Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱ ...

 

 

040.1062.180915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1062-Ն

 

i

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

i

1) սահմանել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը` հիմք ընդունելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակավորումների աստիճանը.

2) ընտրել լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող և օժանդակող կազմակերպությունը.

3) հաստատել ուսուցումների ազգային ռեեստրի վարման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1062-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի խնդիրը ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգն անձանց և աշխատաշուկայի կարիքներին համաչափ գործարկելու և արդյունքները ճանաչելու գործընթացի պետական երաշխիքներն ապահովելն է:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1) ուսուցման ազգային ռեեստր` ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձևավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ և մատչելի դարձնելու նպատակով.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված կազմակերպություն` կազմակերպություն, որը սոցիալական գործընկերների անունից (պետություն, գործատուներ և արհմիություններ) կարող է համակարգել, կազմակերպել լրացուցիչ և շարունակական կրթության իրականացումը, ինչպես նաև օժանդակել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկմանը.

3) կարիքի գնահատում` որոշակի մասնագիտության, զբաղմունքի, աշխատանքի կամ պաշտոնի համար անհրաժեշտ, սակայն ոչ բավարար կամ կատարելագործման կարիք ունեցող գիտելիքների, կարողությունների, հմտությունների կամ նախասիրությունների բացահայտումը և հաշվառումը.

4) ուսուցում իրականացնող` ուսուցման ազգային ռեեստրում գրանցված իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ, որը կազմակերպության կողմից ընտրվել և պայմանագրային հիմունքներով իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագիր:

4. Լրացուցիչ կրթությունը ոչ ֆորմալ կրթության իրականացման ձև է, որի նպատակը լրացուցիչ կրթական ծրագրի (կամ ծրագրերի ամբողջության) իրացման միջոցով անհատին գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ձևավորելու, կատարելագործելու և արդիականացնելու հնարավորություն տալն է:

5. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման ու կարճաժամկետ (մինչև հինգ ամիս) ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են գնահատվել և ճանաչվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Լրացուցիչ կրթական ծրագրով ուսուցումը (այսուհետ` ուսուցում) չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

7. Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, եթե բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ պատվիրատուն առաջադրում է որոշակի նպատակ` որոշակի շրջանակի ունկնդիրների համար:

8. Լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս:

9. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացը կազմակերպում և համակարգում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

10. Սույն կարգի գործողությունը տարածվում է ուսուցման ազգային ռեեստրում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցված ուսուցում իրականացնողների և մասնակիցների (ունկնդիրների) վրա:

 

II. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

11. Սույն կարգով ուսուցում կարող է իրականացնել ցանկացած իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվել է ուսուցման ազգային ռեեստրում: Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրենց հավատարմագրված մասնագիտությունների շրջանակներում կարող են ուսուցման ազգային ռեեստրում գրանցել առանց նախապայմանների:

12. ՈՒսուցման գործընթացը կազմակերպելու նպատակով կազմակերպությունն իրականացնում է`

1) պատվիրատուի և (կամ) մասնակցի կարիքի գնահատում, պատվերի հստակեցում.

2) իրականացնող կազմակերպության (և կամ անհատի) ընտրություն.

3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն.

4) մշտադիտարկում:

13. Պատվիրատուի և (կամ) անհատի կարիքը գնահատվում է` համաձայն կազմակերպության հաստատած կարիքի գնահատման հարցաշարի, որում ընդգրկվում են անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ առնվազն հետևյալ հարցերը`

1) որոշակի որակավորում կամ զբաղմունք ունեցող անձի դեպքում` տվյալ որակավորման չափորոշչով կամ զբաղմունքի նկարագրով սահմանված պայմանների փոփոխությունից (ավելացումից) բխող կարիքները.

2) անձի կողմից ավելի բարդ գործունեություն (զբաղմունք) իրականացնելու համար անհրաժեշտ կարիքները.

3) որոշակի զբաղմունք իրականացնելու կամ դրա շրջանակներում` որոշակի աշխատանքային խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ կարիքները.

4) պետության և հասարակության շահերից բխող խնդիրների համար ձեռք բերվող ոչ մասնագիտական (օրինակ` քաղաքացիական, մշակութային, մարզական, ռազմական, հայրենասիրական և այլ) կարիքները.

5) անձնական կրթական պահանջմունքների բավարարմանը միտված կարիքները:

14. ՈՒսուցման կազմակերպման մասին հայտի դեպքում կազմակերպությունը պատվերի մասին տեղեկատվությունը (հայտարարությունը) տեղադրում է ուսուցման ազգային ռեեստրում և իր պաշտոնական կայքում:

15. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված իրավաբանական և ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են համապատասխան պատվերն ապահովող ուսուցման մոդուլային ծրագիրը, որը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` կազմակերպության տրամադրած մասնագիտական եզրակացության հիման վրա:

16. Լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները համապատասխանում են տվյալ մասնագիտության (որակավորման) պետական կրթական չափորոշչի ուսումնառության արդյունքների և (կամ) զբաղմունքի նկարագրի պահանջներին:

17. Լրացուցիչ կրթական ծրագիրը կազմվում է` հիմք ընդունելով պատվիրատուի կարիքի գնահատման և մասնակցի ինքնագնահատման արդյունքների վերլուծությունը:

18. ՈՒսուցում իրականացնողը յուրաքանչյուր ունկնդրի հետ կնքում է պայմանագիր, որում առնվազն սահմանվում են կամ որպես անբաժանելի մաս կցվում են`

1) դասընթացի ծրագիրը.

2) ունկնդրի համար դասընթացի իրականացման տևողությունը, ժամկետը և ժամանակացույցը.

3) դասընթացի վկայականի ճանաչման վերաբերյալ դրույթներ.

4) այլ դրույթներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

19. ՈՒսուցումն իրականացվում է օրենքով սահմանված ուսուցման ձևերով, մեթոդով (մեթոդներով) և ռեսուրսներով (նյութատեխնիկական միջոցներով)` հետևյալ փուլերով`

1) լրացուցիչ կրթական ծրագրի և ուսումնամեթոդական փաթեթի մշակում.

2) դասընթացի իրականացում.

3) ուսումնառության արդյունքների գնահատում:

20. ՈՒսուցման մոդուլային ծրագիրը ներառում է առնվազն հետևյալ տվյալները`

1) դասընթացի նպատակը.

2) մուտքային պահանջներն ունկնդիրների նկատմամբ (եթե առկա են).

3) բավարար մուտքային պահանջների գնահատման կարգը (մեխանիզմները, եղանակները, անցկացման ձևերն ու մեթոդները).

4) ուսումնառության ակնկալվող արդյունքները` ունկնդիրների գիտելիքների, հմտությունների և կարողությունների տեսանկյունից.

5) կատարման չափանիշները` ուսումնառության յուրաքանչյուր արդյունքի համար.

6) ուսուցման նվազագույն տևողությունը` ժամերով.

7) դասավանդման կիրառվելիք միջոցները մեթոդաբանությունն ու ռեսուրսները` ըստ մոդուլների, ուսումնառության արդյունքների և (կամ) թեմաների.

8) յուրաքանչյուր ուսումնառության արդյունքի և կատարման չափանիշի գնահատման մեթոդները:

21. ՈՒսուցման երաշխավորված մոդուլային ծրագրերը հրապարակվում են ուսուցման ազգային ռեեստրում, որոնց կազմից պատվիրատուն կարող է ընտրել առավել նպատակահարմար կազմակերպությունն ու ուսուցման ծրագիրը:

 

III ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

22. Լրացուցիչ կրթական ծրագիրը համարվում է կատարված` ուսուցման ծրագրով սահմանված ժամկետում ստորև նշված հիմքերով ուսումնառության արդյունքներն ապահովելու դեպքում`

1) ուսուցում իրականացնող կազմակերպությունը կատարել է համապատասխան մոդուլային ծրագրի ուսուցումը և կիրառել ընտրված գործիքները.

2) ունկնդիրներն ապահովել են կատարման չափանիշները և ուսումնառության բոլոր արդյունքները.

3) ուսուցում իրականացնող կազմակերպությունն անցկացրել է ընթացիկ գնահատում և արձանագրել ունկնդրի կողմից ուսումնառության արդյունքներն ապահովելու հիմքերը:

23. Սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա տվյալ ունկնդրին շնորհվում է համապատասխան վկայական` համաձայն N 1 ձևի, և դրա ներդիրը` համաձայն N 2 ձևի: Դրանցում պարտադիր կատարվում է նշում ունկնդրի նվաճած ուսումնառության արդյունքների և ժամաքանակի մասին: Վկայականի ներդիրը համարվում է վկայականի անբաժանելի մասը և առանց վկայականի վավեր չէ:

24. Վկայականը և ներդիրը վավերացվում են ուսուցումն իրականացրած կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, իսկ ֆիզիկական անձի դեպքում` տվյալ ուսուցումն իրականացրած անձի ստորագրությամբ:

25. Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի հավելվածի կամ հավաստագրի ձևերը, ինչպես նաև դրանց պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

26. Վկայականի, վկայականի ներդիրների նմուշները գրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում: Նմուշի փոփոխման դեպքում նոր նմուշները վերագրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում` մինչև դրանք ուսուցում իրականացնողի կողմից ունկնդիրներին (գնահատված անձանց) հանձնելը:

27. Յուրաքանչյուր ուսուցում իրականացնող կազմում և կազմակերպությանն է տրամադրում իր կողմից իրականացված դասընթացի մասնակիցների (մասնակցած, գնահատված, վկայագրված) վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) ազգանունը (ազգանունները), անունը (անունները) և հայրանունը (եթե առկա է անձնագրում).

2) անհատական կոդը.

3) ծննդյան տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

4) սեռը.

5) քաղաքացիությունը.

6) դասընթացի (դասընթացների) անվանումը (անվանումները), որին (որոնց) մասնակցել է ունկնդիրը, և դասընթացի (դասընթացների) տևողությունը.

7) դասընթացին (դասընթացներին) մասնակցելու ժամկետը.

8) ունկնդիրների և գնահատված անձանց կողմից նվաճված ուսումնառության արդյունքները.

9) ունկնդիրներին և գնահատված անձանց տրված վկայականի (վկայականների) և հավաստագրի (հավաստագրերի) համարները:

 

IV. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԸ

 

28. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինն ստեղծում է ուսուցման ազգային ռեեստրը:

29. ՈՒսուցման ազգային ռեեստրը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) ուսուցում իրականացնողների (հավակնորդների) ռեեստր.

2) լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների ռեեստր.

3) դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց ռեեստր.

4) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատված և ճանաչված անձանց ռեեստր:

30. ՈՒսուցման ազգային ռեեստրը վարվում է տվյալների էլեկտրոնային հենքի տեսքով, որն իրականացնելու համար կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպության հետ կնքել պայմանագիր:

31. ՈՒսուցման ազգային ռեեստրն ունի միասնական ինտերնետային կայքէջ, որից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` անվճար հիմունքներով բաժանորդագրվելով և նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն:

32. ՈՒսուցման ազգային ռեեստրի ծրագրային համակարգերը, ծրագրային միջոցներն ու տվյալների հենքն ապահովում են դրանցում զետեղված տեղեկությունների պատշաճ ֆիզիկական ու էլեկտրոնային պաշտպանվածությունը` անձնական տվյալների պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:

33. ՈՒսուցման ազգային ռեեստրի վարման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                       |

|             ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                |

|                                                                     |

| ___________________________________________________________________ |

| (լրացուցիչ ուսուցում իրականացնող կազմակերպության անվանումը և  կոդը) |

|                                                                     |

| ___________________________________________________________________ |

|                                                                     |

|                             ՎԿԱՅԱԿԱՆ                                |

|                           CC NO 000000                              |

|                                                                     |

| Տրված է                                                             |

| ___________________________________________________________________ |

|          (ունկնդրի անունը, (հայրանունը), ազգանունը)                 |

|                                                                     |

|                 (անհատական կոդ` ____________)                       |

|                                                                     |

| առ այն, որ նա ____թ. __________ _____-ից ____թ. __________ _____-ը  |

| մասնակցել է լրացուցիչ ուսումնառության` ______________ ժամ ընդհանուր |

| տևողությամբ  __________________  _________________________________  |

|               (դասընթացի կոդը)         (դասընթացի անվանումը)        |

|                                                                     |

| ________________________________________________________ դասընթացին |

| և  ձեռք է բերել հավելվածում նշված ուսումնառության արդյունքները:     |

|                                                                     |

| ___________________________________________                         |

| (ուսուցում իրականացնող կազմակերպության                              |

|                                                                     |

| ____________________________                                        |

|   ղեկավարի ստորագրությունը)                                         |

|                                                                     |

| _____ ______________ _____թ.    _______________ Գրանցման N ________ |

| (վկայականի դուրսգրման ամսաթիվը)     (վայրը)                         |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՆՎԱՃԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |ՈՒսումնառության արդյունքը                      |Ծախսված ժամանակը`|

