Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ, ՆԻՏՐԱՏՆԵՐԻ, ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

15 փետրվարի 2018 թվականի N 6

 

22. ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ, ՆԻՏՐԱՏՆԵՐԻ, ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի իրականացման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. փետրվարի 15-ի նիստի

N 6 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ, ՆԻՏՐԱՏՆԵՐԻ, ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Զարգացած երկրներում մնացորդային քանակները արտադրողների կողմից հսկվում են Կոդեքս Ալիմենտարիուսի կողմից հաստատված «Պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա» ծրագրի օգնությամբ:

2. Զարգացող երկրներում մնացորդների մոնիթորինգի ծրագրերն ունեն առավելապես արտահանմանը նպատակաուղղված արտադրությունների զարգացման նպատակ և հանդիսանում են միջազգային առևտրի խոչընդոտների հաղթահարման միջոց, միաժամանակ, սույն տվյալները կարող են օգտագործվել ազգաբնակչության առողջության ռիսկի գնահատման նպատակով:

3. Միջազգային առևտուր իրականացնելու ժամանակ պետք է հաշվի առնել գործընկեր երկրի չափորոշիչները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Սույն ծրագրի նպատակն է` մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բուսական ծագման մթերքում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների (այսուհետ` նյութեր) մնացորդային քանակները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (այսուհետ ԳՁՕ) պարունակող մթերքները` հավաստելու, որ ինչպես ներմուծված, այնպես էլ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում նյութերի մնացորդային քանակներ, կամ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված մնացորդային քանակները, պարզել նաև, թե արդյոք դրանք չեն պարունակում ԳՁՕ:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքում ԳՁՕ պարունակող մթերքների հայտնաբերումը, մնացորդային քանակների ուսումնասիրումը, վերջիններիս խմբավորումը` ըստ պարունակության, թիրախային շրջանների, մթերքի տեսակային կազմի որոշումը և տվյալների բազայի ստեղծումը` աշխարհագրատեղեկատվական համակարգերի օգնությամբ:

6. Ծրագրի խնդիրներից է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքում ԳՁՕ պարունակող մթերքների, մնացորդային քանակների ուսումնասիրումը, վերջիններիս խմբավորումը` ըստ պարունակության և ըստ երկրների` հավանական մնացորդային նյութերի ցանկի որոշումը և մթերքի սահմանումը` հաշվի առնելով RASF համակարգում հրապարակվող տեղեկատվությունը:

7. Այսօր Հայաստանի Հանրապետությունում առաջնային արտադրությունում որակի կառավարման նախադրյալ ծրագրեր չեն կիրառվում, այդ իսկ պատճառով պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման օրինակելի ձևաչափեր չկան, ինչը ռիսկային գործոն է բուսական ծագում ունեցող սննդամթերքում մնացորդային քանակների առկայության տեսանկյունից:

8. Դեռևս 1970 թվականի սկզբներին Հայաստանում արգելվել է վտանգավոր քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչը հանգեցրել է հանրապետության տարածքում ժամկետանց և արգելված պեստիցիդների պաշարների կուտակմանը: 80-ականների սկզբին դրանց թաղման համար Հայաստանում առանձնացվել է հատուկ տարածք: Ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Տարածքը գտնվում է սողանքային գոտում, հողը սահում է, վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ կան գյուղատնտեսական նշանակության հողեր և որտեղ զբաղվում են հողագործությամբ:

9. Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության և ԳՁՕ պարունակող մթերքների ուսումնասիրության ծրագրեր նախկինում չեն իրականացվել, առաջնային հումքի իրացման շուկան պետական վերահսկողության առաջնային թիրախներից չի հանդիսացել, այդ իսկ պատճառով պետք է բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողությունն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի` հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների և պատճառների բացահայտումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

10. Ծրագրի իրականացման ռիսկերն են`

1) հետագծելիության սկզբունքի ապահովման պայմանների բացակայություն.

2) ՀՀ տարածք ներմուծված և տեղում արտադրված մթերքներում մնացորդային նյութերի և ԳՁՕ-ի վերահսկողության լիարժեք փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավություն.

3) առաջնային արտադրությունում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա ծրագրի չկիրառելը.

