Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱ ...

 

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով Գլխավոր կոնֆերանսը 2005թ. հոկտեմբերի 3-ից մինչև 21-ը, Փարիզում գումարելով իր 33-րդ նստաշրջանը,

հաստատելով, որ մշակութային բազմազանությունը մարդկության անկապտելի տարբերակիչ գիծն է,

գիտակցելով, որ մշակութային բազմազանությունը մարդկության ընդհանուր ժառանգությունն է, և որ անհրաժեշտ է պահել ու պահպանել այն ի շահ բոլորի,

գիտակցելով, որ մշակութային բազմազանությունն ստեղծում է հարուստ ու բազմաբնույթ աշխարհ, որն ընդլայնում է ընտրության սահմանները և ապահովում մարդկային հնարավորություններն ու արժեքները սնող միջավայր` այդպիսով հանդիսանալով հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ,

հիշեցնելով, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար,

հատկապես նշելով մշակութային բազմազանության կարևորությունը մարդու` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ հանրաճանաչ փաստաթղթերով հռչակված իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացման գործում,

ընդգծելով մշակույթի` որպես ռազմավարական տարրերից մեկի զարգացման ազգային և միջազգային քաղաքականությանը, ինչպես նաև զարգացմանն ուղղված միջազգային համագործակցությանը ինտեգրվելու անհրաժեշտությունը, այդ թվում` հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության հազարամյակի հռչակագիրը (2000թ.), որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում աղքատության վերացմանը,

նկատի ունենալով, որ մշակույթը ժամանակի ու տարածության մեջ ընդունում է տարբեր ձևեր, և որ այդ բազմազանությունն արտահայտվում է մարդկությունը ձևավորող ազգերի և հասարակությունների ինքնության և մշակութային ինքնարտահայտման յուրահատուկ և բազմաբնույթ ձևերի մեջ,

ընդունելով ավանդական գիտելիքների` որպես ոչ նյութական և նյութական հարստության աղբյուրի կարևորությունը, և, մասնավորապես, բնիկ ժողովուրդների գիտելիքների համակարգերի կարևորությունը և կայուն զարգացման գործում դրանց դրական ավանդը, ինչպես նաև դրանց պատշաճ պաշտպանության և խրախուսման ապահովման անհրաժեշտությունը,

ընդունելով մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ներառյալ դրա (ինքնարտահայտման) բովանդակությունը, հատկապես այն իրավիճակներում, երբ մշակութային ինքնարտահայտման ձևերին կարող է սպառնալ ոչնչացում կամ լուրջ վնաս,

ընդգծելով մշակույթի կարևորությունը սոցիալական համախմբվածության գործում ընդհանրապես և, մասնավորապես, հասարակության մեջ կնոջ կարգավիճակի և դերի բարձրացմանն ուղղված նրա հնարավորությունները,

գիտակցելով, որ մշակութային բազմազանությունն ամրապնդվում է գաղափարների ազատ տարածման արդյունքում, և որ այն հարստացվում է մշակույթների միջև անընդհատ փոխանակումների և փոխազդեցության շնորհիվ,

վերահաստատելով, որ մտքի, կարծիքներ արտահայտելու և տեղեկատվության ազատությունը, ինչպես նաև տեղեկատվական միջոցների բազմազանությունը պայմաններ են ստեղծում հասարակություններում մշակութային ինքնարտահայտման ձևերի բարգավաճման համար,

ընդունելով, որ մշակութային ինքնարտահայտման ձևերի, ներառյալ ավանդական ձևերը, բազմազանությունը մարդկանց և ժողովուրդներին իրենց գաղափարներն ու արժեքներն արտահայտելու և դրանցով ուրիշների հետ փոխանակվելու հնարավորություն ընձեռող կարևոր գործոն է հանդիսանում,

հիշեցնելով, որ լեզվական բազմազանությունը հանդիսանում է մշակութային բազմազանության հիմնական տարրը, և վերահաստատելով կրթության կարևորագույն դերը մշակութային ինքնարտահայտման ձևերի պաշտպանության և խրախուսման գործում,

հաշվի առնելով մշակույթների կենսունակության կարևոր նշանակությունը, այդ թվում` փոքրամասնություններին և տեղաբնիկներին պատկանող անձանց համար, որն արտահայտվում է մշակութային ինքնարտահայտման իրենց ավանդական ձևերը ստեղծելու, տարածելու և փոխանցելու և դրանց մատչելիության ազատության մեջ` դրանք իր սեփական զարգացումն ապահովելու համար օգտագործելու նպատակով,

ընդգծելով մշակութային ինքնարտահայտման ձևերը հարստացնող ու նորացնող և մշակութային զարգացման գործընթացին մասնակցողների դերը ի շահ ողջ հասարակության առաջադիմության բարձրացնող մշակութային փոխազդեցության և ստեղծագործության կարևորագույն դերը,

ընդունելով մտավոր սեփականության իրավունքի կարևոր դերը մշակութային ստեղծագործությանը մասնակցողների աջակցությունն ապահովելու գործում,

համոզված լինելով, որ մշակութային գործունեությունը և մշակութային ապրանքներն ու ծառայությունները կրում են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային բնույթ, քանի որ դրանք հանդիսանում են ինքնության ձևերի, արժեքների և իմաստի արտահայտման ձև, և այդ պատճառով դրանց չի կարելի վերաբերվել միայն որպես առևտրային արժեք ունեցող որևէ երևույթի,

նշելով, որ գլոբալիզացիայի գործընթացները, որոնց նպաստում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացումը, ստեղծելով մշակույթների առավել լայն փոխազդեցությանն ուղղված աննախադեպ պայմաններ, միաժամանակ մարտահրավեր են նետում մշակութային բազմազանությանը հատկապես հարուստ և աղքատ երկրների միջև անհամամասնաչափությունների խորացման վտանգի տեսանկյունից,

գիտակցելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա դրված են մշակույթների բազմազանության հարգումը ապահովելու և այնպիսի միջազգային համաձայնագրերի կնքման առաջարկներ ներկայացնելու հետ կապված կոնկրետ խնդիրներ, որոնք նա անհրաժեշտ է համարում խոսքով և պատկերներով գաղափարների ազատ տարածմանն օժանդակելու համար,

վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված` մշակութային բազմազանության և մշակութային իրավունքների իրականացման վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի և, մասնավորապես, 2001 թվականի` Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագրի դրույթները,

 

ընդունում է սույն Կոնվենցիան 2005 թվականի հոկտեմբերի 20-ին:

 

I. Նպատակները և ղեկավար սկզբունքները

 