|ը/կ|                                               |ժամերով          |

|___|_______________________________________________|_________________|

|1. |                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|2. |                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|3. |                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|...|                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|20.|                                               |                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1062-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի խնդիրը ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգն անձանց ու աշխատաշուկայի կարիքներին համաչափ գործարկելու և արդյունքները ճանաչելու գործընթացի պետական երաշխիքներն ապահովելն է:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1) ուսուցման ազգային ռեեստր` ուսումնական ծրագրերի և ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման գործընթաց իրականացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձևավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ ու մատչելի դարձնելու նպատակով.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված կազմակերպություն` կազմակերպություն, որը սոցիալական գործընկերների անունից (պետություն, գործատուներ և արհմիություններ) կարող է համակարգել, կազմակերպել լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացումը, ինչպես նաև օժանդակել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկմանը.

3) մասնագիտական խումբ` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատելու և ճանաչելու նպատակով ձևավորված գնահատողների թիմ, որոնք ընտրվում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված տվյալ մասնագիտության, զբաղմունքի բնագավառների ներկայացուցիչներից (կրթություն-բիզնես).

4) վկայություն` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատելու և ճանաչելու համար հիմք հանդիսացող հիմնավորումներ, որոնք հավաստում են, ցույց են տալիս կամ տեսանելի են դարձնում իր կարողությունները գնահատելու և ճանաչելու համար դիմած հավակնորդի փաստացի ունակությունները:

4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների և սահմանված որոշակի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Անձի փաստացի կարողությունները նրա նվաճած ուսումնառության արդյունքները և (կամ) որոշակի գիտելիքները, կարողությունները, ընկալումներն ու հմտություններն են (այսուհետ` կարողություն)` անկախ դրանք ձեռք բերելու եղանակից, իսկ համեմատելի չափանիշները որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքները, զբաղմունքի նկարագիրը կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ են (այսուհետ` չափանիշներ):

5. Գնահատումն անձի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության վերլուծության գործընթաց է:

6. Գնահատումն ունի երկու հիմնական նպատակ`

1) հավաստել, որ անհատը ձեռք է բերել որոշակի զբաղմունքի կամ որակավորման առնչվող գիտելիք, հմտություն և կարողություն, որի արդյունքում նրան կարող է շնորհվել հավաստագիր.

2) որոշարկել անհատի այն կարողությունները, որոնք անհրաժեշտ է լրացնել տվյալ անձի կարողությունները ճանաչելու և հավաստագրելու համար: Գնահատման արդյունքում կարող է առաջարկվել համապատասխան լրացուցիչ կրթական ծրագիր կամ խորհրդատվություն` ըստ իրավիճակի:

7. Գնահատումը միանվագ գործընթաց է, որը կատարվում է թեկնածուի գիտելիքների, կարողությունների և փորձառությունների վերաբերյալ համապատասխան վկայություններն ուսումնասիրելու, աշխատանքի արդյունք ստեղծելու և հարցադրումներ անելու (քննելու) նպատակով:

8. Գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որին կարող է մասնակցել ցանկացած անձ` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

9. Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են բավարար նախապայման հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար: Դա կարող է լինել ֆորմալ կրթությամբ իրականացվող մասնագիտության որևէ կարողություն (կարողություններ), որը (որոնք) բավարար է (բավարար են) որոշակի աշխատանքի համար:

10. Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացը կազմակերպում և համակարգում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

 

II. ԳՆԱՀԱՏՈՂԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Գնահատող կարող են լինել`

1) մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպության մասնագետները.

2) արտադրական կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետները.

3) գործատուների ներկայացուցիչները.

