020.1303.160916
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՐԱՔԵՇԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
16 սեպտեմբերի 2016 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված` «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ին` Ժնևում:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն (այսուհետ` ԱՀԿ) ստեղծվել է Մարաքեշի համաձայնագրի (այսուհետ` ԱՀԿ համաձայնագիր) հիման վրա, որն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետությունն ԱՀԿ համաձայնագրին միացել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-322-2 թվակիր որոշմամբ:
2. Արձանագրության հավելվածով ընդունվել է «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր), որն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ներառվի ԱՀԿ համաձայնագրի «1 Ա» հավելվածում ու զետեղվի Պաշտպանական միջոցների մասին համաձայնագրից հետո:
Արձանագրության որևէ դրույթի առնչությամբ չեն կարող կատարվել վերապահումներ` առանց ԱՀԿ մյուս անդամների համաձայնության:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնելու ԱՀԿ համաձայնագրի X հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան:
3. «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագիրը բաղկացած է 3 բաժիններից, որի I բաժնում (1-12 հոդվածներ) սահմանվում են առևտրի դյուրացման վերաբերյալ դրույթները, II բաժնով (13-22 հոդվածներ) նախատեսվում են զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամներին հատուկ և տարբերակված մոտեցումներ, իսկ III բաժնով նախատեսվում է ստեղծել ԱՀԿ-ում Առևտրի դյուրացման հարցերով մշտական կոմիտե (այսուհետ` Կոմիտե), ինչպես նաև Առևտրի դյուրացման հարցերով մշտական կոմիտե յուրաքանչյուր անդամ պետությունում, որը կոչված է ապահովելու Համաձայնագրի դրույթների ներպետական համակարգումը և իրականացումը:
4. Համաձայնագրի II բաժնով նախատեսված` զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամներին հատուկ և տարբերակված մոտեցումների վերաբերյալ դրույթները բաշխվում են ըստ «Ա», «Բ» և «Գ» կատեգորիաների:
Ընդ որում, «Ա» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից, իսկ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` 1 տարվա ընթացքում` 15-րդ հոդվածով նախատեսված կարգով,
«Բ» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո` որոշակի օրվա դրությամբ` 16-րդ հոդվածով նախատեսված կարգով,
«Գ» կատեգորիան պարունակում է դրույթներ, որոնք զարգացող երկիր հանդիսացող անդամը կամ առավել թույլ զարգացած երկիր հանդիսացող անդամը նախատեսում է իրականացնել Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո անցումային ժամանակաշրջանից հետո որոշակի օրվա դրությամբ, և որոնք պահանջում են իրականացման կարողությունների ձեռքբերում` կարողությունների զարգացմանը միտված աջակցության և օժանդակության տրամադրման միջոցով` 16-րդ հոդվածով նախատեսված կարգով (14-րդ հոդված):
5. Համաձայնագրի նպատակն է ԱՀԿ անդամների միջև առևտրի դյուրացման ու մաքսային համապատասխանության վերաբերյալ հարցերի շուրջ արդյունավետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ներմուծվող, արտահանվող (այդ թվում` տարանցիկ փոխադրվող) ապրանքների մաքսային ձևակերպման, բացթողման և մաքսազերծման գործընթացների արագացումը (Նախաբան), տեղեկատվական կետերի հիմնումը (1-ին հոդվ.), բողոքարկման կամ վերանայման պարզեցված ընթացակարգերի կիրառումը (4-րդ հոդվ.), սուբյեկտների կողմից ծախսվող ժամանակի կրճատումը` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մեկ պատուհանի սկզբունքի ներդրմամբ, մաքսային ձևակերպումներին առնչվող պահանջների սահմանումը (10-րդ հոդվ.), տարանցման ազատության (11-րդ հոդվ.) և մաքսային համագործակցության (12-րդ հոդվ.) կանոնների պահպանումը և այլն:
