Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹ ...

 

 

020.0362.160402

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 ապրիլի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Թ. Մարգարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Թ. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին` Երևանում:

Պայմանագրի նպատակը բարեկամական հարաբերությունների, փոխշահավետ համագործակցության և երկկողմ անվտանգության ամրապնդումն է:

2. Պայմանագրով Կողմերը նախատեսում են խորացնել գործընկերային հարաբերությունները, անցկացնել խորհրդակցություններ` տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն սպառնացող վտանգի դեպքում, համագործակցել սովորական սպառազինությունների վերահսկողության, անվտանգության ամրապնդման տարածաշրջանային միջոցների, զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման և չտարածման, ռազմական և այլ նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության բնագավառներում, աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

3. Պայմանագրով Կողմերը նաև երաշխավորում են իրենց տարածքներում բոլոր քաղաքացիների քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և գույքային իրավունքների ու ազատությունների պահպանումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Ըստ պայմանագրի Կողմերը կզարգացնեն փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում, կկարգավորեն պետական գույքի, իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատկանող գույքի իրավական ռեժիմը` գույքի գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան, կփոխգործակցեն տնտեսական բարեփոխումների իրականացման և տնտեսական ինտեգրացման խորացման հարցերում, կփոխանակեն տեղեկություններ` ֆինանսական, դրամավարկային, արժութային, հարկային, մաքսային և սոցիալական քաղաքականություն իրականացնելիս, կաջակցեն բոլոր մակարդակներով խորհրդարանական կապերի ընդարձակմանը, ձեռնարկությունների ու ձեռներեցների համար բարենպաստ տնտեսական, ֆինանսական, իրավական պայմանների ստեղծմանը, կհամագործակցեն զբոսաշրջության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, հանցավորության դեմ պայքարի և այլ բնագավառներում, կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ երկաթուղային, օդային, ավտոմոբիլային և ծովային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս:

Կողմերը մտադիր են միջազգային տնտեսական հարաբերությունների գլոբալացման գործընթացում համագործակցել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:

4. Պայմանագրով Կողմերը պարտավորվում են նաև.

- չձեռնարկել որևէ գործողություն և չաջակցել որևէ գործողության, որոնք ուղղված կլինեն մյուսի դեմ,

- գործադրել բոլոր ջանքերը պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացն արդյունավետ շարունակելու և ավարտելու համար,

- բարձրացնել պետական սահմանների լրիվ և արդյունավետ հսկողությունը` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ապօրինի միգրացիայից, թմրանյութերի և ռադիոակտիվ նյութերի տեղափոխումից խուսափելու նպատակով:

5. Պայմանագրի կնքման և կատարման համար ընդհանուր միջազգային իրավական հիմք են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու ԵԱՀԿ Եզրափակիչ ակտը, միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև ԱՊՀ-ի կանոնադրությունը` համատեղ ծրագրերի և նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով, ՍԾՏՀ-ի կանոնադրությունը` տարածաշրջանային տնտեսական գործընթացների խորացման նպատակով, «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագիրը` բեռների և ուղևորների, ինչպես նաև էներգակիրների տեղափոխման նպատակով և այլն:

6. Պայմանագրի դրույթները ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 4 և 9 հոդվածներին համապատասխան կոչված են Կողմերի միջև հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, ապահովելու մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ու այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 ապրիլի 2002 թվականի

ՍԴՈ-362

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.04.2002
N ՍԴՈ-362
Որոշում