020.0356.090402
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 ապրիլի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի վեցերորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 1996 թվականի մարտի 5-ին` Ստրասբուրգում: Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 25-ին: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագիրը վավերացրել է 2001 թվականի մայիսի 14-ին:
2. Արձանագրությամբ, ի լրումն գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնությունների և անձեռնմխելիությունների, արտոնություններ և անձեռնմխելիություններ են տրամադրվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Դատարանի քարտուղարին և նրա տեղակալին:
Արձանագրությունը գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված արտոնություններին և անձեռնմխելիություններին հավելում է հետևյալ անձեռնմխելիությունները.
- Դատարանի, դատավորների և քարտուղարության փոստի անձեռնմխելիությունը,
- դատավորների, Դատարանի քարտուղարի և նրա տեղակալի անձեռնմխելիությունը քրեական, քաղաքացիական և վարչական ընդդատությունից` իրենց պարտականությունները կատարելիս ասածի կամ գրածի և բոլոր գործողությունների առնչությամբ:
Նշված անձեռնմխելիությունները, դիվանագիտական իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան, կոչված են պատշաճ պայմաններ ապահովելու Դատարանի դատավորների, քարտուղարի և նրա տեղակալի գործառույթների անկախ իրականացման համար:
Արձանագրությունը նախատեսում է նաև, ի շահ արդարադատության, դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու` Դատարանի պարտականությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի վեցերորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
9 ապրիլի 2002 թվականի
ՍԴՈ-356