020.0332.301001
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
30 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Աբրահամյանի բացատրությունը, հետազոտելով Խարտիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունը ցանկացած ժողովրդավարական երկրի պետական կյանքի կազմակերպման կարևոր երաշխիքներից է, Խարտիան նախատեսում է, որ տեղական ինքնակառավարման սկզբունքը պետք է ճանաչվի Կողմերի ներպետական օրենսդրությունում և, հնարավորության դեպքում, նրանց Սահմանադրությունում:
Խարտիան սահմանելով ինքնակառավարման հասկացությունը, ամրագրում է, որ տեղական ինքնակառավարում նշանակում է` տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և կարողությունը` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը, որը պետք է իրականացվի օրենքի հիման վրա, սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով:
Խարտիայի նորմերով կարգավորվում են տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրավաբանական բնույթը:
Խարտիան նախատեսում է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ ցանկացած վարչական վերահսկողություն պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրական սկզբունքների ապահովմանը, և որ նման ցանկացած վերահսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ընթացակարգերով և դեպքերում:
Խարտիայի նորմերով կարգավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրներին առնչվող հարցերը:
Խարտիայի 12-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր պետություն, եթե ցանկանում է անդամակցել նրան, պարտավոր է հետևել Խարտիայի առաջին մասի առնվազն 20 կետերի, որոնցից առնվազն 10 պետք է ընտրված լինի Խարտիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշվածներից:
Հայաստանի Հանրապետությունը Խարտիայի ստորագրման ժամանակ արված հայտարարության համաձայն իրեն պարտավորված է համարում նրա հետևյալ 25 կետերով.
հոդված 2
հոդված 3-ի 1-ին և 2-րդ կետեր
հոդված 4-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր
հոդված 7-ի 1-ին և 3-րդ կետեր
հոդված 8-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր
հոդված 9-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետեր
հոդված 10-ի 1-ին և 2-րդ կետեր
հոդված 11:
Քննության առարկա Խարտիան ստորագրման համար բացվել է 1985 թ. հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար:
Հայաստանի Հանրապետությունը Խարտիան ստորագրել է 2001 թ. մայիսի 11-ին, ի վկայումն որի կազմվել է արձանագրություն` երկու բնօրինակով, որոնցից մեկը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. 1985 թ. հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
30 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-332