040.1599.260108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1599-Ն
i
ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 20-ի
N 1599-Ն որոշման
ԿԱՐԳ
ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են թմրամոլների հաշվառման և նրանց նկատմամբ բժշկական դիտարկման կարգը և պայմանները:
2. Թմրամոլ են համարվում «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում «թմրամոլություն» ախտորոշում ստացած բոլոր անձինք (այսուհետ` թմրամոլներ): «Թմրամոլություն» ախտորոշում է բժիշկ-նարկոլոգը:
3. Սույն կարգի իմաստով`
1) բժշկական դիտարկմամբ օբյեկտիվ հաստատված կայուն ռեմիսիան (լավացում) թմրամոլի կողմից 5 և ավելի տարիներ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութեր չօգտագործելն է, ինչի վերաբերյալ առկա է բժշկական հետազոտությունների և բժշկական դիտարկման հիման վրա բժշկի կողմից տրված եզրակացությունը.
2) ռեմիսիան թմրամոլի կողմից մինչև 5 տարի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չօգտագործելն է, որի վերաբերյալ առկա է բժշկական հետազոտությունների և բժշկական դիտարկման հիման վրա բժշկի կողմից տրված եզրակացությունը:
4. Թմրամոլները ենթակա են հաշվառման:
5. Թմրամոլների հաշվառումն իրականացվում է թմրամոլի` որպես քաղաքացու հաշվառման վայրի տարածքն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից: Եթե թմրամոլը բնակվում է իր` որպես քաղաքացու հաշվառման վայրից տարբեր այլ վայրում (այդ փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում) կամ հաշվառում չունի, ապա նա որպես թմրամոլ հաշվառվում է իր փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից:
6. Իր` որպես քաղաքացու հաշվառումից տարբեր վայրում բնակվելու դեպքում, թմրամոլի հաշվառման և հաշվառումից հանելու վերաբերյալ տեղեկությունները նրա փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից 5-օրյա ժամկետում ուղարկվում են թմրամոլի` որպես քաղաքացու հաշվառման վայրն սպասարկող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն:
7. Հաշվառման վերցրված բոլոր թմրամոլների համար լրացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական քարտ և իրականացվում է բժշկական դիտարկում` ըստ նրանց ախտորոշմամբ և ռեմիսիայի տևողությամբ սահմանված բժշկական դիտարկման խմբերի:
8. Թմրամոլների հաշվառման վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են: Դրանք կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Այդ դեպքերում թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` հարցումը կատարելուց հետո 5-օրյա ժամկետում:
i
9. Հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունները հաշվառումն իրականացնող արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը: Թմրամոլների հաշվառման մատյանի ձևը և արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվառված և հաշվառումից հանված թմրամոլների վերաբերյալ տեղեկությունների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
II. ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. Թմրամոլների հաշվառման դեպքերն են`
1) քաղաքացու առաջնակի այցը բժիշկ-նարկոլոգի մոտ, որի արդյունքում ախտորոշվում է «թմրամոլություն».
2) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված նարկոլոգիական հիվանդության պատմության կամ ամբուլատոր բժշկական քարտից կատարված քաղվածքը.
3) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված դատանարկոլոգիական փորձաքննության եզրակացության կրկնօրինակները.
4) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված բոլոր տոքսիկոքիմիական (անկախ ենթակայությունից) լաբորատորիաների փորձագիտական եզրակացության կրկնօրինակները.
5) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված` ցանկացած բժշկական հաստատություն (անկախ ենթակայությունից, բժշկական օգնության և սպասարկման տեսակի ու կազմակերպման ձևի) դիմած անձի բուժման ընթացքում «թմրամոլություն» ախտորոշման դեպքում հիվանդության պատմությունից կամ ամբուլատոր բժշկական քարտից կատարված քաղվածքները.
6) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների գործածման կապակցությամբ կատարված շտապօգնության կանչերի կտրոնների կրկնօրինակները.
7) քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն ուղարկված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց (ում նկատմամբ ազատազրկման ընթացքում կիրառվել է բժշկական (նարկոլոգիական) բնույթի հարկադրանքի միջոցներ կամ ում մոտ, ազատազրկման ընթացքում, ախտորոշվել է «թմրամոլություն») հիվանդության պատմությունից կամ ամբուլատոր բժշկական քարտից կատարված քաղվածքները:
11. Թմրամոլները հաշվառումից հանվում են`
1) բժշկական դիտարկմամբ օբյեկտիվ հաստատված 5 տարի կայուն ռեմիսիայի (լավացման) դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս թմրամոլի` որպես քաղաքացու հաշվառվելու դեպքում` քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում.
3) մահվան դեպքում:
12. Թմրամոլները հաշվառումից հանվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:
13. Ազատազրկման ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում թմրամոլի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետը գրավոր ծանուցում է ուղարկում ազատազրկման ժամկետը լրացած թմրամոլի որպես քաղաքացու հաշվառման վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում նրա փաստացի բնակության վայրի արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով ներկայացված գրավոր ծանուցման և 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերով հաստատված «թմրամոլություն» ախտորոշման դեպքում թմրամոլի հաշվառումը վերականգնվում է:
15. Թմրամոլները հաշվառումից հանվում են տեղամասային բժիշկ-նարկոլոգի գրավոր հիմնավորմամբ տվյալ բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի գրավոր եզրակացության հիման վրա` բժշկական հաստատության տնօրենի հրամանով: Բժշկական հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Բժշկական դիտարկում է համարվում միայն տեղամասային բժիշկ-նարկոլոգի կամ նրա հետ համատեղ աշխատող տեղամասային բուժքրոջ կամ ֆելդշերի անձնական շփումը հաշվառման մեջ գտնվող թմրամոլի հետ:
17. Հաշվառման մեջ գտնվող յուրաքանչյուր թմրամոլի` մեկ տարվա կտրվածքով բժշկական դիտարկումների թիվը սահմանվում է ըստ բժշկական դիտարկման խմբերի:
18. Բժշկական դիտարկման խմբերը սահմանվում են ըստ ախտորոշման և ռեմիսիայի տևողության:
19. Բժշկական դիտարկման խմբերի սահմանումը և այդ խմբերում ընդգրկված հաշվառման մեջ գտնվող յուրաքանչյուր թմրամոլի` մեկ տարվա կտրվածքով բժշկական դիտարկումների թիվն է`
1) 1-ին խումբ` թմրամոլություն (ռեմիսիա մինչև 1 տարի)` 12 դիտարկում.
2) 2-րդ խումբ` թմրամոլություն (ռեմիսիա 1-2 տարի)` 8 դիտարկում.
3) 3-րդ խումբ` թմրամոլություն (ռեմիսիա 2-3 տարի)` 6 դիտարկում.
4) 4-րդ խումբ` թմրամոլություն (ռեմիսիա 3-4 տարի)` 4 դիտարկում.
5) 5-րդ խումբ` թմրամոլություն (ռեմիսիա 4-5 տարի)` 2 դիտարկում: