Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.2007  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

 

Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «Սահմանադրությամբ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,» բառերով, իսկ «սույն օրենսգրքով» բառերից հետո` «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:»:

 

Հոդված 2.

 

Օրենսգրքի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1) գործն ըստ էության լուծող դատական ակտեր` առաջին ատյանի դատարանի դատավճիռ, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում, ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը.».

2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) առաջին ատյանի դատարան` ընդհանուր իրավասության դատարաններ և քրեական դատարաններ`

ա) ընդհանուր իրավասության դատարան` դատարան, որն իրավասու է ըստ էության քննել ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործեր, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր,

բ) քրեական դատարան` դատարան, որն ըստ էության քննում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր).».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) վճռաբեկ դատարան` դատարան, որը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան է և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված դեպքերում գործը քննում է վճռաբեկ բողոքի հիման վրա.».

4) 25-րդ և 26-րդ կետերը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «հատուկ քննչական ծառայության,» բառերով, իսկ նույն կետերի «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի» բառերով:

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ և 26.2-րդ կետերով.

«26.1) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատող` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները և դատավորները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարները և անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և անդամները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը և տեղակալը.

26.2) պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` դատախազները, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի և զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք.»:

 

Հոդված 3.

 

Օրենսգրքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

 

1. Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:

2. Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները:

4. Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:»:

 

Հոդված 4.

 

Օրենսգրքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը «քրեական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

2) 2-րդ մասի «անհատույց» բառը փոխարինել «պետական միջոցների հաշվին» բառերով, իսկ «բոլոր» բառը հանել:

 

Հոդված 5.

 

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «կողմից» բառից հետո լրացնել «ողջամիտ ժամկետում» բառերով:

 

Հոդված 6.

 

Օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասում «408 և 408.1 հոդվածներով» բառերը փոխարինել «12.1 բաժնով» բառերով:

 

Հոդված 7.

 

Օրենսգրքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով արդարադատություն իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները, քրեական դատարանները, քրեական վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը:»:

 

Հոդված 8.

 

Օրենսգրքի 39-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:

2. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա:

3. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ` երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ` ցմահ ազատազրկման ձևով:

4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները` միանձնյա:

5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով:»:

 

Հոդված 9.

 

Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները:»:

 

Հոդված 10.

 

Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 44. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր իրավասության դատարաններին առաջին ատյանի կարգով ընդդատյա են բոլոր գործերը, բացառությամբ քրեական դատարանների ընդդատությանը վերապահված գործերի: Ընդհանուր իրավասության դատարանները քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ:

2. Քրեական դատարանները առաջին ատյանի կարգով քննում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր):»:

 

Հոդված 11.

 

Օրենսգրքի 45-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական վերաքննիչ դատարանին ընդդատյա են ընդհանուր իրավասության և քրեական դատարանների` օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:

 

Հոդված 12.

 

Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընդհանուր իրավասության և քրեական դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի դատական տարածքում:»:

 

Հոդված 13.

 

Օրենսգրքի 48-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության և քրեական դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործ քննում է քրեական դատարանը:

2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության կամ քրեական տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը:»:

 

Հոդված 14.

 

Օրենսգրքի 49-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «44 կամ» բառերով, իսկ «նախատեսված» բառից հետո` «առարկայական կամ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ժամանակ հայտնաբերվում է, որ գործն ընդդատյա է քրեական դատարանին, ապա անկախ կողմերի համաձայնությունից` գործն ուղարկվում է ըստ ընդդատության:»:

 

Հոդված 15.

 

Օրենսգրքի 50-րդ հոդվածի վերնագիրը «քրեական գործի» բառերից հետո լրացնել «տարածքային» բառով:

 

Հոդված 16.

 

Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը և 3-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.

2) 1-ին մասի 4-րդ կետի «գործողություններ» բառից հետո հանել «կամ դրանք կատարել անձամբ» բառերը.

