ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 51
41. «Հին Խնձորեսկ» 2018-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`
1) լիազորությունների շրջանակներում աջակցել գործող օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակներում արտոնությունների տրամադրման գործընթացին.
2) լիազորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերում անհրաժեշտ թույլտվությունների ստացման գործընթացին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`
1) աջակցել ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ուղղությունների առաջխաղացմանը.
2) քննարկել և աջակցել Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տեղեկատվական կենտրոնի բացմանը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին`
1) քննարկել և ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի` Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչև հին գյուղի «Քարանձավ» հյուրանոց հատվածում ընկած ճանապարհի (մոտ 2 կմ) ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» ծրագրում կամ Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում ներառելու համար.
2) համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչև «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածք օպտիկաթելքային մալուխ անցկացնելու հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` քննարկելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ`
1) աջակցել «Ժայռ» համալիրի հողատարածքների համապատասխան նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելու հարցում.
2) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 1, 2, 3, 4, 5 և 6 տարածքների վերականգնման և օգտագործման համար պայմանագիր կնքելու հարցում.
3) աջակցել սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 7-րդ տարածքը, ինչպես նաև Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը ներդրողի կողմից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռք բերելու համար:
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն ծրագրում ընդգրկված Հին Խնձորեսկի 145 հեկտար տարածքում առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքից սույն որոշման հավելվածով հաստատված ծրագրի N 3 հավելվածի 3-րդ կետում ընդգրկված 4,6768 հեկտար տարածքում` 99 տարի ժամկետով, պատմամշակութային հուշարձանների պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական գործունեության ծավալման սահմանափակման հնարավորության, ինչպես նաև տարածքների ապօրինի կառուցապատման և հետագա օրինականացման կանխման հարցերի վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` համապատասխան ընկերությունների հետ քննարկել մինչև Խնձորեսկի հին ջրաղացի հրապարակն էլեկտրականության անցկացնելու և ենթակայան կառուցելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017թ. դեկտեմբերի 7-ի նիստի
N 51 արձանագրային որոշման
«ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2018-2025թթ.
ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Մարզի ոլորտային նկարագիր
Սյունիքի մարզ. պատմամշակութային արժեքներ և զբոսաշրջություն
Սյունիքի մարզը հայտնի է ինչպես գեղատեսիլ և առողջարար բնությամբ, այնպես էլ հնագույն պատմամշակութային արժեքներով և բնության հուշարձաններով:
Զբոսաշրջության առավել հայտնի վայրերն են Տաթևի վանական համալիրը և աշխարհում ամենաերկար ճոպանուղին, Քարահունջի հազարամյա աստղադիտարանը և Զորաց քարերը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, ՈՒխտասար լեռը, որտեղ պահպանվել են 12 հազար տարվա ժայռապատկերներ: Հետաքրքրաշարժ են նաև Հին Հալիձորի բերդը և Վահանավանքը Կապանի շրջանում:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Հին Խնձորեսկ գյուղն իր հարյուրավոր ժայռափոր քարանձավային կացարաններով, հնագույն եկեղեցիներով ու տասնյակ աղբյուրներով:
Մարզն աչքի է ընկնում նաև հին ավանդույթների և Սյունիքի կոլորիտի պահպանմամբ: Հատկապես հետաքրքրաշարժ է Գորիս քաղաքը` իր յուրահատուկ ճարտարապետությամբ և արհեստների շուկայով:
Վերջին տարիներին զգալի զարգացում է ապրել զբոսաշրջությունը. կառուցվել են փոքր և հարմարավետ հյուրատներ/հյուրանոցներ, կազմակերպվում են տարբեր համայնքային փառատոներ, զարգանում է լեռնագնացությունն ու էկոտուրիզմը:
.__________________________________.
| Հետաքրքրաշարժ զբոսաշրջություն |
| |
| Պատմամշակութային արժեքներ |
| . Տաթևի վանական համալիր |
| . Տաթևի ճոպանուղի |
| . Քարահունջի աստղադիտարան և |
| Զորաց քարեր |
| . Հին Խնձորեսկ. 11-18դդ հին |
| եկեղեցիներ, |
| Մխիթար սպարապետի դամբարան, |
| քարանձավային բնակարաններ, 2000 |
| տարվա պանրի արտադրամաս |
| . Հին Գորիսի հնագույն ամֆիթատրոն|
| . Ձիարշավներ |
| Փառատոներ |
| Հալիձորի «Ոչխարների խուզման» |
| Սիսիանի «Ազնվամորու» |
| Գորիսի «Սյունաց ավանդույթներ» |
| Քարահունջի «Թթի օղու» |
| «Սպարապետի օր» Խնձորեսկում |
.__________________________________.
Ներդրումային ծրագրի նպատակը
Չնայած Սյունիքում առկա զբոսաշրջության դրական միտումներին` հնարավորությունները դեռևս մնում են սահմանափակ մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից:
Թեև վերջին տարիներին մի շարք հյուրանոցների և հյուրատների ստեղծմանը` բացակայում են միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցները:
Սյունիքում առկա են պատմամշակութային արժեքներ և բնության հուշարձաններ, սակայն վերջիններս պատշաճ ներկայացված չեն:
Ներդրումային ծրագրի գլխավոր նպատակն է
. Վերականգնել Սյունիքի մարզի Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքները;
. Խթանել մարզում զբոսաշրջության հոսքի զգալի մեծացմանը ու բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը` կառուցելով ֆունիկուլյոր, ակտիվ հանգստի համալիրներ, վերականգնելով առկա հին ենթակառուցվածքները;
. Գորիս քաղաքը դարձնել մշակութային զբոսաշրջության ակտիվ կենտրոն` կառուցելով միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոց և կից ենթակառուցվածքներ;
. Զարգացնել Էկոտուրիզմը;
. Նպաստել ծրագրում ներառված համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով տեղաբնակների կողմից գյուղատնտեսական արտադրության զարգացմանը:
Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ներդրումային ուղղությունները.
1. Միջազգային չափանիշներով հյուրանոցային համալիր Գորիսում;
2. «Ժայռ» համալիր;
3. Ֆունիկուլյոր (երկաթուղի);
4. Խնձորեսկ գյուղի ջրաղացի հրապարակի, գյուղատնտեսական շուկայի և աշտարակի կառուցում;
5. Հին Խնձորեսկ համալիր;
6. Հին Գորիս;
7. Zip Line և արկածային զբոսաշրջություն;
8. «Առողջապահական և վերականգնողական կենտրոն» Գորիս քաղաքում:
Ամփոփ տեղեկատվություն ներդրումների ծավալների և աշխատատեղերի
վերաբերյալ
._________________________________________________.
|Հիմնական ուղղություն |Ներդրում- |Նոր |
| |ների ծավալ |աշխատա- |
| | |տեղերի |
| | |ստեղծում|
|____________________________|___________|________|
|Գորիսի հյուրանոցային համալիր| 6 մլն $| 100|
|____________________________|___________|________|
|«Ժայռ» համալիր | 1,25 մլն $| ~70-80|
|____________________________|___________|________|
|Երկաթուղի / ֆունիկուլյոր | 11 մլն $| ~~30|
|____________________________|___________|________|
|Խնձորեսկի ջրաղացի հրապարակի,| 1.2 մլն $| 50-70|
|գյուղատնտեսական շուկայի և | | |
|աշտարակի կառուցում | | |
|____________________________|___________|________|
|Հին Խնձորեսկի Ակնաղբյուրի | 1 մլն $| 30|
|կենտրոնական հրապարակի և | | |
|ենթակառուցվածքների կառուցում| | |
|____________________________|___________|________|
|207 մ երկարությամբ նոր | 0.7 մլն $| |
|ճոճվող կամուրջի կառուցում | | |
|«Ինը մանուկ» աղբյուրի | | |
|վերնամասից մինչև | | |
|Մ. Սպարապետի դամբարանադաշտի | | |
|վերնամաս | | |
|____________________________|___________|________|
|Գործող ճոճվող կամրջի | 0.1 մլն $| |
|վերանորոգում | | |
|____________________________|___________|________|
|Freelancer-ների համար 50 | 2 մլն $| 30|
|Քարայրների և ժողովրդական | | |
|տների կառուցում | | |
|____________________________|___________|________|
|Հին Խնձորեսկ և Հին Գորիս | 0,5 մլն $| 30|
|պատմամշակութային արժեքների | | |
|մասնակի վերականգնում, | | |
|լուսավորության և | | |
|հաղորդակցման արահետների | | |
|կառուցում | | |
|____________________________|___________|________|
|Zip Line և էքստրեմալ | 0,75 մլն $| ~~30|
|հանգստի գոտի | | |
|____________________________|___________|________|
|Առողջապահական և | 1 մլն $| ~~30|
|վերականգնողական կենտրոն | | |
|____________________________|___________|________|
|Ընդհանուր |25-26 մլն $|~400-430|
._________________________________________________.
