Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ ...

 

 

020.0363.190402

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 ապրիլի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հոկտեմբերի 17-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև տնտեսական համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծումը, ներդրումներ կատարելու պատրաստակամության ամրապնդումը, ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը:

Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է կիրառի արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև ապահովի լիարժեք և հաստատուն պաշտպանվածություն և ապահովություն:

Համաձայնագրի դրույթները պարտավորեցնում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին` մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և իրենց ներդրումների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան սեփական կամ երրորդ երկրների ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ ռեժիմն է:

Համաձայնագրով սահմանվում են երաշխիքներ Կողմերի ներդրողների ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության և կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաև երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուտների ազատ փոխանցումը կապիտալի ծագման երկիր և այլ երկրներ:

Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է դառնան օտարման, ազգայնացման, սեփականազրկման, բռնագրավման կամ որևէ այլ տեսակի նմանատիպ միջոցառումների առարկա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հանրային շահերը ներկայացնող նպատակներով, առանց խտրականության, օրենսդրությանը համապատասխան և ուղեկցվում է նախնական համարժեք փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ այդ օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և արագ, համարժեք ու արդյունավետ փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ օտարումն իրականացվում է Ավստրիայի Հանրապետության տարածքում:

Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դուրս առանց ուշացման մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրման հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը:

Համաձայնագիրը նաև նախատեսում է ներդրումային վեճերի լուծման` միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր:

Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջներին:

Սահմանադրական դատարանը, գնահատելով համանման համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի, միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, իրավաբանական ուժ չունեն, քանի դեռ չեն հրապարակվել: Սակայն Հայաստանի Հանրապետության նման բնույթի միջազգային պայմանագրերը, որոնք անմիջականորեն առնչվում են նաև մարդու սոցիալ-տնտեսական իրավունքներին, պաշտոնապես դեռևս Հայաստանի Հանրապետությունում չեն հրապարակվել` անտեսելով սահմանադրական նորմի պահանջը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 2001 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 ապրիլի 2002 թվականի

ՍԴՈ-363

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.04.2002
N ՍԴՈ-363
Որոշում