորն իր սուբյեկտիվ ընկալմամբ հաստատապես համոզված եղել իր իրավունքի խախտման մասին, որը կարող էր հիմք հանդիսանալ անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու համար:

Սույն պարագայում հայցվոր Սուսաննա Բազիկյանը մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ Բանկը Սուսաննա Բազիկյանին առաջարկել է ներկայանալ Բանկ, որպեսզի քննարկվեն գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ:

Այսինքն հայցվորը հայցադիմումը ներկայացրել է գործարքով իր իրավունքը խախտելու պահից` որի մասին վերջինս տեղյակ է եղել դեռևս 23.09.2016 թվականին, երեք տարի հետո, այն դեպքում, երբ վիճահարույց գործարքի վիճարկման համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար ամենևին կարևոր չէ տվյալ գործարքի հիմքում ընկած հանգամանքների առանձին-առանձին վիճարկումը, եթե օրենքով սահմանված չէ այդ հայցապահանջները մեկ հայցադիմումով ներկայացնելը:

Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելուց բացի ներկայացնել նաև հայցադիմում` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որոնք անմիջականորեն խախտել են իր սուբյեկտիվ իրավունքները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու` հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

i

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով` նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ «բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»:

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 08.02.2021 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել ՀՀ սնանկության դատարանի 28.08.2020 թվականի վճռին:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ`

- «Սույն պարագայում հայցվոր Սուսաննա Բազիկյանը մինչև սույն գործով հայցադիմում ներկայացնելը թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացված վերաքննիչ բողոքով նշել է, որ գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ Բանկը Սուսաննա Բազիկյանին առաջարկել է ներկայանալ Բանկ, որպեսզի քննարկվեն գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ: Այսինքն հայցվորը հայցադիմումը ներկայացրել է գործարքով իր իրավունքը խախտելու պահից` որի մասին վերջինս տեղյակ է եղել դեռևս 23.09.2016 թվականին, երեք տարի հետո, այն դեպքում, երբ վիճահարույց գործարքի վիճարկման համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության մեկամյա ժամկետ»,

- «Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք»,

- «հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելուց բացի ներկայացնել նաև հայցադիմում` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որոնք անմիջականորեն խախտել են իր սուբյեկտիվ իրավունքները»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու` հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտում վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 15.08.2016 թվականին կայացված Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին որոշմամբ Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին թույլատրվել է Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով ուղղակի գործարքով վաճառել Շուշանիկ Ղազարյանին:

Նշված որոշման հիման վրա 07.09.2016 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որը վավերացվել է նոտարական կարգով, իսկ դրանից բխող իրավունքն օրենքով սահմանված կարգով 14.09.2016 թվականին գրանցվել է Շուշանիկ Ղազարյանի անունով:

Հետագայում Սուսաննա Բազիկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2019 թվականի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.06.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշումը «բեկանվել է» և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Դրանից հետո` 24.09.2019 թվականին, Սուսաննա Բազիկյանը ներկայացրել է սույն գործով հայցադիմումն ընդդեմ Արմեն Հակոբյանի, վերջինիս սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, Բանկի և Վարդան Ավետիսյանի` խնդրելով նաև անվավեր ճանաչել Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի և Բանկի միջև 07.09.2016 թվականին կնքված վերը նշված պայմանագիրը, իսկ որպես հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրից ծագող սեփականության և գրավի իրավունքների գրանցումները` հայցի հիմքում, ըստ էության, դնելով այն, որ վերացվել է անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի (հիփոթեքի) վերը նշված պայմանագիրը կնքելու հիմք հանդիսացող` Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին որոշումը:

Պատասխանողներ Շուշանիկ Ղազարյանը, Վարդան Ավետիսյանը և Բանկը ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ:

Հայցվոր Սուսաննա Բազիկյանը միջնորդությունների վերաբերյալ առարկել է` հայտնելով նաև, որ հայցադիմումում նշված հանգամանքն այն մասին, որ գործարքը հակասում է օրենքով սահմանված պահանջներին, ի հայտ է եկել միայն 07.06.2019 թվականին, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Այդ հանգամանքի մասին ինքը մինչև 07.06.2019 թվականը չէր կարող իմանալ:

Հիմք ընդունելով հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումները, ինչպես նաև տվյալ ինստիտուտը կարգավորող վերը նշված իրավական նորմերը` գտնում եմ, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը որևէ պարագայում չէր կարող սկսվել 23.09.2016 թվականից, ինչպես նշել է ՀՀ վճռաբեկ դատարանը, քանի որ Սուսաննա Բազիկյանը սույն հայցադիմումի հիմքում դրված հանգամանքի մասին չէր կարող և պարտավոր չէր իմանալ մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշմամբ արտահայտված համապատասխան դիրքորոշմամբ նրա իրավունքի խախտման փաստն արձանագրելը: Նշված դիրքորոշումս պայմանավորված է նրանով, որ վիճելի գործարքի հիմքում դրված է եղել օրինական ուժի մեջ դատական ակտ, այն վերացված չի եղել, որի պայմաններում Սուսաննա Բազիկյանն այդ դատական ակտին վստահելու իրավունք է ունեցել, թեկուզև տեղյակ է եղել կնքված գործարքի մասին: Նման փաստական և իրավական հիմքերով սույն հայցադիմումը բացառապես կարող էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 07.06.2019 թվականին վերը նշված որոշումը կայացնելուց հետո, երբ Սուսաննա Բազիկյանն արդեն բավարար հիմքեր է ունեցել համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է: Մինչ նշված որոշումը կայացնելը նույնանման փաստական և իրավական հիմքերով հայցադիմում ներկայացվելու պայմաններում Սուսաննա Բազիկյանի իրավունքը ենթակա չէր դատական պաշտպանության, որի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված այն շարժառիթի կապակցությամբ, որ «հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելուց բացի ներկայացնել նաև հայցադիմում` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին»:

Վերոգրյալի հիման վրա` հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:

 

    Դատավոր                                Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 18 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.11.2022
N ՍնԴ/0129/02/19
Որոշում