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում 2018-2025թթ ընդհանուր ժամանակահատվածում ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի հետևյալ դրական արդյունքին
. Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ` հասցնելով տարեկան մոտ 400-500 հազար այցելուի;
. Յուրաքանչյուր զբոսաշրջիկ օրական միջինում ծախսում է մոտ $ 70 գումար;
. Մարզի ՀՆԱ-ն զբոսաշրջությունից կավելանա տարեկան մոտ $ 28 մլն;
. Ծրագրի արդյունքում 400-430 նոր աշխատատեղ մարզում;
. Ծրագրում ընդգրկված համայնքների տնտեսական զարգացում;
. Գյուղմթերքների գնման ծավալների աճ սպասարկման և սննդի օբյեկտների կողմից;
. Խնձորեսկ գյուղի ջրաղացի հրապարակում գյուղմթերքների շուկայի ստեղծում և անվճար տաղավարների տրամադրում, որը կնպաստի համայնքի բնակիչների զբաղվածության աճին;
. Մի շարք պատմամշակութային արժեքների վերականգնում և վերաբացում:
. $ 25-26 մլն օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացում;
. 2018-2025թթ. ընթացքում $ 4.5 մլն չափով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում (Հասույթի նվազագույնը 20%-ի չափով)
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գորիսի հյուրանոցային համալիր
«Գորիս» հյուրանոցային համալիրը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնական հատվածում և հանդիսանում է քաղաքում ամենամեծը: Հյուրանոցն ունի հարմարավետ դիրք թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ գործնական նպատակով քաղաք այցելողների համար:
Գտնվելով կենտրոնական հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա` այն շատ մոտ է քաղաքի հիմնական տեսարժան վայրերին և տրանսպորտային հանգույցին:
2017թ համաձայնություն է ձեռք բերվել ֆրանսիական «AccorHotels» միջազգային հյուրանոցային ցանցի հետ` «Գորիս» հյուրանոցը ընդգրկելով AccorHotel-Tars աշխարհի 95 երկրներում գործող ցանցի մեջ: 2020-2024 թթ. «Գորիս» հյուրանոցը կվերաբրենդավորվի` գործելով «IBIS STYLE» և «Novotel» անվան տակ և համապատասխանելով միջազգային բոլոր ստանդարտներին:
Հյուրանոցն ունի 8700 ք.մ ընդհանուր մակերես և կազմված է լինելու
. Հյուրանոցային համարներ.
. տեղակայված են 3-9-րդ հարկերում;
. ներկայումս ամբողջովին շահագործման են հանձնված միջազգային ստանդարտներով 61 համար` նախատեսված 125 մեծահասակի և 25 երեխայի համար;
. 2018թ հունիսին պատրաստ կլինեն բոլոր 122 համարները 270 մեծահասակի և 30 երեխայի համար;
. Հանդիպումների և կոնֆերանս 3 սրահներ` նախատեսված 300, 70, 30 անձի համար;
. Սյունիքի ազգային սննդի կենտրոն հնաոճ ավանդական ռեստորանով` 670 ք.մ ընդհանուր մակերեսով;
. Լողավազան օլիմպիական ստանդարտներով և մարզասրահ` հագեցած գերժամանակակից մարզասարքերով;
. Մանկական բացօթյա խաղահրապարակ - ոլորտի լավագույնը հանդիսացող «KSIL» ընկերությունից (http://ksil.com/en/);
. Հանգստի և զվարճանքի ծառայություններ - ձմեռային սպորտային միջոցներ, ամառային արշավներ և ձիարշավներ:
Նման կարգի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրն իր ենթակառուցվածքներով հնարավորություն կտա ոչ միայն պատշաճ ներկայանալու մարզի ու քաղաքի հյուրերին, այլև քաղաքում կազմակերպելու միջազգային համաժողովներ ու միջոցառումներ, ինչպես նաև միջպետական հանդիպումներ:
«Առողջապահական և վերականգնողական կենտրոն»
Գորիս քաղաքն ունի առողջապահական զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալները: Քաղաքում արդեն իսկ բացվել և հաջողությամբ գործում է ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը, ուր այցելում են ոչ միայն մարզից այլև ողջ հանրապետությունից:
Հաշվի առնելով առկա նախադրյալները և հաջողված փորձը` հյուրանոցի վերնահարկում նախատեսվում է կառուցել գերժամանակակից կլինիկա հետևյալ ուղղություններով
. Ժամանակակից դիմածնոտային և էսթետիկ վիրաբուժություն բժշկական կենտրոն (http://www.estetica-clinic.de)
. Օրթոպեդիկ վիրաբուժության և վերականգնողական կենտրոն «Fachcenter fur Neurochirurgie» (http://www.prof-dr-arous.eu/)
Նախատեսվում է համագործակցություն Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ` հրավիրելով մասնագետներ, ինչպես նաև հայ մասնագետներին ուղարկելով վերապատրաստման:
Խնձորեսկի ջրաղացի հրապարակի համալիր
Նախագծի առաջին ուղղությունը հանդիսանում է Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի հիմնովին վերակառուցումն ու ընդլայնումը:
Ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցապատել 2100 ք.մ ընդհանուր մակերեսով շենք-շինություններ և ներառում է հետևյալ ուղղությունները.
