Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ...

 

01.08.2024 - 01.01.2025

 

i

040.1321.231017

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1321-Ն

 

i

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 6-րդ մասը և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-360-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող (վճարված) տոկոսների գումարների չափով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից 2014, 2015, 2016 և 2017 թվականների հաշվետու եռամսյակների (տարվա) համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման համաձայն:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

(որոշման վերնագիրը, նախաբանը և տեքստը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող)

հարաբերությունների վրա/ որոշում)

(Նախաբանը փոփ. 15.04.2022 թիվ 509-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1321-Ն որոշման

i

 

ԿԱՐԳ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի (այսուհետ` հիփոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ` տոկոս) գումարների չափով ֆիզիկական անձանց (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի) օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելուց հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում` ավտոկայանատեղի, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ` վարկառու) վրա` վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

(2-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/,

24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

3. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող վարձու աշխատողների դեպքում` վարձու աշխատողը հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո` վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելու դեպքում:

(3-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

i

5. Հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում (մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում` այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)) հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ (այսուհետ` հայտ)` հարկային մարմնի կողմից սահմանված ձևի: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակը կամ այդ պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը և համապատասխան գույքային իրավունքի գրանցման վկայականը, եթե ծրագրով կիրառելի է գրանցում.

i

4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռքբերված (բերվող) լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող), իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռքբերված (բերվող) լինելու մասին.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի (այդ թվում` նախնական) կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագիր, իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում` համապատասխան ծրագրով նախատեսված պայմանագրի բնօրինակը (առուվաճառքի նախնական պայմանագիր, առուվաճառքի պայմանագիր, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիր):

Բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:

(5-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/,

24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

i

5.1. Հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ, իսկ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում` երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում` հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում` սույն կետով սահմանված համապատասխան ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին: Սույն կետի կիրառության իմաստով` հայտը մերժվում է, եթե`

1) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

2) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

2.1) 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի մասով կառուցված կամ կառուցվող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված` շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) այն գոտում, որում գտնվող գույքերի մասով հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձման ենթակա չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ գույքի շինարարության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը.

3) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

(5.1-ին կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

i

5.2. Հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում (մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում` այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` եկամտային հարկի վերադարձման համար` հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է` նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:

(5.2-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն, 20.06.2024 թիվ 955-Ն որոշումներ)

5.3. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարի` առնվազն ութօրյա վավերականությունը և վարկառուին պատկանելիությունը, ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգին համապատասխան, որի նպատակով վարկառուն դիմումի միջոցով տրամադրում է իր համաձայնությունը` բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով իր բանկային հաշվի համարի վավերականությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմամբ ստուգելու համար:

(5.3-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

5.4. Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:

i

Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը` մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ:

(5.4-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

5.5. Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները` դրամով: Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառված տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը:

(5.5-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, եթե մինչև այդ ներկայացված` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ: Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով գործատուի կողմից ներկայացվում է եկամտային հարկի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը (նախկինում տրամադրված տեղեկատվության փոփոխության դեպքում` ներկայացվում է ճշգրտված տեղեկատվություն):

(6-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1578-Ն, 20.06.2024 թիվ 955-Ն որոշումներ)

i

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում (բացառությամբ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի) վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին` ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

(7-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1578-Ն, 20.06.2024 թիվ 955-Ն որոշումներ)

i

8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին: Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել, եթե`

i

1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.

i

2) չեն ներկայացվել սույն կարգի 5.4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) վարկառուն տվյալ ժամանակաշրջանում օգտվել է ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից.

i

4) սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում առաջանում են սույն կարգի 5.1-ին կետի 1-ին 2-րդ և 2.1-ին ենթակետերով նշված հանգամանքները.

5) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.

6) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառուն ծանուցվել է և այդ գումարը` հաջորդ հաշվետու եռամսյակների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը:

(8-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/,

24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

8.1. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը:

(8.1-ին կետը լրաց. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/,

24.09.2021 թիվ 1578-Ն որոշումներ)

8.2. Հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիփոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են` ըստ դրանց ներկայացման հերթականության:

(8.2-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

i

9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր` վարկառուի բանկային հաշվին:

(9-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/,

24.09.2021 թիվ 1578-Ն որոշումներ)

i

10. Կատարվող վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութերորդ աշխատանքային օրը գանձապետարան է ներկայացվում վճարման հանձնարարական: Վերադաս հարկային մարմնի կողմից եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում եզրակացությունն ստանալու օրվան հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, մերժման հիմքերի նշումով, վերադարձվում է այն ներկայացրած հարկային մարմին` մերժման հիմքերի մասին վարկառուին ծանուցելու համար:

(10-րդ կետը փոփ. 08.06.18 թիվ 647-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա/ որոշում)

i

11. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: Հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում) կամ անձը հաստատող փաստաթղթի համարը/սերիան.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.04.2022 թիվ 509-Ն որոշում)

4) վարկառուի հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

i

6) տվյալ հաշվետու եռամսյակի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) գանձապետարանի տարանցիկ հաշվի համարը, որից պետք է վերադարձի գումարը:

(11-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

12. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

(12-րդ կետը փոփ. 24.09.2021 թիվ 1578-Ն, 15.04.2022 թիվ 509-Ն որոշումներ)

i

13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու եռամսյակի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու եռամսյակի և (կամ) նախորդ հաշվետու եռամսյակի (եռամսյակների) համար եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացված չլինելու դեպքում` նաև այդ եռամսյակի (եռամսյակների) վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Ծանուցելուց հետո եռամսյա ժամկետում սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության կամ գումարների ոչ ամբողջությամբ վերադարձման դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն /տարածվում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա /, 20.06.2024 թիվ 955-Ն

i

որոշումներ)

i

14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու եռամսյակի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում:

(14-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

15. Վերադարձված գումարը բանկի կողմից մերժվելու դեպքում բանկի կողմից փոխանցվում է գանձապետարանի տարանցիկ հաշվին` նշելով մերժման հիմքը, որի մասին հարկային մարմինը ծանուցում է վարկառուին: Վարկառու ֆիզիկական անձը համապատասխան տվյալները ճշտելուց հետո ներկայացնում է եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում, որի հիման վրա կատարվում է գումարի վերադարձ վարկառուի բանկային հաշվին` գանձապետարանի տարանցիկ հաշվից:

(15-րդ կետը լրաց. 24.09.2021 թիվ 1578-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2017
N 1321-Ն
Որոշում