3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերին` այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայության քննիչները կարող են ներգրավվել միայն տվյալ ծառայությանը ենթակա քրեական գործերի քննության համար ստեղծված քննչական խմբերում.».

4) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին տալ գրավոր ցուցումներ.».

5) 3-րդ մասի 7-րդ կետի «որոշումները» բառից հետո հանել «, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս» բառերը:

 

Հոդված 17.

 

Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) միջնորդություն ներկայացնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 18.

 

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 3-րդ և 5-րդ մասերում «միություն» բառը փոխարինել «պալատ» բառով:

 

Հոդված 19.

 

Օրենսգրքի 71-րդ հոդվածում «միություն» բառը փոխարինել «պալատ» բառով:

 

Հոդված 20.

 

Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «դատավորը» բառից հետո լրացնել «այդ թվում նաև` լիազորությունները դադարեցված» բառերով:

 

Հոդված 21.

 

Օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնելու: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողը կապացուցի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել:»:

 

Հոդված 22.

 

Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 90. ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

 

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով, անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք.

4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:

2. Դատավորի կողմից գործը դատական քննության նախապատրաստելն առաջին ատյանի դատարանի կազմում համապատասխան գործի հետագա քննությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը գործի քննությանը, վճռաբեկ դատարանում նույն գործի քննությանը նրա հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չեն:

3. Դատավարության մասնակիցները սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունեն դատավորին, իսկ եթե գործը քննվում է կամ պետք է քննվի կոլեգիալ` դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:

Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ:

4. Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հարցը լուծում է այն դատավորը, որին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել: Դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ, եթե ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել մեկից ավելի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իր ինքնաբացարկի հարցը:

5. Ինքնաբացարկի միջնորդության քննության արդյունքում կայացվում է որոշում, որում նշվում են այն բավարարելու կամ մերժելու հիմքերը:

6. Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման: Ինքնաբացարկ հայտնած դատավորը, եթե համարում է, որ ինքը կարող է տվյալ գործով լինել անկողմնակալ, կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի դատաքննությունը:

7. Ինքնաբացարկի մասին որոշումն անհապաղ ուղարկվում է դատավարության կողմերին:

8. Դատավորը պարտավոր չէ կայացնել ինքնաբացարկն ընդունելու մասին որոշում, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին, կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:»:

 

Հոդված 23.

 

Օրենսգրքի 189-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները:»:

 

Հոդված 24.

 

Օրենսգրքի 190-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 225, 225.1, 227-232, 235-249, 251-298, 300, 308-328, 331-332.2, 336, 341, 343-345.1, 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 193, 194, 202, 203, 205-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190, 217, 217.1, 219-221, 224, 226, 233, 234, 250, 299, 301-307, 329, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215 հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 154.2 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

7. Սույն հոդվածի երկրորդ և չորրորդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128, 165, 200, 208, 209, 216, 308-310, 314, 315, 333-335, 337-340, 342, 345 և 346 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները 188, 189, 205, 206, 235, 263, 266, 268, 271, 272, 275 և 325 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:

Հատուկ քննչական ծառայությունը չի կարող իր վարույթ ընդունել այլ քննիչի ենթակա քրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված գործերի:»:

 

Հոդված 25.

 

Օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «քրեական դատարան մուտք եղած քրեական գործը վարույթ է ընդունում նախագահող դատավորը:»:

 

Հոդված 26.

 

Օրենսգրքի 292-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը, իսկ քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս նաև դատական կազմի մյուս դատավորները հետազոտում են գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`»:

 

Հոդված 27.

 

Օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը «պահանջներին» բառից հետո լրացնել «, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից» բառերով:

 

Հոդված 28.

 

Օրենսգրքի 294-րդ և 298-րդ հոդվածների «դատավորը» բառը փոխարինել «դատարանը» բառով:

 

Հոդված 29.

 

Օրենսգրքի 299-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին: Այդ դեպքում նախագահող դատավորը գործը ներկայացնում է վերաբաշխման ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 30.