4) պեստիցիդների պատշաճ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների թույլ կարողությունները, գյուղատնտեսական մթերքների արտադրության գործընթացում օգտագործված նյութերի տեսակային կազմի քանակական և ժամանակահատվածային վիճակագրության բացակայությունը, մինչ այժմ բուսական ծագման մթերքի համընդհանուր ուսումնասիրության բացակայությունը:

11. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են`

1) ՀՀ տարածքում իրացվող բուսական ծագման մթերքի հետագծելիության սկզբունքի ապահովման պայմանների բացակայության ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ներմուծվող մթերքից նմուշառումը իրականացնել սահմանային հսկիչ կետում, իսկ տեղական արտադրանքի նմուշառումն իրականացնել այն իրացման կետերից, որտեղից հնարավոր է ճշտել տվյալ մթերքի աճեցման վայրը:

2) Առաջնային արտադրությունում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա ծրագրի չկիրառելու հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել հողօգտագործողների և ֆերմերների գյուղատնտեսական ունակությունները, այն կարող է իրականացվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) մարզային կենտրոնների կողմից` խորհրդատվությունների միջոցով:

3) Պեստիցիդների պատշաճ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների թույլ կարողությունների, գյուղատնտեսական մթերքների արտադրության գործընթացում օգտագործված նյութերի տեսակային կազմի քանակական և ժամանակահատվածային վիճակագրության բացակայության, ինչպես նաև մինչ այժմ բուսական ծագման մթերքի համընդհանուր ուսումնասիրության բացակայության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի իրականացման հետ զուգահեռ ակտիվ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների և խոշոր ֆերմերների հետ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

12. Ներմուծված բուսական ծագման մթերքի մոնիթորինգի ընթացքում նմուշառումը և փորձաքննությունն իրականացվում է` հաշվի առնելով տվյալ երկրում օգտագործվող և առավել հանդիպող պեստիցիդների ցանկը և սննդի ու անասնակերի անվտանգության արագ արձագանքման համակարգի հաշվետվությունները:

13. Հայաստանի Հանրապետությունում արտադրված մթերքում մնացորդային նյութերի քանակների և ԳՁՕ-ի հսկողությունն իրականացվում է Ծառայություն Երևանի և մարզային կենտրոնների աշխատակիցների կողմից: Նմուշառումը կատարվում է ինչպես առաջնային արտադրության կազմակերպություններում, այնպես էլ իրացման և վերամշակման արտադրամասերում, քանի որ այլ պարագայում հնարավոր չէ ապահովել հետագծելիություն:

14. Փորձարկման լաբորատորիաները, որոնք ընդգրկված են պետական վերահսկողության շրջանակում անցկացվող պեստիցիդների լաբորատոր փորձաքննության ցանցում, անվտանգության տվյալներ ստեղծելու համար ներդնում են պատշաճ լաբորատոր գործունեության (այսուհետ` ՊԼԳ) սկզբունքների վրա հիմնված համակարգ:

15. Փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին:

16. Կիրառված մեթոդների նկարագրությունը, ներառյալ` սարքավորումների, օգտագործված նյութերի և փորձարկման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը, պետք է տրամադրվեն Ծառայությանը:

17. Մեթոդի նկարագրությունը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

1) մեթոդի սկզբունքը (այդ թվում` մեթոդի առանձնահատկությունը).

2) մեթոդի ամփոփումը, սարքավորումներ/ռեագենտներ (այդ թվում` ռեագենտի կայունության վերաբերյալ տեղեկատվությունը).

3) ստանդարտ նմուշի մաքրության երաշխավորման ամբողջական տվյալներ.

4) նմուշի պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ` ջերմաստիճանը և պահպանման ժամկետը).

5) նմուշի նախնական մշակման տեխնիկան (ներառյալ նմուշի չափը, նմուշների քանակը).

6) անալիտիկ ընթացակարգը (ներառյալ մզվածքի պատրաստման տեխնիկան, օգտագործված սարքավորումները).

7) ստուգաճշտման տվյալները.

8) քրոմատոգրերի վերծանում.

9) քրոմատոգրերի տպվածքները:

18. Մնացորդային նյութերի փորձաքննության մեթոդները կարող են պահանջվել մի շարք ուսումնասիրությունների համար, այն է`

1) մնացորդային նյութերի վերաբերյալ հետազոտություններ.

2) բուսական ծագում ունեցող մթերքներում մնացորդային նյութերի ռիսկի գնահատում.

3) տվյալների ուսումնասիրում և մշակում:

19. Անալիտիկ մեթոդները պետք է լինեն զգայուն: Պետք է օգտագործվեն քրոմատոգրաֆիկ մեթոդներ, գազային քրոմատոգրաֆիա - մաս սպեկտրոմետրիա կամ հեղուկային քրոմատոգրաֆիա - մաս սպեկտրոմետրիա:

20. Պտուղ - բանջարեղենի նմուշառումը նպատակաուղղված է լայն սպառում ունեցող մթերքներին: Որոշակի սննդամթերքի խմբերից նմուշները վերցվում են պատահականության սկզբունքով:

21. Հատիկաընդեղենի նմուշառման ժամանակ ուշադրությունը կենտրոնացվում է այն տեսակների վրա, որոնց մեջ մնացորդային նյութերի քանակների ավելացումը պայմանավորված է բերքահավաքից հետո պեստիցիդների կիրառման հետ: Սույն նպատակով կիրառման տեսանկյունից ավելի նպատակահարմար է նմուշառումն իրականացնել աղման, կոտրման, ալյուրի պատրաստման կազմակերպություններում:

22. Նմուշառումն իրականացվում է այնպես, որ խմբաքանակից վերցված նմուշը հնարավոր լինի փորձարկել երաշխավորված մեթոդների պահանջներին համապատասխան, բացի այդ` նմուշը պետք է արտացոլի ընդհանուր խմբաքանակում մնացորդային նյութերի քանակների պարունակությունը:

23. Որպես կանոն` մնացորդային նյութերի հայտնաբերման նպատակով կատարվող նմուշառումը պետք է հիմնված լինի պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա (ՊԳՊ) ծրագրի տվյալների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ՊԳՊ ծրագիրը դեռևս չունի համընդհանուր տարածում, և մնացորդային քանակների վերահսկողությունն իրականացվում է առաջին անգամ, նմուշառումը պետք է իրականացնել համընդհանուր` ըստ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերում առկա ծանր մետաղների կազմի:

24. Նմուշների տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` կողմնակի աղտոտումից խուսափելու համար, քանի որ վերջիններս անմիջական ազդեցություն են թողնում վերջնական փորձարկումների արդյունքների վրա:

25. Յուրաքանչյուր խմբաքանակից վերցված նմուշ նմուշառվում է առանձին:

26. Առաջնային նմուշների հավաքը կատարվում է խմբաքանակի ողջ ծավալից:

27. Նմուշների տեղափոխումը կատարվում է մաքուր, չեզոք տարաներով: Տարան պետք է լինի զմռսված, մակնշված և նմուշառման արձանագրությունը` կցված:

28. Ծրագրի արդյունավետ իրականացման միջոցառումների կատարման ժամկետները համաձայն N 1 աղյուսակի:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Միջոցառում        |Ժամկետ            |Պատասխանատվու- |Ֆինանսական |

|   |                  |                  |թյուն          |միջոցներ   |

|   |                  |                  |               |(հազ. դրամ)|

|___|__________________|__________________|_______________|___________|

|1. |Բուսական ծագման   |յուրաքանչյուր     |Գնումների մասին|    35200.0|

|   |մթերքների         |տարվա 1-ին        |օրենսդրությամբ |           |

|   |պեստիցիդների      |կիսամյակ-ընդհանուր|սահմանված      |           |

|   |փորձաքննություն   |թվի 40%           |կարգով հաղթող  |           |

|   |                  |յուրաքանչյուր     |ճանաչված կազմա-|           |

|   |                  |տարվա 2-րդ        |կերպություն    |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|(այսուհետ`     |           |

|   |                  |թվի 60%           |Կազմակերպու-   |           |

|   |                  |                  |թյուն),        |           |

|___|__________________|__________________|_______________|___________|

|2. |Բուսական ծագման   |յուրաքանչյուր     |Կազմակերպու-   |      660.0|

|   |մթերքների         |տարվա 1-ին        |թյուն          |           |

|   |նիտրատների        |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |փորձաքննություն   |թվի 40%           |               |           |

|   |                  |յուրաքանչյուր     |               |           |

|   |                  |տարվա 2-րդ        |               |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |                  |թվի 60%           |               |           |

|___|__________________|__________________|_______________|___________|

|3. |Բուսական ծագման   |յուրաքանչյուր     |Կազմակերպու-   |     6864.0|

|   |մթերքների ծանր    |տարվա 1-ին        |թյուն          |           |

|   |մետաղների         |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |փորձաքննություն   |թվի 40%           |               |           |

|   |                  |յուրաքանչյուր     |               |           |

|   |                  |տարվա 2-րդ        |               |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |                  |թվի 60%           |               |           |

|___|__________________|__________________|_______________|___________|

|4. |Բուսական ծագման   |յուրաքանչյուր     |Կազմակերպու-   |     2640.0|

|   |մթերքների         |տարվա 1-ին        |թյուն          |           |

|   |գենետիկորեն       |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |ձևափոխված         |թվի 45%           |               |           |

|   |օրգանիզմների (ԳՁՕ)|յուրաքանչյուր     |               |           |

|   |փորձաքննություն   |տարվա 2-րդ        |               |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|               |           |

|   |                  |թվի 55%           |               |           |

|___|__________________|__________________|_______________|___________|

|5. |Մնացորդային       |յուրաքանչյուր     |ՀՀ գյուղա-     |      394.4|

|   |նյութերի փորձա-   |տարվա 1-ին        |տնտեսության    |           |

|   |քննությունների    |կիսամյակ-ընդհանուր|նախարարությունը|           |

|   |համար անհրաժեշտ   |թվի 40%           |սննդամթերքի    |           |

|   |նմուշների         |յուրաքանչյուր     |անվտանգության  |           |

|   |ձեռքբերում        |տարվա 2-րդ        |պետական        |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|ծառայություն   |           |

|   |                  |թվի 60%           |               |           |

|___|__________________|__________________|_______________|___________|

|6. |ԳՁՕ փորձաքննու-   |յուրաքանչյուր     |ՀՀ գյուղա-     |       44.5|

|   |թյունների համար   |տարվա 1-ին        |տնտեսության    |           |

|   |անհրաժեշտ         |կիսամյակ-ընդհանուր|նախարարությունը|           |

|   |նմուշների         |թվի 45%           |սննդամթերքի    |           |

|   |ձեռքբերում        |յուրաքանչյուր     |անվտանգության  |           |

|   |                  |տարվա 2-րդ        |պետական        |           |

|   |                  |կիսամյակ-ընդհանուր|ծառայություն   |           |

|   |                  |թվի 55%           |               |           |

._____________________________________________________________________.

 

VI. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

29. Ֆինանսական գնահատական` ծրագիրն իրենից ներկայացնում է միջոցառումների համախումբ, որը նախատեսվում է իրականացնել 3 տարի անընդմեջ, իսկ հետագա տարիներին միայն այն սննդամթերքի նկատմամբ, որոնք նախորդ տարիներին եղել են բարձր ռիսկային խմբերում: Ծրագրի արդյունավետ իրականացման և ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր միջոցառումը և նախատեսել համապատասխան ֆինանսավորման չափ վերջինիս իրականացման համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ փորձարկումներ երբևէ չեն իրականացվել, կատարվել է նախնական գնահատում: Ըստ նախնական գնահատումների` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45.802.9 հազ. դրամ:

30. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին:

 

VII. ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

31. Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական` Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևան քաղաքից տարեկան նմուշառված բուսական ծագման սննդամթերքի 550 նմուշների ուսումնասիրություն,

2) որակական

ա. ՀՀ ներմուծվող բուսական ծագման սննդամթերքում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակների և ԳՁՕ-ի առկայության նկատմամբ հետազոտություն.

բ. ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման սննդամթերքում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակների և ԳՁՕ-ի առկայության նկատմամբ հետազոտություն.