. Հնաոճ ռեստորանային համալիր` բաղկացած բազմազան ուտեստներից ըստ ճաշակի, ներառյալ Սյունիքի մարզի ավանդական ճաշատեսակները: Կլինի նաև ազգային արտադրատեսակների վաճառք ավստրիական Landzeit գյուղատնտեսական շուկայի նախատիպով (https://landzeit.at/)
. Գյուղի կոլորիտին համապատասխանող հյուրատուն/հանգստավայր
. Հին ջրաղացի վերականգնում և շահագործում
. Ժողովրդական արհեստների ցուցասրահ` ներգրավելով նաև տեղացի շնորհալի երեխաներին:
Նախագծով նախատեսվում է կառուցել նաև.
. Հնաոճ աշտարակ. աշտարակի բարձրությունը կազմելու է 30 մ, ունենալու է ինչպես սանդուղք, այնպես էլ ժամանակակից վերելակ, տանիքում կառուցվելու են նորաոճ բացօթյա սրճարան և դիտակետ:
. Գյուղատնտեսական շուկա. հրապարակին կից գործելու է նաև շուկան` կառուցված ավանդական տաղավարներով, որոնք անվճար հիմունքներով տրամադրվելու են Խնձորեսկի բնակիչներին:
Հին Խնձորեսկի Ֆունիկուլյորի նախագիծ
Նախագծի հաջորդ ուղղությունը երկկողմ 1,42 կմ երկաթուղու կառուցումն է, որը անցնելու է Հին Խնձորեսկի միջով և բաղկացած է լինելու կայանման 5 հիմնական կետերից.
. Կանգառ 1 Խնձորեսկի ջրաղացի հրապարակ
. Կանգառ 2 Սբ. Թադևոս եկեղեցի
. Կանգառ 3 հին հիվանդանոց, դիտակետ
. Կանգառ 4 պանրի արտադրության տեղանք ժայռափոր քարանձավում
. Կանգառ 5 Հին Խնձորեսկի հրապարակ, Ակնաղբյուր
Երկաթուղին կազմված է լինելու երկու առանձին գնացքներից` յուրաքանչյուրը նախատեսված 70 անձի համար: Երթուղու սկիզբ է հանդիսանում նոր գյուղի ջրաղացին կից հրապարակը, իսկ ավարտը` հին գյուղի կենտրոնական մասը:
Ռուսաստանյան մասնագիտացված կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանագիր տեղանքի երկրաբանական և հիդրո-ինժեներական հետազոտություն իրականացնելու համար, աշխատանքներն արդեն իսկ իրականացվել է և տրվել է դրական եզրակացություն, որի համար ներդրվել է մոտ $ 200 հազ. գումար:
Գնացքի վագոնների և մեխանիզմների ձեռքբերման համար 2017թ. հոկտեմբերի 7-ին արդեն իսկ կնքվել է պայմանագիր «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության հետ և տրվել կանխավճար: Ներդրման ընդհանուր գումարը կազմում է $ 11 մլն. գումար: Բանակցություններ են վարվում նաև երկաթգծի այլ մասերի (ռելսեր, լարեր, գնացքի գծեր) մատակարար կազմակերպությունների հետ Ռուսաստանի Դաշնությունում:
Հին Խնձորեսկի նախագիծ
Հին Գյուղ
Նախագծով նախատեսվում է Հին Խնձորեսկ գյուղում իրականացնել նաև`
. Հին գյուղի հրապարակի կառուցապատում,
. 1200 ք.մ շենք-շինություններ, ներառյալ` հանգստյան գոտի, սրճարան, հացատուն, զբոսաշրջության սպասարկման օբյեկտներ
. 1800 ք.մ լանդշաֆտային դիզայնով հանգստի տարածք և սպասասրահ,
. Պատմամշակութային արժեքների վերանորոգում
. Տեղանքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ
. Հին հիվանդանոցի վերականգնում, դիտակետի կառուցում
. Պանրի հնաոճ արտադրության վերաբացում
. Մանվելյանների տուն-թանգարանի վերակառուցում և վերաբացում
. Մելիք Փարամազի ամրոցի վերակառուցում
. Հին գյուղի 7 թաղերի լուսավորության ապահովում, զբոսաշրջության արահետների կառուցում
Հաջորդ փուլով նախատեսվում է հետևյալ պատմամշակութային արժեքների վերականգնումը.
