020.0296.170401
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԵԼՅԱԼ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրահամայնքի միջև փոխըմբռնման մասին 2000 թվականի հունիսի 22-ին Երևանում և Բրյուսելում ստորագրված երկրորդ հավելյալ հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրվել է 20.03.2001 թ.):
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Երկրորդ հավելյալ հուշագիրն ստորագրվել է 2000 թվականի հունիսի 22-ին` Երևանում և Բրյուսելում` Հայաստանի Հանրապետության և Եվրահամայնքի միջև:
Հուշագրի նպատակը Հայաստանի Հանրապետության դրամաշնորհի տրամադրումն է, որով աջակցություն կցուցաբերվի իրականացվող բարեփոխումներին` կայուն վճարումների հաշվեկշիռն ապահովելու, պահուստներն ամրապնդելու և արտաքին պարտքի պարտավորությունների կարգավորումը դյուրացնելու համար:
Փոխըմբռնման մասին երկրորդ հավելյալ հուշագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրահամայնքի միջև 1998 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շարունակությունն է, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի հերթական` չորրորդ մասնաբաժինը` մինչև 5,5 մլն եվրո:
Հուշագրի առաջին հավելվածը վերաբերում է մոնիտորինգի համակարգին, իսկ երկրորդը` ֆինանսական դրույթներին, ընդ որում, երկու հավելվածներն էլ երկրորդ հավելյալ հուշագրի անբաժանելի մասն են:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը դրամաշնորհի հատկացման համար կառուցվածքային բարեփոխումների ընթացքը կգնահատվի, մասնավորապես, հաշվի առնելով.
- ակցիզային հարկի մասին նոր օրենքի ընդունումը, աշխատավարձերի, թոշակների առկա պարտքերի մարումը,
- ներդրումների համար կազմակերպական աշխատանքների բարելավումը և բյուրոկրատական քաշքշուկների հաղթահարումը,
- պետական ծառայության մասին օրենքի ընդունումը, կոռուպցիայի դեմ պայքարը,
- էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում (այդ թվում` բանկային) բարեփոխումների ընթացքը,
- սեփականաշնորհման ոլորտում նախատեսված ծրագրերի իրականացումը,
- հողի սեփականության իրավունքի օրենսդրական կարգավորման հարցերը և այլն:
3. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է տրամադրել բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Եվրահամայնքին` դրամաշնորհի օգտագործման հետ կապված ստուգումներ ու աուդիտ անցկացնելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրահամայնքի միջև փոխըմբռնման մասին 2000 թվականի հունիսի 22-ին Երևանում և Բրյուսելում ստորագրված երկրորդ հավելյալ հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
17 ապրիլի 2001 թ.
ՍԴՈ-296