ՀՈԴՎԱԾ 1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը,

բ) տարբեր մշակույթների բարգավաճման և ազատ փոխազդեցության համար պայմանների ստեղծումը փոխշահավետության սկզբունքով,

գ) մշակույթների միջև երկխոսությանն աջակցումը` ամբողջ աշխարհում առավել լայն և հավասարակշռված մշակութային փոխանակումներ ապահովելու նպատակով, ի շահ մշակույթների և խաղաղության մշակույթի փոխադարձ հարգանքի,

դ) միջմշակութային փոխազդեցությանն աջակցումը` ժողովուրդների միջև մշակութային կամուրջների կառուցման ոգով մշակույթների փոխներթափանցումը զարգացնելու նպատակով,

ե) մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության նկատմամբ հարգանքի խրախուսումը և այդ բազմազանության արժեքի գիտակցման բարձրացումը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով,

զ) բոլոր երկրների, հատկապես զարգացող երկրների համար մշակույթի և զարգացման միջև փոխկապակցվածության կարևորության հաստատումը և այդ փոխկապակցվածության իրական արժեքի ընդունումն ապահովելու նպատակով ազգային և միջազգային մակարդակներով ձեռնարկվող գործողություններին աջակցումը,

է) մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների` որպես ինքնությունը, արժեքները և իմաստը կրողի առանձնահատուկ բնույթի ճանաչումը,

ը) պետությունների` իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված, այդ պետությունների կողմից պատշաճ համարվող քաղաքականության և միջոցների աջակցության, ընդունման և իրականացման ինքնիշխան իրավունքի հաստատումը,

թ) միջազգային համագործակցության և համերաշխության ամրապնդումը գործընկերության ոգով, մասնավորապես, մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման ոլորտում զարգացող երկրների հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2 ՂԵԿԱՎԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման

սկզբունքը

 

Մշակութային բազմազանության պաշտպանությունը և խրախուսումը հնարավոր են միայն այն ժամանակ, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և այնպիսի հիմնարար ազատությունները, ինչպիսիք են կարծիքների արտահայտման, տեղեկատվության և հաղորդակցության ազատությունը, ինչպես նաև առանձին անձանց մշակութային ինքնարտահայտման ձևերի ընտրության հնարավորությունը: Ոչ ոք չի կարող կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով հռչակված և միջազգային իրավունքով երաշխավորված` մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարելու կամ դրանք սահմանափակելու համար:

 

2. Ինքնիշխանության սկզբունքը

 

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների` պետություններն ունեն իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանությանը և խրախուսմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու և քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունք:

 

3. Բոլոր մշակույթների հարգման և հավասար արժևորման սկզբունքը

 

Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունն ու խրախուսումը ենթադրում են բոլոր մշակույթների, ներառյալ փոքրամասնություններին և տեղաբնիկ ժողովուրդներին պատկանող անձանց մշակույթը, հարգում և հավասար արժևորման ճանաչում:

 

4. Միջազգային համերաշխության և համագործակցության սկզբունքը

 

Միջազգային համագործակցությունն ու համերաշխությունը պետք է ուղղված լինեն բոլոր երկրներին, հատկապես զարգացող երկրներին` մշակութային ինքնարտահայտման իրենց միջոցները (ներառյալ իրենց ինչպես ձևավորվող, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մշակութային արդյունաբերությունը) ստեղծելու ու ամրապնդելու համար հնարավորության տրամադրմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:

 

5. Զարգացման տնտեսական և մշակութային ասպեկտների փոխլրացման

սկզբունքը

 

Քանի որ մշակույթը հանդիսանում է զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը, զարգացման մշակութային ասպեկտները նույնքան կարևոր նշանակություն ունեն, որքան տնտեսական ասպեկտները, և մարդիկ ու ժողովուրդներն ունեն դրանց մասնակցելու և դրանց արդյունքներից օգտվելու հիմնարար իրավունք:

 

6. Կայուն զարգացման սկզբունքը

 

Մշակութային բազմազանությունը մարդկանց և հասարակության արժեքավոր հարստությունն է: Մշակութային բազմազանության պաշտպանությունը, խրախուսումը և աջակցումը հանդիսանում են կայուն զարգացման ապահովման կարևորագույն պահանջներից մեկը` ի շահ ներկա և ապագա սերունդների:

 

7. Հավասար մատչելիության սկզբունքը

 

Մշակութային բազմազանության ապահովման և փոխըմբռնման խրախուսման կարևոր գործոններից են հանդիսանում հավասար մատչելիությունը ողջ աշխարհի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության հագեցած գամմային և մշակույթների մատչելիությունը ինքնարտահայտման ու տարածման միջոցներին:

 

8. Բաց լինելու և հավասարակշռության սկզբունքը

 

Երբ պետությունները մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությանն աջակցելու միջոցներ են ձեռնարկում, նրանք պետք է ձգտեն պատշաճ ձևով նպաստել աշխարհի այլ մշակույթների համար բաց լինելուն և ապահովել, որ այդ միջոցները համապատասխանեն սույն Կոնվենցիայով նախատեսված նպատակներին:

 

II. Կիրառման ոլորտը

 

ՀՈԴՎԱԾ 3 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման կապակցությամբ մասնակից կողմերի քաղաքականության և ձեռնարկված միջոցների նկատմամբ:

 

III. Սահմանումներ

 

ՀՈԴՎԱԾ 4 ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար սահմանվում են հետևյալ հասկացությունները.

 

1. Մշակութային բազմազանություն

 

«Մշակութային բազմազանություն» նշանակում է` ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը: Ինքնարտահայտման այդ ձևերը փոխանցվում են խմբերի և հասարակությունների ներսում և նրանց միջև:

Մշակութային բազմազանությունը դրսևորվում է ոչ միայն զանազան միջոցների կիրառմամբ, որոնց օգնությամբ մարդկության մշակութային ժառանգությունը արտահայտվում, ընդլայնվում և փոխանցվում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության շնորհիվ, այլ նաև գեղարվեստական ստեղծագործության տարբեր ձևերի միջոցով, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման արտադրանքի արտադրության, տարածման, բաշխման և սպառման միջոցով` անկախ կիրառվող միջոցներից և տեխնոլոգիաներից:

 

2. Մշակութային բովանդակություն

 

«Մշակութային բովանդակություն» նշանակում է` խորհրդանշական իմաստ, գեղարվեստական ասպեկտ և մշակութային այն արժեքները, որոնց սկզբնաղբյուրն է մշակութային ինքնությունը, և որոնք արտացոլում են այդ ինքնությունը:

 

3. Մշակութային ինքնարտահայտման ձևերը

 