6. Ըստ Համաձայնագրի` առևտրի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումների խրախուսմանը նպաստող կարևոր գործիք է համարվում նաև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և հասանելիությունը (1-ին հոդվ.), իրավասու պետական մարմինների միջև համագործակցության բարելավումը, ինչպես նաև սահմանակից անդամ պետությունների միջև սահմանահատման ընթացակարգերի փոխհամաձայնեցված իրականացումը (8-րդ հոդվ.):
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- հնարավորություն ընձեռել և համապատասխան ժամկետ տրամադրել առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին` ներկայացնել դիտողություններ ապրանքների (այդ թվում`տարանցիկ փոխադրվող) շարժին, բացթողմանը և մաքսազերծմանն առնչվող` ընդհանուր կիրառության օրենքներ և կանոնակարգեր ներդնելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (2-րդ հոդվ., 1-ին պարբ., կետ 1.1),
- ապահովել, որ ապրանքների (այդ թվում`տարանցիկ փոխադրվող) շարժին, բացթողմանը և մաքսազերծմանն առնչվող` ընդհանուր կիրառության նոր կամ փոփոխված օրենքներն ու կանոնակարգերը հնարավորինս շուտ հրապարակվեն, կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները որևէ այլ կերպով հասանելի դարձվեն հանրությանը մինչև դրանց ուժի մեջ մտնելը` առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ կողմերին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելու նպատակով (2-րդ հոդվ., 1-ին պարբ, կետ 1.2),
- նպատակահարմարության դեպքում նախատեսել կանոնավոր խորհրդակցություններ` սահմանային վերահսկողություն իրականացնող ՀՀ մարմինների և ՀՀ տարածքում գտնվող` առևտրով զբաղվող անձանց և շահագրգիռ այլ անձանց միջև (2-րդ հոդվ., 1-ին պարբ., կետ 2),
- ողջամիտ և հստակ սահմանված ժամկետում տրամադրել նախնական որոշում յուրաքանչյուր դիմումատուի, որը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարունակող գրավոր դիմում, իսկ մերժման դեպքում` պատշաճ ժամկետում գրավոր ծանուցել դիմումատուին` նշելով համապատասխան փաստերը և որոշման հիմքերը(3-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- նախնական որոշման չեղարկման, փոփոխման կամ անվավեր ճանաչման դեպքում դիմումատուին տրամադրել գրավոր ծանուցում` ներկայացնելով համապատասխան փաստերը և իր որոշման հիմքերը (3-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- առնվազն հրապարակել նախնական որոշում ստանալու համար դիմումին ներկայացվող պահանջները, նախնական որոշման տրամադրման ժամանակահատվածը և դրա վավերականության ժամանակահատվածը (3-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրել նախնական որոշման կամ նախնական որոշման չեղարկման, փոփոխման կամ անվավեր ճանաչման մասին որոշման վերանայման արդյունքները (3-րդ հոդվ., 7-րդ պարբ.),
- հանրությանը հասանելի դարձնել նախնական որոշումների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը համարվում է այլ շահագրգիռ կողմերի համար զգալի հետաքրքրություն ներկայացնող տեղեկություն` հաշվի առնելով առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները պաշտպանելու անհրաժեշտությունը (3-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- ապահովել, որ ցանկացած անձ, որին մաքսային մարմինը տրամադրում է վարչական որոշում, Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք ունենա վարչական կամ դատական կարգով բողոքարկելու կամ վերանայելու որոշումը (4-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ապահովել, որ բողոքարկման կամ վերանայման Հայաստանի Հանրապետության ներպետական ընթացակարգերն