. 24 աղբյուր և ձիթհան
. Գյուղի 4 եկեղեցիները և Մխիթար Սպարապետի դամբարանադաշտը
ՆՈՐ ՃՈՃՎՈՂ ԿԱՄՈՒՐՋ - ծրագրով նախատեսվում է կառուցել մոտ 207 մ երկարությամբ նոր ճոճվող կամուրջ «Ինը մանուկ» աղբյուրի վերնամասից մինչև Մ. Սպարապետի դամբարանադաշտի վերնամաս: Կառուցման ժամանակահատված` 2019-2021 թթ.
ԳՈՐԾՈՂ ՃՈՃՎՈՂ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ - համապատասխանեցնելով այն անվտանգության և տեխնիկական ապահովման ժամանակակից չափանիշներին:
Ծրագրով նախատեսվում է նաև Հին Գյուղի ներսում քայլարշավների համար 20 երթուղու կառուցում, աղբյուրների, ձիթհանի, հնաոճ պանրագործարանի և հին հիվանդանոցի վերականգնում:
«Հին Գորիս» համալիր
Հին Գորիսը և հատկապես Խնձորեսկ գյուղը նույնպես հարուստ են բազմազան հնություններով և պատմամշակութային արժեքներով: Գորիսի տարածքում գտնված որոշ հնագույն գտածոներ թվագրվում են նույնիսկ մ.թ.ա 3-րդ հազարամյակով:
Գորիսի առավել պատկերավոր հնություններից է Ամֆիթատրոնը: Կառույցն այժմ գտնվում է անմխիթար վիճակում:
Ծրագրով նախատեսվում է վերականգնել ամֆիթատրոնը և դարձնել այն առավել հայտնի ու հրապուրիչ վայր ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի զբոսաշրջիկների համար:
50 Քարայրների վերակառուցում և
«Freelancer»-ի տարածքի կառուցում
Ինչպես հայտնի է Հին Խնձորեսկ գյուղը հայտնի է իր ժայռափոր քարայրներով և ժողովրդական կացարաններով: Աշխարհում շատ նմանատիպ պատմամշակութային վայրեր նոր շունչ են ստացել վերակառուցվելով գործող կացարանների զբոսաշրջիկների համար: Բացի դա աշխարհում առկա նոր միտումները կապված «Freelancer»-ների աշխատանքի հետ:
Աշխարհում հետզհետե ավելի է զարգանում ազատ գրաֆիկով աշխատողների շուկան: «Freelancer»-ները այն աշխատողներն են, ովքեր ունեն սեփական աշխատանքային ժամանակացույցը, ճկուն են աշխատելու վայրի ու ժամի ընտրության տեսանկյունից:
«Freelancer» աշխատանքը հատկապես տարածված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ցանկացած մասնագետ կարող է ընտրել աշխարհում ցանկացած կետ, որտեղ առկա է արագ ինտերնետային կապ և հանգիստ հարմարավետ պայմաններ: Ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից` «Freelancer»-ները գերադասում են ճանապարհորդել` հատկապես ընտրելով հանգիստ, բնությանը մոտ, էկոլոգիապես մաքուր տարածքներ, որտեղ հանգիստը կարող են համադրել աշխատանքի հետ:
Հաշվի առնելով նման միտումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնայնությունը Հայաստանում` նախագծի շրջանակներում նախատեսվում է Հին Խնձորեսկ գյուղի շրջակայքում ստեղծել «Freelancer»-ների տարածք ապահովված աշխատանքի համար հարմար միջավայրով և ենթակառուցվածքներով: ՈՒղղություններից մեկը կհանդիսանա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը` Սյունիքի մարզում զարգացնելով ուղղությունը:
Հաշվի առնելով աշխարհում առկա լավագույն փորձը ինչպես նաև վերը նշված միտումները` ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել 50 քարայրներ` դարձնելով դրանք հարմարավետ կացարաններ ինչպես այցելող զբոսաշրջիկների գիշերակացի, այնպես էլ «Freelancer»-ների ապրելու և աշխատելու պայմաններն ապահովելու համար:
«Քարանձավ» հյուրանոց-ժողովրդական տներ
Հնգամյա ներդրումային ծրագրից հետո հեռանկարային զարգացման ծրագրի մեջ է մտնում նաև Հին Խնձորեսկի մի քանի խոշոր ժայռափոր կացարաններում իրականացնել «Քարանձավ» հյուրանոցի կառուցում` նախատեսված մինչև 80 հյուրի համար:
Նման հյուրանոցը հնարավորություն կտա ներգրավելու առավել շատ զբոսաշրջիկներ և կլինի միակը տարածաշրջանում:
Zip Line և էքստրեմալ տուրիզմ
Հին Խնձորեսկի ողջ տարածքը հարուստ է բուսական կենսաբազմազանությամբ և շատ նպաստավոր պայմաններ կան ինչպես էկոտուրիզմի, այնպես էլ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար: Նախնական ուսումնասիրությունների և միտումների բացահայտման արդյունքում ներդրողի կողմից որոշվել է նաև զարկ տալ նման տուրիզմի զարգացմանը Սյունիքի մարզում: Հատկապես հաշվի առնելով Հայաստանում արդեն իսկ առկա նման տուրիզմի զարգացման փորձը, նախագծով նախատեսվում է Հին գյուղի հարակից տարածքից 20 հա տարածք հատկացնել`
. Zip Line-ի կառուցմանը
. Էքստրեմալ հանգստի գոտու կառուցմանը
Կառուցման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախական «Լեսնայա Սկազկա Ալմատի» ընկերության հետ և կառուցվելու է նմանօրինակ նախագծով:
«ԺԱՅՌ» համալիր
Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գրավչության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդրումներ իրականացնել նաև «Ժայռ» համալիրի կառուցման համար: Համալիրի կառուցումը նախատեսվում է Երևան-Արցախ հիմնական մայրուղու` Գորիսից Խնձորեսկ տանող հատվածում: Համալիրը իր մեջ ներառում է.
. Սյունիքի ավանդական արտադրանքների և առևտրաարդյունաբերական ցուցասրահ` ներառյալ արագ սննդի օբյեկտ և եվրոպական ստանդարտներով պետքարաններ
. Գյուղտեխնիկայի պահեստամասերի խանութ-սրահ և սպասարկման կենտրոն
. Գազալցակայան (ԱԳԼՃԿ) և բենզալցակայան
. Հրուշակեղենի արտադրություն («Տորտինի» ընկերության մասնաճյուղ)
Նախատեսվում է առաջնային փուլում իրականացնել սննդի համալիրի կառուցումը, այնուհետև բենզալցակայանի ու գազալցակայանի, որից հետո ավտոտեխսպասարկման և գյուղատնտեսական պահեստամասերի կենտրոնի կառուցումը:
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաշվի առնելով «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների զգալի ծավալները ինչպես նաև գերակա ուղղությունները, ծրագրի արդյունավետ իրականացման համար ներդրողը ակնկալում է պետական աջակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
1. Ծրագրի իրականացման հաջորդական փուլերում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է մեծ ծավալի ապրանքների ու սարքավորումների ներմուծում: Հետևաբար ակնկալվում է ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում գործող օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակներում արտոնությունների տրամադրում ներդրողին:
2. Աջակցել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ուղղությունների առաջխաղացմանը և զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Այս նպատակով ներդրողը պատրաստ է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք հատկացնել ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից տեղեկատվական կենտրոնի բացման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սյունիքի մարզպետարանի կազմում ըստ համապատասխան որոշման նախատեսվել է ստեղծել զբոսաշրջության զարգացման բաժին, ներդրողը պատրաստակամ է համապատասխան աշխատակիցներին անվարձահատույց ապահովել աշխատանքային պայմաններով` տրամադրելով տարածք «Գորիս» հյուրանոցում:
3. Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչև հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի («Տարածքների քարտեզագրում_Հավելված 3» փաստաթղթի 4-րդ ընդգծված տարածքը) համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները ներառել «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» ծրագրում (մոտ 2 կմ, քարտեզագրումը ներառված է կից փաստաթղթով «Տարածքների քարտեզագրում_Հավելված 3»): Հակառակ դեպքում ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ քննարկումների շրջանակում դիտարկել նշված ծախսը ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկում ներառելու գործընթացում կառավարության աջակցությունը:
4. Աջակցել և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին` «Ժայռ» համալիրի հողատարածքների համապատասխան նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելու հարցում` գյուղատնտեսականից դարձնելով բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ: Ինչպես նաև կառավարության կողմից տալ թույլտվություն տեղական համայնքներին ներդրողի կողմից նշված հողատարածքները համայնքից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռք բերելու համար` ըստ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի:
5. Իր լիազորությունների շրջանակում աջակցել համապատասխան մատակարար կազմակերպությունների կողմից մինչև Խնձորեսկի հին ջրաղացի հրապարակը էլեկտրականության անցկացնելուն և ենթակայանի կառուցմանը, ինչպես նաև օպտիկաթելքային մալուխ մինչև «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածք անցկացնելուն («Տարածքների քարտեզագրում_Հավելված 3» փաստաթղթի 4-րդ ընդգծված տարածքը):