«Մշակութային ինքնարտահայտման ձևեր»-ը ինքնարտահայտման այն ձևերն են, որոնք հանդիսանում են առանձին անձանց, խմբերի կամ հասարակությունների ստեղծագործության արդյունք, և որոնք ունեն մշակութային բովանդակություն:

 

4. Մշակութային գործունեություն և մշակութային ապրանքներ ու

ծառայություններ

 

«Մշակութային գործունեություն և մշակութային ապրանքներ ու ծառայություններ» նշանակում է` այնպիսի գործունեություն և այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք երբ դիտարկվում են որևէ կոնկրետ հատկության, գործածության կամ նպատակի տեսանկյունից, մարմնավորում կամ իրենց մեջ կրում են մշակութային ինքնարտահայտման ձևեր` անկախ իրենց հնարավոր առևտրային արժեքից: Մշակութային գործունեությունը կարող է լինել ինքնանպատակ կամ կարող է նպաստել մշակութային ապրանքների և ծառայությունների արտադրությանը:

 

5. Մշակութային արդյունաբերություն

 

«Մշակութային արդյունաբերություն» նշանակում է` այն ճյուղերը, որոնք արտադրում և տարածում են վերոնշյալ 4-րդ կետում սահմանված մշակութային ապրանքները և ծառայությունները:

 

6. Մշակութային քաղաքականություն և միջոցներ

 

«Մշակութային քաղաքականություն և միջոցներ» նշանակում է` տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային մակարդակներով մշակութային այնպիսի քաղաքականություն և միջոցներ, որոնք կենտրոնացած են մշակույթի վրա, որպես այդպիսին, կամ նախատեսված են առանձին անձանց, հանրությունների կամ հասարակությունների մշակութային ինքնարտահայտման ձևերի վրա անմիջական ազդեցություն թողնելու համար, ներառյալ մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ստեղծումը, արտադրությունը, տարածումը և բաշխումը, ինչպես նաև դրանց մատչելիությունը:

 

7. Պաշտպանություն

 

«Պաշտպանություն» նշանակում է` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում:

«Պաշտպանել» նշանակում է ձեռնարկել նման միջոցներ:

 

8. Միջմշակութային փոխազդեցություն

 

«Միջմշակութային փոխազդեցություն» նշանակում է` տարբեր մշակույթների գոյություն և իրավահավասար փոխազդեցություն, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման ընդհանուր ձևերի ստեղծման հնարավորություն երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա:

 

IV. Մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները

 

ՀՈԴՎԱԾ 5 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՈՐՄ

 

1. Մասնակիցները, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, միջազգային իրավունքի սկզբունքների և մարդու իրավունքների բնագավառում հանրաճանաչ փաստաթղթերի, հաստատում են իրենց ինքնիշխան իրավունքը` մշակելու և իրականացնելու իրենց մշակութային քաղաքականությունը և ձեռնարկելու միջոցներ` ուղղված մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի նպատակներն իրագործելու համար միջազգային համագործակցության ամրապնդմանը:

2. Երբ մասնակիցն իր տարածքում իրականացնում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանմանն ու խրախուսմանն ուղղված քաղաքականություն և ձեռնարկում միջոցներ, նրա քաղաքականությունը և միջոցները պետք է համապատասխանեն սույն Կոնվենցիայի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 6 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

 

1. 4-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված իր մշակութային քաղաքականության և միջոցների շրջանակներում և հաշվի առնելով իր սեփական կոնկրետ պայմաններն ու կարիքները` յուրաքանչյուր մասնակից կարող է ձեռնարկել միջոցներ` ուղղված իր տարածքում մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը:

2. Այդ միջոցները կարող են ներառել հետևյալը.

ա) կանոնակարգող միջոցներ` ուղղված մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանը,

բ) միջոցներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են հնարավորություններ, որպեսզի ազգային մշակութային գործունեությունը և մշակութային ապրանքներն ու ծառայություններն իրենց տեղը գտնեն իրենց տարածքներում առկա մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների տեսակների ողջ համակցությունում` դրանց ստեղծման, արտադրության, տարածման, բաշխման, ինչպես նաև դրանց գործածման տեսանկյունից, ներառյալ այդ գործունեության, ապրանքների ու ծառայությունների առնչությամբ գործածվող լեզվին վերաբերող միջոցները,

գ) միջոցներ, որոնք ուղղված են մշակույթի անկախ ազգային արդյունաբերության և ոչ ֆորմալ սեկտորի գործունեության համար մշակութային գործունեության և մշակութային ապրանքների և ծառայությունների արտադրության, տարածման ու բաշխման միջոցների իրական մատչելիություն ապահովելուն,

դ) միջոցներ` ուղղված պետական ֆինանսական օգնություն տրամադրելուն,

ե) միջոցներ` ուղղված ոչ առևտրային կազմակերպություններին, ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններին, արվեստի գործիչներին և մշակույթի բնագավառի այլ մասնագետներին` գաղափարների, մշակութային ինքնարտահայտման ձևերի, մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ազատ փոխանակման զարգացման ու խրախուսման, ինչպես նաև նրանց գործունեության ստեղծագործական և ձեռներեցության ոգին խթանելու հարցերում աջակցություն տրամադրելուն,

զ) միջոցներ, որոնք ուղղված են, ըստ անհրաժեշտության, համապատասխան պետական հաստատությունների ստեղծմանն ու դրանց աջակցմանը,

է) միջոցներ` ուղղված արվեստի գործիչների և մշակութային ինքնարտահայտման ձևերի ստեղծմանը մասնակցող այլ անձանց խրախուսմանն ու աջակցությանը,

ը) միջոցներ` ուղղված տեղեկատվական միջոցների բազմազանության խրախուսմանը, այդ թվում` հանրային ռադիոհեռարձակման զարգացման ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Մասնակիցները ձգտում են իրենց տարածքում ստեղծել այնպիսի միջավայր, որը կօգնի առանձին անձանց և սոցիալական խմբերին.