իրականացվեն ոչ խտրական ձևով (4-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- ապահովել, որ եթե վարչական բողոքարկման կամ վերանայման մասին որոշումը չի կայացվել`կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, կամ առանց անհարկի հետաձգման, հայցվորն իրավունք ունենա կրկին դիմելու վարչական կամ դատական մարմին` բողոքարկման կամ վերանայման համար, կամ որևէ այլ կերպ դիմելու դատական մարմիններին (4-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- ապահովել, որ 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձին տրամադրվեն վարչական որոշման հիմքերը, որպեսզի տվյալ անձը անհրաժեշտության դեպքում ունենա բողոքարկման կամ վերանայման ընթացակարգերին դիմելու հնարավորություն (4-րդ հոդվ., 5-րդ պարբ.),
- պատշաճ ժամկետում տեղեկացնել փոխադրողին կամ ներմուծողին մաքսային կամ այլ իրավասու մարմնի կողմից ներմուծման համար հայտարարագրված ապրանքները ստուգման համար արգելանքի տակ վերցնելու մասին (5-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- ոչ խտրական և հեշտ հասանելի եղանակով հրապարակել այն լաբորատորիայի անվանումը և հասցեն, որտեղ կարող է իրականացվել ստուգումը, կամ այդ տեղեկությունները տրամադրել ներմուծողին, եթե ընձեռվել է երկրորդ ստուգման հնարավորություն (5-րդ հոդվ., 3-րդ պարբ),
- վճարների և գանձումների մասին տեղեկությունները հրապարակել Համաձայնագրի 1-ին հոդվածին համապատասխան, նոր կամ փոփոխված վճարների և գանձումների հրապարակումից հետո բավարար ժամանակ տրամադրել մինչև դրանց ուժի մեջ մտնելը (բացառությամբ անհետաձգելի հանգամանքների), և դրանք չկիրառել մինչև այդ մասին տեղեկությունների հրապարակումը, պարբերաբար վերանայել վճարներն ու գանձումները` դրանց քանակը կամ տեսակները հնարավորինս նվազեցնելու նպատակով (6-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ապահովել, որ մաքսային օրենքի, կանոնակարգի կամ ընթացակարգային պահանջի խախտման համար տույժերը նշանակվեն միայն այդ խախտման համար պատասխանատու անձի (անձանց) նկատմամբ, գանձվող տույժը համաչափ լինի խախտման աստիճանին ու լրջությանը (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետեր 3.2 և 3.3),
- ապահովել, որ ձեռնարկվեն այնպիսի միջոցներ, որոնցով հնարավոր է խուսափել տույժերի և տուրքերի գնահատման ու հավաքագրման ընթացքում շահերի բախումից և 3-րդ պարբերության 3.3-րդ կետին հակասող տույժի գնահատման և հավաքագրման համար խթան ստեղծելուց (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետ 3.4),
- ապահովել, որ մաքսային օրենքները, կանոնակարգերը կամ ընթացակարգային պահանջները խախտելու համար տույժ սահմանելիս գրավոր բացատրություն տրամադրվի տույժի ենթարկված անձին (անձանց)` նշելով խախտման բնույթը և կիրառելի այն օրենքը, կանոնակարգը կամ ընթացակարգը, որի համաձայն սահմանվել է տույժի գումարը կամ սահմանները (6-րդ հոդվ., 3-րդ պարբ., կետ 3.5),
- ընդունել և վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ներկայացնելու ներմուծման փաստաթղթերը և պահանջվող այլ տեղեկություններ (այդ թվում` բեռնագրերը), մինչև ապրանքների ժամանումը ձևակերպումներն սկսելու համար` բացթողման գործընթացն արագացնելու նպատակով, նպատակահարմարության դեպքում տրամադրել փաստաթղթերն էլեկտրոնային ձևաչափով նախապես ներկայացնելու հնարավորություն` մինչև փաստաթղթերի ժամանումը դրանց ձևակերպումները կատարելու համար (7-րդ հոդվ., 1-ին պարբ.),
