020.0341.111201
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 դեկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունը, ուսումնասիրելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում` համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները.
- համագործակցել համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
- ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ սույն համաձայնագրի դրույթներն իրագործելու համար,
- ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում,
- կատարել այն ծախսերը, որոնք կծագեն սույն համաձայնագրի իրագործման ընթացքում:
3. Համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա:
Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս ամբողջական կատարումն ապահովելու համար:
Հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասամբ, եթե հարցվող Կողմը գտնում է, որ դրա կատարումը հակասում է իր ազգային օրենսդրությանը:
Կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար, եթե այն տրամադրող իրավասու մարմինն անցանկալի է համարում դրա հրապարակումը:
4. Համաձայնագրով նախատեսվում են համակարգչային տեղեկատվության ոլորտում քրեորեն պատժելի արարքները, Կողմերի համագործակցության ձևերը, ինչպես նաև վիճելի հարցերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ մտնելու, համաձայնագրից դուրս գալու կարգը:
5. Համաձայնագիրը կոչված է նպաստելու համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպմանը և համագործակցության իրավական հիմքերի ստեղծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2001 թվականի հունիսի 1-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 դեկտեմբերի 2001 թ.
ՍԴՈ-341