ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 38
33. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման 2018-2024 թվականների միջոցառումների ծրագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. սեպտեմբերի 7-ի նիստի
N 38 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
2. Հայեցակարգը մշակված է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին գլխի 7-րդ հոդվածի «ա» և 2-րդ գլխի 9-րդ հոդվածի «ա» ենթակետերի համաձայն:
3. Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաստիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները:
4. Հայեցակարգը նախանշում է հաշմանդամային սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները, որոնք հիմք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հաշմանդամային սպորտի զարգացման տեղական հայեցակարգեր մշակելիս:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5. Հաշմանդամային սպորտի քաղաքականության առանձնահատկություններով, կարգավորման ենթակա հարաբերությունների իներցիոն բնույթով, ինչպես նաև իրականացվող միջոցառումների և ծրագրերի շարունակական ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` սույն հայեցակարգով նախատեսված քաղաքականության հիմնական ուղղությունները վերաբերում են 2018-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակամիջոցին:
IV. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
6. Հայեցակարգի գաղափարական հիմքը հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովումն ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռումն են, որոնք ամրագրված են միջազգային իրավական նորմատիվ ակտերում:
7. Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները համաշխարհային բնույթ կրող խնդիրներ են, որոնք անկախ տնտեսական վիճակից` գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում:
8. Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների` երկրագնդի մոտավորապես 10 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական ներառումը կարևորագույն նախապայման են կայուն, ներդաշնակ, ապահով և անխտրական հասարակության զարգացման համար:
9. Համաձայն 2010 թվականի գլոբալ մարդահամարի տվյալների` աշխարհի բնակչության շուրջ 15 տոկոսը կամ մոտ 1 միլիարդ մարդ ունի հաշմանդամության որևէ տեսակ (ըստ ԱՀԿ-ի տվյալների` 1970-ական թվականներին այս ցուցանիշը կազմել է շուրջ 10 տոկոս):
10. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը կարևոր գործոն են հաշմանդամություն ունեցող անձանց համար:
11. Հայեցակարգում օգտագործվող հասկացություններն են`
1) ադապտիվ ֆիզիկական կուլտուրա` մարզական-առողջարարական միջոցառումների համալիր, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը, հասարակական գործընթացների մեջ նրանց ներգրավման պայմանների հեշտացումն ու կյանքի որակի բարձրացումն է: Ադապտիվ ֆիզիկական կուլտուրան, լինելով ֆիզիկական և համամարդկային կուլտուրայի մասը, իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց հոգևոր և ֆիզիկական զարգացման կարևոր սոցիալական և մանկավարժական գործառույթներ:
2) Ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունն անհրաժեշտ նախադրյալ է զանգվածային սպորտով զբաղվելու և պարտադիր պայման` անհատի ֆիզիկական կուլտուրայի ձևավորման համար, որը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի գործունեության արժևորված կողմնորոշում, կազմակերպվածություն, նպատակաուղղվածություն: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց մեջ ձևավորել վստահություն իրենց ուժերի նկատմամբ: Ադապտիվ ֆիզիկական դաստիարակությունը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասսայական տեսակն է:
