Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Սնանկության գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/0125/04/17

    Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0125/04/17    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մարտի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարություն Անտոնյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2018 թվականի որոշման դեմ` ըստ Լեռնիկ Սարգսյանի և Լիլիա Սահրադյանի դիմումի` Հարություն Անտոնյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լեռնիկ Սարգսյանը և Լիլիա Սահրադյանը պահանջել են Հարություն Անտոնյանին ճանաչել սնանկ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 06.10.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.03.2018 թվականի որոշմամբ Հարություն Անտոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.10.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Անտոնյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լեռնիկ Սարգսյանի և Լիլիա Սահրադյանի ներկայացուցիչ Մարիետա Բաբայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Դատարանի 06.10.2017 թվականի վճռով և Վերաքննիչ դատարանի 02.03.2018 թվականի որոշմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը մեկնաբանվել և կիրառվել է ոչ ճիշտ` թիվ ԵԿԴ/0074/04/09 և ԵԿԴ/0062/04/16 գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներին հակասող մեկնաբանությամբ, ինչն առաջացրել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հարկադրված սնանկության դիմումի հիմքում ընկած գործարքների շուրջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում են թիվ ԵԱՔԴ/3011/02/17 և ԵԱՔԴ/3015/02/17 գործերը` հարկադրված սնանկության դիմումի հիմքում դրված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջների մասին. երկու գործերով ներկայացված հայցի փաստական հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Հարություն Անտոնյանն այդ գործարքներով ընդհանրապես գումար չի ստացել, հետևաբար նրա հայցերը բավարարվելու դեպքում վերջինս ազատվելու է հարկադրված սնանկության դիմումի հիմքում ընկած վճարային պարտավորությունից այն հիմքով, որ ընդհանրապես գումար չի ստացել:

Սույն գործով պարտապանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԱՔԴ/3011/02/17 և ԵԱՔԴ/3015/02/17 գործերի լուծման արդյունքում հնարավոր է` ազատվի պարտատերերի պահանջները կատարելուց, որպիսի պայմաններում նրան սնանկ ճանաչելը հակասում է թիվ ԵԿԴ/0074/04/09 և ԵԿԴ/0062/04/16 գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներին:

Նման պայմաններում Հարություն Անտոնյանին սնանկ ճանաչելով և այդ վճիռն անփոփոխ թողնելով` ստորադաս դատարանները թույլ են տվել արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ, քանի որ անձին հարկադրաբար և առանց բավարար հիմքերի սնանկ ճանաչելը նրա համար առաջացնում է անհիմն սահմանափակումներ, մասնավորապես` սահմանափակվում է գույքի տնօրինման և քաղաքացիաիրավական հարաբերություններին ազատորեն մասնակցելու իրավունքը, առաջացնում է հավելյալ դատական ծախսեր, կառավարչի վարձատրություն, վարչական ծախսեր կատարելու պարտականություն, ինչը խախտում է Հարություն Անտոնյանի իրավունքներն ու ազատությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.03.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Հարություն Անտոնյանը հայցադիմումներում նշել է, որ իբրև ոչ փոխառության պայմանագրով և ոչ էլ իր կողմից գրված պարտավորագրով նա որևէ գումար չի ստացել: Մինչդեռ և՛ փոխառության պայմանագրի, և՛ պարտավորագրի բովանդակությունից ակնհայտ է, որ երկու դեպքում էլ պարտատերերից նա գումարները ստացել է ամբողջությամբ: Հայցադիմումներում Հարություն Անտոնյանը պնդում է, թե մոլորության ազդեցության ներքո է կնքել գործարքները: Այսպիսով` ներկայացված հայցադիմումներն ակնհայտ անհիմն են, չեն պարունակում բավարար հիմքեր փոխառության պայմանագիրն ու իր կողմից տրված ստացականները վիճարկելու համար և չեն կարող հիմք հանդիսանալ նրան սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժելու համար:

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Փոխատու Լեռնիկ Սարգսյանի և փոխառու Հարություն Անտոնյանի միջև 15.05.2015 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված (գրանցված սեղանամատյանում 3776 համարի տակ) փոխառության պայմանագրով վերջինիս փոխառությամբ տրամադրվել է 50.000.000 ՀՀ դրամ մինչև 01.10.2015 թվականը վերադարձնելու պայմանով: Նույն պայմանագրի վերջնամասում ստորագրության դիմաց Հարություն Անտոնյանի կողմից կատարվել է գրառում` «հիսուն միլիոն ՀՀ դրամը ամբողջությամբ ստացա» (հավելված հատոր 2-րդ գ.թ. 7):

2) Ի ապահովումը վերը նշված պայմանագրի` 15.05.2015 թվականին գրավատու Հարություն Անտոնյանի և գրավառու Լեռնիկ Սարգսյանի միջև կնքվել և նոտարական կարգով վավերացվել է (գրանցված սեղանամատյանում 3775 համարի տակ) հիփոթեքի պայմանագիր, որով գրավատուն գրավառուի մոտ գրավ է դրել Երևանի Կոմիտասի պողոտայի 51-րդ շենքի թիվ 72 անշարժ գույքը` բաղկացած 630,0 քմ մակերեսից: Նշված պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում և 21.05.2015 թվականին Լեռնիկ Սարգսյանի անվամբ տրվել է 21052015-01-0071 գրավի իրավունքի գրանցման վկայականը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 10, 19-20):

3) 02.03.2014 թվականին գրված պարտավորագրով Հարություն Անտոնյանը հավաստել է, որ Լիլիա Սահրադյանից փոխառությամբ ստացել է 135.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել 2014 թվականի դեկտեմբերին (հավելված հատոր 2-րդ գ.թ. 12):

4) Հարություն Անտոնյանը, 03.08.2017 թվականին ստանալով դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի որոշումը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետում` 15.08.2017 թվականին ներկայացրել է գրավոր առարկություն (հավելված հատոր 2-րդ գ.թ. 21, 24-26):

5) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2017 թվականի որոշումներով վարույթ են ընդունվել մոլորության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով Հարություն Անտոնյանի հայցերն ընդդեմ Լեռնիկ Սարգսյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3015/02/17) և ընդդեմ Լիլիա Սահրադյանի` պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3011/02/17) (հավելված հատոր 2-րդ գ.թ. 36):

6) Հարություն Անտոնյանը հայցադիմումների մեջ որպես մոլորություն է ներկայացրել առանց գումար ստանալու պայմանագիր ստորագրելու հանգամանքը (անփողությունը) (հավելված հատոր 2-րդ գ.թ. 27-30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճարային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայության պայմաններում սնանկ ճանաչելու հնարավորության իրավական հարցին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է` պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս, թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած` ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ` անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է` բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն` նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը` անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը դիմումը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «...այս դեպքում Հարություն Անտոնյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Իսկ Հարություն Անտոնյանի վճարային պարտավորություններն անվիճելի են, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքների վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «(...) մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի հիմքում չի կարող դրվել այնպիսի փաստարկ, ըստ որի Հարություն Անտոնյանը Լեռնիկ Սարգսյանի հետ կնքված փոխառության պայմանագրով ու Լիլիա Սահրադյանին տրված պարտավորագրով գումար չի ստացել: Իսկ նրա վկայակոչած գումար չստանալը կարող է հանգեցնել անփողության հիմքով սնանկության դեմ առարկության, որը բողոքաբերը չի դրել սույն գործով ներկայացված առարկության հիմքում: (...) թիվ ԵԱՔԴ/3015/02/17 և թիվ ԵԱՔԴ/3011/02/17 քաղաքացիական գործերով հայցերը ձևական նկատառումներով են հարուցվել, քանի որ, եթե Պարտապանն իրականում գումար չի ստացել, ապա զրկված չէ սնանկության վարույթով առարկությունների ձևով առարկել սնանկության դիմումին: Արդյունքում ստացվում է, որ վերջինս թույլ է տվել իր իրավունքների չարաշահում: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանը, մանրակրկիտ կերպով անդրադառնալով Պարտապանի կողմից ներկայացված առարկություններին, հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ «... սույն դեպքում պարտապանի կողմից սնանկության դիմումը ստանալուց հետո, վերջինիս կողմից քաղաքացիական դատավարության կարգով հայցեր հարուցելը 2 տարուց ավելի վաղեմությամբ կնքված գործարքների անվավերության պահանջով, այն էլ այնպիսի հիմքով, որ Հարություն Անտոնյանը չի ստացել գործարքներում նշված գումարները, այն պարագայում, որ վերջինս և փոխառության պայմանագրով և պարտավորագրով հավաստել է գումարները ստանալու փաստերը, պարտավորությունը չի դարձնում վիճելի, քանի որ գործով ձեռքբերված ապացույցների և պարտապանի կողմից ներկայացված փաստաթղթերից հետևում է, որ պարտապանի կողմից Դատարան ներկայացված հայցադիմումներն ընդամենը փորձ են ձևական հիմքեր ստեղծել պարտավորությունների վիճելի լինելու վերաբերյալ: Եթե դատարանը պարտապանի կողմից ներկայացված հիմքով մերժի սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջը, ապա կստեղծվի մի իրավիճակ, որ պարտատերն իրականացնելով իր օրենքով սահմանված դատական պաշտպանության իրավունքը և դիմելու պահին ունենալով խախտված իրավունք (անվիճելի պարտավորություն) կկրի դրա բացասական հետևանքները` մասնավորապես պետական տուրքի մասով»: Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ տվյալ պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ»:

Սույն գործով ներկայացված պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված են եղել 15.05.2015 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված (գրանցված սեղանամատյանում 3775 համարի տակ) փոխառության պայմանագիրը և 02.03.2014 թվականի պարտավորագիրը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2017 թվականի որոշումներով վարույթ են ընդունվել մոլորության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով Հարություն Անտոնյանի հայցերն ընդդեմ Լեռնիկ Սարգսյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3015/02/17) և ընդդեմ Լիլիա Սահրադյանի` պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3011/02/17):

Հայցադիմումների ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը, որպես մոլորություն է ներկայացնում առանց գումար ստանալու պայմանագիր և պարտավորագիր ստորագրելու հանգամանքները, ըստ էության վիճարկելով պայմանագրի և պարտավորագրի անփողությունը:

Վերոգրյալից հետևում է, որ դիմողները սնանկության դիմումի հիմքում դրել են Հարություն Անտոնյանի կողմից վիճարկվող գործարքները և ակնհայտ է, որ հայցերը բավարարելու դեպքում վերանում է սնանկության հիմքը` անվիճելի պարտավորության 60-օրյա կետանցը:

Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված հատկանիշները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` պայմանով, որ սնանկության պահանջի դեմ պարտապանի առարկությունները պետք է բավարար չափով հիմնավորեն պահանջի անհիմն լինելը: Ընդ որում, նման առարկությունները հիմնավոր լինելու պարագայում վճարային պարտավորության` պարտքի չափը պետք է նվազի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, որպեսզի բացառվի պարտապանի սնանկությունը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, պարտավորության անվիճելիության հատկանիշը հաստատված է համարել, ըստ էության, գնահատելով Հարություն Անտոնյանի կողմից ներկայացրած հայցերի դատական քննության հեռանկարները: Մինչդեռ համապատասխան պարտավորության վերաբերյալ վեճի առկայությունն ինքնին բավարար էր հաստատված համարելու, որ կողմերի միջև առկա է պարտավորության հետ կապված նյութաիրավական վեճ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր հարց դրվել պարտապանի անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում սույն գործով անվիճելի վճարային պարտավորության առկայության փաստը հիմնավորված չլինելու փաստարկները և հանգում է հետևության, որ առկա չի եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պահանջվող` պարտավորության անվիճելիության հատկանիշը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ «(...) որ տվյալ պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ», Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊ ընկերություն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի փաստերի համաձայն` «Սիփան 1» ՍՊԸ-ի կողմից այլ գործով ներկայացված հայցապահանջը վերաբերել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունն ընդհանրապես չկատարելուն, այսինքն` մեկ այլ վարույթում քննվող հայցի բավարարման պարագայում «Սիփան 1» ՍՊԸ-ն կարող էր ամբողջությամբ ազատվել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից` գումարի վճարումից, որպիսի պարագայում էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտապանը բավարար հիմքեր ունի սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու համար:

Սույն գործի փաստերի համաձայն` ինչպես արդեն վերը նշվեց, Հարություն Անտոնյանի կողմից այլ գործերով ներկայացված հայցապահանջները առերևույթ վերաբերում են դիմողների նկատմամբ առհասարակ պարտավորությունների բացակայությանը (անփողությանը), այսինքն` մեկ այլ վարույթում քննվող հայցապահանջների բավարարման պարագայում, կարող է հաստատվել Հարություն Անտոնյանի պարտավորության բացակայության փաստը:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը, պատշաճ գնահատականի չի արժանացրել սույն գործով որպես ապացույց ներկայացված` մոլորության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով Հարություն Անտոնյանի հայցերն ընդդեմ Լեռնիկ Սարգսյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին` թիվ ԵԱՔԴ/3015/02/17 քաղաքացիական գործով և ընդդեմ Լիլիա Սահրադյանի` պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին` թիվ ԵԱՔԴ/3011/02/17 քաղաքացիական գործով, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2017 թվականի որոշումները: Դատարանը հետամուտ չի եղել համոզվելու, թե արդյոք նշված գործերով առկա նյութաիրավական վեճի առկայությունը, սույն գործով նյութաիրավական պահանջը վիճելի է դարձնում թե` ոչ, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու վերը նշված հանգամանքը պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2020
N ԵԱՔԴ/0125/04/17
Որոշում