- ընդունել և վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ներմուծման և արտահանման առնչությամբ մաքսային մարմինների կողմից հավաքագրվող տուրքերը, հարկերը, վճարները և գանձումները վճարել էլեկտրոնային եղանակով (7-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- ընդունել կամ վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բաց թողնել ապրանքները մինչև մաքսային տուրքերի, հարկերի, վճարների և գանձումների վերաբերյալ վերջնական որոշումը, եթե դա չի կատարվել մինչև ժամանումը կամ ժամանման պահին կամ դրանից հետո` հնարավորինս արագ և կանոնակարգային բոլոր այլ պահանջների բավարարմամբ (7-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- հնարավորության սահմաններում ներդնել կամ վարել ռիսկերի կառավարման համակարգ մաքսային հսկողության համար, մշակել և իրականացնել ռիսկերի կառավարումն այնպես, որ հնարավոր լինի խուսափել կամայական կամ չարդարացված խտրականությունից կամ միջազգային առևտրի քողարկված սահմանափակումից, կենտրոնացնել մաքսային հսկողությունը և հնարավորության սահմաններում սահմանային վերահսկողության այլ միջոցները բարձր ռիսկայնության բեռների վրա և արագացնել ցածր ռիսկայնության բեռների բացթողումը, ռիսկի կառավարումն իրականացնել համապատասխան ընտրողականության չափորոշիչների միջոցով կատարված ռիսկերի գնահատման հիման վրա (7-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- ապրանքները բաց թողնելու գործընթացն արագացնելու նպատակով ընդունել կամ վարել մաքսազերծումից հետո աուդիտի ընթացակարգ` մաքսային և հարակից այլ օրենքների ու կանոնակարգերի հետ համապատասխանությունն ապահովելու համար, մաքսազերծումից հետո աուդիտն անցկացնել թափանցիկ եղանակով, դրա արդյունքներն օգտագործել ռիսկերի կառավարումն իրականացնելիս և վարչական կամ դատական ընթացակարգերում (7-րդ հոդվ., 5-րդ պարբ.),
- պարբերաբար և հետևողականորեն գնահատել և հրապարակել ապրանքները բաց թողնելու միջին ժամանակը, Կոմիտեի հետ կիսել իր փորձառությունը` բաց թողնելու միջին ժամանակի չափման, օգտագործված մեթոդաբանության, հայտնաբերված դժվարությունների և այլնի վերաբերյալ (7-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- ներմուծման, արտահանման կամ տարանցման ձևակերպումների և ընթացակարգերի առնչությամբ լիազորված օպերատորներին տրամադրել առևտրի դյուրացման լրացուցիչ միջոցներ, դրանք ամրապնդելու նպատակով մյուս անդամներին ընձեռել լիազորված օպերատորի սխեմաների փոխադարձաբար ճանաչման շուրջ բանակցելու հնարավորություն և այլն (7-րդ հոդվ., 7-րդ պարբ.),
- ընդունել կամ վարել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ապահովելու առնվազն օդային բեռնափոխադրումների միջոցով մուտք գործած բեռների արագացված բացթողումը նման ռեժիմի համար դիմած անձանց համար, միաժամանակ ապահովելով մաքսային հսկողությունը (7-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- արագ փչացող ապրանքների կորուստը կամ փչանալը կանխելու նպատակով և կանոնակարգային բոլոր պահանջները բավարարելու պայմանով նախատեսել արագ փչացող ապրանքների բացթողումը սովորական հանգամանքներում` հնարավորինս կարճ ժամանակում, իսկ բացառիկ հանգամանքներում` մաքսային և այլ համապատասխան մարմինների աշխատանքային ժամերից դուրս, պատշաճ առաջնահերթություն տալ արագ փչացող ապրանքների զննմանը, կազմակերպել կամ թույլ տալ ներմուծողին կազմակերպել բացթողման սպասող` նման ապրանքների պատշաճ պահեստավորումը (7-րդ հոդվ., 9-րդ պարբ.),
- ապահովել, որ սահմանային վերահսկողության և ապրանքների ներմուծմանը, արտահանմանը և տարանցմանն առնչվող ընթացակարգերի իրականացման պատասխանատու Հայաստանի Հանրապետության մարմինները և գործակալությունները համագործակցեն միմյանց հետ և համակարգեն իրենց գործողությունները առևտրի դյուրացման նպատակով, և եթե հնարավոր է ու գործնականում կիրառելի, համագործակցել ընդհանուր սահման ունեցող մյուս անդամների հետ (8-րդ հոդվ.),
