Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 49

 

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (այսուհետ` ԿԿԹԿ) հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ մշակել և 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 23-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ԿԿԹԿ հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 84-րդ կետով նախատեսված միջոցառման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ԿԿԹԿ համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 4-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:

3. Հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների ԿԿԹԿ համակարգի զարգացման ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն):

4. Հայեցակարգն ուղենշային նշանակություն ունի ՀՀ Լոռու մարզի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների համար` Ռազմավարության պահանջներին համապատասխան, եվրոպական ստանդարտներով սահմանված ԿԿԹԿ ժամանակակից համակարգ ներդնելու, ըստ այդմ, արդյունավետ աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնելու, համակարգի հետագա սպասարկման գործընթացների կառավարման, ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի կառուցման, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտների տեխնիկատնտեսական և իրավական կարգավորումներին վերաբերող հարցերի լուծման համար:

5. Հայեցակարգում շարադրվում են ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնախնդիրները, ներկա վիճակը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման ուղիների և մեխանիզմների` միջազգային և տեղական փորձով սահմանված առաջարկություններ:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

6. ՀՀ Լոռու մարզի համար ԿԿԹԿ առանձին հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է մարզի ԿԿԹԿ համակարգը Ռազմավարության պահանջների հետ համապատասխանեցմամբ` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնակլիմայական և այլ առանձնահատկությունները:

7. Հայեցակարգը խարսխված է Ռազմավարությամբ ամրագրված հետևյալ սկզբունքների վրա.

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում և չեզոքացում,

2) բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովում,

3) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացում,

4) համապատասխան պահանջարկի դեպքում օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, կրկնակի կամ վերաօգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծում,

5) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացում` «խելացի» համակարգի ներդնում,

6) ոլորտում միջհամայնքային համագործակցության խթանում.

7) տեխնիկատնտեսական հիմնավորված ծախսածածկող և բնակչության համար մատչելի վարձավճարներ:

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ԿԿԹԿ համակարգի հայեցակարգի նպատակն է ՀՀ Լոռու մարզի ողջ տարածքում ստեղծել ԿԿԹԿ ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և կազմակերպություններին: ՀՀ Լոռու մարզի տարածաշրջանային ԿԿԹԿ ենթահամակարգը պետք է լինի ԿԿԹԿ հանրապետական համակարգի կազմի մեջ, բավարարի նույն չափորոշիչներին ու սկզբունքներին, սակայն գործի անկախ: Ենթահամակարգի ինտեգրվածությունը ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման/հեռացման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա:

 

IV. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

9. Եվրոպական չափանիշներին համապատասխան ԿԿԹԿ-ի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ կուտակելուց և այդպիսի համակարգերի ստեղծմանն ընթանալու որոշումից հետո` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2016 թվականին մշակվեց և նույն թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Ռազմավարությունը, որը նախատեսում է ԿԿԹԿ հանրապետական համակարգի ստեղծում, և որը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր, որոնց թվում է նաև ՀՀ Լոռու մարզում ձևավորվելիք ենթահամակարգը:

10. Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում, Վերականգնման վարկերի գերմանական բանկի (KFW) օժանդակությամբ 2014 թվականին եվրոպական փորձագետների կողմից իրականացվել է Վանաձորի ԿԿԹԿ համակարգի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվություն, որը համալիր տեղեկատվություն է պարունակում մարզի աղբահանության ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում է ԿԿԹԿ ենթահամակարգի ներդրման ինստիտուցիոնալ և տեսական տարբեր տարբերակներ:

11. Կարելի է փաստել, որ մինչ այժմ ձեռնարկված քայլերը կամ առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ և հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն ու առանց տեսակավորելու և խտացնելու բնակավայրից հեռացնելուն/թաղելուն: Համայնքային, մասնավոր նախաձեռնությունները, միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, վերաբերել են և վերաբերում են ԿԿԹԿ գործընթացի որևէ առանձին բաղադրիչին (պլաստիկ շշերի հավաքում, աղբի վերամշակում, աղբավայրի ստեղծում, և այլն):

12. Առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերել են ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու:

13. Պատշաճ ուշադրություն չի դարձվել պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը և ջանքերի համադրմանը:

14. Հատվածային և ոչ լիարժեքորեն համակարգված բնույթ են կրում միջազգային ֆինանսական հաստատությունների և դոնոր երկրների (կազմակերպությունների) կողմից տրամադրված աջակցությունները.

15. Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ Լոռու մարզի համար ԿԿԹԿ զարգացման հայեցակարգ, որը կուրվագծի ԿԿԹԿ բնագավառում պետության քաղաքականությունը, նախընտրելի լուծումներն ու ակնկալվող արդյունքները:

 

V. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ

 

16. ՀՀ Լոռու մարզին ևս բնորոշ է հետխորհրդային կենտրոնացված կառավարումից անցմամբ պայմանավորված հատվածական և ոչ լիարժեք մոտեցումները աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններին: Արդյունքում մարզի քաղաքային համայնքների համար հատուկ չեն ինստիտուցիոնալ կառավարման միանման մոտեցումներն ու համակարգերը:

17. Մինչ այժմ ձեռնարկված քայլերը և առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերվել են ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու: Զգալի թվով համայնքներում աղբահանության կառույցները պարզապես բացակայում են: Աղբահանության ծառայության դիմաց վճարվող գումարի չափը համայնքների կողմից որպես կանոն սահմանվում է առանց տնտեսական հաշվարկի, հաճախ այն որևէ կերպ չհիմնավորված խորհրդանշական գումար է:

18. ՀՀ Լոռու մարզում գործող կազմակերպությունները իրականացնում են միայն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ: Աղբավայրերում շահագործում և կառավարում փաստորեն չի իրականացվում: Աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող կազմակերպությունների տեխնիկական բազան բավականին հնամաշ է:

19. Վանաձորի կենցաղային աղբը տեղադրվում է քաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող Արջուտ համայնքի աղբավայրում: Տարածքը սփռված է լեռնային զառիթափին: Աղբավայրին մոտեցման ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, ինչը խնդիրներ է ստեղծում հին աղբատար մեքենաների աղբավայր մուտք գործելուն, հատկապես ձմռան ամիսներին, երբ ճանապարհը սառցապատ է: Աղբի կուտակումներ կան նաև մոտեցման ճանապարհի եզրագծին: Քանի որ տեղադրված աղբը ամբողջությամբ չի հողապատվում, այն պարբերաբար այրվում է, ինչը տեսանելի է Ա3 ավտոմայրուղու Սպիտակ-Վանաձոր հատվածից: Աղբավայրի ստորին լանջին կան հատվածներ, որտեղ աղբը արդեն քայքայված է և ծածկված բուսականությամբ: Շրջակա համայնքների բնակիչները բողոքում են աղբավայրի շահագործման բնապահպանական և աշխատանքի անվտանգության վրա բացասական ազդեցություններից:

20. Վանաձոր համայնքում հաստատված է աղբահանության իրականացման կարգը, սանիտարական սխեման, աղբահանության դրույքաչափերը, աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը: Վանաձորում աղբահանության վարձը 1 անձի համար կազմում է 200 դրամ: Ներկայումս աղբը տեղափոխվում է Արջուտի աղբավայր, որի տարածքը հանդիսանում է մասնավոր սեփականություն: Աղբավայրի կառավարումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով: Աղբավայրում աղբի տեղադրման դիմաց վճարումներն իրականացնում են օպերատորները: Վանաձորում աղբահանության ծառայություններն իրականացվում է մասնավոր օպերատորի կողմից:

21. Սպիտակ համայնքում հաստատված է «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը» և աղբահանության իրականացման սանիտարական սխեման: Աղբահանության վարձը 1 անձի համար կազմում է 150 դրամ: Աղբահանության և աղբավայրի մասով ծառայություններն իրականացվում են մասնավոր կազմակերպությունների կողմից: Ներկայումս աղբը տեղափոխվում է Սպիտակի աղբավայր, որը հանդիսանում է համայնքային սեփականություն: Աղբավայրի կառավարումն իրականացվում է ոչ բավարար մակարդակով:

22. ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքների մեծ մասը փոքր են և աղբահանության արդյունավետ ծառայություն կազմակերպելու համար չունեն անհրաժեշտ ռեսուրսներ: 2017 թվականին տարածաշրջանի 99 գյուղական համայնքներից միայն 14 համայնքներում է նախատեսված աղբահանության վճարներ, որտեղ աղբահանության վարձավճարը մեկ շնչի հաշվով գտնվում է մինչև 100 դրամի միջակայքում: Համայնքների շոշափելի մասում աղբահանություն պարզապես չի իրականացվում:

23. Քանի որ ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ ներդրվելիք համակարգին առնչվելու է նաև ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքը` ըստ այդմ, ազդելով Լոռու մարզի ԿԿԹԿ ենթահամակարգի բաղադրիչ հանդիսացող տարածաշրջանային աղբավայրի վրա, ապա հարկ է անդրադառնալ նաև Դիլիջան համայնքի աղբահանության ներկա վիճակին:

24. Դիլիջան համայնքը ներառում է Դիլիջան քաղաքը և 6 գյուղական բնակավայրեր: Ավագանու որոշումով հաստատվել է համայնքի տարածքում աղբահանության կազմակերպման հայեցակարգը, ինչպես նաև աղբահանության իրականացման սանիտարական սխեման: Աղբահանության աշխատանքները բավարար մակարդակով կատարվում են Դիլիջանում, իսկ մյուս բնակավայրերում գործընթացը նոր է սկսվել:

25. Դիլիջան քաղաքի աղբավայրը տեղակայված է Մ8 ավտոմայրուղու մոտակայքում: Այն շահագործվում է 1999 թվականից և բնապահպանական տեսանկյունից գտնվում է անմխիթար վիճակում: Բացակայում են ենթակառուցվածքները և սարքավորանքը:

