ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 42
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` 6-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. հոկտեմբերի 5-ի նիստի
N 42 արձանագրային որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԹԱՑԻԿ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից և առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ոլորտներում` առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն և կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն և այլն, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:
2) Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` միջուկային գործունեության հետևանքով առաջացած այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:
3) Ապագայում ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր կդառնան նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանվող էներգաբլոկները:
4) Ռադիոակտիվ թափոնների աղբյուր կարող են հանդիսանալ նաև ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն), որոնք համարվում են մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ:
5) Ռադիոակտիվ մունիցիպալ թափոնները կենսոլորտից մեկուսացման համար, 1950-ական թվականներին, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, Նուբարաշենի քաղաքային աղբանոցի մի հատվածում կառուցվել է թաղման կետ (գերեզմանոց): Գերեզմանոցի տեղակայման վայրում սողանքային երևույթների բացահայտումից հետո, վերջինիս հնարավոր փլուզումը բացառելու համար, որոշում է կայացվել Հայկական ԱԷԿ-ի հարթակում` Հայկական ԱԷԿ-ի գլխավոր մասնաշենքից 1,5 կմ հեռավորությամբ դեպի արևմուտք ընկած տարածքում, կառուցել մերձմակերեսային տիպի թաղման նոր կետ, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Վերոնշյալ օբյեկտի շահագործումը նախատեսում էր մունիցիպալ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտներից առաջացած պինդ և հեղուկ թափոնները հավաքել, փոխադրել գերեզմանոց, ցեմենտացման եղանակով բերել թաղման համար ընդունելի վիճակի, և լցնել գերեզմանոցի երկաթբետոնե հորերի մեջ: Բարձր ակտիվությամբ ռադիոիզոտոպային աղբյուրները նախատեսվում էր պահել հատուկ գալարախողովակային հարմարանքներ ունեցող մեկուսիչ հորերում: Քանի որ օբյեկտը շահագործվում էր նախագծային զգալի շեղումներով (սարքավորումների բացակայության պատճառով չէր իրականացվում թափոնների ցեմենտացումը, հատուկ հեռակառավարվող մեխանիկական բռնիչների բացակայության պատճառով չէին շահագործվել գալարախողովակային հարմարանքները), 2009 թվականին տրված լիցենզիայով թույլատրվել է օբյեկտն օգտագործել միայն ցածր ու միջին ակտիվության մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման նպատակով: Ներկայումս պահեստարանի երեք մասնաշենքերից շահագործվում է միայն մեկը, որը լցված է իր ծավալի 40%-ի չափով:
6) Համաձայն ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1653-Ն որոշման` ՀՀ-ում ՌԹ-ների տեղափոխման, վնասազերծման և պահման ծառայությունների մատուցման համար սահմանվել է 0 /զրո/ սակագին: «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահպանման համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից իրականացվում է սահմանափակ հատկացումներ: Ֆինանսավորման սահմանափակ լինելու պատճառով հնարավոր չէ ապահովել ՌԹ-ների հավաքման, վերամշակման (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում), պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման գործընթացներին ներկայացվող ժամանակակից պահանջները: Միջազգային անվտանգության պահանջներին բավարարելու համար անհրաժեշտ հիմնական միջոցառումները ներկայացված են սույն ռազմավարության 7-րդ և 8-րդ կետերում:
7) Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջանում են տարբեր տեսակի (պինդ, հեղուկ) և տարբեր դասերի (շատ ցածր ակտիվության, ցածր ակտիվության, միջին և բարձր ակտիվության) ՌԹ-ներ:
8) ՀԱԷԿ-ի նախագծում նախատեսված չեն եղել շահագործման ժամանակ առաջացող պինդ ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեղակայանքներ, և առաջացող պինդ ռադիոակտիվ թափոնները, առ այսօր, պահեստավորվում են (առանց մշակման) ՀԱԷԿ-ում առկա ցածր, միջին և բարձր ակտիվության պինդ ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում (շատ ցածր ակտիվության պինդ ՌԹ-ների պահեստարան Հայկական ԱԷԿ-ի նախագծում նախատեսված չի եղել), որոնք նախատեսված են ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի (30 տարի) ընթացքում առաջացած ռադիոակտիվ թափոնների պահեստավորման համար:
9) ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ հեղուկները հատուկ գոլորշիացման սարքերի միջոցով, մասնակի ջրազրկումից հետո, պահվում են միջին ակտիվության հեղուկ թափոնների համապատասխան տարողություններում` մինչ խորը գոլորշիացման տեղակայանքի միջոցով դրանց մշակումը (այս տեղակայանքը նախատեսված չի եղել նախագծով և ներդրվել է ՀԱԷԿ-ում 1982 թվականին):
10) ՀԱԷԿ-ի ցածր ակտիվության հեղուկների պահեստարանը դատարկվում է պահվող հեղուկների անընդհատ վերամշակման շնորհիվ, իսկ միջին և բարձր ակտիվության հեղուկ թափոնների պահեստարանները լցված են մասամբ:
11) Հայկական ԱԷԿ-ը հանդիսանում է նաև աշխատած միջուկային վառելիքի միակ աղբյուրը:
12) Աշխատած միջուկային վառելիքի նախնական պահեստավորումն իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային սրահում գտնվող աշխատած միջուկային վառելիքի պահման համար նախատեսված, այսպես կոչված «թաց» ավազաններում, որոնք ապահովում են ջերմանջատիչ հավաքվածքներից (այսուհետ` ՋԱՀ) ակտիվության և մնացորդային ջերմազատման նվազեցումը: Այդ ավազաններում 3-ից 5 տարի պահման ընթացքում ՋԱՀ-երի հովացման մակարդակը բավարարել է վերջիններիս` Ռուսաստանի տարածքում տեղակայված աշխատած միջուկային վառելիքի վերամշակման ձեռնարկություններ անվտանգ փոխադրման պայմաններին: Վերոհիշյալ փոխադրումները պլանային կերպով իրականացվել են մինչև 1991 թվականը, սակայն հետագայում Հայաստանի Հանրապետության շրջափակումը, ապա և ԽՍՀՄ փլուզումը նման փոխադրումները դարձրել են տեխնիկապես անհնար:
13) Մինչև Հայկական ԱԷԿ-ի վերագործարկումը` 1995թ, ՀԱԷԿ-ում կուտակվել էր շուրջ 600 հատ աշխատած ՋԱՀ-եր:
14) Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաշահագործմանը զուգընթաց, աշխատած միջուկային վառելիքի պահման ավազաններում առկա ՋԱՀ-երից ազատվելու նպատակով Հայկական ԱԷԿ-ի հարթակում կառուցվել է Ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպության կողմից նախագծված երկարաժամկետ (50 տարի), «չոր» եղանակով պահման պահեստարան, որը շահագործման է հանձնվել 2000 թվականին, որպես առանձին միջուկային տեղակայանք, և ամբողջությամբ` թվով 616 հատ ՋԱՀ-ով լցվել է 2005 թվականին:
15) Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործումը նախատեսում էր տարեկան մինչև 80 միավոր աշխատած ՋԱՀ-երի առաջացում:
16) Հիմք ընդունելով «ԱԷԿ-ի անվտանգության ապահովման ընդհանուր դրույթներ» փաստաթղթի պահանջները, ըստ որի, անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահին պետք է ապահովվի ռեակտորի ակտիվ գոտուց միջուկային վառելիքի ամբողջական հեռացումը` 2008 թվականին շահագործման է հանձնվել աշխատած միջուկային վառելիքի «չոր» եղանակով պահման պահեստարանի երկրորդ հերթի առաջին մասը` նախատեսված 672 հատ աշխատած ՋԱՀ-երի պահման համար, որը 2015 թվականի դրությամբ լցվել է: 2015 թվականին կառուցվել և շահագործման է հանձնվել «չոր» պահեստարանի, 2-րդ հերթի 2-րդ մասը, որը նախատեսված է թվով 672 ՋԱՀ-երի պահպանման համար:
17) 2009 թվականից Հայկական ԱԷԿ-ում սկսել է օգտագործվել համեմատաբար բարձր հարստացվածությամբ թրթռակայուն վառելիք, որը ռեակտորի ակտիվ գոտուց դուրս բերելուց հետո անհրաժեշտ է 10-ից 12 տարի պահել աշխատած վառելիքի ավազանում, ինչն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացնում աշխատած միջուկային վառելիքի կառավարման գործընթացում` կապված երկարատև պահպանման հետ:
2. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1) Ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից:
2) Ռազմավարությունը մշակվել է հաշվի առնելով մի շարք նախադրյալներ և սկզբնական տվյալներ, որոնք են`
ա. ՀՀ ռազմավարական ծրագրերի և առկա փորձի համաձայն ՀՀ-ում մունիցիպալ ՌԹ-ների առաջացման քանակը էական չի փոփոխվի,
բ. Բարձր ակտիվության ՌԹ-ների քանակը կավելանա Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումից հանման ժամանակ,
գ. Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում ԱՄՎ-ն չի դասակարգվում որպես ՌԹ:
դ. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված` արդիական է դառնում մարդկանց և շրջակա միջավայր համար պոտենցիալ վտանգ հանդիսացող տարբեր տեսակների և դասակարգերի ռադիոակտիվ թափոնների գոյացման խնդիրը:
ե. ՌԹ-ների կառավարման համակարգի անվտանգ և հուսալի շահագործման ապահովման պատասխանատվությունը վերապահվում է պետությանը և շահագործող կազմակերպությանը:
զ. «Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման» Համատեղ կոնվենցիայի (այսուհետ` Համատեղ Կոնվենցիայի) համաձայն` պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ԱՄՎ-ի և ՌԹ-ների անվտանգ կառավարման ապահովման լիազորություններն վերապահվում են պայմանավորվող կողմ հանդիսացող պետությանը: Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ ԱՄՎ-ի և ՌԹ-ների կառավարման բոլոր փուլերում ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ բնակչության և շրջակա միջավայրի ռադիոլոգիական և այլ ռիսկերից հուսալի պաշտպանության ապահովման համար:
է. Համաձայն ԱԷՄԳ-ի IAEA N NW-G-1.1 անվտանգության ստանդարտի 9-րդ բաժնի սույն ռազմավարությունը մշակվում է հաշվի առնելով «երկաստիճան ռազմավարություն» գաղափարը, ըստ որի` կառավարության կողմից նկարագրվում են ՌԹ-ների և ԱՄՎ-ի կառավարման ընդհանուր մոտեցումները, իսկ ընդհանուր մոտեցումների իրականացումը վերապահվում է ՌԹ-ների սեփականատեր համարվող կազմակերպություններին:
ը. Ռազմավարության մշակման ժամանակ հաշվի են առնվել 2013-2015թթ ընթացքում ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացված «ՀՀ-ի համար ՌԹ-ների և ԱՄՎ-ների կառավարման ռազմավարության մշակում» Ծրագրի արդյունքները:
3) Ռազմավարությունը նպատակաուղղված է Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համակարգի կատարելագործմանը, ռադիոակտիվ նյութերի հետ գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանը և վերջիններիս պատասխանատվության բարձրացմանը:
4) Ռազմավարության մշակման անհրաժեշտությունն արտացոլված է նաև Համատեղ կոնվենցիայի 32-րդ հոդվածում, որի համաձայն պայմանավորվող կողմերը Կոնվենցիայի դիտարկման հանդիպումների քննարկմանը ներկայացրած իրենց ազգային հաշվետվություններում պետք է անդրադառնան հետևյալ հարցերին.
ա. Աշխատած վառելիքի կառավարման քաղաքականություն,
բ. Աշխատած վառելիքի կառավարման գործելակերպ,
գ. Ռադիոակտիվ թափոնների կառավարման քաղաքականություն,
դ. Ռադիոակտիվ թափոնների կառավարման գործելակերպ:
ե. Ռադիոակտիվ թափոնները սահմանելու և դասակարգելու չափանիշները:
5) Ռազմավարությունը մշակվել է հաշվի առնելով սույն Ռազմավարության 2-րդ կետի 2-րդ ենթակետում բերված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները` համաձայն որոնց նախատեսվում է.
ա. Անվտանգության ապահովման պատասխանատվություն են կրում այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք պատասխանատու են ճառագայթման ռիսկերի հետ կապված սարքավորման կամ գործունեության համար:
բ. Պետք է ստեղծվի և կատարելագործվի արդյունավետ իրավական համակարգ և անվտանգության ապահովման իրավական մեխանիզմ, ներառյալ անկախ կարգավորող մարմնին:
գ. Ճառագայթային ռիսկերի հետ կապված կազմակերպություններում անհրաժեշտ է ստեղծել և կատարելագործել անվտանգության ապահովման ղեկավարման և կառավարման համակարգ
դ. Ճառագայթային ռիսկերի վերահսկման միջոցառումները պետք է ապահովեն, որպեսզի ոչ մի ֆիզիկական անձ չենթարկվի անհամատեղելի վնասի հասցման ռիսկի:
ե. Ներկա և ապագա սերունդները, ինչպես նաև շրջակա միջավայրը պետք է պաշտպանված լինի ճառագայթման ռիսկից:
է. Ռադիացիոն հետևանքներով վթարների առաջացման կանխարգելում և դրանց առաջացման դեպքում հետևանքների նվազեցում:
ը. ՌԹ-ների միասնական կառավարող կազմակերպության` ՌԹ-ների կառավարող Ազգային Օպերատորի հիմնադրում` «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության հիման վրա:
6) Սույն ռազմավարության նպատակների իրականացման համար կիրառվող սահմանումները ունեն նույն իմաստները, որոնք տրված են «Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման» Համատեղ կոնվենցիայում, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում, 2009թ. հունիսի 4-ի ՀՀ կառավարության թիվ 631-Ն որոշմամբ հաստատված ՌԹ-ների կառավարման կարգում:
7) Սույն ռազմավարության իրականացումը նախատեսված է 2018-2088 թթ. ընթացքում, որը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմամբ (10 տարի) և այդ ընթացքում առաջացող ՌԹ-ների և ԱՄՎ-ի անվտանգ կառավարման ապահովման անհրաժեշտությամբ:
3. ՌԹ-ՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
1) ՌԹ-ների կառավարումն իրականացվում է համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասի» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1489-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1219-Ն, ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 4-ի թիվ 631-Ն որոշումների և ոլորտը համակարգող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահանջների:
2) Ըստ թափոնում գերակշռող ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերության, ռադիոակտիվ թափոնները բաժանվում են 3 դասի` շատ կարճ ապրող թափոններ, կարճ ապրող թափոններ և երկար ապրող թափոններ: Ռադիոակտիվ թափոնների դասակարգումն ըստ ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերության ներկայացված է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1489-Ն որոշման N 4-1 աղյուսակում:
3) ՌԹ-ների կառավարման համակարգը բաղկացած է ռադիոակտիվ թափոնների հավաքման, վերամշակման (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում), պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման փուլերից:
4) Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացած և համապատասխան պահեստարաններում պահվող պինդ ՌԹ-ների զբաղեցրած ծավալները 2016 թ-ի դրությամբ հետևյալն է`
ա. Շատ ցածր ակտիվության ՌԹ-ների պահեստարան (առայժմ պահեստարան չկա)
բ. Ցածր ակտիվության ՌԹ-ների պահեստարան-38%
գ. Միջին ակտիվության ՌԹ-ների պահեստարան-43%
դ. Բարձր ակտիվության ՌԹ-ների պահեստարան-46%
5) ՌԹ-ների անվտանգ կառավարման ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել`
ա. ՌԹ-ների մաքրում ռադիոնուկլիդներից, ռադիոնուկլիդների կոնցենտրացում փոքր ծավալում և հեղուկ կոնցենտրացված ՌԹ-ների վիճակի փոփոխում` պահման համար հարմար ձևի,
բ. ՌԹ-ների ծավալների նվազեցում, և վերջիններիս անվտանգ և հուսալի պահում Հայկական ԱԷԿ-ի շահագործման ողջ ընթացքում,
գ. Շատ ցածր ակտիվության ՌԹ-ների պահեստարանների կառուցում,
դ. ՌԹ-ների թաղման համար մերձմակերեսային գերեզմանոցների կառուցում և դրանց շահագործում:
6) Ռադիոակտիվ հեղուկների վերամշակումը իրականացվում է գոլորշացման, խորը գոլորշացման և ֆիլտրացման տեղակայանքների միջոցով, որոնց արդյունքում ստացված ֆիլտրված ջուրը օգտագործվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման կարիքների համար, ֆիլտրերի իոնափոխանակող խեժերը և գոլորշացումից ստացված ծավալային մնացորդը պահվում է հեղուկ ՌԹ-ների համար նախատեսված միջանկյալ պահման տարողություններում, մինչ նրանց լավորակման և հետագա պահման/թաղման համար համապատասխան վիճակի բերման: Խորը գոլորշացման արդյունքում ստացված աղային հալույթը պահվում է տակառներում ՀԱԷԿ-ի հատուկ մասնաշենքի տանիքին պահման նպատակով վերակառուցված տարածքում:
7) 2016թ-ի դրությամբ` իոնափոխանակող խեժերի, ծավալային մնացորդի և աղային հալույթի զբաղեցրած ծավալները հետևյալն են`
ա. Իոնափոխանակող խեժեր-53%
բ. Ծավալային մնացորդ-76%
գ. Աղային հալույթ-100%
8) ՀԱԷԿ-ի բնականոն շահագործման ընթացքում իոնափոխանակող խեժերի, ծավալային մնացորդի և աղային հալույթի տարեկան առաջացման սպասվելիք քանակները ելնելով շահագործման փորձից հետևյալն են
ա. Իոնափոխանակող խեժեր-5.2 մ3
բ. Ծավալային մնացորդ-75 մ3
գ. Աղային հալույթ-15.2 մ3(76 հատ տակառ)
9) Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման Ծրագրով նախատեսվում է արդիականացնել հեղուկ ՌԹ-ների վերամշակման տեղակայանքը, որի արդյունքում աղային կոնցենտրատի վերջնական ծավալները էլ ավելի կնվազեն:
10) ՀԱԷԿ-ի բնականոն շահագործման ընթացքում պինդ ՌԹ-ի տարեկան առաջացման սպասվելիք քանակները ելնելով շահագործման փորձից հետևյալն են`
ա. Շատ ցածր ակտիվության-0 մ3(դիտարկվում է)
բ. Ցածր ակտիվության-150 մ3
գ. Միջին ակտիվության-3 մ3
դ. Բարձր ակտիվության-1 մ3
11) Պինդ ՌԹ-ների արդյունավետ կառավարման, առաջացած ծավալների նվազեցման համար անհրաժեշտ է ներդնել տեսակավորման (ըստ բաղադրության` այրվող, սեղմելի) և ծավալի նվազեցման (այրում, սեղմում, մանրեցում) համակարգեր:
12) Բարձր ակտիվության պինդ ՌԹ-ների պահումը իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային արտադրամասի հատուկ պահեստարաններում:
13) Հաշվի առնելով բարձր ակտիվության պինդ ՌԹ-ների փոքր ծավալը և առկա պահեստարանը, դրանց ծավալի նվազեցման և հետագա պահման/թաղման կառավարման հարցը նպատակահարմար է քննարկել Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանելու ծրագրում:
14) Հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացած ՌԹ-ների ծավալները, առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն` առաջացած շատ ցածր, ցածր և միջին ակտիվության ՌԹ-ների թաղման կետի կառուցում:
15) Թաղման կետի կառուցումը նպատակահարմար է իրականացնել օգտագործելով մերձմակերեսային գերեզմանոցներում ՌԹ-ների մեկուսացման մեթոդը` գերեզմանոցի հետագա ընդլայնման հնարավորությամբ:
16) Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել բարձր ակտիվության ՌԹ-ների խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորությունները:
17) Ներկայումս, մունիցիպալ ռադիոակտիվ թափոնները, պահվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահեստարաններում, համապատասխան պայմաններում: Սակայն վերջիններիս (մունիցիպալ ՌԹ-ների) թաղման հարցը նույնպես լուծված չէ: Հաշվի առնելով 2013-2015թթ ընթացքում ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացված «ՀՀ-ի համար ՌԹ-ների և ԱՄՎ-ների կառավարման ռազմավարության մշակում» Ծրագրի արդյունքները` լավագույն տարբերակը կլինի մունիցիպալ ՌԹ-ների թաղումը մերձմակերեսային գերեզմանոցներում:
18) «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի պահպանման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից իրականացվում են հատկացումներ, որոնք բավարարում են միայն մունիցիպալ ՌԹ-ների անվտանգ պահման համար:
19) Մունիցիպալ ՌԹ-ների անվտանգ մերձմակերեսային գերեզմանոցի կառուցման համար անհրաժեշտ է իրականացնել գերեզմանոցի հարթակի հիդրոլոգիական, երկրաբանական ուսումնասիրություն: Վերջիններիս համար, ինչպես նաև թաղման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ:
Հիմք ընդունելով «աղտոտողը-վճարում է» սկզբունքը առաջարկվում է մունիցիպալ ՌԹ-ների անվտանգ փաթեթավորման, տեղափոխման և վնասազերծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գանձել այն կազմակերպություններից, որոնց գործունեության արդյունքում առաջացել են այդ ՌԹ-ները: Մունիցիպալ ՌԹ-ների պահեստարաններում անվտանգ պահպանման ծախսերը կշարունակվի մնալ պետության պատասխանատվության տակ և կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
4. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1) Սույն ռազմավարության նպատակների իրագործման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
ա. Տեխնիկական լուծումների ներդրմամբ տարբեր ակտիվության և տեսակի ՌԹ-ների առաջացման նվազեցում,
բ. Հայկական ԱԷԿ-ի հարթակում բարձր ակտիվության պինդ ՌԹ-ների պահման ժամկետների ավելացում,
գ. Շատ ցածր, ցածր, միջին ակտիվության ՌԹ-ների թաղման հերթերի կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացում` Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանելուց հետո ընդլայնման հնարավորությամբ:
դ. Բարձր ակտիվության ՌԹ-ների խորը երկրաբանական ֆորմացիաներում թաղման հնարավորության ուսումնասիրում,
2) Տարբեր տեսակի և ակտիվության ՌԹ-ների առաջացման նվազեցման գործընթացում նախատեսվում է`
ա. ՌԹ-ների ապաակտիվացման առավել արդյունավետ տեխնիկական միջոցների ներդրում,
բ. Հեղուկ ՌԹ-ների ջրազրկման և պնդացման տեխնոլոգիաների արդիականացում,
գ. ՌԹ-ներ տեսակավորման ժամանակակից սարքավորումների կիրառում:
3) ՌԹ-ների թաղման տեղակայանքի կառուցման նպատակով նախատեսվում է իրականացնել`
ա. ՌԹ-ների գերեզմանոցի հարթակի ուսումնասիրություն և հարթակի ընտրություն,
բ. ՌԹ-ների գերեզմանոցի նախագծման, կառուցման և շահագործման նպատակով բոլոր լիցենզիաների ստացման համար փաստաթղթերի մշակում և լիցենզիաների ստացում,
գ. ՌԹ-ների գերեզմանոցի նախագծում, կառուցում և շահագործում
դ. ՌԹ-ների ընդունելիության չափանիշների մշակում և համաձայնեցում ՀՀ ԿԱ ՄԱԿ ՊԿ-ի հետ:
4) Բարձր ակտիվության ՌԹ-ների խորը երկրաբանական ֆորմացիաներում գերեզմանոցի կառուցման հարցի քննարկման համար անհրաժեշտ է դիմել միջազգային կազմակերպություններին` աջակցություն ստանալու ակնկալիքով, մասնավորապես հետևյալ խնդիրների լուծման համար`
ա. ՀՀ-ում խորը երկրաբանական ֆորմացիաներում գերեզմանոցի կառուցման հնարավորության և դրա ծավալների գնահատում,
բ. Խորը երկրաբանական ֆորմացիաներում բարձր ակտիվության ՌԹ-ների գերեզմանոցի կառուցման նպատակով անհրաժեշտ միջոցների գնահատում:
5. ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1) Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման պահանջները սահմանված են ՀՀ-ի կողմից վավերացված «Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման և Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման Համատեղ Կոնվենցիայի» դրույթներով, 2012 թվականին ԱԷՄԳ-ի կողմից մշակված թիվ SSG-15 «Անվտանգության ստանդարտներ հրատարակչություն», Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին ՀՀ օրենքի դրույթներով: Հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ-ում Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումը պետք է բավարարի հետևյալին`
ա. Ապահովվի աշխատած միջուկային վառելիքի կառավարման ընթացքում առաջացած կրիտիկական վիճակն ու մնացորդային ջերմության հեռացման հարցերը,
բ. Ապահովվի աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետ կապված ռադիոակտիվ թափոնների գոյացման գործնականում հնարավոր նվազագույն մակարդակ` վառելիքի ցիկլի ընդունված քաղաքականությանը համապատասխան,
գ. Հաշվի առնվի աշխատած վառելիքի կառավարման տարբեր փուլերի փոխադարձ կախվածությունը,
դ. Ապահովվի անձնակազմի, հասարակության և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունը ազգային մասշտաբով` կիրառելով կարգավորող մարմնի կողմից հաստատված համապատասխան պաշտպանական մեթոդներ` պետական օրենսդրության շրջանակներում, որոնցում պատշաճ կերպով հաշվի են առնվում միջազգայնորեն ընդունված չափանիշներն ու ստանդարտները,
ե. Հաշվի առնվի կենսաբանական, քիմիական և այլ վտանգները, որոնք կարող են առնչվել աշխատած վառելիքի կառավարման հետ,
զ. Խուսափվի այնպիսի գործողություններից, որոնց ողջամտորեն կանխատեսելի հետևանքներն ավելի լուրջ կլինեն ապագա սերունդների համար` ներկա սերնդի համար թույլատրելի հետևանքների համեմատ,
է. Խուսափվի ապագա սերունդների վրա չափից ավելի բեռ դնելուց,
ը. Աշխատած միջուկային վառելիքի պահեստարանները պետք է ապահովեն աշխատած վառելիքի անվտանգ և կայուն պահպանում` մինչև դրանց վերամշակումը կամ վերջնական թաղումը,
թ. Նախագծման առանձնահատկությունները և շահագործման ծրագիրը պետք է ապահովի ռադիոակտիվ նյութի չտարածումը և ճառագայթային պաշտպանվածությունը,
2) Հայկական ԱԷԿ-ում առաջացած աշխատած միջուկային վառելիքը մինչև 1991 թվականը տեղափոխվում էր ՌԴ վերամշակման և պահվում էր ՌԴ-ում: ՀՀ անկախությունից հետո ՀՀ-ի շրջափակման պատճառով աշխատած միջուկային վառելիքի տեղափոխումը դարձավ անհնարին: Հաշվի առնելով վերոնշյալը ՀՀ-ում առաջացած աշխատած միջուկային վառելիքը պահպանվում է Հայկական ԱԷԿ-ի տարածքում հատուկ չոր տեսակի պահեստարաններում, որոնց նախագծային ժամկետը 50 տարի է:
3) Աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման վերջնական փուլն է ԱՄՎ-ների կամ ԱՄՎ-ների վերամշակման արդյունքում առաջացած բարձր ակտիվության թափոնների թաղումը երկրաբանական խորը ֆորմացիաներում: Մինչ այսօր ՀՀ-ում գնահատված չէ խորը երկրաբանական ֆորմացիաներում ԱՄՎ-ների անվտանգ թաղման հնարավորությունը: Վերջնական գնահատման, ինչպես նաև խորը երկրաբանական ֆորմացիաներում ԱՄՎ-ների գերեզմանոցի ծավալների ճշտման համար անհրաժեշտ են իրականացնել հարթակի հիդրոլոգիական հետազոտություններ:
4) Կարևոր խնդիրներից է համապատասխան ֆինանսավորման ապահովումը: Ներկայումս ՀՀ-ում աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն վերապահված է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ին: Աշխատած միջուկային վառելիքի կառավարման նպատակով էլեկտրաէներգիայի սակագնից ներկայիս մասհանումները բավարարում են միայն ԱՄՎ-ների ժամանակավոր պահման համար: Ներկա իրավիճակը շտկելու նպատակով առաջարկվում է բացել արտաբյուջետային հաշիվ որտեղ կկուտակվեն լրացուցիչ միջոցներ` աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման բոլոր փուլերի համար: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում տարեկան փոխարինվում է շուրջ 80 աշխատած ՋԱՀ: Հաշվի առնելով այն, որ Հայկական ԱԷԿ-ում 2009 թ-ից կիրառվում է նոր տիպի (ավելի բարձր հարստացվածությամբ և թրթռակայուն) ՋԱՀ-եր, որոնք աշխատելուց հետո 10-12 տարի պահվելու են ԱՄՎ-ի պահման ավազանում` անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել նոր տիպի ԱՄՎ-ների հետագա ժամանակավոր պահման հարցը:
5) Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը հաշվի առնելով` առկա ԱՄՎ-ների չոր եղանակով պահպանման պահեստարանի երկրորդ հերթի երկրորդ մասը կլցվի 2025 թվականին և արդեն 2026 թվականին անհրաժեշտություն կառաջանա կառուցել ԱՄՎ-ների չոր եղանակով պահպանման պահեստարանի երրորդ հերթը: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երկու տարվա ընթացքում չոր պահեստարան կտեղափոխվեն շուրջ 168 աշխատած ՋԱՀ, նախատեսվում է որ չոր եղանակով պահպանման պահեստարանի 3-րդ հերթը կլցվի 2034 թվականին:
6) Մնացած, շուրջ 594 ԱՄՎ-ի ՋԱՀ-երի պահման համար 2034 թվականին շահագործման կհանձնվի ԱՄՎ-ների չոր եղանակով պահման պահեստարանների 4-րդ հերթը, որի իրականացման համար կօգտագործվի ԱՄՎ-ների պահման ուղղահայաց բազմակի օգտագործման կոնտեյներներ:
7) Հաշվի առնելով այն, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանելուց հետո դեռ տևական ժամանակ շահագործվելու է ԱՄՎ-ների չոր պահպանման եղանակով պահեստարանը, ԱՄՎ-ների կառավարման համար անհրաժեշտ է կիրառել այնպիսի համակարգ, որը կլինի լիովին անկախ Հայկական ԱԷԿ-ի համակարգերից, ինչպես նորմալ շահագործման պայմաններում այնպես էլ վթարային իրավիճակներում:
6. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
1) Հայաստանի Հանրապետության տարածքի նպատակային և համալիր հիդրոերկրաբանական հետազոտությունների բացակայությունը, անհնարին է դարձնում գերեզմանոցների տեղակայման համար անվտանգության տեսանկյունից ընդունելի տարածքների ճիշտ ընտրությունը,
2) Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի ամբողջական կառավարման ոչ բավարար ֆինանսավորումը, ինչպես նաև միջոցառումների ծախսատարությունը, ինչը կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի և դրա հետ կապված ծառայությունների մատուցման գների բարձրացմանը,
3) Ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման միջազգային փորձի ոչ բավարար ներդրումը` Հայաստանի Հանրապետությունում ներդրված չէ աշխարհում լայն կիրառություն գտած «աղտոտողը-վճարում է» սկզբունքը` ըստ որի այն կազմակերպությունը, որի գործունեությունը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա, պարտավոր է կրել հասցրած վնասի հատուցմանն ուղղված ծախսերը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման ֆինանսական հատկացումներն իրականացվում են պետական բյուջեից, որոնք բավարար չեն մունիցիպալ ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի ամբողջականությունն ապահովելու համար,
4) Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ժամանակակից պահանջներին համահունչ հնարավորությունների բացակայությունը:
7. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
1) ՌԹ-ների կառավարման համակարգն արդիականացնելու համար առաջարկվում է`
ա. Հիմնադրել ՌԹ-ների կառավարող Ազգային Օպերատոր ՓԲԸ, որը կմշակի և ՀՀ կառավարության քննարկման կներկայացնի ՌԹ-ների կառավարման բոլոր փուլերի համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը, ներառյալ` գերեզմանոցի հարթակի ընտրության, գերեզմանոցի նախագծի, ՌԹ-ների ընդունելության չափանիշների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, կիրականացնի ՌԹ-ների կառավարման անվտանգության գնահատումը, կմշակի անվտանգության հիմնավորման հաշվետվությունները:
բ. Կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի 1653-Ն որոշման մեջ, սահմանելով համապատասխան վճար` առաջացած ՌԹ-ների փաթեթավորման, տեղափոխման և վնասազերծման համար,
գ. Բացել արտաբյուջետային հաշիվ,
դ. ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի 1653-Ն որոշման փոփոխության արդյունքում վճարվող գումարները փոխանցել բացված արտաբյուջետային հաշվին,
ե. Կառուցել համապատասխան մերձմակերեսային գերեզմանոցներ ցածր և միջին ակտիվության ՌԹ-ների թաղման համար,
զ. Կառուցել շատ ցածր ակտիվության ՌԹ-ների պահեստարաններ
է. Կազմակերպել ՌԹ-ների կառավարմամբ զբաղվող մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ,
ը. Կազմակերպել ՀՀ մասնագետների վերապատրաստումը արտասահմանյան կազմակերպություններում` ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում
թ. ներդնել ՌԹ-ների հաշվարկման և գույքագրման էլեկտրոնային բազա,
ժ. Կառուցել շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնների համապատասխան պահեստարան:
2) Վերոնշյալ արտաբյուջետային հաշվի բացման, դրանում միջոցների կուտակման և դրանց ծախսման ձևաչափը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է մշակել համապատասխան փաստաթղթեր:
3) Սույն ռազմավարության դրույթներն իրականացնելու համար, հաշվի առնելով միջազգային փորձը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը գնահատվում է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (2014թ-ի գնահատական): ՌԹ-ների գերեզմանոցի առաջին հերթի կառուցման համար կպահանջվի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (2014թ-ի գնահատական): Գերեզմանոցների կառուցման գինը կհստակեցվի համապատասխան նախագծի առկայության պայմաններում:
4) Ազգային օպերատորի պահպանման ծախսերը կիրականացվեն համաֆինանսավորմամբ` ՀՀ պետական բյուջեից և բացված արտաբյուջետային հաշվից, ինչպես նաև դոնոր երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցություններից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
8. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1) Սույն ռազմավարության իրագործումը կնպաստի`
ա. ՌԹ-ների կառավարման համակարգի արդիականացմանը,
բ. Հայկական ԱԷԿ-ի շահագործմամբ պայմանավորված տարբեր տեսակի և ակտիվության ՌԹ-ների առաջացման նվազեցմանը,
գ. ՌԹ-ների կառավարման համակարգի շահագործման ծախսերի նվազեցմանը,
դ. Շատ ցածր, ցածր և միջին ակտիվության ՌԹ-ների պահման/թաղման համակարգի ներդրմամբ` Հայկական ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման և շահագործումից հանման իրականացմանը,
ե. Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի և բնակչության վրա իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցության նվազեցմանը և շրջակա միջավայրի վրա ճառագայթման վնասակար ազդեցության նվազմանը,
զ. Կստեղծվեն նախադրյալներ բարձր ակտիվության ՌԹ-ների գերեզմանոցի կառուցման համար, որը կդյուրացնի նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման աշխատանքները,
է. ՌԹ-ների կառավարման համակարգի օբյեկտների անվտանգության պահպանման անհրաժեշտության հետ կապված ֆինանսական ծանրաբեռնվածության նվազեցում ապագա սերունդների համար:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Սույն արձանագրային որոշման հավելվածի 2-րդ բաժնի 5)-րդ
կետում բացակայում է «զ» ենթակետը