Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1 ...

 

 

020.0343.251201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 դեկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21 և 56 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2001 թվականի մայիսի 25-ին Երևանում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործառնության կարգի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա արձանագրությունն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 25-ին Երևանում` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործառնության, այդ ոլորտում համագործակցության հիմքերի ամրապնդման նպատակով:

2. Արձանագրությունը բխում է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրից: Արձանագրության ընդունումը պայմանավորված է պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ուղղությամբ հետագա գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ և կառուցված է հավաքական անվտանգության համակարգի կազմավորման տարածաշրջանային սկզբունքի ու ռազմական անվտանգության բնագավառում կնքված երկկողմ համաձայնագրերի վրա:

3. Արձանագրությունը, պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և հաստատելով անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ Կողմերի պայմանագրային պարտավորությունները, սահմանում է զորքերի և միավորված համակարգերի տարածաշրջանային խմբավորումների հասկացությունն ու կազմը, դրանց կազմավորման, օպերատիվ և մարտական պատրաստության, համալրման և նյութատեխնիկական ապահովման կարգը, առաջադրվող խնդիրները և կիրառման պայմանները: Արձանագրությամբ սահմանվում է նաև զորքերի և միավորված համակարգերի տարածաշրջանային խմբավորումների կառավարման ու սպասարկման մարմինների կարգավիճակը:

4. Արձանագրության մեջ ամրագրված փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթները Կողմերին պարտավորեցնում են արտաքին ագրեսիայի սպառնալիքի դեպքում միմյանց ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերել:

5. Արձանագրությամբ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների, դրանց պատրաստության, կիրառման և համակողմանի ապահովման խնդիրներն ազգային մակարդակով լուծելու համար լիազորված մարմինները պայմանագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարություններն են և զինված ուժերի գլխավոր շտաբները:

6. Արձանագրության դրույթները համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով նախատեսված` պետությունների ինքնապաշտպանության իրավունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի մայիսի 25-ին Երևանում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի մասնակից պետությունների հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործառնության կարգի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 դեկտեմբերի 2001 թվականի

ՍԴՈ-343

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.12.2001
N ՍԴՈ-343
Որոշում