26. Դիլիջանում աղբահանության վարձը 1 անձի համար կազմում է 100 դրամ: Ներկայումս աղբը տեղափոխվում է Հաղարծնի աղբավայր, որը հանդիսանում է համայնքային սեփականություն: Աղբավայրի կառավարումն իրականացվում է ոչ բավարար մակարդակով: Համայնքում աղբահանության հարցերով զբաղվում է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում և լուսավորություն» ՀՈԱԿ-ը (այսուհետ` ՀՈԱԿ):

27. Դիլիջան քաղաքում աղբահանության կազմակերպման համար ՀՈԱԿ-ի տեխնիկական պարկի հագեցվածությունը հիմնականում բավարար է, սակայն համայնքի գյուղական բնակավայրերի մասով այն ընդլայնման խնդիր ունի: ՀՈԱԿ-ը բացի աղբահանության գործառույթներից իրականացնում է նաև կոմունալ սպասարկման այլ գործառույթներ:

28. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով մարզի 107 համայնքներից աղբահանության ծառայություններ մատուցվում են 59 համայնքներում, մնացած 48-ում գումար անգամ չի ծախսվում աղբահանության ծառայությունների վրա: Վիճակը համեմատաբար բարվոք է քաղաքային համայնքներում, սակայն մարզի մնացած գյուղական համայնքներում գերազանցապես աշխատանքները չեն կրում համակարգված բնույթ և խիստ հեռու են բավարար լինելուց:

29. 2017 թ. սկզբից մեկնարկած ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում, ի թիվս հանրապետության բոլոր մարզերի, էապես բարելավվել է նաև ՀՀ Լոռու մարզի սանիտարահիգիենիկ վիճակը` հատկապես անօրինական և անընդհատական աղբոտման հետևանքով առաջացած աղբանոցների և աղբավայրերի փակման հետևանքով: Այսպես, տարեսկզբին մարզում գույքագրված 348 աղբանոցներից և աղբավայրերից փակվել են 340-ը, որպես հիմնական աղբավայր` շահագործվում են 8-ը: Վերջիններս կշահագործվեն մինչև սույն հայեցակարգում նշված սանիտարական աղբավայրի շահագործումը, որից հետո մարզի բոլոր աղբավայրերը ենթակա են փակման:

 

VI. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

30. Մարզում առկա աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի խնդիրներն են.

1) Աղբահանության ծառայություններում համայնքների ներգրավվածության ցածր մակարդակը, որի հետ մեկտեղ, խիստ անբավարար է նաև մատուցվող ծառայությունների որակը.

2) Աղբահանության համակարգում անբավարար միջոցների ներգրավվածությունից բացի, շատ համայնքներում սահմանված չեն նաև աղբահանության սակագները, իսկ սահմանված լինելու դեպքերում` առկա են դրանց հավաքագրման ցածր տոկոս կամ ընդհանրապես չհավաքագրում: Այս խնդիրը, սակայն, ունի երկու կողմ:

ա. գումար չի հավաքագրվում, քանի որ համայնքում աղբահանության ծառայություն, որպես այդպիսին չի մատուցվում,

բ. գումարների չհավաքագրումը հանգեցնում է աղբահանության ծառայություն ներդնելու և հետագայում շահագործելու խիստ բարդությունների:

3) Աղբահանության ցածր, տնտեսապես ոչ ծախսածածկող վարձավճարների սահմանումը.

4) Աղբահանության և սանիտարական մաքրման համար տեխնիկապես անհագեցվածությունը, այդ թվում աղբատար մեքենաների և կոնտեյներների պակասությունը: Բացի այդ համայնքներում կոնտեյներների անբավարար քանակի և հավաքման կետերի բացակայության պատճառով և սահմանված կարգի, ինչպես նաև ժամանակացույցի ու սխեմայի խախտմամբ թափոնների հավաքումն ու հեռացումը այնպիսի տհաճություններ են պատճառում, ինչպիսիք են գարշահոտը, միջատները, կրծողները, փողոցային կենդանիները: Ավելին, հավաքված թափոնները թրջվում ու ծանրանում են անձրևների ժամանակ:

5) Կուտակված գրեթե բոլոր թափոնները հեռացվում են տեղական աղբանոցներ` առանց որևէ բնապահպանական միջոցառումների:

6) Բացակայում են աղբանոցներ առաքվող թափոնների վերահսկողությունն ու տեսակների և քանակի գրանցումը:

7) Համայնքներից ոչ մեկն այսօր չունի աղբավայրերի մոտ տեղակայված կամրջային կշեռք, այսպիսով հավաքված թափոնների մոտավոր քանակը ներկայումս հիմնված է բեռնատարներով աղբանոցներ առաքվող թափոնների ծավալի վրա (խ.մ-ով), կամ դատարկված կոնտեյներների ծավալի վրա: Խ.մ-ով ծավալը փոխարկվում է տոննայի` թափոնների խտության վերաբերյալ ենթադրությունների վրա հիմնվելով (տոննա/խ.մ): Որոշ համայնքապետարաններ չեն գրանցում/արձանագրում թափոնները աղբանոց առաքող բեռնատարների և կանոնավոր կերպով դատարկվող կոնտեյներների թիվը:

8) Բոլոր գործող աղբանոցները հեռու են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող աղբավայրերից: Դրանցից ոչ մեկը չունի երեսպատման համակարգ, ֆիլտրատի հավաքում և մշակում, աղբավայրի գազի կուտակում կամ այլ սարքավորումներ և նախագծումներ, որոնք կանխում են շրջակա միջավայրի աղտոտումը: Վերջապես, աղբանոցները պատշաճ կերպով չեն շահագործվում` անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով, իսկ թափոնների հաճախակի այրումը ավելացնում է բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

9) Մարզի քաղաքային համայնքների կարիքները սպասարկող աղբավայրերի տարածքներն այլևս ի վիճակի չեն երկար ժամանակ շարունակել աղբի ընդունումը: Այսպես, Վանաձորի համայնքի կողմից օգտագործվող Արջուտի աղբավայրում աղբի քանակությունը վաղուց անցել է թույլատրելի սահմանը, այն աղճատել է տարածքի բնական լանդշաֆտը և նույնիսկ անհարմարություններ է պատճառում միջպետական ճանապարհով երթևեկողների համար:

10) Չի գործում թափոնների առանձնացման որևէ համակարգ, ինչպես նաև վերամշակման համակարգերը բացակայում են:

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

31. Հայեցակարգով առաջարկվում է ներդնել մի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզում բնապահպանական, սոցիալ-տնտեսական առումով արդյունավետ, ինչպես նաև մարդու առողջության, նրա կենսակերպի ու շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ` թափոնների կանոնավոր հավաքմամբ, հեռացմամբ և թաղմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում առաջարկվում է ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ համակարգի զարգացումն իրականացնել երկու փուլով:

32. ԿԿԹԿ ենթահամակարգի ինստիտուցիոնալ լուծումները

1) Առաջարկվում է` ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ համակարգի ներդրման առաջին փուլը նախապես ընդգրկելու է Վանաձոր և Սպիտակ համայնքները` շրջակա գյուղական համայնքներով:

2) Ծրագրի ինստիտուցիոնալ կառավարումն ապահովելու համար ընտրված կազմակերպաիրավական ձևը պետք է ապահովի ծառայությունների մատուցման և ծրագրի կառավարման պատշաճ հնարավորություններ, ինչպես նաև ապահովի համայնքների շարունակական ներգրավում, արդյունավետ ծախսածածկում և հնարավորինս մատչելիություն:

3) Կառավարման մոդելի առաջարկվող լուծումը պետք է պայմանավորված լինի նաև համայնքների աշխարհագրական տեղաբաշխմամբ և համայնքների խոշորացման իրողությամբ:

4) Քննության առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջհամայնքային միավորումների կազմման հնարավորությունները` կազմակերպաիրավական տարբեր ձևեր ունեցող ընկերությունների տեսքով, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկում է ծրագրի ներդրման առաջին փուլում Վանաձորի և Սպիտակի շրջանների ԿԿԹԿ համակարգի կայացման համար ընտրել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծման մոդելը` Վանաձոր և Սպիտակ համայնքների կողմից:

5) Առաջարկվող տարբերակով, ելնելով Ծրագրի շարունակական ընդլայնման նպատակահարմարությունից, ՀՀ Լոռու մարզի համայնքների խոշորացումից հետո, խոշորացված համայնքները ևս կարող են միանալ ընկերությանը, համապատասխան կանոնադրական և բաժնեմասային պարտականություններով:

6) Առաջարկվող համակարգը կապահովի նաև թափոնների կառավարման միասնական մոտեցման և որակապես համահավասար ծառայությունների կիրառում:

7) Ներդրվող համակարգի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությամբ կառավարումը կմեծացնի համայնքների մասնակցությունն ու պատասխանատվությունը թափոնների կառավարման գործում, ինչպես նաև կապահովի միասնական դրույքաչափ ամբողջ տարածաշրջանի համար, խաչաձև ներքին սուբսիդավորում, թափոնների հավաքման միասնական երթուղիների արդյունավետություն, աղբավայր տեղափոխվող թափոնների հոսքի նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացում:

8) Առաջարկվող տարբերակի դեպքում մասշտաբի էֆեկտը կհանգեցնի վարչական ծախսերի նվազման կամ հավասարակշռման:

33. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, առանձին փոխաբեռնման կայանով պետք է մաս կազմի ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ ծրագրի առաջին փուլին: Ըստ այդմ Դիլիջան համայնքի աղբը Դիլիջանի համայնքապետարանի կողմից պետք է հավաքվի, փոխադրվի փոխաբեռնման կայան, այնուհետև ՀՀ Լոռու մարզի տարածաշրջանային աղբավայր:

34. Այնուհետև առաջին փուլի կայացումից հետո, կիրականացվի երկրորդ փուլը, որը կներառի ՀՀ Լոռու մարզի ամբողջ տարածքը և այն սպասարկվի միանման չափանիշներ ապահովող առանձին ԿԿԹԿ ենթահամակարգի կողմից:

35. ԿԿԹԿ ենթահամակարգի չափորոշիչային և այլ լուծումները

1) ԿԿԹԿ ներդրվող համակարգը միտված է, առաջին փուլում` Վանաձոր և Սպիտակ համայնքների, ապա շրջակա խոշորացվելիք համայնքների համար ապահովել աղբահանության պատշաճ ծառայություններ:

2) Հիմնվելով մարզում կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերլուծություններով կազմված թիվ 1 աղյուսակով ներկայացվող թափոնների գոյացման կանխատեսումների վրա, առաջարկվում է մարզում ներդնել բոլոր համայնքների համար կոնտեյներների վրա հիմնված հավաքման համակարգ և ստեղծել ԵՄ չափանիշներին համապատասխան մեկ տարածաշրջանային աղբավայր:

Աղյուսակ 1: Ծրագրի առաջին փուլի տարածաշրջանի թափոնների գոյացման կանխատեսումները (տոննա/ տարեկան)

 

.___________________________________________________.

|Տարածաշրջան                |2020 թ.|2030 թ.|2040 թ.|

|___________________________|_______|_______|_______|

|Վանաձոր համայնք            | 23.732| 24.564| 26.601|

|___________________________|_______|_______|_______|

|Վանաձորի հարակից տարածք    |  3.470|  3.549|  3.549|

|___________________________|_______|_______|_______|

|Սպիտակ համայնք             |  2.947|  3.128|  3.387|

|___________________________|_______|_______|_______|

|Սպիտակի հարակից տարածք     |  3.574|  3.654|  3.654|

|___________________________|_______|_______|_______|

|Դիլիջան համայնք            |  4.465|  5.341|  6.389|

|___________________________|_______|_______|_______|

|ընդամենը                   | 38.187| 40.236| 43.581|

.___________________________________________________.

 

3) Հաշվի առնելով թափոնների գոյացման ցածր մակարդակը մարզի շատ համայնքներում, ինչպես նաև շատ համայնքների կարողությունները` աղբահեռացման բարելավված ծառայություններ կազմակերպելու հարցում, համարվում է տնտեսապես ոչ արդյունավետ յուրաքանչյուր համայնքում հիմնել առանձին աղբահեռացման համակարգ: Մարզում կոշտ կենցաղային թափոնների միասնական հավաքման համակարգի ներդրման համար առաջարկվում է հետևյալ տարբերակը (առաջին փուլ).

4) Վանաձոր քաղաքը կազմակերպում է Վանաձոր քաղաքի և հարակից գյուղական համայնքների աղբահանությունը:

5) Սպիտակ քաղաքը կազմակերպում է Սպիտակ քաղաքի և հարակից գյուղական համայնքների աղբահանությունը:

6) ՀՀ Լոռու մարզի համայնքների խոշորացումից հետո, Վանաձորի և Սպիտակի շրջակայքի խոշորացված համայնքները ևս կարող են միանալ աղբահանության ծառայությանը:

7) Ծրագրի տարածաշրջանում գործող աղբահանության համակարգը բարելավելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`

ա. Առավել արդյունավետ աղբահավաք մեքենաների ու աղբատուփերի/աղբամանների ձեռքբերում,

բ. Սարքավորումների տեխնիկական սպասարկման ու նորոգման գործելակերպերի բարելավում,

գ. Արդյունավետության մշտադիտարկման համակարգի ներդնում,

դ. Աղբահանության ծառայությունների վերահսկման կարողությունների հզորացում,

ե. Երթուղիների պլանավորման համակարգի ներդնում,

զ. Աղբահանության մեջ ներգրավված անձնակազմի կարգավիճակի և աշխատանքային պայմանների բարելավում,

է. Քաղաքացիների կողմից աղբարկղի մեջ կենցաղային թափոնների տեղադրման գործընթացի բարելավում:

8) Ի տարբերություն կողային բեռնումով աղբատար մեքենաների, որոնք ներկայումս օգտագործվում են և առկա են Վանաձորում, ետնակախովի բեռնիչներով աղբատար մեքենաներն ավելի արդյունավետ են աղբահանության համար: Այդ իսկ պատճառով, հետագայում նախատեսվում է փոխարինել կողային բեռնումով աղբատար մեքենաները ետնակախովի բեռնիչներով աղբատարներով:

9) Ըստ Ծրագրի, 18 մ3 և 11 մ3 տարողությամբ ետնակախովի բեռնիչներով աղբատար մեքենաների հնարավոր առավելագույն կարողությունը հաշվարկվել է համապատասխանաբար 7,705 տ և 6,375 տ (նկատի ունենալով օրական երկու հերթափոխով շահագործումն ու փոխադրման միջին հեռավորությունը` մոտ 15 կմ դեպի սանիտարական աղբավայր): Ենթադրվում է, որ ծրագրի իրականացման սկզբնական փուլում աղբահանության ծավալը քիչ կլինի և այն կկազմի հաշվարկված առավելագույն կարողությունների մոտ 60%-ը: Նույնիսկ այս դեպքում ակնհայտ է, որ Վանաձոր քաղաքի համար նպատակահարմար է միայն տոփանման հանգույցով մեծ աղբատար մեքենաների շահագործումը: Մյուս բոլոր տարածքների համար բավարար կլինեն տոփանման հանգույցով փոքր աղբատար մեքենաները: ՈՒսումնասիրելով առկա տոփանման հանգույցով աղբատար մեքենաների տեսակները հայաստանյան շուկայում, ինչպես նաև հաշվի առնելով թափոնների փոքր քանակը` հետագայի համար դիտարկվում են 10 մ3 տարողությամբ փոքր մեքենաները (11 մ3-ի փոխարեն):

36. Նախատեսվում է Վանաձորում տեղադրել շուրջ 300, իսկ Սպիտակում` շուրջ 50 կոնտեյներներ:

37. ներկայումս նպատակահարմար չէ ԿԿԹԿ ընկերությանը ծանրաբեռնել նաև աղբի տեսակավորման կամ վերամշակման գործառույթներով: ՈՒստի սույն հայեցակարգով նաև առաջարկվում է աղբյուրի (արտադրողի) մոտ աղբի տեսակավորման կամ վերամշակման խնդիրները դիտել պետություն-համայնք-մասնավոր, կամ համայնք-մասնավոր գործակցության հնարավոր մեխանիզմների շրջանակում: Այլ կերպ ասած, աղբի տեսակավորմանը կամ վերամշակմանն անհրաժեշտ է անդրադառնալ այնպիսի բիզնես հավակնության պարագայում, երբ տնտեսվարող սուբյեկտը համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ կարող է մտնել ԿԿԹԿ ընկերության հետ և իրականացնել աղբի տեսակավորում` պարտավորվելով սպառողներին մատուցել պատշաճ ծառայություններ:

38. Թափոնները կհավաքվեն հավաքման կետերից օրական կտրվածքով` քաղաքային համայնքներում, և շաբաթը երկու անգամ` գյուղական համայնքներում: Արդյունքում պետք է ապահովել բավարար թվով կոնտեյներներ, այնպես, որ միջկոնտեյներային հեռավորությունը չգերազանցի մոտավորապես 100 մ` բացառությամբ մի քանի ավելի փոքր բնակավայրերի:

39. Ենթադրվում է, որ թափոնների խտությունը 160 կգ/խմ կլինի աղբարկղում և 450 կգ/խմ աղբատար մեքենայում` սեղմվելուց հետո:

40. Համայնքներում թափոնների հավաքման ժամանակ բեռնատարի հավաքած միջին արագությունը հավաքման կետերի միջև ենթադրվում է 10 կմ/ժամ, 30 կմ/ժամ` համայնքների միջև և դեպի աղբավայր տեղափոխման ժամանակ և 40 կմ/ժամ` գյուղական համայնքներում բեռնելուց հետո, որտեղից մինչև Քարաձորի ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր համեմատաբար հեռու է:

41. Սարքավորումների գործարկման կյանքը ենթադրվում է 10 տարի` տրանսպորտային միջոցների, 5 տարի` կոնտեյներների ու 20 տարի` հավաքման կետերի համար:

42. Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, այդ թվում գոյացող ու կանխատեսվող թափոնների ծավալը առաջարկվում է ՀՀ Լոռու մարզում ունենալ մեկ 20 հա տարածքով, 20 տարվա շահագործման ժամկետով ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր` թվով չորս բջիջներով:

43. Աղբավայրի տեղադիրքի ընտրությունը կատարվել է մարզի աղբահանության տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքներով: Սանիտարական աղբավայրը նախատեսված է կառուցել Ղուրսալի և Նոր Խաչակապ համայնքների վարչական սահմաններում: Այն ծառայելու է Վանաձոր, Սպիտակ և Դիլիջան քաղաքների, ինչպես նաև Ծրագրին միանալու ցանկություն հայտնած հարակից գյուղական համայնքների կենցաղային աղբի տեղադրման համար: Սանիտարական աղբավայրը կառուցվելու է 25 տարվա հեռանկարով և կկարողանա ընդունել մոտ 1,050,000 տ կենցաղային աղբ: Աղբավայրը կառուցվելու է տեղական նորմատիվաիրավական դաշտի և ԵՄ աղբավայրերի շրջաբերականի պահանջներին համահունչ և ունենալու է 109,000 մ2 տարածք, ներառյալ պաշտպանիչ գոտին և օժանդակ տեղամասերը:

44. Սանիտարական աղբավայրը կառուցվելու և աղբալցվելու է 4 փուլերով: Առաջին փուլի տևողությունը 7 տարի է: Աղբավայրի ամբողջ տարածքը և դրանում աղբի տեղադրման հասանելի տարածությունը հաշվարկվել է ելնելով 1,600,000 մ3 առավելագույն նախագծային ծավալից և միջինը 32 մ բարձրությամբ աղբի լցման պայմաններից:

45. Դիտարկվող տարածքը մոտ 50 հա է կազմում, որից 20 հա-ը կարող է ընդգրկվել աղբավայրում:

46. Տարածքի երկրաբանական և աշխարհագրական նկարագիրը համապատասխանում է աղբավայրի կառուցման համար պահանջվող ֆիզիկաերկրաբանական անհրաժեշտ չափանիշներին:

47. Աղբավայրի նախատեսվող տարածքի շրջակայքում ոչ մի այլ պատմական, մշակութային հուշարձաններ կամ բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան, ինչպես նաև չկան մակերևութային ջրային հոսքեր:

48. Սանիտարական աղբավայրի նախագծային սխեման և հիմնական բաղադրիչները բերված են ստորև Նկար 1-ում:

49. Նկար 1. Սանիտարական աղբավայրի սխեման

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

50. Աղբավայրի հատակածածկման համակարգը բաղկացած է լինելու հանքային շերտից և բարձր խտության պոլիէթիլենի (HDPE) թաղանթից (տես Նկար 2` ստորև): Աղբի զտվածքաջուրը մշակվելու է հակադարձ օսմոսի կայանում:

 

Նկար 2. Սանիտարական աղբավայրի ջրաթափանցիկության շերտի կառուցվածքը

__________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

51. Աղբավայրում պետք է հստակեցվեն տեղադրվող աղբի տեսակները, ինչպես նաև անհրաժեշտ է ներդնել մեծածավալ, Էլեկտրոնային և վտանգավոր թափոնների հավաքման և դրանց հետագա օգտահանման, վնասազերծման և հեռացման հնարավորությունները:

52. Քանի որ աղբավայրի շահագործման դադարեցումից հետո մինչև 30 տարի, աղբաջրերի և աղբավայրի գազի պատճառով, դեռևս պահպանվում է շրջակա միջավայրի աղտոտման վտանգը, աղբավայրի կառուցման և շահագործման ծախսերը հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև աղբավայրի հետագա պահպանման և վնասակար ազդեցությունների չեզոքացման ու աղբավայրի փակման ծախսերը:

53. Նոր աղբավայրերի կառուցմանը և շահագործմանը զուգընթաց անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն գործող` սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի փակման ուղղությամբ` ներառյալ աղբավայրերի գույքագրումը, աղբի և մեծածավալ թափոնների մեկանգամյա հեռացումը, համապատասխան լաբորատոր փորձաքննության և դրենաժային միջոցառումների իրականացումը:

54. Նոր տարածաշրջանային աղբավայրի շահագործումը նոր գործունեություն է ու այն կարելի է վստահել նաև մասնավոր հատվածի վերահսկողությանը: Մասնավոր հատվածի մասնակցության փորձը Հայաստանում կոշտ թափոնների կառավարման մեջ զարգացման փուլում է:

55. Դիլիջանի փոխաբեռնման կայան.

1) Առաջարկվող աղբահանության համակարգին Դիլիջան քաղաքի միացումը իրագործելի է փոխաբեռնման կայանի առկայության դեպքում: Դիլիջան քաղաքի կենցաղային աղբը սկզբից պետք է կուտակվի փոխաբեռնման կայանում, ապա աղբատար մեքենաներով պարբերաբար տեղափոխվի և տեղադրվի սանիտարական աղբավայրում:

2) «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի իրագործելիության ուսումնասիրության շրջանակներում նույնականացվել և Դիլիջանի քաղաքապետի համաձայնությամբ աղբավայրի մոտակայքում ընտրվել է մի հարթակ, որը հարմար է փոխաբեռնման կայան կառուցելու համար: Հարթակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր Մ8 ավտոմայրուղուն կից: Հեռավորությունը Դիլիջանից 5 կմ է, իսկ ապագա սանիտարական աղբավայրից` 47 կմ: Դիլիջանի փոխաբեռնման կայանի դիրքը և նախագծային սխեման բերված է ստորև` Նկար 3-ում.

 

Նկար 3. Դիլիջանի փոխաբեռնման կայանի սխեման

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

56. Դիլիջանից կենցաղային աղբով բեռնավորված աղբատար մեքենաները, անցնելով փոխաբեռնման կայանի դարպասի միջով, կանգնելու են հարթակին, որտեղից էլ թափոնները բեռնաթափվելու են 35 մ3 տարողությամբ բաց կոնտեյներների մեջ: Ինչպես կոնտեյներները, այնպես էլ հարթակը ծածկապատ են, ինչը կբացառի անձրևաջրերի ներթափանցումը կոնտեյներներ: Փոխաբեռնման կայանում կշեռք-հենահարթակ չի պահանջվում, քանի որ ի վերջո աղբը կշռվելու է սանիտարական աղբավայրի մուտքին: Ավտոմայրուղուց փոխաբեռնման կայանը թաքցնելու նպատակով նախատեսվում է դրա շուրջը կանաչապատ գոտու ստեղծում: Բեռնավորված կոնտեյներները աղբատար մեքենաներով տեղափոխվելու են դեպի սանիտարական աղբավայր:

57. Աղբի վերամշակումն ու օգտահանումը թեև ունեն բնապահպանական մեծ նշանակություն և իրականացվում են գրեթե բոլոր առաջադիմական հասարակություններում, սակայն ՀՀ Լոռու մարզի պարագայում, դրա սոցիալ-տնտեսական և տնտեսագիտական կանխատեսումները չեն հանգեցնում մոտ ապագայում այդպիսի համակարգերի ներդրմանը, եթե չլինեն շահավետ ներդրումային հայտեր: Այս համատեքստում կարևոր կլինի հատկապես քննարկել աղբի վերամշակումը որպես այլընտրանքային էներգիա ստանալու տարբերակ:

58. Այլ հարց է, որ աղբյուրի մոտ աղբի նախնական տեսակավորման իրատեսական հնարավորություններ կան ՀՀ Լոռու մարզի քաղաքային համայնքներում, առաջին փուլի համար` Վանաձորում և Սպիտակում: Այդ դեպքում կենցաղային թափոններում պարունակվող շուկայական արժեք ներկայացնող, վերամշակման ենթակա աղբից օգտակար մնացորդներն օգտահանվում են հենց աղբյուրի (արտադրողի) մոտ:

59. Այստեղ խրախուսվում է մասնավոր սեկտորի ներգրավվածությունը, որի նախաձեռնությամբ կապահովվի տեսակավորված աղբի հավաքումն ու դրանց վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը:

60. Այս դեպքում ներդրողները պատշաճ կերպով կիրականացնեն իրենց կողմից տեղադրված կոնտեյներների պատշաճ սպասարկումն ու աղբի դատարկումը, այնպես, որ դրանց շահագործումը լրացուցիչ բեռ չհանդիսանա ԿԿԹԿ ենթահամակարգը սպասարկող ընկերության համար:

61. Հաշվի առնելով փոքր գյուղական համայնքների կենցաղային աղբի բաղադրությունը` այնտեղ աղբի նախնական տեսակավորման կոնտեյներների տեղադրում չի նախատեսվում:

 

VIII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

62. ՀՀ Լոռու մարզում եվրոպական չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման արդյունքում աղբահանության համակարգում կներգրավվեն մարզի խոշորագույն քաղաքները, ապա ամբողջ մարզը:

63. Հաշվի առնելով տեղային սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, կոմունալ ենթակառուցվածքները` մարզի ԿԿԹԿ համակարգերի ներդրումն առավել սահուն և շահագործումը` առավել արդյունավետ կկազմակերպվի:

64. Բնակչության համար կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ:

 

IX. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

65. Հայեցակարգի իրագործման արդյունքում.

1) ՀՀ Լոռու մարզի ամբողջ տարածքը կսպասարկի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի 2008 թ. նոյեմբերի 19-ի թիվ 2008/98/EC, 1994 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 94/62/EC և Խորհրդի 1999թ. ապրիլի 26-ի թիվ 1999/31 հրահանգների (դիրեկտիվների) պահանջներին (այսուհետ միասին` ԵՄ չափանիշներին) բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը:

2) ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ ենթահամակարգը կենթադրի ոչ ավելի քան 1 տարածաշրջանային ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի շահագործում և ենթահամակարգի համայնքներում աղբահանության իրականացում: Ենթահամակարգի կայացման վերջնարդյունքում, այն կսպասարկի ՀՀ Լոռու մարզն ամբողջությամբ:

3) Կհավաքվի Լոռու մարզում գոյացող (գեներացվող) աղբի առնվազն 95%-ը:

4) Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Լոռու մարզի տարածքում գործող աղբավայրերը:

5) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ, կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը: Հայեցակարգի իրականացումը չի պահանջի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

6) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ նաև կմեծանա համակարգի գրավչությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար` աղբահավաքման արժեշղթային յուրաքանչյուր օղակում (աղբահանությունից մինչև աղբավայրի շահագործում կամ աղբի վերամշակում):

7) էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: Աղբից մաքրված լանդշաֆտը կբարձրացնի Լոռու մարզի զբոսաշրջային գրավչությունը:

 

IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

66. ՀՀ Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի ֆինանսական գնահատական հնարավոր է տալ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում մշակվող ծրագրերի հստակ գնահատականների արդյունքներով:

67. Սույն հայեցակարգի իրականացման ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել

1) միջազգային և դոնոր կազմակերպությունների ներդրումները.

2) վարկային ռեսուրսները.

3) մասնավոր հատվածի ներդրումները.

4) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները` համաֆինանսավորմամբ.

5) պետական բյուջեն` համաֆինանսավորմամբ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

 

X. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

68. Հայեցակարգի ընդունումը էապես կնպաստի ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ կայացման աշխատանքներին: Այն կարող է ծառայել որպես հիմնադրութային փաստաթուղթ գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` ՀՀ Լոռու մարզի աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրների վերջնական և ոլորտի ժամանակավոր կարգավորման համար:

69. Համապատասխանելով ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության դրույթներին և Վերականգնման վարկերի գերմանական բանկի (KFW) ֆինանսավորմամբ ու դանիական C0WI խորհրդատվական ընկերության կողմից կազմված ՀՀ Լոռու մարզի ԿԿԹԿ բարելավման տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, սույն հայեցակարգը ՀՀ Լոռու մարզի համար առաջարկում է առանձնակի լուծումներ` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կոմունալ-ենթակառուցվածքային խնդիրներն ու ժողովրդագրական պատկերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 49
Արձանագրային որոշում