020.0359.160402
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 ապրիլի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2001 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է կարգավորել երկու երկրների միջև և նրանց տարածքներով միջազգային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև տարանցիկ փոխադրումները` երրորդ երկրներից կամ դեպի երրորդ երկրներ:
2. Համաձայնագրով սահմանվում են բեռների և ուղևորների ավտոտրանսպորտային փոխադրումների թույլտվության, փոխադրումների իրականացման մեխանիզմները և պայմանները:
3. Սույն համաձայնագրում նշված են նաև փոխադրումներ իրականացնող իրավասու մարմինները, ինչպես նաև երկու երկրներից մեկի տարածքում պայմանագրային պարտավորությունների և գործող օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող միջոցները:
4. Պայմանավորվող կողմերը նախատեսել են նաև դրույթներ համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի և դրա դադարեցման կարգի վերաբերյալ:
5. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
- հիմնել Համատեղ կոմիտե,
- Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում փոխադրումներ իրականացնող` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային փոխադրամիջոցները, ինչպես նաև դրանց վառելանյութը և նորոգման համար նախատեսված պահեստամասերը, փոխադարձության սկզբունքի հիման վրա, ազատել գանձվող բոլոր հարկերից, մաքսատուրքերից ու վճարներից,
- փոխադրամիջոցների քաշի և ծավալների վերաբերյալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցների վրա ավելի շատ սահմանափակող պայմաններ չդնել, քան իր սեփական տարածքում գրանցված փոխադրամիջոցների վրա:
6. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերեն, լատիշերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն համաձայնագրի մեկնաբանության հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
7. ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առել միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների վերաբերյալ մի շարք համաձայնագրեր Բելառուսի, Ռումինիայի, Վրաստանի, Լիբանանի, Ղրղզստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ և որոշում կայացրել դրանց սահմանադրականության վերաբերյալ:
8. Համաձայնագրում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 2001 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ-359