4) անկախ մասնագետները և փորձագետները:

12. Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները և (կամ) ֆիզիկական անձինք (գնահատողներ)` համապատասխան մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով: Գնահատողը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

1) համապատասխան մասնագիտական կրթություն և (կամ) գնահատվող կարողության, որակավորման, զբաղմունքի բնագավառներում գործունեության առնվազն 10 տարվա փորձառություն.

2) տվյալ զբաղմունքի նկարագրի կամ որակավորման չափորոշչի պահանջների իմացություն.

3) հաղորդակցվելու և գրավոր եզրակացություններ կազմելու հմտություններ.

4) որակի ապահովման համակարգի իմացություն.

5) աշխատանքային և (կամ) մասնագիտական գործունեության ոլորտում ձեռք բերած նվաճումների մասին վկայություններ (վերապատրաստումներ, մասնագիտական ուսուցման վկայականներ, որակավորման աստիճաններ, կարգեր, պարգևներ, կոչումներ և այլն):

13. Գնահատողն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է`

1) ընտրել գնահատման մեթոդները և պլանավորել գնահատումը.

2) ուսումնասիրել և ընտրել վկայությունները` հիմք ընդունելով համապատասխան չափանիշները.

3) դիտարկել և (կամ) քննել վկայությունները` օգտագործելով գնահատման արդյունավետ մեթոդները.

4) կայացնել գնահատման մասին որոշումներ.

5) արձանագրել (փաստաթղթավորել) գնահատումը.

6) ներկայացնել առաջարկություն թեկնածուի կարողությունները ճանաչելու վերաբերյալ.

7) հիմնավորել որոշումը` բողոքարկումների դեպքում:

14. Կազմակերպությունը, ըստ անհրաժեշտության, անցկացնում է գնահատողների վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգին համապատասխան:

 

III. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

15. Գնահատման և ճանաչման գործընթացը համակարգում է կազմակերպությունը, որը պարտավոր է`

1) ընդունել թեկնածուի հայտը, հաշվառել և պլանավորել գնահատման և ճանաչման գործընթացը.

2) թեկնածուին ծանոթացնել գնահատման գործընթացին և պայմաններին, անհրաժեշտության դեպքում` անցկացնել խորհրդատվություն.

3) անցկացնել թեկնածուի նախնական գնահատում (ինքնագնահատում)` ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած հարցաթերթի.

4) թեկնածուների հայտերի հիման վրա ձևավորել գնահատման ենթակա թեկնածուների խումբ.

5) ուսուցման ազգային ռեեստրի տվյալներից ձևավորել գնահատողների կազմը և ներկայացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.

6) համակարգել գնահատողների աշխատանքը.

7) վերահսկել գնահատողների կազմած վկայությունների փաթեթի համապատասխանությունը գնահատման ենթակա չափանիշներին.

8) ուսուցման ազգային ռեեստրից ընտրել գնահատում անցկացնելու վայրը.

9) սահմանել կարողությունների գնահատման և ճանաչման գործընթացում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման պայմանները, այդ թվում` վճարները.

10) կնքել պայմանագրեր գործընթացի մասնակից կողմերի հետ, այդ թվում` թեկնածուի, գնահատողի և գնահատման տարածք տրամադրած կազմակերպության հետ.

11) ուսումնասիրել գնահատողների եզրակացությունները և թեկնածուի կարողությունները ճանաչելու (չափանիշները նվաճելու) վերաբերյալ առաջարկությունները.

12) կազմել թեկնածուի կարողությունները ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը և ներկայացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.

13) կազմակերպել կարողությունների գնահատում և ճանաչում անցած անձանց հավաստագրերի հանձնումը.

14) իր իրավասությունների սահմաններում ուսումնասիրել և կարգավորել գործընթացի հետ կապված վեճերն ու բողոքները, իրականացնել գործընթացի մշտադիտարկումը և ապահովել հետադարձ կապը:

16. Թեկնածուն, իր կարողությունները գնահատելու և ճանաչելու մասին հայտը և վկայությունները ներկայացնում է կազմակերպություն` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

17. Կազմակերպությունը կազմակերպում է`

1) տվյալ հայտի գնահատման և ճանաչման գործընթացը, որը ներառում է անհատի փորձառության որոշարկում` ինքնագնահատման և խորհրդատվության միջոցով.