3) Ադապտիվ սպորտ` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսակ է, որի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց մեջ սպորտային մշակույթի ձևավորումը, նրանց մարզական բարձր վարպետության և բարձր նվաճումների ձեռքբերումն է: Ադապտիվ սպորտն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում` մտավոր խնդիրներ ունեցող անձանց) պահանջների բավարարմանը, նրանց կարողությունների սահմաններում առավելագույնս ինքնադրսևորմանը, հասարակությանը ինտեգրմանը և սոցիալականացմանը: Եթե ֆիզիկական դաստիարակությունը ստեղծում է ֆիզիկական ունակությունների և շարժողական հմտությունների համար բազմակողմանի զարգացման սկզբնական բազա, նախապայմաններ շարժողական բազայի ձևավորման համար, ապա ադապտիվ սպորտը նպաստում է այս հնարավորությունների ամբողջական բացահայտմանը: Ադապտիվ սպորտը հաշմանդամություն ունեցող անձին սովորեցնում է ազնվորեն հաղթել և արժանապատվությամբ պարտվել, նպաստում է նրա ֆիզիկական և բարոյական զարգացմանը և կատարելագործմանը, ձևավորում է աշխատասիրություն, ստիպում է կողմնորոշվել լարված, երբեմն` էքստրեմալ իրավիճակներում: Սպորտում հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հնարավորություն:
V. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
12. Ադապտիվ սպորտի համաշխարհային փորձը կեսդարյա պատմություն ունի և զարգանում է հիմնականում իրարից անկախ երեք ուղղություններով` պարալիմպիկ, սուրդլիմպիկ և հատուկ օլիմպիական:
13. Պարալիմպիկ շարժումը ադապտիվ սպորտի ամենազարգացած ուղղությունն է: Պատահական չէ, որ սկսած 1960 թվականից` պարալիմպիկ խաղերն անցկացվում են օլիմպիական խաղերից անմիջապես հետո` հենց նույն երկրում և նույն մարզական կառույցներում: Պարալիմպիկ շարժման առաջընթացը նկատվում է սպորտի բարձրագույն նվաճումների ոլորտում, այսպես կոչված էլիտար սպորտում:
14. Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար անցկացվում են սուրդլիմպիկ խաղեր: Սուրդլիմպիկ խաղերը օլիմպիական խաղեր են լսողության խնդիրներ ունեցողների համար: Սուրդլիմպիկ միջազգային շարժումը ճանաչված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:
15. Մտավոր խնդիրներ ունեցողների համար անցկացվում են հատուկ օլիմպիական խաղեր (Special Olympics): «Հատուկ օլիմպիադա» միջազգային շարժումը ևս ճանաչված է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:
16. Այս երեք ուղղությունները զարգացած են աշխարհում: Նախկին ԽՍՀՄ-ում ադապտիվ սպորտի առաջին ֆեդերացիան ստեղծվել է 1980 թվականին Լենինգրադ քաղաքում, որին անդամակցում էին լսողական, տեսողական և հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող անձինք: 1984 թվականից սկսել է գործել ադապտիվ սպորտի առաջին ակումբը:
17. 1987 թվականին հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների համար Օմսկ քաղաքում տեղի են ունեցել առաջին համառուսաստանյան խաղերը:
18. 1992 թվականին ԱՊՀ հավաքական թիմը մասնակցել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում կայացած պարալիմպիկ խաղերին:
19. Ռուսաստանում գործում են մոտավորապես 1200 ֆիզկուլտուրային-առողջարարական ակումբներ, որոնցից 107-ը` հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների համար: Այդ ակումբներում ըստ նույն աղբյուրների տվյալների` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվում է 95.8 հազար մարդ: Ադապտիվ սպորտը առավել տարածված է Բաշկիրիայում, Թաթարստանում, Կրասնոյարսկի և Կոմի երկրամասերում: Ըստ ռուսական աղբյուրների` 1998 թվականի հետ համեմատած` միջազգային մրցաշարերին, պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության ֆինանսավորումը ներկայումս ավելացել է մոտավորապես 10 անգամ: Ռուսաստանում գործում են 8 մանկապատանեկան մարզադպրոց հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
20. Բելառուսի Հանրապետությունում, ինչպես մյուս երկրներում, ադապտիվ սպորտի զարգացումը անցել է մի շարք փուլեր: Այսօր երկրում գործում են ադապտիվ սպորտի ֆեդերացիաներ, ադապտիվ սպորտի ավելի քան 25 ակումբներ, ֆիզկուլտուրային-առողջարարական 70 խմբեր: Բելառուսի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մոտ 50000 անձինք զբաղվում են սպորտով, միջազգային մրցումներին պարբերաբար մասնակցում է մոտ 200 անձ: Առավել զարգացած են ատլետիկա, լող, նետաձգություն, երկամարտ, մինի-ֆուտբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք, դահուկավազք, ձյուդո, սուսերամարտ մարզաձևերը:
21. Որպես հետխորհրդային շրջանի պետություն` Հայաստանի Հանրապետությունը ժառանգել էր հաշմանդամության բժշկական մոդելը, ըստ որի` հաշմանդամությունը համարվում է «հիվանդություն», իսկ հաշմանդամություն ունեցող անձի կյանքի բարելավմանն ուղղված գործողությունները կրում են հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ: Հաշմանդամության բժշկական մոդելին հատուկ է այն մոտեցումը, ըստ որի` հաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես հիվանդ, խնամյալ, որն ունի խնամքի և հոգածության կարիք, նրա կյանքը կախված է այլոց վերաբերմունքից, ինչն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում նրա լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:
22. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միավորված ազգերի կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա): Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել հաշմանդամության ոլորտի (այդ թվում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի) պետական քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները կառուցելու հաշմանդամության սոցիալական մոդելի վրա, ինչը ենթադրում է հաշմանդամության դիտարկումը հաշմանդամություն ունեցող անհատի և սոցիալական ու ֆիզիկական միջավայրի փոխազդեցության համատեքստում:
23. Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալների` Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200 117 անձ, որը կազմում է բնակչության 6,7 տոկոսը: Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճի միտումներ են նկատվում, ինչն ակներև է ստորև ներկայացվող պատկերում:
Պատկեր 1
Պատկեր 2
______________________
ԻՐՏԵԿ - պատկերները չեն բերվում
24. 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված են հաշմանդամություն ունեցող 202 839 անձինք, որոնցից`
1) կանայք` 98 458 (48,5 տոկոս),
2) կենսաթոշակային տարիքի 65 172 (32,1 տոկոս) անձ, որից կանայք` 34 705 (54,1 տոկոս),
3) աշխատանքային տարիքի 126 810 (62,5 տոկոս) անձ, որից կանայք` 59 701 (47,6 տոկոս),
4) հաշմանդամ երեխաներ` 8.9 տոկոս:
25. Ներառական կրթությունը հաշմանդամության սոցիալական մոդելի յուրօրինակ ածանցյալն է:
26. Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա սովորելու հանրակրթական դպրոցում` իր կարողություններին ու կարիքներին համապատասխան: Սկզբունքորեն այդ կարիքները (այդ թվում` նաև ֆիզիկական ակտիվության) պետք է բավարարվեն հանրակրթական դպրոցում: Այս իրավունքն ապահովելը դպրոցի և պետության պատասխանատվության ներքո է:
27. Հաշմանդամություն ունեցող երեխաների համար շատ կարևոր է, որ ուսումնական ծրագիրն ունենա ֆիզիկական դաստիարակության հստակ նպատակներ, իսկ ուսուցիչներն ազատ լինեն ընտրելու այն ուղիներն ու մեթոդները, որոնցով նրանք կապահովեն այդ նպատակներին հասնելը:
28. Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այդ կարիքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովմանը:
29. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն այսօր Հայաստանի Հանրապետության 153 հանրակրթական դպրոցներում կազմակերպվում է ներառական կրթություն, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 4708 երեխաներ, կան 21 հատուկ դպրոցներ, որոնցից 10-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության են, մնացածը` մարզային ենթակայության:
._____________________________________________.
|Տարեթիվը |Դպրոցների|Կրթության առանձնահատուկ |
| |թիվը |պայմանների կարիք ունեցող|
| | |երեխաների թիվը |
|__________|_________|________________________|
|2011 թ. | 60 | 1543 |
|__________|_________|________________________|
|2012 թ. | 65 | 1700 |
|__________|_________|________________________|
|2013 թ. | 79 | 2421 |
|__________|_________|________________________|
|2014 թ. | 101 | 3000 |
|__________|_________|________________________|
|2015 թ. | 138 | 3997 |
|__________|_________|________________________|
|2016 թ. | 153 | 4708 |
._____________________________________________.
