010.0067.030616
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 12-ին
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանման մեջ «էներգիայի» բառից առաջ լրացնել «վերականգնվող» բառով, իսկ սահմանումից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սահմանումներով.
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում`
i
1) «ա» կետը «փոխադրող,» բառից հետո լրացնել «բաշխող,» բառով.
2) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը «վրա» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետը «փոխադրման,» բառից հետո լրացնել «բաշխման,» բառով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 8. ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
1. Էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մարդու կյանքին և (կամ) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի ցանկը, այդ ցանկում ընդգրկված էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների և արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում շուկայահանման պայմանները` «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ինչպես նաև դրանց շահագործումից հետո օգտահանման կարգը, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 9. ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է տնտեսության ճյուղերն ըստ էներգատարության` բարձր, միջին և ցածր:
2. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինը վարում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, բաշխվող և պահեստավորվող, արտահանվող և օգտագործվող էներգակիրների հաշվառում` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որի արդյունքների հիման վրա էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը կազմում է էներգետիկ հաշվեկշիռ: Էներգետիկ հաշվեկշիռը հրապարակում է պետական վիճակագրություն իրականացնող մարմինը:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 12. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերից, ինչպես նաև հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերից:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով, իսկ «կառավարությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերում «կառավարություն» և «կառավարությունը» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով.
i
«ՀԱՎԵԼՎԱԾ. ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ ԿԱՐԳԸ
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքի և գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ապահովում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը:
1. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը` տարեկան կտրվածքով:
2. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի` էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակներում ամսվա ընթացքում մատակարարած (հանձնած) էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում չի տրամադրվում այն ծավալի չափով, որը հավասար է տվյալ ամսվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին (այսուհետ` հատուցման ոչ ենթակա ծավալ):
Տարվա արդյունքներով վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը բաշխման լիցենզիա ունեցող անձը կատարում է`
1) տվյալ սպառողական խմբի համար յուրաքանչյուր ամսվա համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագների 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքի.
2) փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում` հանձնաժողովի կողմից տվյալ խմբի (բնական ջրահոս, ոռոգման համակարգ, խմելու ջրատար) համար սահմանված գործող սակագնին հավասար:
Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրաէներգիա ձեռք բերելը վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողը կատարում է ամսական հաշվարկի արդյունքով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի և հատուցման ոչ ենթակա ծավալի դրական տարբերության հիման վրա, որի դիմաց ինքնավար արտադրողը վճարում է էլեկտրաէներգետիկական համակարգում տվյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տվյալ սպառողական խմբի համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով:
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրական էներգիայի դիմաց հատուցում տրամադրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:»:
i
ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև ծագած հարաբերությունների վրա Օրենքը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված էներգետիկ փորձաքննության կարգը համապատասխանեցնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
3 հունիսի 2016 թվականի
ՀՕ-67-Ն