020.0243.110700
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հուլիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա պայմանագիրն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 25-ին` Մոսկվայում: Պայմանագրի նպատակն է էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տնտեսական, տեխնիկական և տեխնոլոգիական առավելությունների օգտագործման միջոցով բարձրացնել մասնակից երկրների էներգետիկ անվտանգությունը, տնտեսությունը և բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու հուսալիությունն ու արդյունավետությունը:
Պայմանագրով սահմանվում են մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի հիմնական սկզբունքները:
Կողմերը պարտավորվում են էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար մշակել և պահպանել անհրաժեշտ փոխհամաձայնեցված ռեժիմային, տեխնիկական և տեխնոլոգիական պայմաններ, այդ բնագավառի նոր նորմատիվային փաստաթղթեր, ինչպես նաև մշակել էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարություն ու փոխադարձ վճարումների մեխանիզմներ և ապահովել դրանց իրագործումը /հ. 4, 5, 6/:
Պայմանագրի մասնակիցներն իրենց էլեկտրահամակարգերից կատարվող էլեկտրաէներգիայի և հզորության հաղորդումների, իսկ օբյեկտների վթարային վիճակի դեպքում` դրա վերացման համար անհրաժեշտ էներգառեսուրսների, այլ տիպի արտադրանքների և ծառայությունների մատակարարումների համար մաքսատուրքեր չեն գանձելու և պարտավորվում են ապահովել էլեկտրաէներգիայի անարգել տարանցումն իրենց ցանցերով: Բացի դրանից, Կողմերը պարտավորվում են միջոցներ ձեռնարկել համաձայնեցված ծավալներով ռեսուրսների ռեզերվների ստեղծման և պահպանման ուղղությամբ /հ. 8, 9, 10/:
Կողմերը պարտավորվում են նաև վթարների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում միմյանց ցուցաբերել օպերատիվ օգնություն, միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի ու հզորության բաց և մրցունակ միջպետական շուկայի ձևավորման ու զարգացման համար /հ. 11, 12, 13/:
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությամբ պահանջվում է դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` այդ մասին ծանուցագիրն ավանդապահին հանձնելու օրվանից, և գործում է այդ օրվանից հինգ տարվա ընթացքում: Նախատեսված է նաև պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման և պայմանագրից դուրս գալու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
11 հուլիսի 2000 թ.
ՍԴՈ-243