30. Սակայն ներառական կրթության ներդրման գործընթացում դեռևս կան մի շարք խնդիրներ, այդ թվում` ֆիզկուլտուրայի դասերին, մարզական միջոցառումներին բոլոր երեխաների ներգրավվածության ապահովման խնդիրը: Խնդիր է նաև թեքահարթակների բացակայությունը շենքից դուրս և շենքի ներսում, մարզադահլիճների հարմարեցվածությունը: «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոն» հետազոտական կազմակերպության 2013 թվականի հունվարից հունիս ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության հինգ թիրախային մարզերում գործող ընտրանքային 34 ներառական դպրոցներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ որևէ դպրոց չունի հարմարեցված մարզադահլիճ, առավել ևս ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ-ուսուցիչ, որը կարող է աշխատել ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող երեխաների հետ:
31. Հետազոտությանը մասնակցած հիմնական-առարկայական ուսուցիչների զգալի մասը` 62.8 տոկոսը, փաստել է, որ մասնակցել է ներառական կրթության թեմայով վերապատրաստումներին: ՈՒսուցիչների 61.8 տոկոսը վերապատրաստվել է միայն մեկ անգամ: Վերապատրաստվածների 50.1 տոկոսը չի հիշում, թե որ կազմակերպությունն է իրականացրել վերապատրաստումը, իսկ 43.2 տոկոսը չի հիշում անգամ, թե ինչ թեմայով էր վերապատրաստումը: Թեև ուսուցիչների 40 տոկոսը փաստել է, որ կարիք ունի լրացուցիչ վերապատրաստման, այդուհանդերձ, նրանցից 35.8 տոկոսը պատկերացում չունի, թե հատկապես ինչ թեմայով վերապատրաստման կարիք է զգացվում:
32. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը պետք է սկսվի ներառական և հատուկ դպրոցներում սովորող երեխաներին ֆիզիկական կուլտուրայի դասերի մեջ ընդգրկելուց, այնուհետև նրանց մարզաառողջարարական խմբերում ընդգրկելուց:
33. Հայաստանի Հանրապետությունում մարզումներ են կազմակերպվում հետևյալ մարզաձևերից` բոչիա, գոլբոլ, բազկամարտ, ծանրամարտ, սեղանի թենիս, ատլետիկա, վազք սայլակներով, լեռնադահուկային սպորտ, ըմբշամարտ, ձյուդո, ֆուտզալ, վոլեյբոլ լսողական խնդիրներ ունեցողների համար, շախմատ, շաշկի (լսողական և տեսողական խնդիրներ ունեցողների համար), առագաստանավային սպորտ, լող, սայլակով բասկետբոլ` ֆիզիկական խնդիրներ ունեցողների համար:
34. Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցներ և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Նշված մարզադպրոցների մարզական խմբերում 1950 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ 42 մարզաձևերով մարզվում են շուրջ 41000 պարապողներ: Մարզադպրոցները տեղաբաշխված են հանրապետության 10 մարզերում և Երևանում: Առկա է մարզադպրոցների կենտրոնացվածություն Երևանում (33 մարզադպրոց, 8633 պարապող) և մյուս մեծ քաղաքներում` Գյումրիում (16 մարզադպրոց, 2712 պարապող) ու Վանաձորում (12 մարզադպրոց, 3006 պարապող): Հանրապետության 866 գյուղական համայնքներից միայն 56 համայնքներում են գործում մարզադպրոցներ:
35. Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցներից և ոչ մեկը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի պահանջներին. հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, նրանցից ոչ մեկը չունի հաշմանդամություն ունեցող պարապող երեխա կամ երեխաների խումբ: Ստորև ներկայացվում է մարզադպրոցների և պարապողների թիվը` ըստ մարզերի:
Աղյուսակ
.___________________________________________.
|N |Մարզը |Մարզադպրոցը|Պարապողը|
|___|__________________|___________|________|
|1 |Երևան | 60 | 18227|
|___|__________________|___________|________|
|2 |Արագածոտնի մարզ | 5 | 736|
|___|__________________|___________|________|
|3 |Արարատի մարզ | 7 | 1447|
|___|__________________|___________|________|
|4 |Արմավիրի մարզ | 9 | 1765|
|___|__________________|___________|________|
|5 |Գեղարքունիքի մարզ | 9 | 1554|
|___|__________________|___________|________|
|6 |Կոտայքի մարզ | 15 | 3910|
|___|__________________|___________|________|
|7 |Լոռու մարզ | 18 | 3918|
|___|__________________|___________|________|
|8 |Շիրակի մարզ | 34 | 6665|
|___|__________________|___________|________|
|9 |Սյունիքի մարզ | 9 | 1787|
|___|__________________|___________|________|
|10 |Տավուշի մարզ | 5 | 703|
|___|__________________|___________|________|
|11 |Վայոց ձորի մարզ | 4 | 289|
|___|__________________|___________|________|
| |Ընդամենը | 175 | 41001|
.___________________________________________.
36. Միջազգային փորձը վկայում է, որ հիպոդինամիան կյանքի տևողության կրճատման պատճառ է: Այդ իսկ պատճառով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեջ դիտվում է որպես վերջիններիս ոչ միայն առողջության բարելավման, այլև «սոցիալականացման» գործոններից մեկը:
37. Ադապտիվ սպորտի զարգացումը հիմնականում խթանում են պարալիմպիկ, սուրդլիմպիկ և հատուկ օլիմպիադաներ միջազգային սպորտային շարժումները, որոնք ձևավորվում են առավելապես Երևանում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական դաստիարակության և սպորտի հարցերով հիմնականում զբաղվում են հասարակական կազմակերպությունները: ՈՒսումնամարզական, սպորտային կատարելագործման և բարձրագույն նվաճումների մարզական խմբերի մարզիկների հետ աշխատանքները նույնպես իրականացվում են այդ կազմակերպությունների ջանքերով:
38. Նախարարության նախաձեռնությամբ մշակվել և դեռևս 2013 թվականին հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագիրը և այդ ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը:
39. Նշված ծրագիրն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը, պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությանը նոր որակ հաղորդելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ապահովմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:
40. Այդ ծրագիրը նախատեսում էր հաշմանդամային սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները, որոնք հիմք կարող էին դառնալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համար հաշմանդամային սպորտի զարգացման տեղական ծրագրեր մշակելիս:
41. Ծրագրի կիրարկումը հիմնականում դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման գործում:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց մարզական հասարակական կազմակերպությունների մարզիկները, մասնակցելով տարբեր մարզական միջոցառումների, հասել են որոշակի հաջողությունների հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և արժանացել մեդալների ու մրցանակների նաև վերոնշյալ ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում:
2) 2014 թվականից Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Երևան քաղաքի վարչական շրջանների հաշմադամություն ունեցող ընտանիքներ (հայրը կամ մայրը սայլակով):
3) 2015 թվականից անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը:
4) 2015 թվականից սկսած` հաշմանդամային սպորտում բարձր արդյունքների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին, մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին շնորհվում են դրամական մրցանակներ, իսկ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկները և նրանց մարզիչները ստանում են Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ:
42. Սակայն ծրագրի մի շարք դրույթներ այդպես էլ անկատար են մնացել: Մասնավորապես` մարզական կառույցների մատչելի միջավայրի ապահովումը, ըստ բնակության վայրի հաշմանդամային սպորտի զարգացումը, որոնք կարևորագույն պայման են հաշմանդամային սպորտի հետագա զարգացման գործում:
43. Չնայած պետական մարմինների համապատասխան ուշադրությանը և ֆինանսավորմանը` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը` այնուամենայնիվ, բացի խուլ մարզիկների ցուցաբերած արդյունքներից` դեռևս շոշափելի արդյունքներ չեն գրանցվել, քանի որ չի ապահովվում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, ադապտիվ ֆիզիկական դաստիարակության շարունակականությունը:
44. Իրենց գործունեությամբ հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ճանաչված են «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունները:
45. Ներկայումս «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով իրականացվում է պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող չորս հասարակական կազմակերպություններին, որոնք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով օգնում են հենաշարժական համակարգի, տեսողության, լսողության հետ կապված խնդիրներ ունեցող, մտավոր խանգարումներով մարդկանց` ինքնադրսևորվելուն և հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելուն:
46. Նշենք, որ հայաստանցի մարզիկները ներկայումս պարալիմպիկ խաղերին մասնակցում են հիմնականում «սպիտակ» քարտով, քանի որ վարկանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մասնակցել մի շարք մրցաշարերի, ինչի հնարավորությունը ոչ միշտ է ընձեռվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
47. Ստորև ներկայացվում է միջազգային մրցասպարեզներում հաշմանդամություն ունեցող հայաստանցի մարզիկների ցուցաբերած արդյունքների ժամանակագրությունը.