2) անհատի կարողությունների և հմտությունների ստուգում` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

3) կարողությունների և հմտությունների պաշտոնական գնահատում, որը ներառում է գրավոր և բանավոր հարցումները, դիտումը, կատարած աշխատանքի արդյունքի քննումը.

4) գնահատման արդյունքների ճանաչում և հավաստագրում:

18. Գործընթացի իրականացման ցանկացած փուլում կարող է գնահատողի կողմից տրամադրվել խորհրդատվություն կամ առաջարկվել համապատասխան ուսուցման ծրագիր` որոշակի գիտելիք, կարողություն կամ հմտություններ լրացնելու, կատարելագործելու նպատակով:

19. Գնահատողը, հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետին համապատասխան գնահատվողին ներկայացվող պահանջների և վկայությունների առկայությունը, կազմակերպությանը և թեկնածուին տեղեկացնում է մասնակցության իրավունք տալու կամ լրացուցիչ վկայություններ կամ կարողություններ ապահովելու մասին:

20. Թեկնածուն կարող է դիմել որոշակի զբաղմունքի կամ որակավորման մի մասի գնահատման և ճանաչման մասին հայտով: Այդ դեպքում գնահատումը և ճանաչումը կազմակերպվում են նույն ընթացակարգով` ներառելով միայն տվյալ կարողության գնահատման և ճանաչման մասերը:

21. Գնահատման և ճանաչման գործընթացը, այդ թվում` գնահատման հիմքերը, գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները և կողմերի իրավահարաբերությունները սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով:

 

IV. ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

 

22. Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման գործընթացը հաղթահարած թեկնածուին շնորհվում է մասնագիտական որոշակի կարողության տիրապետելու մասին հավաստագիր` համաձայն N 1 ձևի, և դրա ներդիրը` համաձայն N 2 ձևի: Հավաստագիրը միասնական նմուշի փաստաթուղթ է, որը տրվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի վավերացմամբ: Ներդիրը համարվում է հավաստագրի անբաժանելի մասը և առանց հավաստագրի վավեր չէ:

 

V. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

23. Գնահատման և ճանաչման գործընթացի արդյունքներին համաձայն չլինելու դեպքում թեկնածուն կարող է բողոքարկել կազմակերպությանը կամ դատարան:

 

Ձև N 1

 

._____________________________________________________________________.

|                                                                     |

|                  (Հայաստանի Հանրապետության զինանշանը)               |

|                                                                     |

|                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                       |

|             ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                |

|                                                                     |

|                             ՀԱՎԱՍՏԱԳԻՐ                              |

|                                                                     |

|  ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ    |

|                         ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ                              |

|                                                                     |

|                           CC NO 000000                              |

|                                                                     |

| Տրված է                                                             |

| ___________________________________________________________________ |

|          (ունկնդրի անունը, (հայրանունը), ազգանունը)                 |

|                 (անհատական կոդ` ____________)                       |

|                                                                     |

|      առ այն, որ նա ____թ. __________ _____-ից ____թ. __________     |

|      գնահատվել __________ և  ճանաչվել է _______________________     |

|                                            (գնահատման կոդը)         |

|                                                                     |

|      մասնագիտության, զբաղմունքի, կարողության                        |

|      համար սահմանված _______________________ չափանիշները նվաճած անձ:|

|                                                                     |

|      ___________________________________________                    |

|       (կազմակերպության                                              |

|                                                                     |

|      ____________________________                                   |

|        ղեկավարի ստորագրությունը)                                    |

|                                                                     |

|      _____ ______________ _____թ.     ___________ Գրանցման N ______ |

|      (հավաստագրի դուրսգրման ամսաթիվը)   (վայրը)                     |

|                                                                     |

|   ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ  |

|                                                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՃԱՆԱՉՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |ՈՒսումնառության արդյունքը                      |Գնահատման հիմքը  |

|ը/կ|                                               |                 |

|___|_______________________________________________|_________________|

|1. |                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|2. |                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|3. |                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|...|                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|10.|                                               |        |        |

|___|_________________________________________________________________|

|   |Ճանաչված չափանիշները` ըստ կարողության և  զբաղմունքի              |

|___|_________________________________________________________________|

|11.|                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|12.|                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|13.|                                               |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|14.|                                               |        |        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1062-Ն
Որոշում