Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻ ...

 

27.12.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին

 

ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային և լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 13.12.19 ՀՕ-292-Ն օրենք)

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության և մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը.

2) զինվորական հաստատություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի գործունեություն իրականացնող զինվորական մարմին, որի գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների և գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ.

3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը և գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն.

4) զորամասի պայմանական համար` զորամասին տրվող թվերի հաջորդականություն:

(2-րդ հոդ. փոփ. 13.12.19 ՀՕ-292-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3. Զորամասի ստեղծումը

 

1. Զորամասը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

2. Զորամասի ստեղծման հրամանով հաստատվում են զորամասի`

1) իրական անվանումը և պայմանական համարը.

2) տեղաբաշխման վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զորամասի ստեղծման վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված կարգով կարող են համարվել պետական գաղտնիք:

 

Հոդված 4. Զորամասի գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Զորամասի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը և այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:

2. Զորամասում զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

3. Զորամասի գտնվելու վայրը նրա մշտական տեղաբաշխման վայրն է:

4. Զորամասն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և զորամասի պայմանական համարով կլոր կնիք, կարող է ունենալ զորամասի պայմանական համարով ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Զորամասն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

5. Զորամասի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զորամասին հանձնված (ամրացված) գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում:

6. Զորամասի կողմից իրեն հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ իրավունքը ներառում է գույքն ինքնուրույն օգտագործելու և տիրապետելու իրավունքը: Զորամասն իրավունք չունի իրեն հանձնված (ամրացված) գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման: Սույն մասով նախատեսված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու սահմանափակումը չի տարածվում օրենքով սահմանված զինծառայողների հանդերձանքի ապահովության վրա:

7. Զորամասին հանձնված (ամրացված) գույքին հասցված վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Զորամասի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից: Զորամասի ֆինանսական գործառնություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական կառավարման և հսկողության գործընթացը կարգավորող այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

9. Զորամասերի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Զորամասի պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, զորամասի կանոնադրությամբ:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերապահված իրավասությունների սահմաններում զորամասը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ:

 

ԳԼՈՒԽ 3
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 5. Ռազմաբժշկական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները (այսուհետ` ռազմաբժշկական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաբժշկական հաստատության`

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաբժշկական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաբժշկական հաստատությունների տեսակներն են` հոսպիտալները, առանձին բժշկական ջոկատները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները, հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները:

5. Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում են օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնության և սպասարկման գործունեությունն իրականացնում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակների կազմակերպման ձևերին համապատասխան:

6. Ռազմաբժշկական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաբժշկական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

7. Ռազմաբժշկական հաստատությունները կարող են իրականացնել նաև քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում, որի կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ նորմատիվ հրամանով:

 

i
Հոդված 6. Ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունները (այսուհետ` ռազմաուսումնական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաուսումնական հաստատության`

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

i

3. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաուսումնական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաուսումնական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաուսումնական հաստատություններն իրականացնում են միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր` օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաուսումնական հաստատությունների կողմից կրթության գործընթացը կազմակերպվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական կրթական չափորոշիչներին և կրթական ծրագրերին համապատասխան: Ռազմաուսումնական հաստատության գործունեության և կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները կարող են գործել համազորային կամ ռազմագիտական համալսարանի կամ ինստիտուտի ձևով:

6. Ռազմաուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաուսումնական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

8. Սույն հոդվածի համաձայն` ռազմաուսումնական հաստատությունների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմերը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմագիտական բնույթի հաստատությունների ստեղծման և գործունեության իրականացման վրա:

9. Ռազմաուսումնական հաստատության կարգավիճակ կարող է տրվել նաև բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանմանը, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

 

i
Հոդված 7. Մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են հիմնարկի`

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով:

5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային և ռադիոլրատվական ծրագրերի միջոցով:

6. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ:

7. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ:

 

Հոդված 7.1. Մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները

 

1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`

1) անվանումը.

2) գտնվելու վայրը.

3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.

4) կանոնադրությունը.

5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ` պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով և չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները` հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության վրա տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայություն կազմակերպելու, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ:

(7.1-ին հոդ. լրաց. 13.12.19 ՀՕ-292-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով սահմանված զորամասերի և զինվորական հաստատությունների ստեղծման ու գործունեության հետ կապված իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. հուլիսի 14
Երևան
ՀՕ-99-Ն

 

 

pin
ՀՀ 22.06.2015
N ՀՕ-99-Ն օրենք