Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻ ...

 

 

020.1099.310513

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մայիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողների ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի` 12.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 13.11.2012թ. ՍԴԱՈ-78 աշխատակարգային որոշմամբ որոշվել է «Քաղաքացի Աշոտ Մանուկյանի և քաղաքացի Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2013թ. մարտի 26-ին և անցկացնել գրավոր ընթացակարգով:

Սահմանադրական դատարանի 26.03.2013թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ որոշվել է բավարարել միավորված գործի դատաքննության օրը մեկ այլ օր փոխադրելու վերաբերյալ դիմողների ներկայացուցիչների միջնորդությունը, գործի դատաքննությունը հետաձգել և սկսել 2013թ. ապրիլի 30-ին:

Սահմանադրական դատարանի 30.04.2013թ. ՍԴԱՈ-37 աշխատակարգային որոշմամբ, ելնելով գործով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման և գործի հանգամանքների համակողմանի բացահայտման անհրաժեշտությունից, որոշվել է գործի դատաքննությունը հետաձգել ու սկսել 2013թ. մայիսի 31-ին և այն անցկացնել բանավոր ընթացակարգով, ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել` մեկշաբաթյա ժամկետում սահմանադրական դատարան ներկայացնել 2012 և 2013 թվականների ընթացքում ՀՀ դատարանների կողմից նոր հանգամանքների հիմքով ներկայացված դիմումների հիման վրա ընդունված դատական ակտերը:

Ի կատարումն սահմանադրական դատարանի` վերը նշված աշխատակարգային որոշման պահանջի, 07.05.2013թ. սահմանադրական դատարանում ստացվել են 2012 և 2013 թվականների ընթացքում ՀՀ դատարանների կողմից նոր հանգամանքների հիմքով ներկայացված դիմումների հիման վրա ընդունված դատական ակտեր:

Լսելով գործով զեկուցողի զեկույցը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Դատական ակտերի վերանայումը» վերտառությամբ 426.9-րդ հոդվածը սահմանում է.

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան»:

Օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը 26.12.08թ. ՀՕ-237-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն շարադրվել է նոր խմբագրությամբ, իսկ 26.10.11թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն օրենսգրքի 426.9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

i

2. Դիմողները, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 25.02.2011թ. ՍԴՈ-943 և 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարծում են, որ եթե չապահովվի հիշյալ որոշումներով սահմանված կարգը, այն է` սահմանադրական դատարանի որոշումը, որով օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող կամ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտվել է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ընդհանուր իրավասության դատարաններում գործի վարույթը նորոգելու համար արդյունավետ ազդակ և հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանման հիմք չհանդիսանա, ապա ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորված անձի` «սահմանադրական դատարան դիմելու իրավունքը» կլինի ոչ իրական, իսկ սահմանադրական դատարանում սահմանադրաիրավական վեճ նախաձեռնելը կիմաստազրկվի:

Վերլուծելով սահմանադրական դատարանի ՍԴՈ-984 որոշման հիման վրա օրենսգրքի 426.9-րդ հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությունները` դիմողները եզրահանգում են, որ դրանք հակասում են սահմանադրական դատարանի` վերը նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմանն առ այն, որ հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է տեղի ունենա ipso facto (փաստի ուժով), որը ենթադրում է, որ վերանայման համար միակ պայման պետք է հանդիսանա դատական ակտում հակասահմանադրական նորմի կիրառման փաստը և որևէ այլ հանգամանք, պայման, փաստ կամ փաստարկ որպես այլընտրանք չի կարող առաջ քաշվել կամ սահմանվել ի հավելումն նշված փաստի:

Դիմողները նաև գտնում են, որ վերանայման արդյունքում ընդունված նոր դատական ակտում բացառված չէ եզրափակիչ մասի համընկնումը բեկանված դատական ակտի եզրափակիչ մասին, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես գործի նոր քննության արդյունքում:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ վիճարկվող իրավական նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ չբացառելով այն հնարավորությունը, երբ գործով նոր կամ նոր երևան եկած հանգամանքը կարող է ազդած չլինել գործի ելքի վրա, օրենսդիրը, որպես բացառիկ դեպք և միաժամանակ որպես նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիք, նախատեսել է, որ դատարանը ծանրակշիռ փաստարկների հիման վրա կարող է չփոփոխել դատական ակտի եզրափակիչ մասը: Սակայն, վերջինիս գնահատմամբ, վիճարկվող դրույթով նախատեսված` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթով օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով դատական ակտ կայացնելու և վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը, ըստ էության, վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին: Այսինքն` երբ վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր կամ նոր երևան եկած հանգամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն վերանայվող դատական ակտերը: Վերանայման վարույթի արդյունքում տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանած ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով արձանագրված խախտման բնույթը և դրա ազդեցությունը գործի ելքի վրա: Այսպիսով, նոր երևան եկած հանգամանքների, ՀՀ սահմանադրական դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների առկայությունն ինքնին չի կարող կանխորոշել գործի ելքը, չի կարող հանգեցնել անձի արդարացման կամ մեղավորության: Այս հարցում պետք է հաշվի առնել արձանագրված խախտման բնույթը և համարժեք իրավական միջոցներով ուղղել այն` «մինչև խախտումը եղած վիճակի վերականգնման» սկզբունքով:

Վերոգրյալի հիման վրա պատասխանող կողմն իր բացատրությունում գտնում է, որ վերանայման վարույթի արդյունքում գնահատելով խախտման բնույթը և դրա ազդեցությունը գործի ելքի վրա` պետք է կայացվի նոր դատական ակտ` օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով: ՈՒստի, ըստ պատասխանող կողմի, օրենսգրքի վիճարկվող դրույթն այնքանով, որքանով բացառում է անձի սահմանադրական կամ կոնվենցիոն իրավունքները խախտող դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ, 93-րդ հոդվածների և 101-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:

4. Դիմողներից Ա. Մանուկյանի առնչությամբ սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Ա. Մանուկյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի կողմից ԵԿԴ/0106/01/08 քրեական գործով 12.12.2008թ. կայացված դատավճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.03.2009թ. որոշմամբ մերժվել է: Վճռաբեկ դատարանն իր` 19.05.2009թ. որոշմամբ վերադարձրել է Ա. Մանուկյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը:

i

Օրենսգրքի 221-րդ հոդվածի 7-րդ մասի և 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ Ա. Մանուկյանի դիմումի հիման վրա գործով սահմանադրական դատարանը 02.04.2010թ. կայացրել է ՍԴՈ-872 որոշումը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-872 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 19.05.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով կամ նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ա. Մանուկյանի բողոքի հիման վրա գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 07.06.2010թ. որոշմամբ վերադարձրել է Ա. Մանուկյանի` վերը նշված բողոքը:

i

Օրենսգրքի 426.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կամ 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ Ա. Մանուկյանի դիմումի հիման վրա գործով սահմանադրական դատարանը 25.02.2011թ. կայացրել է ՍԴՈ-943 որոշումը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 07.06.2010թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ա. Մանուկյանի բողոքի հիման վրա գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 06.03.2012թ. որոշմամբ հարուցել է վերանայման վարույթ, որի արդյունքում իր` 30.03.2012թ. որոշմամբ մերժել է Ա. Մանուկյանի` վերը նշված բողոքը:

Դիմողներից Ա. Բարեղամյանի առնչությամբ սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Ա. Բարեղամյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի կողմից թիվ ԵՔՐԴ/0205/01/08 գործով 14.07.2008թ. կայացված դատավճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 03.10.2008թ. որոշմամբ մերժվել է: Վճռաբեկ դատարանն իր` 07.05.2009թ. որոշմամբ վերադարձրել է Ա. Բարեղամյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը:

i

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-923 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 07.05.2009թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքով կամ նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ա. Բարեղամյանի բողոքի հիման վրա գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 04.03.2011թ. որոշմամբ վերադարձրել է Ա. Բարեղամյանի` վերը նշված բողոքը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-943 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 04.03.2011թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ա. Բարեղամյանի բողոքի հիման վրա գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 13.03.2012թ. որոշմամբ հարուցել է վերանայման վարույթ, որի արդյունքում իր` 30.03.2012թ. որոշմամբ մերժել է Ա. Բարեղամյանի` վերը նշված բողոքը:

5. Դիմումների ուսումնասիրությունից բխում է, որ դիմողներն առաջադրում են նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում հակասահմանադրական ճանաչված իրավական նորմի կիրառմամբ ընդունված դատական ակտի օրինական ուժի մեջ մնալու իրավական հնարավորության հարցը: Այսինքն` դիմողները վիճարկում են օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը միայն նոր հանգամանքի, այլ ոչ թե նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի տեսանկյունից, ուստի սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը քննության առարկա է դարձնում միայն նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի տեսանկյունից:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների կողմից առաջադրված` վերը նշված խնդիրը հարկ է քննարկել` հաշվի առնելով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առնչությամբ սահմանադրական դատարանի` նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պարզել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում /մասնավորապես` ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-866, ՍԴՈ-871, ՍԴՈ-935, ՍԴՈ-943, ՍԴՈ-984/, ինչպես նաև սահմանադրական դատարանի որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

2008 թվականի հոկտեմբերի 21-ի ՍԴՈ-767 որոշման 9-րդ կետում սահմանադրական դատարանը հարկ է համարել ընդգծել նաև, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման լիարժեք և արդյունավետ համակարգի առկայությունն է՛լ ավելի է կարևորվում քրեական դատավարության շրջանակներում, քանզի քրեական պատասխանատվություն նախատեսող դատական ակտերն անձի իրավունքների և ազատությունների փաստացի վիճակի վրա ազդեցության առումով ունեն առանձնակի նշանակություն, մասնավորապես` հաշվի առնելով անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և դրանից բխող հետևանքների առկայության հանգամանքը:

Սահմանադրական դատարանն իր` 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշման 7-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «... սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը: Ինչ վերաբերում է բեկանման արդյունքում իրավասու մարմնի լիազորություններին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ պայմանավորված յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով` տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանված ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով կիրառված իրավանորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու փաստը»:

Ելնելով մարդկանց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով քննության առարկա իրավակարգավորումների բացառիկ կարևորությունից, ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրելով սահմանադրական դատարանի` 15.07.2011թ. ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, կրկին արձանագրում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն, խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Հետևաբար, նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոց, առաջին հերթին պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի վերացմանը /բեկանմանը/, և սա օրենսդրորեն հստակ ամրագրման անհրաժեշտություն ունի:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին R (2000)2 հանձնարարականի դրույթներին` ՍԴՈ-984 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ այդ հանձնարարականում որպես restitutio in integrum սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոց մատնանշվում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Ընդ որում, քրեական գործերի պարագայում Եվրոպական դատարանի վճռի հիման վրա քրեական գործի նոր քննությունը, որպես կանոն, հանդիսանում է restitutio in integrum սկզբունքի ապահովման միակ միջոցը:

Հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտի վերոհիշյալ բովանդակությունը, ինչպես նաև restitutio in integrum սկզբունքի բովանդակությունն ու այդ սկզբունքի երաշխավորմանն ուղղված` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նշված հանձնարարականի վերլուծությունը, սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով «դատական ակտի վերանայում» եզրույթն իր բովանդակությամբ համարժեք է «գործի նորոգում», «գործի վարույթի վերաբացում» եզրույթների բովանդակությանը, և դատական ակտի վերանայման հասկացության նշված ընկալումն էլ պետք է կանխորոշի վերանայման վարույթի բովանդակությունը, դրա խնդիրները և դրա շրջանակներում լուծման ենթակա հարցերը: Ըստ այդմ, դատական ակտի վերանայման վարույթի, նույնն է, թե գործի նորոգման վարույթի շրջանակներում պետք է ձեռնարկվեն արդարադատական այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն գործի վերաքննություն, նոր քննություն, ինչը հնարավոր է միայն հակասահմանադրական նորմ կիրառած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման պայմաններում: Վերանայման ինստիտուտը կարող է ծառայել իր նպատակին միայն այն դեպքում, երբ ապահովվի տվյալ գործի նոր քննություն` կիրառված նորմի հակասահմանադրականության և կոնվենցիոն իրավունքի խախտման փաստի առկայության պայմաններում` հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր հանգամանք հանդիսացող դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Սակայն հիմնախնդիրը միայն դրանով անհրաժեշտ լուծում չի ստանում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթը կարող է ապահովել այդ վարույթի սահմանադրաիրավական նպատակի ու խնդիրների իրացումն այն դեպքում, երբ վերանայման վարույթը կանոնակարգող օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան ձևավորվեն հետևյալ իրավական մոտեցումներին համապատասխան.

ա) վերանայման բողոքում նոր հանգամանքի շարադրանքի և բողոքին կից` նոր հանգամանքը հաստատող ապացույցի առկայությունը, ի լրումն բողոքին ներկայացվող մյուս վավերապայմանների առկայությանը, բավարար հիմք պետք է դիտվի վերանայման վարույթ հարուցելու համար,

բ) վերանայման պահանջը կարող է մերժվել, եթե միայն հարուցված վերանայման վարույթի շրջանակներում բողոքի քննության արդյունքներով պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ դատական ակտը վերանայելու համար հիմք չէ, այսինքն` այդ հանգամանքը տվյալ դեպքում նոր հանգամանք չի հանդիսանում,

գ) եթե վերանայման վարույթի շրջանակներում հաստատվում է նոր հանգամանքի առկայության փաստը, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն հակասահմանադրական նորմ կիրառած կամ կոնվենցիոն իրավունքի խախտմամբ ընդունված դատական ակտերը,

դ) վերոհիշյալ դատական ակտերի` ուժը կորցնելու պայմաններում կազմակերպվող` գործի կամ բողոքի նոր քննությունը պետք է հաշվի առնի նոր հանգամանք հանդիսացող դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետ կիրառումը պահանջում է նաև իրավական մշակույթի անհրաժեշտ մակարդակ: Առաջին հերթին խնդիրն առնչվում է մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության հարցում պետության պոզիտիվ պարտականության կատարմանը: Եթե հակասահմանադրական նորմի կիրառմամբ է անձի նկատմամբ դատական ակտ կայացվել, ապա ոչ միայն անխուսափելի պետք է լինի այդ ակտի բեկանումը, այլև արդարադատության խնդիրն է նոր հանգամանքներում դատական ճշմարտության բացահայտումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի առաջին մասը միանշանակ սահմանում է, որ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենuգրքով նախատեսված ընդհանուր կարգով»: Դրանից բխում է, որ դատարանին լիարժեք հնարավորություն է ընձեռվում վերականգնել անձի խախտված իրավունքը և կայացնել հիմնավոր ու իրավունքի գերակայության պահանջներից բխող դատական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասում շարադրված` սույն գործով վեճի առարկա դրույթն առաջին հայացքից վերոնշյալ ընդհանուր մոտեցումից բացառություն է ենթադրում, նկատի ունենալով, որ «Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենuգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըuտ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա»: Նման ձևակերպումն իրականում իրավունքների պաշտպանության երաշխիքի դեր է կատարում: Առանց այդ դրույթի հնարավոր է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը հանգի նույնաբովանդակ եզրակացության: Խնդիրն այն է, թե նախորդ և վերաքննված դատական ակտով դատարանն ինչ իրավական բովանդակություն է դրել «նորմի կիրառում» եզրույթի հիմքում: Դատական պրակտիկայի ուսումնասիրումը վկայում է, որ հաճախ օրենքների տարբեր հոդվածների թվարկումը բովանդակային անհրաժեշտ հիմնավորում չունի, այդ նորմերի իրավական բովանդակության և եզրահանգման միջև տրամաբանական ու օրգանական կապը թույլ է: Այն դեպքում, երբ դատարանները կխուսափեն օրենքի նորմերի պարզապես ձևական թվարկումից և օրենքի նորմի կիրառումն իրական բովանդակություն կունենա, անխուսափելի կլինի գործն ամբողջությամբ վերանայելու արդյունքում նաև եզրափակիչ մասի բովանդակային վերանայումը:

Ներկա պայմաններում սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: Նկատի ունենալով, որ այս եզրույթն ամրագրված է նաև այլ հոդվածներում /մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մաս/, ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներից ելնելով ապահովել տվյալ դրույթի միատեսակ ընկալումն ու կիրառումը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասը` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի մասով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հաշվի առնելով, որ վերանայման վարույթի արդյունքում ընդունված նոր դատական ակտի եզրափակիչ մասի չփոփոխվելու հանգամանքը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորելու պարտադիր նորմատիվ պահանջը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիք:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 մայիսի 2013 թվականի

ՍԴՈ-1099

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.05.2013
N ՍԴՈ-1099
Որոշում