 

Օրենսգրքի 309-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում:»:

 

Հոդված 31.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 309.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 309.1. ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

4. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից:

5. Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:

Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ:

6. Եթե արարքը վերաորակելու արդյունքում փոխվում է քրեական գործի ընդդատությունը, ապա այդ հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 32.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 309.2-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 309.2. ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

 

Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողն իրավունք ունի հարուցելու նոր քրեական գործ: Եթե նոր հարուցված քրեական գործի արդյունքները կարող են հանգեցնել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխման կամ լրացման, ապա մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը: Հետաձգված քրեական գործի քննությունը կատարվում է սույն օրենսգրքի 309.1 հոդվածով սահմանված կանոններով: Նոր հարուցված քրեական գործի վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 33.

 

Օրենսգրքի 322-րդ հոդվածում՝

1) վերնագրի «դատավորների բացարկման» բառերը փոխարինել «դատավորներին ինքնաբացարկ ներկայացնելու» բառերով.

2) 1-ին մասի առաջին նախադասության «բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու» բառերով, իսկ երկրորդ նախադասության «դատավորին բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «դատավորի ինքնաբացարկի» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատավորին, դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը լուծվում է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 34.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 360.1-րդ հոդվածով՝

 

«ՀՈԴՎԱԾ 360.1. ԴԱՏԱՐԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:

2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:

3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:»:

 

Հոդված 35.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 361.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 361.1. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԸ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱԶՄՈՎ ՔՆՆԵԼԻՍ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360 և 361 հոդվածներով նշված հաջորդականությամբ:

3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:

4. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

6. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

7. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

8. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

9. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և այն կցվում է գործին:

10. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:

11. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց:»:

 

Հոդված 36.

 

Օրենսգրքի 366-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:»:

 

Հոդված 37.

 

Օրենսգրքի 375.1-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 309.1 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:

Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:»:

 

Հոդված 38.

 

Օրենսգրքի 375.2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը:

2. Ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ և նրա հետ խորհրդակցելուց հետո: Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն և չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով: Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է: Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:»:

 

Հոդված 39.

 

Օրենսգրքի 46-րդ գլխի վերնագրի «բողոք» բառը փոխարինել «բողոքարկումը» բառով:

 

Հոդված 40.

 

Օրենսգրքի 376-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված ակտերի դեմ` նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով: Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին: Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը:

2. Մեղադրողը կամ վերադաս դատախազն իրավունք չունի բողոքարկելու գործն ըստ էության լուծող դատական ակտը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը:»:

 

Հոդված 41.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 376.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 376.1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

3) առաջին ատյանի դատարանների` գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.

5) ընդհանուր իրավասության դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր:»:

 

Հոդված 42.

 

Օրենսգրքի 377-րդ հոդվածի «դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների» բառերը փոխարինել «դատարանների դատական ակտերի» բառերով:

 

Հոդված 43.

 

Օրենսգրքի 378-րդ հոդվածի «դատավճիռը» բառը փոխարինել «դատական ակտ» բառերով:

 

Հոդված 44.

 

Օրենսգրքի 379-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ բողոք բերվում են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.

3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:»:

 

Հոդված 45.

 

Օրենսգրքի 380-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դատավճիռ կամ որոշում կայացնող» բառերը փոխարինել «դատական ակտը կայացրած» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:»:

 

Հոդված 46.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 380.1-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 380.1. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:»:

 

Հոդված 47.

 

Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝

1) վերնագիրը լրացնել «և վարույթ ընդունելը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դատական ակտը, որը բողոքարկվում է, և այն կայացրած դատարանի անվանումը.»:

3) 1-ին մասի 4-րդ կետի «դատավճիռը կամ այլ որոշումը» բառերը փոխարինել «դատական ակտը» բառերով.

4) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բողոքի հիմքերը և պահանջը.».

5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.

«5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.».

6) 2-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է դատարանի կազմը նախագահողի կողմից:

5. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է նախագահողը:

6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով:»:

 

Հոդված 48.

 

Օրենսգրքի 382-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներկայացված բողոքի մասին դատական ակտը կայացրած դատարանը ծանուցում է կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, արդարացվածին, նրանց օրինական ներկայացուցիչներին, պաշտպանին, մեղադրողին, տուժողին, նրա իրավահաջորդին, ներկայացուցչին և օրինական ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, եթե բողոքն առնչվում է նրանց շահերին, ինչպես նաև դիմողին, եթե այդպիսին առկա է: Բողոքի պատճենն ուղարկվում է նշված անձանց` պարզաբանելով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունը և ներկայացնելու ժամկետը, որը չի կարող 15 օրից ավելի լինել:».

2) 2-րդ մասի «առարկությունները» բառը փոխարինել «պատասխանները» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բացառիկ դեպքերում կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր նյութեր կամ միջնորդելու դատարան կանչել իրենց նշած վկային կամ փորձագետին, նշանակելու փորձաքննություն, եթե նրանք հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու այդ նյութերը, կանչելու վկային կամ փորձագետին, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն:»:

 

Հոդված 49.

 

Օրենսգրքի 383-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:».

2) 2-րդ մասի «դատավճիռ կամ որոշում կայացնող» բառերը փոխարինել «դատական ակտը կայացրած» բառերով, իսկ «առարկությունները» բառը` «պատասխանների» բառով.

3) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` իր տեղակալը» բառերը փոխարինել «վերադաս դատախազը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է ուժի մեջ:»:

 

Հոդված 50.

 

Օրենսգրքի 384-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 51.

 

Օրենսգրքի 385-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

2. Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

4. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասին համապատասխան` լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:»:

 

Հոդված 52.

 

Օրենսգրքի 386-րդ հոդվածի վերնագրի «բողոքի» բառը փոխարինել «վերանայման» բառով:

 

Հոդված 53.

 

Օրենսգրքի 387-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են դատավորի կողմից միանձնյա:»:

 

Հոդված 54.

 

Օրենսգրքի 388-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել ողջամիտ ժամկետում: Գործի քննության ողջամիտ ժամկետը որոշելիս հաշվի է առնվում նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամկետը:»:

 

Հոդված 55.

 

Օրենսգրքի 389-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «գործը» բառից հետո լրացնել «կամ նյութը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. ՈՒսումնասիրելով ստացված գործը կամ նյութը` նախագահողն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության: Գործի նյութերն ուսումնասիրում են նաև դատարանի կազմի մյուս դատավորները:».

3) 3-րդ մասի «դատավճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:

 

Հոդված 56.

 

Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով:».

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Դատավարության մյուս մասնակիցների չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն:»:

 

Հոդված 57.

 

Օրենսգրքի 391-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դատավճռի» և «առարկությունների» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտի» և «պատասխանների» բառերով.

2) 2-րդ մասի «դատավճիռը» և «առարկությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտը» և «պատասխանները» բառերով.

3) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ մասի «եթե կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ» բառերը փոխարինել «միայն կողմի միջնորդությամբ, և եթե» բառերով.

5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 58.

 

Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1) վերնագրի «դատավճիռ» բառը փոխարինել «դատական ակտ» բառերով.

2) 1-ին մասի «դատավճիռ» և «դատավճռին» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտ» և «դատական ակտին» բառերով.

3) 2-րդ մասի «դատավճիռը» բառը փոխարինել «դատական ակտը» բառերով.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննիչ դատարանը գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 361.1 հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:».

5) 4-րդ մասի «դատավճռում», «դատավճիռը», «դատավճիռն» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտում», «դատական ակտը», «դատական ակտն» բառերով.

6) 5-9-րդ մասերը և 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7) 10-րդ մասի «որոշումներ ընդունելիս» և «որոշումները» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտ կայացնելիս» և «դատական ակտերը» բառերով.

8) 12-րդ մասի «դատավճռում» և «դատավճիռը» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտում» և «դատական ակտը» բառերով.

9) 13-րդ մասի «դատավճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով:

 

Հոդված 59.