6. Ներդրողը պատրաստ է Հին Խնձորեսկի հիմնական 145 հա տարածքից տվյալ ծրագրի մաս կազմող 4,6768 հա ֆունիկուլյորի երկաթգծի և կանգառների հողատարածքներում, որոնք ընդգծված են ծրագրին կից «Տարածքների քարտեզագրում_Հավելված 3» փաստաթղթի 3-րդ կետում, կատարել կապիտալ շինարարական աշխատանքներ: ՈՒսումնասիրությունների արդյունքների համաձայն նշված հողատարածքներում առկա չեն հուշարձաններ կամ մշակութային արժեքներ: «Տարածքների քարտեզագրում_Հավելված 3» փաստաթղթում ընդգծված Հին Խնձորեսկի տարածքի 1, 2, 4, 5, 6 և 145 հա մեջ ընդգրկված մնացած տարածքների համար ներդրողի հետ կնքել վերականգնման, պահպանման և անհատույց օգտագործման պայմանագիր` օրենքի պահանջներին համապատասխան: Ներդրողը ակնկալում է նաև կառավարության թույլտվությունը տեղական համայնքներին «Տարածքների քարտեզագրում_Հավելված 3» փաստաթղթում ընդգծված 7-րդ տարածքը, ինչպես նաև Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը ներդրողի կողմից համայնքից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռքբերելու համար, քանի որ այն ներառված չէ Հին Խնձորեսկ պատմամշակութային տարածքի մեջ և հանդիսանում է համայնքային սեփականություն:
7. Քանի որ ներդրողի կողմից ընդհանուր ներդրումների ծրագրի շրջանակներում իրականացվելու է հսկայական ֆինանսական, ռեսուրսային և ենթակառուցվածքային ներդրումներ, նախատեսված թիրախային ցուցանիշների ապահովման, ներդրումների երաշխավորման և ներդրումների հետգնման ապահովման, ինչպես նաև հետագա կայուն զարգացման տեսանկյունից ներդրողն ակնկալում է կառավարության կողմից համապատասխան միջոցների ձեռնարկում` արգելելով այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից ծրագրում ընդգրկված Հին Խնձորեսկի 145 հա անհատույց օգտագործման տրամադրված տարածքում տնտեսական գործունեության ծավալումը առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքի մաս կազմող 4,6768 հա-ում` 99 տարի ժամկետով:
Բացառություն է կազմում ճոճվող կամրջի կառուցման մեջ ներդրում կատարած «Խնձորեսկ տուր» ՍՊԸ հիմնադիր` Ժորա Ալեքսանյանը, որին ներդրողը պատրաստ է պայմանագրային հիմունքներով զիջել սույն ծրագրից բխող իրավունքները` նշված կամրջի ձախափնյա հենասյուների զբաղեցրած տարածքի, աջափնյա հարակից հատվածից յոթ քարայրների, այն հողատարածքի, որի վրա արդեն իսկ կառուցված են դեպի կամուրջ տանող աստիճանները և այն տարածքների մասով, որը ի հայտ կգա չափագրման արդյունքներից ելնելով և ներդրողը պատրաստ կլինի զիջել` չվնասելով սեփական տնտեսական գործունեությանը: Ներդրողը նաև պատրաստ է իրականացնել գործող ճոճվող կամրջի վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, համապատասխանեցնելով այն անվտանգության և տեխնիկական ապահովման ժամանակակից չափանիշներին:
Ըստ ներդրողի և «Խնձորեսկ տուր» ՍՊԸ հիմնադիր Ժորա Ալեքսանյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, վերջինս պատրաստակամ է ներդրողի կողմից իրեն հատկացված բոլոր քարայրներում և ներդրողի հետ կնքված պայմանագրով իրեն հատկացված տարածքներում իրականացնել տնտեսական գործունեություն` նախապես համաձայնեցնելով ներդրողի հետ և համապատասխանեցնելով ներդրողի ընդհանուր ծրագրի բովանդակությանը և չափանիշներին, որի վերաբերյալ կարգավորումները պետք է սահմանվեն ներդրողի և Ժորա Ալեքսանյանի միջև կնքվող պայմանագրով, ըստ որի ճոճվող կամուրջը երբևիցե չպետք է դառնա վճարովի:
8. Ծրագրի իրականացման ընթացքում պետական մարմինների լիազորությունների շրջանակներում կանխել տարածքների ապօրինի զավթման, շենք-շինությունների ապօրինի կառուցման և դրանց օրինականացման փորձերը:
9. Նախարարության լիազորությունների շրջանակներում նաև աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման բոլոր փուլերում անհրաժեշտ և պարտադիր բոլոր թույլտվությունների ստացման գործընթացին` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված ընթացակարգով: Համապատասխան թույլտվությունների ուշացման պարագայում նույն ժամանակահատվածով կերկարաձգվեն նաև ծրագրի իրականացման ժամկետները:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվետվություն և մոնիթորինգ
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից ծրագրի իրականացման ժամկետների պահպանման, նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների` հաստատված ժամանակացույցի համապատասխանության գնահատման նպատակով նախատեսվում է մոնիթորինգի իրականացում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
Մոնիթորինգն իրականացվելու է յուրաքանչյուր կիսամյակ:
Մոնիթորինգի իրականացման ընթացքում համապատասխան լիազորված մարմինը կարող է ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ժամանակացույցին առնչվող փաստաթղթեր ու նյութեր:
Իրականացվող մոնիթորինգի ընթացքում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն է ներկայացնում տարեկան հաշվետվություններ:
Կողմերի պատասխանատվությունը
Եթե «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ բացահայտում է ներդրումային ծրագրով պահանջվող հողատարածքների դասի փոփոխության և տրամադրման նախատեսված ժամանակացույցից շեղումներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն տրամադրվում է բացահայտված շեղումների մասին գրավոր եզրակացություն` քննարկելու համապատասխան լիազորված մարմինների հետ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարտավորվում է համակարգել համապատասխան գերատեսչությունների կողմից ժամկետների շեղումների շտկումը հնարավորինս կարճ ժամկետներում:
Եթե ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի ընթացքում բացահայտվում են նախատեսված ժամանակացույցից շեղումներ, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին տրամադրվում է բացահայտված շեղումների մասին գրավոր եզրակացություն: Այնուհետև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ պարտավորվում է մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել ժամկետանց աշխատանքները:
Եթե «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում չի իրականացնում նախատեսված աշխատանքների նվազագույնը 50%-ը, ապա այն փոխհատուցում է պետության կողմից կատարված ծախսերը, կամ ներգրավում է նոր ներդրողի, որը կհանդիսանա համասեփականատեր իր կատարած ներդրումների չափով` ծրագիրն ավարտին հասցնելու համար:
ՆԵՐԴՐՈՂԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«Հին Խնձորեսկ» ներդրումային նախագծի ներդրող ու իրականացնող կողմ է հանդիսանում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ` ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի: Ծրագրի իրականացման ընթացքում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին ֆինանսական աջակցություն են ցուցաբերելու «Չեխիայի տունը Սիբիրում» ընկերությունը և «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտը Ռուսաստանում: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղությունները ըստ կանոնադրության և ստացած լիցենզիաների հետևյալն են`
. էներգետիկայի զարգացման և բնապահպանության հեռանկարային սխեմաների մշակում;
. գրունտային և բետոնային պատվարների և ջրամբարների նախագծում և կառուցում;
. հիդրոտեխնիկական շինությունների նախագծում, կառուցում և շահագործում;
. քաղաքացիական շինությունների նախագծում և կառուցում;
. բնաշխարհի ճարտարագիտական պաշտպանություն;
. հիդրոտեխնիկական և տրանսպորտային թունելների, տարբեր նշանակության ստորգետնյա կառուցվածքների նախագծում;
. հիդրոլոգիական, ինժեներաերկրաբանական և տեղագրագեոդեզիական հետախուզումների կոմպլեքսային կատարում, ճարտարագիտական կառուցվածքների նախագծերի հիմնավորման և մշակման համար;
. ճարտարագիտական ցանցերի և համակարգերի նախագծում;
. արտադրական օբյեկտների նախագծում;
. հսկողություն, աշխատանքների որակի և մակարդակի ստուգում,
. նախագծերի տեխնիկական փորձաքննություն:
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ կողմից մշակված նախագծերով կառուցված են, վերանորոգված, վերականգնված, վերակառուցված կամ գտնվում են շինարարության ընթացքում Հայաստանի և արտերկրի բազմաթիվ էներգետիկական, արտադրական, հիդրոտեխնիկական և քաղաքացիական օբյեկտներ:
_______________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում