020.0307.260601
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱԳԱ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 հունիսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև 2001 թվականի մարտի 1-ին Կիևում ստորագրված` ազատազրկման դատապարտված անձանց պատիժը հետագա կրելու համար փոխանցելու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա պայմանագիրն ստորագրվել է 2001 թ. մարտի 1-ին Կիևում` Կողմերի քաղաքացիներ հանդիսացող` ազատազրկման դատապարտված անձանց հետագա պատիժն իրենց քաղաքացիության պետությունում կրելու համար փոխանցելու նպատակով:
Պայմանագրում ամրագրված պայմաններին համապատասխան Կողմերը պարտավորվում են, ըստ հարցման, միմյանց փոխանցել դատավճռի կայացման պետության տարածքում կատարած հանցագործությունների համար դատավճռի կայացման պետության ազատազրկման վայրերում պատիժ կրող և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունեցող անձանց` դատավճռի կատարման պետությունում պատիժը հետագա կրելու համար:
Կողմերը պետք է կենտրոնական մարմինների` արդարադատության նախարարությունների միջոցով միմյանց գրավոր տեղեկացնեն մյուս Կողմի քաղաքացիներին ազատազրկման դատապարտելու, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի մասին:
Պայմանագրով նախատեսվում է, որ պատիժը կրելու համար դատապարտյալի փոխանցման հարցը լուծելու համար պետք է առկա լինեն պատիժ նախատեսող և այն կատարող Կողմերի կենտրոնական մարմինների, ինչպես նաև դատապարտյալի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունները` դատապարտյալին այն Կողմին փոխանցելու վերաբերյալ, որի քաղաքացին է նա համարվում և որի տարածքում պատիժը պետք է կրի:
Պայմանագրով սահմանվում է, որ դատավճռի կատարման պետությունը, ղեկավարվելով իր ազգային օրենսդրությամբ, պարտավոր է ապահովել պատժի ամբողջ ծավալով կատարումը:
Յուրաքանչյուր Կողմ փոխանցված դատապարտյալի նկատմամբ ներում կամ համաներում կիրառում է նույն պայմաններով և նույն կարգով, ինչ իր դատարանների կողմից դատապարտված անձանց նկատմամբ:
Պայմանագրում սահմանվում են դատապարտյալի փոխանցման ընթացակարգ սկսելու հիմքը, դատապարտյալի փոխանցման պայմանները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում դատապարտյալի փոխանցում չի կատարվում:
Պայմանագրում նշվում է, որ եթե Կողմերը հանդիսանում են 1983 թ. մարտի 21-ին Ստրասբուրգում ստորագրված` Դատապարտյալների փոխանցման մասին եվրոպական կոնվենցիայի մասնակիցներ, ապա կիրառում են սույն պայմանագրի միայն այն դրույթները, որոնք լրացնում են նշված եվրոպական կոնվենցիան կամ նպաստում են դրանում շարադրված սկզբունքների կիրառմանը: Քննության առարկա պայմանագրում օգտագործված է «Դատապարտված անձանց փոխանցման մասին» վերտառությունը, որը չի համապատասխանում այդ կոնվենցիայի անվանմանը, այն անվանվում է «Դատապարտյալների փոխանցման մասին»:
Դատապարտյալների փոխանցման մասին 1983 թ. մարտի 21-ի կոնվենցիան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2001 թ. մարտի 21-ին:
Պայմանագրի գործողությունը տարածվում է նաև մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը Կողմերի դատարանների կողմից դատապարտված անձանց վրա:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև 2001 թվականի մարտի 1-ին Կիևում ստորագրված` ազատազրկման դատապարտված անձանց պատիժը հետագա կրելու համար փոխանցելու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
26 հունիսի 2001 թվականի
ՍԴՈ-307