- որքանով գործնականում հնարավոր է և կանոնակարգային բոլոր պահանջները բավարարելու պայմանով թույլատրել, որ ներմուծման համար նախատեսված ապրանքները մաքսային հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժվեն մուտքի մաքսակետից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այլ մաքսակետ (9-րդ հոդվ.),
- եթե նպատակահարմար է` ընդունել ներմուծման, արտահանման և տարանցման համար պահանջվող` հիմնավորող փաստաթղթերի թղթային կամ էլեկտրոնային պատճենները, իսկ եթե տվյալ փաստաթղթի բնօրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության որևէ կառավարական գործակալության մոտ, ապա Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր գործակալությունները պետք է ընդունեն թղթային կամ էլեկտրոնային պատճենները (10-րդ հոդվ., 2-րդ պարբ.),
- կիրառել համապատասխան միջազգային ստանդարտները կամ դրանց մասերը` որպես ներմուծման, արտահանման և տարանցման ձևակերպումների հիմք, իր ունեցած ռեսուրսների շրջանակներում մասնակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից համապատասխան միջազգային ստանդարտների մշակման և պարբերական վերանայման աշխատանքներին (10-րդ հոդվ., 3-րդ պարբ.),
- ստեղծել կամ պահպանել «մեկ պատուհան» սկզբունքը, Կոմիտեին ծանուցել «մեկ պատուհան» սկզբունքով աշխատանքի մանրամասների մասին և եթե հնարավոր է և գործնականում կիրառելի, «մեկ պատուհան» համակարգի աշխատանքին աջակցելու նպատակով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ (10-րդ հոդվ., 4-րդ պարբ.),
- սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից չներմուծել մաքսային բրոքերների ծառայությունից օգտվելու պարտադիր պահանջ, Կոմիտեին ծանուցել և հրապարակել մաքսային բրոքերների ծառայությունից օգտվելու Հայաստանի Հանրապետության միջոցների մասին, մաքսային բրոքերների լիցենզավորման առնչությամբ կիրառել թափանցիկ և օբյեկտիվ կանոններ (10-րդ հոդվ., 6-րդ պարբ.),
- սահմանված սանիտարական և բուսասանիտարական կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից ներմուծման համար ներկայացված ապրանքների մերժման դեպքում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքներն ու կանոնակարգերը և գործելով դրանց համապատասխան, ներմուծողին թույլատրել մերժված ապրանքները կրկին հանձնել կամ վերադարձնել այդ ապրանքներն արտահանողին կամ արտահանողի կողմից նշանակված մեկ այլ անձի (10-րդ հոդվ., 8-րդ պարբ.),
- Հայաստանի Հանրապետության օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան թույլատրել, որ ապրանքները բերվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման տուրքերի և հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի պայմանական ազատումով, եթե այդ ապրանքները բերվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք հատուկ նպատակով, նախատեսված են որոշակի ժամանակահատվածում վերաարտահանման համար և որևէ փոփոխության չեն ենթարկվել` բացի բնականոն արժեզրկման և օգտագործման հետևանքով մաշվածությունից (10-րդ հոդվ., 9-րդ պարբ.) և այլն:
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Արձանագրությունը և դրա հավելվածը կազմող Համաձայնագիրը հանդիսանում են ԱՀԿ համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որն առանձնահատուկ տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցումներ է սահմանում զարգացող և առավել թույլ զարգացած պետությունների նկատմամբ` վերջիններիս առևտրի և ներդրումների հնարավորությունների ընդլայնման ապահովման նպատակով:
9. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված`միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված` «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
16 սեպտեմբերի 2016 թվականի
ՍԴՈ-1303