ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.
2) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, և նշված գումարների` մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների` միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 24-ի
N 1468-Ն որոշման
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին, 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի (այսուհետ միասին` նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը (այսուհետ` հարկ վճարողը) պետք է բավարարի հետևյալ չափանիշները`
1) միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող երկու հարկային տարիների ընթացքում վերջին դիմումով ներկայացված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
1.1) դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող ամսվա և այդ ամսվան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված յուրաքանչյուր դիմումում նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
2) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, դիմումով ներկայացված որևէ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների առնվազն 90 տոկոսը նախկինում հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.
3) դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` ԱԱՀ-ի հաշվարկները.
4) դիմումին նախորդող դիմումից կամ համալիր հարկային (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության) վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել:
(1-ին կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
2. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափը որոշելիս մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության առումով հաշվի են առնվում ինչպես հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա, այնպես էլ ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում հարկ վճարողի իրականացրած ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը գերազանցող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների չափերը, որոնք մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան շարունակվել են հաշվառվել որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար:
(2-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 24-ի
N 1468-Ն որոշման
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով` ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները (այսուհետ միասին` նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման մինչև 40 միլիոն դրամի, իսկ օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` մինչև 60 միլիոն դրամի չափով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների (այսուհետ` դիմում) հիման վրա միասնական հաշիվ մուտքագրման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
2. Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշվին մուտքագրման ենթակա են`
1) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.
2) օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.
3) օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը.
4) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը:
(2-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
3. Սույն ընթացակարգի կիրառման իմաստով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ կիսամյակի կամ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարների (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) հանրագումարն է` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման եզրակացության կազմման օրվա դրությամբ: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարի փոխհատուցման նպատակով հաշվի են առնվում նաև հարկ վճարողների` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը հարկային մարմին ստացման օրվա դրությամբ ներկայացված` համապատասխան ճշտված հաշվարկները:
(3-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
4. Սույն ընթացակարգը կիրառվում է`
1) եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին, և յուրաքանչյուր կիսամյակում կամ եռամսյակում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով (մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար` ԱԱՀ-ի հաշվարկով) ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարը կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60 միլիոն դրամը.
2) եթե դիմումին կից ներկայացվում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ընկած որևէ հաշվետու ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը:
(4-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
5. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ընկած կիսամյակային ժամանակահատվածի արդյունքներով, 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը եռամսյակային արդյունքներով, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ինչպես նաև մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով (ամիս կամ եռամսյակ) ներկայացված որևէ դիմումում նշված գումարի և նախկինում այդ ժամանակահատվածի համար ներկայացված դիմումում նշված գումարների հանրագումարը 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում 60 միլիոն դրամի շեմը) նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում սույն ընթացակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան:
(5-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
6. Դիմումը հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի` սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին համապատասխանությունը և`
1) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխանության դեպքում համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման եզրակացություն, և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան.
2) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
(6-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)
7. Գանձապետարանը սույն ընթացակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի` միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի կողմից ներկայացված` միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի հիման վրա` հարկային մարմին այդ դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 12.08.2021 թիվ 1321-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/ որոշում)