գ. Հանրային իրազեկում և սպառողների առավելագույն պաշտպանություն մնացորդային նյութերի անթույլատրելի քանակներից և ԳՁՕ-ից:

32. Վերը նշված արդյունքների ապահովումը կբերի մնացորդային նյութերի քանակների և ԳՁՕ-ի հայտնաբերման և ռիսկի գնահատման ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնիկական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այդ վիճակի շարունակական պահպանմանը, ինչը զգալի ազդեցություն կունենա սպառողների կյանքի և առողջության պաշտպանության գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ավելացնել արտահանման ծավալները և նոր շուկաներ նվաճել:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Բուսական ծագման սննդամթերքում պեստիցիդների,      |

|                   |նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակների |

|                   |և  գենետիկորեն ձևափոխված  օրգանիզմների           |

|                   |առկայության նկատմամբ մոնիթորինգային հսկողություն |

|___________________|_________________________________________________|

|Համառոտ            |Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ինչպես   |

|նկարագրությունը    |նաև  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող        |

|                   |բուսական ծագման սննդամթերքում պեստիցիդների,      |

|                   |նիտրատների և  ծանր մետաղների մնացորդային         |

|                   |քանակների և  գենետիկորեն ձևափոխված  օրգանիզմների |

|                   |առկայությունը բացահայտելու նպատակով նմուշառում և |

|                   |նմուշների հետազոտություն                         |

|___________________|_________________________________________________|

|Նպատակը/           |Հայաստանի Հանրապետությունում բացահայտել          |

|կարևորությունը     |արտադրվող, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետություն |

|                   |ներմուծվող բուսական ծագման սննդամթերքում         |

|                   |պեստիցիդների, նիտրատների և  ծանր մետաղների       |

|                   |մնացորդային քանակները և  ԳՁՕ առկայությունը       |

|                   |(այսուհետ`) պարունակող մթերքներ` հավաստելու, որ  |

|                   |ինչպես ներմուծված, այնպես էլ տեղական արտադրության|

|                   |բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի           |

|                   |պարունակում պեստիցիդների, նիտրատների և  ծանր     |

|                   |մետաղների մնացորդային քանակներ, կամ վերջիններիս  |

|                   |պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենսդրությամբ|

|                   |սահմանված մնացորդային քանակները, պարզել նաև,  թե |

|                   |արդյոք դրանք չեն պարունակում ԳՁՕ                 |

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես      |

|հավաքագրումը/      |մոնիթորինգ իրականացնողներից` գնումների մասին     |

|աղբյուրը           |օրենսդրությամբ սահմանված կարգով հաղթող ճանաչված  |

|                   |կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն),    |

|                   |այնպես էլ Ծառայության համապատասխան               |

|                   |ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվելիք |

|                   |հարցումների ու դիտարկումների արդյունքում:        |

|                   |Տեղեկատվությունը հավաքագրվելու և  վերլուծվելու է |

|                   |Ծրագրի իրականացման համար պատասխանատու            |

|                   |ստորաբաժանման կողմից:                            |

|___________________|_________________________________________________|

|Հաշվարկման մեթոդը  |Ընտրվել են հանրապետությունում լայն սպառում       |

|                   |ունեցող բուսական արտադրանքի տեսակները:           |

|                   |Մոնիթորինգի ենթակա ցուցանիշները /նիտրատ, ծանր    |

|                   |մետաղ, պեստիցիդ և  ԳՁՕ, որոնք առավել ռիսկային են |

|                   |և  ունեն լայն կիրառում:                          |

|                   |Մոնիթորինգի ենթակա ցուցանիշների նկատմամբ         |

|                   |հետազոտությունների գինը:                         |

|___________________|_________________________________________________|

|Տեղեկատվության     |Սահմանափակումը գործնականում բացակայում է:        |

|սահմանափակումները  |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Ցուցանիշի տեսակը   |Ցուցանիշը չափում է Ծրագրի իրականացման ուղղակի    |

|                   |արդյունքը                                        |

|___________________|_________________________________________________|

|Չափման միավորը     |հատ նմուշ, նմուշի քաշը կգ-ով:                    |

|___________________|_________________________________________________|

|Ներկայացման եղանակը|Հետազոտությունների կատարողականները ներկայացվում  |

|                   |են կուտակային եղանակով                           |

|___________________|_________________________________________________|

|Հաշվետվողականության|Ամսական, եռամսյակային և  տարեկան                 |

|ցիկլը              |                                                 |

|___________________|_________________________________________________|

|Թույլատրելի շեղումը|Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների |

|                   |մինչև  20 տոկոսային կետով շեղումը համարվում      |

|                   |թույլատրելի, կախված ՀՀ տարածք ներմուծված և       |

|                   |տեղում արտադրված մթերքներում մնացորդային նյութերի|

|                   |և  ԳՁՕ-ի վերահսկողության վերաբերյալ ստացված կամ  |

|                   |առկա տեղեկատվությունից, ընթացքից,                |

|                   |բուսասանիտարական իրավիճակից                      |

|___________________|_________________________________________________|

|Պատասխանատվությունը|Ցուցանիշի ձեռք բերման և  հաշվետվողականության     |

|                   |համար պատասխանատու է Կազմակերպությունը և         |

|                   |Ծառայությունը (համապատասխան ստորաբաժանումը)      |

._____________________________________________________________________.

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է ծրագրի մոնիթորինգի և հաշվետվողականության իրականացումը: Մոնիթորինգի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը պարբերաբար կիրականացնի ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրություն: Նմուշառում կատարողները և հետազոտություն իրականացնողները կներկայացնեն պարբերական հաշվետվություններ, որի պարբերականությունը կսահմանի Ծառայությունը:

34. Մոնիթորինգի ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ փոխկապակցված գործառույթները.

1) գնահատել, թե որքանով են կատարվում ծրագրում նախանշված գործողությունները, բացահայտել ծրագրում նախանշված և իրականացված գործողությունների արդյունքը, ինչպես նաև համեմատել ակնկալվող արդյունքի հետ.

2) բացահայտել չկատարման կամ թերացումների պատճառները և ձեռնարկել ուղղիչ գործողություններ:

35. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում առաջին անգամ է նման համընդհանուր ուսումնասիրություններ արվելու, ուստի նմուշների քանակի և նմուշառման տեղանքի ընտրությունը կատարվել է հիմք ընդունելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական ռեգիստրում առկա ՀՀ տարածքում աճեցվող առանձին տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ մեթոդաբանությունը ընտրվել է համաձայն միջազգային պրակտիկայում համանման մոնիթորինգային ծրագրերի մեթոդաբանության:

36. Ծրագրով նախատեսվում է իրականացնել թվով 3410 փորձաքննություն, որը համարվում է հետազոտությունների համար բավարար քանակ իսկ արդյունքները` ներկայացուցչական.

1) պեստիցիդների մնացորդներ` 2200 փորձաքննություն.

2) ծանր մետաղների մնացորդներ` 880 փորձաքննություն.

3) նիտրատների մնացորդներ` 220 փորձաքննություն.

4) գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ` 110 փորձաքննություն:

37. Փորձաքննությունն իրականացվում են համաձայն N 2 աղյուսակում նշված մեթոդների:

 

Աղյուսակ N 2

.____________________________________________.

|Ցուցանիշ                | Փորձարկման մեթոդ  |

|________________________|___________________|

|Գենետիկորեն ձևափոխված   |ԳՕՍՏ Ռ 52173-2003  |

|օրգանիզմներ (ԳՁՕ)       |ԳՕՍՏ Ռ 53244-2008  |

|                        |ՄՈՒԿ 4.2.23.04-07  |

|                        |ՄՈՒԿ 4.2.2305-07   |

|________________________|___________________|

|Նիտրատների զանգվածային  |ՄՈՒԿ 5048-89       |

|մասի որոշում            |                   |

|________________________|___________________|

|Պեստիցիդների մնացորդային|ՀՍՏ ԵՆ 12393-1-2012|

|քանակների հայտնաբերում  |ՀՍՏ ԵՆ 12393-2-2011|

|                        |ՀՍՏ ԵՆ 12393-3-2011|

|                        |ԳՕՍՏ 30349-96      |

|________________________|___________________|

|Կապար                   |ԳՕՍՏ ԵՆ 14083-2013 |

|________________________|___________________|

|Արսեն                   |ԳՕՍՏ Ռ 51766-2001  |

|________________________|___________________|

|Կադմիում                |ԳՕՍՏ ԵՆ 14083-2013 |

|________________________|___________________|

|Սնդիկ                   |ԳՕՍՏ Ռ 53183-2008  |

.____________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2018
N 6
Արձանագրային որոշում