 

Օրենսգրքի 394-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 394. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:»:

 

Հոդված 60.

 

Օրենսգրքի 395-րդ հոդվածում՝

1) վերնագրի «առաջին ատյանի դատարանի դատավճռի կամ որոշման» բառերը փոխարինել «բողոքարկված դատական ակտի» բառերով.

2) առաջին պարբերության «առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը բեկանվում կամ փոփոխվում է, և կայացվում է նոր դատավճիռ կամ որոշում, եթե» բառերը փոխարինել «բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե թույլ է տրվել դատական սխալ, այն է» բառերով.

3) 1-ին կետի «դատավճռում» բառը փոխարինել «դատական ակտում» բառերով:

 

Հոդված 61.

 

Օրենսգրքի 396-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված` դատարանի հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հետազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչելու այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատական ակտում: Այդ դեպքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է դատական ակտը կամ գործը ուղարկում է առաջին ատյանի դատարան նոր քննության:

3. Դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը կարող է անձին դատապարտել ավելի ծանր հանցագործության համար կամ ավելի խիստ պատժի, քան ստորադաս դատարանը, միայն այն դեպքում, երբ բողոքը բերել է դատախազը, տուժողը կամ նրա ներկայացուցիչը:»:

 

Հոդված 62.

 

Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի «սույն օրենսգրքի» բառերը փոխարինել «քրեական օրենքի» բառերով:

 

Հոդված 63.

 

Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 8-րդ կետի «դատավճիռ կայացնելու գաղտնիության սկզբունքը» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակի գաղտնիությունը» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե առաջին ատյանի դատարանը գործով թույլ է տվել քրեադատավարական օրենքի այլ էական խախտում, վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործի քննության արդյունքները, փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը կամ բեկանում է այն և գործն ուղարկում առաջին ատյանի համապատասխան դատարան` այլ կազմով նոր քննության:».

3) լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ մասով.

«7. Սույն հոդվածի նորմերը տարածվում են նաև վերաքննիչ դատարանի կողմից այլ դատական ակտերը վերանայելիս այնքանով, որքանով կիրառելի են դրանց նկատմամբ:»:

 

Հոդված 64.

 

Օրենսգրքի 402-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դատավճիռը կամ որոշումն» բառերը փոխարինել «դատական ակտն» բառերով, իսկ «դրանց» բառը հանել.

2) 2-րդ մասի «դատավճիռն կամ որոշումը» բառերը փոխարինել «դատական ակտը» բառերով, իսկ «հանձնվում» բառը` «ուղարկվում» բառով:

 

Հոդված 65.

 

Օրենսգրքի 403-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:»:

 

Հոդված 66.

 

Օրենսգրքի 404-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

3. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:»:

 

Հոդված 67.

 

Օրենսգրքի 405-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը` ողջ կազմով:»:

 

Հոդված 68.

 

Օրենսգրքի 406-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:».

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 69.

 

Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «կամ մատնանշում է, թե ինչ նոր երևան եկած հանգամանք է առկա» բառերը փոխարինել «որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա» բառերով.

2) 6-րդ կետի «բողոքի էությունը» բառերը փոխարինել «բողոք բերած անձի պահանջը» բառերով.

3) 3-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «, կամ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ» բառերով:

 

Հոդված 70.

 

Օրենսգրքի 408-410.1-րդ և 414-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 71.

 

Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1) վերնագրի «դատավճիռների և որոշումների» բառերը փոխարինել «դատական ակտերի» բառերով.

2) 1-ին մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ մեկամսյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.

3) 1.1-րդ և 2-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 72.

 

Օրենսգրքի 414.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

 

Հոդված 73.

 

Օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ

3) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծվում է կոլեգիալ, այն է` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի մասնակցելու պալատի նիստերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաս է 3-ից, ապա պալատի նիստերին մասնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ եթե այդ դեպքում ևս կազմը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավորի: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն և բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ և մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:»:

 

Հոդված 74.

 

Օրենսգրքի 414.3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան: Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաև դատավարությանը մասնակցող անձանց (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի): Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը:»:

 

Հոդված 75.

 

Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում:»:

 

Հոդված 76.

 

Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 416. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները պարտավոր են մասնակցել վճռաբեկ դատարանի նիստին: Վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն հինգ դատավոր:»:

 

Հոդված 77.

 

Օրենսգրքի 418-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «պալատի» բառը:

 

Հոդված 78.

 

Օրենսգրքի 419-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 419. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է համապատասխան ստորադաս դատարանի ակտը, եթե համապատասխան ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:»:

 

Հոդված 79.

 

Օրենսգրքի 423-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը փոխարինել հետևյալ նախադասություններով.

«Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:

Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունվում են նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 80.

 

Օրենսգրքի 427-րդ հոդվածում՝

1) վերնագրի «դատարանի որոշման» և «նրա» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատական ակտերի» և «դրանց» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 81.

 

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ բաժնով՝

 

«ԲԱԺԻՆ 12.1. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

 

ԳԼՈՒԽ 49.1. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ

 

Հոդված 426.1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայող դատարանը

 

Դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է դատական ակտ կայացրած այն առաջին ատյանի դատարանը, որը քննել է համապատասխան գործը կամ նյութը:

 

Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն հավատարմագրված փաստաբանները կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

2. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 426.3. Դատական ակտերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր երևան եկած հանգամանքների հետևանքո

 

1. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

2. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար դիմում կարող է բերվել 4 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ ընդունվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատական ակտ կայացնելն անհնարին է, ապա սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր երևան եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

4. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

5. Այն դատական ակտի վերանայումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

6. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտը վերանայելուն` դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

7. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաև այն քրեական գործերով, որոնցով դատավճիռ չի կայացվել:

 

Հոդված 426.4. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

 

1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքը հակասահմանադրական է ճանաչել.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան` այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:

3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

 

Հոդված 426.5. Վարույթի հարուցումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքո

 

1. Նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հավատարմագրված փաստաբանին:

2. Սույն օրենսգրքի 426.3 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:

3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին:

4. Սույն օրենսգրքի 426.3 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում հավատարմագրված փաստաբանը կարող է որոշում կայացնել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին և այդ հանգամանքների առթիվ կատարում է ուսումնասիրություններ:

 

Հոդված 426.6. Դատախազի կամ հավատարմագրված փաստաբանի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո

 

1. Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հավատարմագրված փաստաբանը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, դիմում են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հավատարմագրված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

 

Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները և դրանց ներկայացվող պահանջներ

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է բովանդակի`

1) դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.

2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը.

3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.

4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

5) դիմում ներկայացրած անձի պահանջը.

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Դիմումին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:

3. Դիմում ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն դիմում կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը դիմումի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը:

 

Հոդված 426.8. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը

 

1. Դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով համապատասխան առաջին ատյանի դատարանը վերանայում է վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման հիման վրա:

2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե`

1) դիմումը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

2) առերևույթ բացակայում է նոր երևան եկած հանգամանքը, կամ

3) դիմումում նշված դատական ակտը չի կայացրել այն դատարանը, որին հասցեագրվել է դիմումը, կամ

4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ

5) դիմումը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը, կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:

3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է դիմումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հոդված 426.9. Դատական ակտերի վերանայումը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ վերաքննիչ դատարանի դատական ակտը` համապատասխանաբար վճռաբեկ դատարան:»:

 

Հոդված 82.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատարանին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

3. Առաջին ատյանի դատարանները մինչև 2008 թվականի հունվարի 1-ը իրենց դատական տարածքում հանդես են գալիս ընդհանուր իրավասության և քրեական դատարանների լիազորություններով:

 

18 դեկտեմբերի 2007 թվականի

ՀՕ-270-Ն

 

 

pin
ՀՀ 28.11.2007
N ՀՕ-270-Ն օրենք