ա) ստեղծել, արտադրել, տարածել և բաշխել մշակութային ինքնարտահայտման իրենց սեփական ձևերը և մուտք ունենալ դեպի դրանք` պատշաճ ուշադրություն դարձնելով կանանց, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի, ներառյալ փոքրամասնություններին և տեղաբնիկ ժողովուրդներին պատկանող անձանց հատուկ պայմաններն ու կարիքները,

բ) մուտք ունենալ մշակութային ինքնարտահայտման տարբեր ձևերը, որոնք ի հայտ են գալիս ինչպես իրենց տարածքներում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում:

2. Մասնակիցները ձգտում են նաև ընդունել արվեստի գործիչների, ստեղծագործական գործընթացներում ներգրավված այլ անձանց, մշակութային համայնքների, ինչպես նաև նրանց աշխատանքը օժանդակող կազմակերպությունների կարևոր ավանդը և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության հարստացման գործում նրանց ունեցած գլխավոր դերը:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Առանց խախտելու 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթները` մասնակիցը կարող է սահմանել այն հատուկ իրավիճակները, երբ իր տարածքում մշակութային ինքնարտահայտման ձևերը ենթարկված են ոչնչացման ռիսկի, դրանց սպառնում է լուրջ վտանգ, կամ դրանք, այսպես թե այնպես, կարիք ունեն հրատապ պաշտպանության:

2. 1-ին կետում թվարկված իրավիճակներում մասնակիցները կարող են ձեռնարկել մշակութային ինքնարտահայտման ձևերի պաշտպանությանն ու պահպանմանն ուղղված ցանկացած պատշաճ միջոց` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

3. Մասնակիցները հայտնում են Միջկառավարական կոմիտեին, որի մասին խոսվում է 23-րդ հոդվածում, կոնկրետ իրավիճակի պահանջներին համապատասխան ձեռնարկված բոլոր միջոցների մասին, իսկ Կոմիտեն կարող է տալ համապատասխան առաջարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 9 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

 

Մասնակիցները`

ա) չորս տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրենց զեկույցներում ներկայացնում են մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման ուղղությամբ իրենց տարածքներում և միջազգային մակարդակով ձեռնարկված միջոցների մասին,

բ) նշանակում են սույն Կոնվենցիային վերաբերող տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու համակարգող,

գ) փոխանակում են մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման վերաբերյալ տեղեկատվություն:

 

ՀՈԴՎԱԾ 10 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

Մասնակիցները`

ա) նպաստում են մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման կարևորության լավագույն և առավել խորը ըմբռնմանը մասնավորապես կրթության բնագավառում ծրագրերի և հասարակության իրազեկության բարձրացման միջոցով,

բ) համագործակցում են մյուս մասնակիցների և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ` սույն հոդվածով սահմանված նպատակներն իրագործելու համար,

գ) ջանքեր են գործադրում ստեղծագործության խթանման և կրթական ծրագրերի ու մշակութային արդյունաբերության ոլորտում մասնագիտական պատրաստվածության ու փոխանակումների ծրագրերի մշակման ճանապարհով արտադրական ներուժի ամրապնդման ուղղությամբ: Այդ միջոցները պետք է իրականացվեն այնպես, որ բացասական ազդեցություն չունենան արտադրության ավանդական ձևերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Մասնակիցներն ընդունում են քաղաքացիական հասարակության հիմնարար դերը մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման գործում: Մասնակիցները խրախուսում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանն ուղղված նրանց ջանքերում:

 

ՀՈԴՎԱԾ 12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

 

Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով մասնակիցները ձգտում են ամրապնդել իրենց երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը` հատուկ ուշադրություն դարձնելով 8-րդ և 17-րդ հոդվածներում նշված իրավիճակներին, նպատակ հետապնդելով մասնավորապես`

ա) նպաստել մասնակից կողմերի միջև մշակութային քաղաքականության հարցերով երկխոսությանը,

բ) ամրապնդել պետական հատվածի ռազմավարական և կառավարչական ներուժը մշակութային հասարակական հաստատություններում` մշակութային փոխանակումների և մասնագետների միջև ու միջազգային մակարդակով առաջավոր փորձի փոխանակման միջոցով,

գ) ամրապնդել գործընկերային հարաբերությունները ինչպես քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ, այնպես էլ նրանց միջև` մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով,

դ) աջակցել նոր տեխնոլոգիաների կիրառմանը և խթանել գործընկերային կապերը` տեղեկատվության փոխանակումն ընդլայնելու և մշակութային փոխըմբռնումը բարելավելու, ինչպես նաև մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությունը խրախուսելու նպատակով,

ե) խրախուսել համատեղ արտադրության և համատեղ տարածման մասին համաձայնագրերի կնքումը:

 

ՀՈԴՎԱԾ 13 ՄՇԱԿՈՒՅԹԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

 

Մասնակիցները ձգտում են ընդգրկել մշակութային հարցերը զարգացման ոլորտի իրենց քաղաքականության մեջ բոլոր մակարդակներում` կայուն զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով, և այդ շրջանակներում օժանդակում են մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված ասպեկտների հաշվառմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Մասնակիցները ձգտում են աջակցել կայուն զարգացմանը և աղքատության մասշտաբների կրճատմանը նպատակաուղղված համագործակցությանը հատկապես զարգացող երկրների կոնկրետ կարիքների հետ կապված` օժանդակելու նպատակով մշակույթի դինամիկ հատվածի ձևավորմանը, մասնավորապես հետևյալ միջոցներով.

ա) զարգացող երկրներում մշակութային արդյունաբերության ամրապնդումը հետևյալ միջոցներով.

(i) զարգացող երկրներում մշակույթի բնագավառում արտադրության և տարածման ներուժի ստեղծում և ամրապնդում,

(ii) օժանդակություն գլոբալ շուկայի մատչելիության ընդլայնմանը և իրենց մշակութային գործունեության և իրենց մշակութային ապրանքների ու ծառայությունների համար տարածման միջազգային ցանցերին,

(iii) տեղական և տարածաշրջանային կենսունակ շուկաների ձևավորման համար պայմանների ստեղծում,

(iv) զարգացած երկրներում, հնարավորության սահմաններում, պատշաճ միջոցների ձեռնարկում` դեպի իրենց տարածքը զարգացող երկրներից մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ներթափանցումը հեշտացնելու նպատակով,

(v) աջակցություն ստեղծագործական գործունեությանը և զարգացող երկրներից արվեստի գործիչների շարժունակությունը հնարավորինս ապահովող պայմանների ստեղծմանը,

(vi) զարգացած և զարգացող երկրների միջև համապատասխան փոխազդեցության խրախուսում, մասնավորապես, երաժշտական և կինեմատոգրաֆիական արվեստի ոլորտներում,

բ) ներուժի ստեղծում տեղեկատվության, փորձի, մասնագիտական գիտելիքների փոխանակման, ինչպես նաև զարգացող երկրներում մարդկային ռեսուրսների պատրաստման միջոցով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում` մասնավորապես ռազմավարական և կառավարչական ներուժին, քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մշակութային ինքնարտահայտման ձևերի խրախուսմանն ու տարածմանը, մանր, միջին և միկրոձեռնարկությունների զարգացմանը, տեխնոլոգիաների կիրառմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ու մասնագիտական հմտությունների փոխանցմանը վերաբերող բնագավառներում,

գ) տեխնոլոգիաների և հատուկ գիտելիքների ու փորձի հաղորդում խթանման համապատասխան միջոցների ձեռնարկման ճանապարհով` հատկապես արդյունաբերության և մշակութային ձեռնարկությունների ոլորտում,

դ) ֆինանսական աջակցության ապահովում հետևյալ միջոցներով.

(i) մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի ստեղծում, ինչպես նախատեսված է 18-րդ հոդվածում,

(ii) ըստ անհրաժեշտության` զարգացմանը նպատակաուղղված պաշտոնական օգնության, այդ թվում` տեխնիկական օգնության տրամադրում` ստեղծագործական գործունեությունը խթանելու և աջակցելու նպատակով,

(iii) ֆինանսական օգնության այլ ձևերի, ինչպիսիք են ցածր տոկոսով վարկերը, սուբսիդիաները, տրամադրում և ֆինանսավորման այլ մեխանիզմների կիրառում:

 

ՀՈԴՎԱԾ 15 ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Մասնակիցները խրախուսում են պետական և մասնավոր հատվածների և ոչ առևտրային կազմակերպությունների միջև և դրանց շրջանակներում գործընկերային հարաբերությունների զարգացումը` զարգացող երկրների հետ մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման ոլորտում նրանց ներուժի ամրապնդման գործում համագործակցելու նպատակով: Հաշվի առնելով զարգացող երկրների իրական կարիքները` գործընկերային հարաբերությունների այդ նորարարական ձևերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ինֆրակառուցվածքների, մարդկային ռեսուրսների և քաղաքականության մշակման հետագա զարգացմանը, ինչպես նաև մշակութային գործունեության և մշակութային ապրանքների և ծառայությունների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 16 ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ

 

Զարգացած երկրները նպաստում են զարգացող երկրների հետ մշակութային փոխանակումներին` համապատասխան ինստիտուցիոնալ և իրավական հիմքերով նախապատվություն տալով նրանց արվեստի գործիչներին և մշակույթի բնագավառի այլ մասնագետներին ու աշխատողներին, ինչպես նաև նրանց մշակութային ապրանքներին և ծառայություններին:

 

ՀՈԴՎԱԾ 17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Մասնակիցները 8-րդ հոդվածում հիշատակված դեպքերում համագործակցում են միմյանց հետ և, մասնավորապես, զարգացող երկրներին օգնություն տրամադրելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 18 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

1. Սույնով հիմնվում է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ, այսուհետ` Հիմնադրամ:

2. Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսների մասին կանոնակարգի` այդ Հիմնադրամը հանդիսանում է նպատակային հիմնադրամ:

3. Հիմնադրամի միջոցները գոյանում են.

ա) մասնակիցների կամավոր անդամավճարներից,

բ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից այդ նպատակով առանձնացված միջոցներից,

գ) այլ պետությունների, կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ծրագրերի, տարածաշրջանային կամ միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես նաև պետական կամ մասնավոր մարմինների և/կամ մասնավոր անձանց կողմից ներդրվող անդամավճարներից, նվիրատվություններից և կտակած գույքից,

դ) Հիմնադրամի միջոցների ցանկացած տոկոսային հավելումից,

ե) ի շահ Հիմնադրամի կազմակերպվող միջոցառումներից հավաքվող և մուտքագրվող գումարներից,

զ) Հիմնադրամի կանոնակարգով նախատեսված ցանկացած այլ միջոցից:

4. Հիմնադրամի միջոցների օգտագործման մասին որոշում կայացնում է Միջկառավարական կոմիտեն 22-րդ հոդվածում հիշատակվող մասնակիցների Կոնֆերանսի կողմից սահմանվող ղեկավար սկզբունքների հիման վրա:

5. Միջկառավարական կոմիտեն կարող է ընդունել մուծումներ և օգնություն այլ ձևերով` որոշակի նախագծերի կապակցությամբ ընդհանուր և կոնկրետ նպատակների համար` պայմանով, որ այդ նախագծերը արժանացած լինեն իր հավանությանը:

6. Անդամավճարների մուտքը Հիմնադրամ չի կարող ուղեկցվել քաղաքական, տնտեսական կամ սույն Կոնվենցիայի նպատակներին չհամապատասխանող որևէ այլ պայմանով:

7. Մասնակիցները ձգտում են սույն Կոնվենցիայի իրականացման նպատակով պարբերաբար կատարել կամավոր ներդրումներ:

 

ՀՈԴՎԱԾ 19 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ, ԴՐԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄԸ

 

1. Մասնակիցները համաձայնում են փոխանակել մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության վերաբերյալ` վիճակագրությանը և տվյալների հավաքմանն առնչվող տեղեկատվություն, մասնագիտական գիտելիքներ և փորձ, ինչպես նաև դրա պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված առաջավոր պրակտիկայի մասին տեղեկատվություն:

2. ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կիրառելով Քարտուղարության շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, աջակցում է առաջավոր պրակտիկայի մասին համապատասխան ողջ տեղեկատվության, վիճակագրական տվյալների և տեղեկությունների հավաքմանը, վերլուծությանն ու տարածմանը:

3. ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ստեղծում և նորացնում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բնագավառում գործող կառավարական, մասնավոր ու ոչ առևտրային տարբեր հատվածների և կազմակերպությունների վերաբերյալ տվյալների բանկը:

4. Տվյալների հավաքմանն օժանդակելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում այն մասնակից կողմերի ներուժի ստեղծման և գիտելիքների ու փորձի ընդլայնման հարցերին, որոնք դիմում են` իրենց նման օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

5. Սույն հոդվածում սահմանված տեղեկատվության հավաքումը համալրում է 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հավաքվող տեղեկատվությունը:

 

V. Հարաբերությունն իրավական այլ ակտերի հետ

 

ՀՈԴՎԱԾ 20 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ՀԵՏ. ՓՈԽԱԴԱՐՁ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈԽԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մասնակիցներն ընդունում են, որ պետք է բարեխղճորեն կատարեն իրենց այն պարտավորությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայով և միջազգային բոլոր այլ պայմանագրերով, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք: Այդ պատճառով, ելնելով սույն Կոնվենցիայի` միջազգային բոլոր այլ պայմանագրերի հետ հավասարազորությունից`

ա) նրանք խրախուսում են փոխադարձ աջակցության հարաբերությունները սույն Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի միջև, որոնց մասնակիցներն են հանդիսանում իրենք, և

