020.0358.160402
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 ապրիլի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ե. Զախարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 2001թ. նոյեմբերի 7-ին Բանգկոկում` պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու նպատակով:
Կողմերը սահմանել են այն հարկատեսակները, ինչպես նաև հարկատու անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում են կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիայում հանգամանորեն շարադրված է օգտագործված տերմինների բացատրությունը:
2. Կոնվենցիայով Կողմերը պարտավորվել են.
- միմյանց ծանուցել հարկային օրենքներում կատարված փոփոխությունների մասին,
- կոնվենցիայում նախատեսված կարգով և առանց հարկային խտրականության բացառել միմյանց ռեզիդենտների նկատմամբ կրկնակի հարկումը, կանխել հարկերի վճարումից խուսափելը:
Կոնվենցիայում նախատեսված են դրույթներ, որոնք ապահովում են հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով տեղեկատվական փոխանակության կարգով Կողմերի ստացած տեղեկությունների գաղտնիությունն ու կոնվենցիայում նախատեսված դեպքերում և կարգով դրանց օգտագործումը, միաժամանակ ապահովելով հարկատու անձանց օրինական շահերի պաշտպանությունը:
Կողմերը պայմանավորվել են նաև կոնվենցիան չկիրառել միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների նկատմամբ:
3. Կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում 2001թ. նոյեմբերի 7-ին Բանգկոկում ստորագրված արձանագրությունը, որով Կողմերը հստակեցրել են «շահույթ» տերմինի իմաստը` կոնվենցիայի 7, 8 և 9 հոդվածների առնչությամբ:
4. Կողմերը նախատեսել են նաև դրույթներ կոնվենցիայի մեկնաբանման և կատարման հետ կապված հարցերի լուծման, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի և դրա դադարման կարգի վերաբերյալ:
5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովվում է բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն, միաժամանակ Սահմանադրության 8 հոդվածին համապատասխան բարենպաստ պայմաններ ապահովելով տնտեսական գործունեության ազատության համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայում (կից արձանագրությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ-358