բ) իրենց մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերը մեկնաբանելիս և կիրառելիս կամ միջազգային այլ պարտավորություններ ստանձնելիս մասնակիցները հաշվի են առնում սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես մասնակիցների` իրենց մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերով սահմանված իրավունքները և պարտավորությունները փոփոխող:

 

ՀՈԴՎԱԾ 21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

Մասնակիցները պարտավորվում են նպաստել սույն Կոնվենցիայի սկզբունքների և նպատակների հաստատմանը միջազգային այլ ֆորումներում: Այդ նպատակների համար մասնակիցները անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ` գործելով այդ նպատակների և սկզբունքների ոգով:

 

VI. Կոնվենցիայի մարմինները

 

ՀՈԴՎԱԾ 22 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

 

1. Սույնով հիմնադրվում է մասնակիցների Համաժողով: Մասնակիցների Համաժողովը հանդիսանում է սույն Կոնվենցիայի բարձրագույն լիագումար մարմինը:

2. Մասնակիցների Համաժողովն իր հերթական նստաշրջանը գումարում է երկու տարին մեկ անգամ, հնարավորության դեպքում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր հանձնաժողովի շրջանակներում: Նա կարող է հրավիրվել արտահերթ նստաշրջանի, եթե կայացնի այդպիսի որոշում, կամ եթե նման խնդրանքով Միջկառավարական կոմիտե դիմի մասնակիցների ոչ պակաս, քան 1/3-ը:

3. Մասնակիցների Համաժողովն ընդունում է իր ընթացակարգի կանոնները:

4. Մասնակիցների Համաժողովի գործառույթները կայանում են մասնավորապես հետևյալում.

ա) Միջկառավարական կոմիտեի անդամների ընտրություն,

բ) սույն Կոնվենցիայի մասնակիցների զեկույցների ստացում և քննարկում Միջկառավարական կոմիտեի ներկայացմամբ,

գ) իր խնդրանքով Միջկառավարական կոմիտեի կողմից մշակվող օպերատիվ ղեկավար սկզբունքների հաստատում,

դ) սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանն աջակցելու համար անհրաժեշտ համարվող այլ միջոցների ձեռնարկում:

 

ՀՈԴՎԱԾ 23 ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ

 

1. ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ստեղծվում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության ու խրախուսման Միջկառավարական կոմիտե, այսուհետ` Միջկառավարական կոմիտե: Կոմիտեի կազմում ընդգրկվում են Կոնվենցիայի 18 մասնակից պետությունների ներկայացուցիչներ, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով, մասնակիցների Համաժողովի կողմից` 29-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

2. Միջկառավարական կոմիտեն նիստեր է գումարում ամեն տարի:

3. Միջկառավարական կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է մասնակիցների Համաժողովի կառավարմամբ, նրա ղեկավարման ցուցումներին համապատասխան և հաշվետու է նրան:

4. Հենց որ Կոնվենցիայի մասնակիցների թիվը հասնի 50-ի, Միջկառավարական կոմիտեի անդամների թիվը պետք է ավելանա մինչև 24-ը:

5. Միջկառավարական կոմիտեի անդամների ընտրություններն իրականացվում են աշխարհագրական արդարացի բաշխման և ռոտացիայի սկզբունքներին համապատասխան:

6. Առանց վնասելու սույն Կոնվենցիայով իր համար նախատեսված այլ պարտավորությունները` Միջկառավարական կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) աջակցություն սույն Կոնվենցիայի նպատակների իրագործմանը, ինչպես նաև նրա իրականացման խրախուսումը և մոնիտորինգը,

բ) մասնակիցների Համաժողովի խնդրանքով` Կոնվենցիայի դրույթների իրականացման և կիրառման օպերատիվ ղեկավար սկզբունքների մշակում և ներկայացում մասնակիցների Համաժողովի հաստատմանը,

գ) Կոնվենցիայի մասնակիցների զեկույցների ներկայացում մասնակիցների Համաժողովին` իր մեկնաբանություններով և դրանց բովանդակության համառոտ շարադրմամբ,

դ) համապատասխան առաջարկությունների մշակում այն իրադրություններում, որոնց մասին ինքը տեղեկացվել է մասնակիցների կողմից Կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես, 8-րդ հոդվածի համաձայն,

ե) միջազգային այլ ֆորումների շրջանակներում սույն Կոնվենցիայի սկզբունքների և նպատակների հաստատմանն ուղղված ընթացակարգերի և խորհրդակցությունների այլ մեխանիզմների սահմանում,

զ) ցանկացած այլ խնդրի իրականացում, որը կարող է հանձնարարվել մասնակիցների Համաժողովի կողմից:

7. Միջկառավարական կոմիտեն, համաձայն իր ընթացակարգի կանոնների, կարող է ցանկացած ժամանակ պետական կամ մասնավոր կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց առաջարկել մասնակցել իր նիստերին` կոնկրետ խնդիրների շուրջ նրանց հետ խորհրդակցելու նպատակով:

8. Միջկառավարական կոմիտեն մշակում է իր ընթացակարգի կանոնները և դրանք ներկայացնում մասնակիցների Համաժողովի հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 24 ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Կոնվենցիայի մարմիններն օժանդակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը:

2. Քարտուղարությունը պատրաստում է մասնակիցների Համաժողովի և Միջկառավարական կոմիտեի փաստաթղթերը, ինչպես նաև նրանց նիստերի օրակարգերի նախագծերը, օժանդակում է նրանց որոշումների կատարմանը և ներկայացնում զեկույցներ դրանց կատարման վերաբերյալ:

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 25 ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն Կոնվենցիայի մասնակիցների միջև Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման շուրջ վեճ առաջանալու դեպքում մասնակիցները ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով:

2. Եթե համապատասխան մասնակիցներին չհաջողվի համաձայնության գալ բանակցային ճանապարհով, նրանք միասին կարող են դիմել երրորդ կողմի բարի ծառայությանը կամ դիմել նրան` միջնորդելու խնդրանքով:

3. Եթե բարի ծառայությունը կամ միջնորդությունը չեն ցուցաբերվել, կամ եթե բանակցությունները, բարի ծառայությունը կամ միջնորդությունը չեն հանգեցրել վեճի կարգավորման, ապա մասնակիցը կարող է փորձել կարգավորել այն սույն Կոնվենցիայի Հավելվածում շարադրված ընթացակարգի համաձայն: Մասնակիցները բարեխղճորեն դիտարկում են Համաձայնեցման հանձնաժողովի` վեճերի կարգավորման համար ներկայացրած առաջարկները:

4. Յուրաքանչյուր մասնակից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կարող է հայտնել իր կողմից համաձայնեցման վերոնշյալ ընթացակարգը չընդունվելու մասին: Այդպիսի հայտարարությամբ հանդես եկող ցանկացած մասնակից ցանկացած ժամանակ կարող է հետ վերցնել իր հայտարարությունը` այդ մասին ծանուցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 26 ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՄԻԱՆԱԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների կողմից ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման կամ պահանջում է նրանց միանալը դրան` նրանց սահմանադրական համապատասխան ընթացակարգերին համաձայն:

2. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 27 ՄԻԱՆԱԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր այն պետությունների միանալու համար, որոնք չեն հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներ, բայց հանդիսանում են Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հաստատություններից մեկի անդամներ, և որոնց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսը հրավիրում է միանալու դրան:

2. Սույն Կոնվենցիան բաց է նաև այն տարածքների միանալու համար, որոնք ունեն լիակատար ներքին ինքնակառավարում և Միավորված ազգերի կազմակերպության կողմից ճանաչված են այդպիսին, բայց ձեռք չեն բերել լիակատար անկախություն` Գլխավոր ասամբլեայի 1514 (XV) բանաձևին համապատասխան, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայով ներառվող հարցերում, ներառյալ այդ հարցերի շուրջ համաձայնագրեր կնքելու իրավասությունը:

3. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) սույն Կոնվենցիան բաց է նաև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ցանկացած կազմակերպության միանալու համար, որի վրա, ինչպես մասնակից պետությունների վրա, լիովին դրվում են Կոնվենցիայի դրույթներից բխող պարտավորությունները ներքոհիշյալ կետերում ներկայացված վերապահումներով,

բ) այն դեպքում, երբ այդպիսի կազմակերպության մեկ կամ մի քանի անդամ պետություններ հանդիսանում են նաև սույն Կոնվենցիայի մասնակից, այդ կազմակերպությունը և այդ անդամ պետությունը կամ պետությունները պայմանավորվում են սույն Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների կատարման պատասխանատվությունը սահմանափակելու մասին: Այդ սահմանափակումն ուժի մեջ է մտնում «գ» ենթակետում նկարագրված ծանուցման ընթացակարգի ավարտից հետո: Կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրականացնել սույն Կոնվենցիայից բխող իրավունքները: Բացի դրանից` իրենց իրավասությանն առնչվող հարցերի կապակցությամբ ձայնի իրենց իրավունքի իրականացման նպատակների համար տնտեսական ինտեգրման կազմակերպությունների ունեցած ձայների թիվը հավասար է սույն Կոնվենցիայի մասնակից հանդիսացող իրենց անդամների պետությունների թվին: Այդ կազմակերպությունները չեն կարող օգտվել ձայնի իրենց իրավունքից, եթե այդ իրավունքն իրականացնում են իրենց անդամ պետությունները, և հակառակը,

գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը և նրա անդամ պետությունը կամ պետությունները, որոնք պայմանավորվել են պատասխանատվության սահմանափակման մասին, ինչպես նախատեսված է «բ» ենթակետով, տեղեկացնում են մասնակիցներին նման ենթադրյալ սահմանափակման մասին հետևյալ ձևով.

i) միանալու մասին իր փաստաթղթում այդ կազմակերպությունը հստակ նշում է Կոնվենցիայով կարգավորվող հարցերում պատասխանատվության սահմանափակման մասին,

ii) պատասխանատվության համապատասխան սահմանափակման հերթական փոփոխության դեպքում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը տեղեկացնում է ավանդապահին պատասխանատվության նման փոփոխության վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին. իր հերթին ավանդապահն այդ փոփոխության մասին տեղեկացնում է մասնակիցներին,

դ) ենթադրվում է, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության անդամ պետությունները, որոնք դառնում են Կոնվենցիայի մասնակիցներ, ինչպես նախկինում, իրավասու են կազմակերպությանը լիազորությունների փոխանցման առարկա չհանդիսացող բոլոր հարցերում, որի մասին հստակ հայտարարված կամ հաղորդված է ավանդապահին,

ե) «տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություն» ասելով` հասկանում ենք` կազմակերպություն, որը կազմված է Միավորված ազգերի կազմակերպության կամ նրա մասնագիտացված հաստատություններից մեկի անդամ հանդիսացող ինքնիշխան պետություններից, և որին այդ պետությունները փոխանցել են իրենց լիազորությունները սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ, և որը պատշաճ կերպով լիազորված է, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, դառնալ Կոնվենցիայի մասնակից:

4. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 28 ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ

 

Դառնալով սույն Կոնվենցիայի մասնակից` յուրաքանչյուր մասնակից նշանակում է համակարգող, որի մասին խոսվում է 9-րդ հոդվածում:

 

ՀՈԴՎԱԾ 29 ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսուներորդ վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո, բայց միայն այն պետությունների կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման այն կազմակերպությունների համար, որոնք այդ օրը կամ ավելի շուտ ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց համապատասխան փաստաթղթերը: Ցանկացած այլ մասնակցի համար այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն հոդվածի նպատակների համար տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չպետք է ավելանա այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից արդեն ի պահ հանձնված փաստաթղթերին:

 

ՀՈԴՎԱԾ 30 ԴԱՇՆԱՅԻՆ ԿԱՄ ՈՉ ՄԻԱՏԱՐՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Քանի որ միջազգային համաձայնագրերը մասնակիցների վրա դնում են հավասար պարտավորություններ` անկախ նրանց սահմանադրական համակարգերից, ապա դաշնային կամ ոչ միատարր սահմանադրական համակարգ ունեցող մասնակիցների համար գործում են հետևյալ դրույթները.

ա) սույն Կոնվենցիայի դրույթների առնչությամբ, որոնց կիրառումն ընկնում է դաշնային կամ կենտրոնական օրենսդիր մարմնի իրավազորության տակ, դաշնային կամ կենտրոնական կառավարությունը կրում է նույն պարտավորությունները, ինչ այն մասնակիցները, որոնք դաշնային պետություններ չեն,

բ) սույն Կոնվենցիայի դրույթների առնչությամբ, որոնց կիրառումն ընկնում է պետության կազմում գտնվող յուրաքանչյուր սուբյեկտի, ինչպիսիք են նահանգները, կոմսությունները, գավառները կամ կանտոնները, իրավազորության տակ, որը, դաշնության սահմանադրական համակարգի համաձայն, պարտավոր չէ ձեռնարկել օրենսդրական միջոցներ, դաշնային կառավարությունը անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է այդ սուբյեկտների (նահանգներ, կոմսություններ, գավառներ կամ կանտոններ) իրավասու մարմիններին հիշյալ դրույթների մասին դրանց ընդունման վերաբերյալ իր առաջարկությունների հետ միասին:

 

ՀՈԴՎԱԾ 31 ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է այն չեղյալ հայտարարել:

2. Չեղյալ հայտարարելու մասին տեղեկացվում է գրավոր. փաստաթղթով, որն ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալուց տասներկու ամիս հետո: Այն ոչ մի ձևով չի շոշափում այն ֆինանսական պարտավորությունները, որոնք Կոնվենցիան չեղյալ հայտարարող մասնակիցը պետք է կատարի ընդհուպ մինչև Կոնվենցիայից դուրս գալու ուժի մեջ մտնելու օրը:

 

ՀՈԴՎԱԾ 32 ԱՎԱՆԴԱՊԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ, տեղեկացնում է 27-րդ հոդվածում հիշատակվող կազմակերպության անդամ պետություններին, կազմակերպության ոչ անդամ պետություններին և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը 26-րդ և 27-րդ հոդվածներում հիշատակված` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև 31-րդ հոդվածով նախատեսված` չեղյալ հայտարարելու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 33 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից գլխավոր տնօրենին հասցեագրած գրավոր հաղորդագրությամբ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայի փոփոխություններ: Գլխավոր տնօրենն այդ հաղորդագրությունն ուղարկում է բոլոր մասնակիցներին: Եթե հաղորդագրություն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում մասնակիցների ոչ պակաս, քան կեսը դրականորեն է արձագանքում հարցմանը, գլխավոր տնօրենն այդ առաջարկությունը ներկայացնում է մասնակիցների Համաժողովի հերթական նստաշրջանին` քննարկման և հնարավոր ընդունման նպատակով:

2. Փոփոխություններն ընդունվում են Կոնվենցիայի` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակիցների ձայների 2/3 մեծամասնությամբ:

3. Սույն Կոնվենցիայի փոփոխություններն ընդունվելուց հետո ներկայացվում են մասնակիցներին` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու նպատակով:

4. Այն մասնակիցների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել են սույն Կոնվենցիայի փոփոխությունները կամ միացել են դրանց, այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում մասնակիցների 2/3-ի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված փաստաթղթերն ի պահ հանձնվելուց 3 ամիս հետո: Հետագայում փոփոխությունը վավերացնող, ընդունող, հաստատող կամ դրանց միացող յուրաքանչյուր մասնակցի համար նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնում այդ մասնակցի կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից երեք ամիս հետո:

5. 3-րդ և 4-րդ կետերով նկարագրված ընթացակարգը չի կիրառվում Միջկառավարական կոմիտեի անդամների թվին վերաբերող` 23-րդ հոդվածի փոփոխությունների առնչությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

6. 27-րդ հոդվածում նշված պետությունը կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպությունը, որը սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո է դառնում սույն Կոնվենցիայի մասնակից, եթե այլ մտադրության մասին չի հայտնում, համարվում է.

ա) սույն Կոնվենցիայի մասնակից` այդ կերպով կատարված փոփոխություններով, և

բ) սույն Կոնվենցիայի մասնակից` առանց նրանում կատարված փոփոխությունների ցանկացած մասնակցի նկատմամբ, որը կապված չէ այդ փոփոխությունների գործողությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 34 ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՏԵՔՍՏԵՐ

 

Սույն Կոնվենցիան կազմված է անգլերենով, արաբերենով, իսպաներենով, չինարենով, ռուսերենով և ֆրանսերենով. ընդ որում` բոլոր վեց տեքստերն էլ հավասարազոր են:

 

ՀՈԴՎԱԾ 35 ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի` սույն Կոնվենցիան գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի խնդրանքով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Համաձայնեցման ընթացակարգ

 

ՀՈԴՎԱԾ 1 ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Համաձայնեցման հանձնաժողովն ստեղծվում է վեճի կողմ հանդիսացող մասնակիցներից մեկի խնդրանքով: Եթե այդ մասնակիցները այլ պայմանավորվածություն ձեռք չեն բերում, ապա հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հինգ անդամներ, որոնցից 2-ական անդամը նշանակվում են յուրաքանչյուր համապատասխան մասնակցի կողմից, իսկ նախագահն ընտրվում է նկարագրված ձևով նշանակված անդամների ընդհանուր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

Երկուսից ավելի մասնակիցների միջև վեճի առկայության դեպքում ընդհանուր շահեր ունեցող կողմերը ընդհանուր պայմանավորվածությամբ նշանակում են հանձնաժողովի իրենց անդամներին: Այն դեպքերում, երբ երկու կամ մի քանի մասնակիցներ ունեն առանձին շահեր, կամ երբ նրանց մեջ տարաձայնություններ են առաջանում ընդհանուր շահեր ունենալու հարցի կապակցությամբ, ապա նրանք իրենց անդամներին նշանակում են ինքնուրույն:

 

ՀՈԴՎԱԾ 3 ՆՇԱՆԱԿՈՒՄ

 

Եթե Համաձայնեցման հանձնաժողով ստեղծելու խնդրանքով դիմելու օրվանից երկու ամսվա ընթացքում այդ մասնակիցները չեն նշանակում հանձնաժողովի բոլոր անդամներին, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, նման հանձնաժողով ստեղծելու առաջարկ արած մասնակցի խնդրանքով, կատարում է անհրաժեշտ նշանակումներ հաջորդ երկու ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 4 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

Եթե Համաձայնեցման հանձնաժողովի վերջին անդամի նշանակման պահից սկսած` երկու ամսվա ընթացքում հանձնաժողովը չի ընտրում նախագահ, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, կողմերից մեկի խնդրանքով, հաջորդ երկու ամսվա ընթացքում նշանակում է նախագահ:

 

ՀՈԴՎԱԾ 5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Համաձայնեցման հանձնաժողովը որոշումները կայացնում է իր անդամների ձայների մեծամասնությամբ: Եթե վեճի կողմերը այլ պայմանավորվածություն ձեռք չեն բերում, ապա հանձնաժողովն ինքնուրույն է որոշում իր աշխատակարգը: Նա ներկայացնում է վեճի կարգավորմանն ուղղված առաջարկություն, որը կողմերը բարեխղճորեն դիտարկում են:

 

ՀՈԴՎԱԾ 6 ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համաձայնեցման հանձնաժողովի իրավասության հարցով տարաձայնությունների վերաբերյալ որոշում կայացնում է ինքը` հանձնաժողովը:

 

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007թ. մայիսի 27-ին:

 

 

pin
20.10.2005
Միջազգային պայմանագիր