1) 1994 թվականին Անգլիայում կայացած Հաշմանդամային առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 4 մարզիկներ: 20 թիմերի հետ մրացապայքարում Հայաստանի Հանրապետության առագաստանավորդների թիմը գրավել է 11-րդ տեղը:
2) 1995 թվականին հայ առագաստանավորդները մասնակցել են Իսպանիայում կայացած հաշմանդամային առագաստանավային սպորտի Եվրոպայի առաջնությանը:
3) Անկախ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները պարալիմպիկ խաղերին առաջին անգամ մասնակցել են 1996 թվականին Ատլանտայում կայացած 10-րդ ամառային խաղերին: Մեր հավաքականը ներկայացված է եղել 5 մարզիկներով (4-ը առագաստանավային սպորտ, մեկը` ծանրամարտ մարզաձևից): Առագաստանավային սպորտի մեր թիմը 16 երկրների մեջ գրավել է 8-րդ տեղը: Ծանրորդ Գագիկ Գասպարյանը, 82,5 կգ քաշային կարգում բարձրացնելով 195 կգ, միայն անձնական քաշի արդյունքում է դուրս մնացել լավագույն եռյակից և զբաղեցրել է 4-րդ տեղը:
4) 1998 թվականին հայկական առագաստանավորդների թիմը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած հաշմանդամային առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը:
5) 1999 թվականին մասնակցելով Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարին` հայկական առագաստանավորդների թիմը պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք է ձեռք բերել:
6) 2000 թվականին Սիդնեյում կայացած ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի պատվիրակությունը ներկայացված է եղել 4 մարզիկներով` 2 մարզաձևերում (3 առագաստանավային սպորտ և 1 ծանրամարտ): Առագաստանավորդները մասնակից 16 երկրների մեջ գրավել են 9-րդ տեղը, իսկ ծանրորդը բավարարվել է մասնակցությամբ:
7) 2004 թվականին Աթենքում կայացած 12-րդ ամառային պարալիմպիկ խաղերին մեր հավաքականը ներկայացված է եղել մեկ մարզիկով` ծանրորդ Գևորգ Կարակաշյանը, որը 67,5 կգ քաշային կարգում 12 մարզիկների հետ պայքարում զբաղեցրել է 9-րդ տեղը:
8) 2008 թվականին հաշմանդամություն ունեցող մեկ մարզիկ Պեկինում մասնակցել է ամառային 12-րդ պարալիմպիկ խաղերին:
9) 2012 թվականին Լոնդոնում կայացած 14-րդ ամառային պարալիմպիկ խաղերին մասնակցել են երկու մարզիկ: Ծանրորդ Գրետա Վարդանյանը պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքը ձեռք է բերել 2011 թվականին Արաբական Միացյալ էմիրություններում կայացած պաուերլիֆտինգի միջազգային առաջնության ժամանակ` բարձրացնելով 75 կգ:
10) 2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած 15-րդ ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է եղել 2 մարզիկներով` ծանրամարտ և լող մարզաձևերում: Ծանրամարտ մարզաձևում հանդես եկող Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում գրավել է 5-րդ տեղը: Գրետան հաջող է կատարել իր բոլոր 3 մոտեցումները` բարձրացնելով համապատասխանաբար 90, 95 և 96-կիլոգրամանոց ծանրաձողը: Լողորդ Մարգարիտա Հովհաննիսյանը մասնակցել է 50 մ ազատ ոճ և 100 մետր բրաս մրցաձևերում:
11) 1998 թվականից հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները մասնակցում են նաև ձմեռային պարալիմպիկ խաղերին: 7-րդ ձմեռային պարալիմպիկ խաղերին, որը տեղի է ունեցել Ճապոնիայում, մեր հավաքականը ներկայացված է եղել 7 մարզիկներով` լեռնադահուկային սպորտ մարզաձևում: Մեր մարզիկները բավարարվել են միայն մասնակցությամբ:
12) 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում կայացած ձմեռային 8-րդ պարալիմպիկ խաղերին լեռնադահուկային մարզաձևից ներկայացված է եղել 5 մարզիկներով, որոնցից միայն մեկին` Արմենուհի Նիկողոսյանին է հաջողվել զբաղեցնել պատվավոր 4-րդ հորիզոնականը:
13) 2006 թվականին Թուրինում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցել են երկու մարզիկներ` Մհեր Ավանեսյանը, Գրետա Վարդանյանը լեռնադահուկային սպորտ մարզաձևից: Այս անգամ ևս մեր մարզիկները բավարարվել են միայն մասնակցությամբ:
14) 2010 թվականին Վանկուվերում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին մեր պատվիրակությունը ներկայացված է եղել 2 մարզիկներով` Մհեր Ավանեսյան և Գայանե ՈՒսնյան:
15) 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացրել է մեկ մարզիկ` Նվեր Ավանեսյանը, որը հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք մարզաձևերում: Ոլորավայրէջք մարզաձևում 51 մասնակիցներից հայ մարզիկը զբաղեցրել է 34-րդ տեղը:
16) Միջազգային մրցասպարեզներում հաջող ելույթներ են ունեցել նաև խուլ մարզիկները.
ա. 2007 թվականին խուլ ըմբիշների Հայաստանի Հանրապետության հավաքականը ՈՒկրաինայում մասնակցել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 2 բրոնզե մեդալ:
բ. 2008 թվականի սեպտեմբերի 16-22-ը Երևանում կայացավ խուլերի ըմբշամարտի աշխարհի 2-րդ առաջնությունը, որին մասնակցել են աշխարհի 19 պետությունների 110 մարզիկներ: Առաջնությունն անցկացվել է 7 քաշային կարգերով` հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերից: Հայաստանի խուլ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
գ. 2009 թվականին չորս խուլ մարզիկներ Թայվանում մասնակցել են 21-րդ սուրդլիմպիկ խաղերին:
դ. 2011 թվականին Երևանում կայացած խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցել են 14 մարզիկներ` վեց մեծահասակ և ութ պատանի: Մեծահասակները նվաճել են մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե, պատանիները` երկու ոսկե, հինգ արծաթե մեդալ:
ե. 2012 թվականին Բուլղարիայում անցկացված խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությանը հունահռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների` նվաճելով մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներ:
զ. 2012 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունը, որին մասնակցել են 19 երկիր: Հունահռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների` նվաճելով 1 ոսկե և 2 արծաթե մեդալ:
է. 2013 թվականին Բուլղարիայում կայացած խուլերի ամառային սուրդլիմպիկ խաղերին հունահռոմեական, ազատ ոճի ըմբշամարտերի և ձյուդոյի մրցումներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են հինգ մարզիկներ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում նվաճել մեկ բրոնզե մեդալ:
ը. 2014 թվականին խուլ շախմատիստների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը մասնակցել է Խորվաթիայի Օպատիա քաղաքում կայացած խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը:
թ. 2015 թվականի հոկտեմբերի 11-ից 17-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր ըմբիշները հայրենիք են վերադարձել` նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ (նույն մարզիկները մասնակցել են և՛ հունահռոմեական, և՛ ազատ ոճի մրցապայքարին):
ժ. 2016 թվականին Երևանում անցկացվել է խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 24 պետությունների 92 շախմատիստներ: Մրցաշարին մասնակցել են յոթ հայ շախմատիստներ, որոնցից երկուսը զբաղեցրել են մրցանակային տեղեր:
ժա. 2016 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում խուլերի երիտասարդների և մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը (հունահռոմեական և ազատ ոճի) Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է եղել 12 խուլ մարզիկներով, որտեղ հայ մարզիկները նվաճել են ութ մեդալ` մեկ ոսկե, չորս արծաթե, երեք բրոնզե:
17) «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մարզիկները ևս միջազգային մրցասպարեզներում հաջողություններ են գրանցել.
ա. 2006 թվականին Իտալիայի (Հռոմ քաղաքում անցկացված Հատուկ օլիմպիադաների Եվրասիական խաղերին Հայաստանը ներկայացրել են են 6 մարզիկներ ատլետիկա և լող մարզաձևերից: Հայ հատուկ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երեք արծաթե, երկու բրոնզե մեդալ` 50 մ լող, ատլետիկա (հեռացատկ, գնդի հրում, 100 մ վազք) մարզաձևերից,
բ. 2007 թվականի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացված Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին հայ հատուկ մարզիկները նվաճել են 6 մեդալ` 2 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե` ատլետիկա (հեռացատկ, գնդակի նետում, 100 մ վազք) մարզաձևերից,
գ. 2011 թվականին Հունաստանում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 4 հատուկ մարզիկներ, որոնք նվաճել են ատլետիկայից 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե, լողից` 1 ոսկե, 2 արծաթե մեդալ:
դ. 2013 թվականին Հարավային Կորեայում (Պյոնգշանգ) տեղի է ունեցել հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերը, որին մասնակցել են 3200 հատուկ մարզիկներ 111 երկրներից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 հատուկ մարզիկներ: Սուրեն Բալասանյանը 100 մ դասական դահուկավազքում գրավել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ:
ե. 2014 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած հատուկ օլիմպիադաների Եվրոպայի ամառային խաղերին Սուրեն Առուստամյանը ատլետիկա մարզաձևում նվաճել է 2 բրոնզե մեդալ` 100 մ վազք և հեռացատկ մրցաձևերում:
զ. 2015 թվականին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության հատուկ մարզիկները մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է եղել 5 մարզիկներով: Լողի ազատ ոճում հանդես եկող Տիգրան Գևորգյանը գրավել է առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ:
է. 2017 թվականի մարտի 14-25-ը Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի են ունեցել հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է եղել «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 1 մարզիկով: Դահուկավազք (500 մ) մարզաձևում հանդես եկող Սիփան Ծաղկյանը գրավել է երկրորդ տեղը` նվաճելով արծաթե մեդալ:
VI. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
48. Հայեցակարգի խնդիրներն են`
1) ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոչ բավարար թվով հաստատությունների առկայությունը կամ դրանց բացակայությունը.
2) մասնագիտացված մարզական կառույցների, սարքավորումների և գույքի բացակայությունը.
3) նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, կրթական հաստատությունների, մարզական համալիրների, ֆիզիկական մատչելիության բացակայությունը.
4) ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համապատասխան մասնագետների, մարզագույքի և ծրագրերի ոչ բավարար քանակությունը, համապատասխան մասնագետների ոչ բավարար որակավորումը.
5) Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և ադապտիվ սպորտի մասին իրազեկության պակասը.
6) ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացումը` ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բաժին, մանկապատանեկան ադապտիվ մարզադպրոց, մարզական ակումբներ կրթական հաստատություններում և հասարակական կառույցներում.
7) կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների ոչ լիարժեք ներգրավումը ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և ադապտիվ սպորտի կանոնավոր պարապմունքներին.
8) ուսումնական հաստատություններում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում ոչ բավարար թվով համապատասխան մասնագետների առկայությունը, շրջանավարտների ոչ բավարար ոգեշնչումը հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ տարվող աշխատանքների նկատմամբ, մասնագետ-պրակտիկանտների վերապատրաստման և որակավորման բարձրացման համակարգի ոչ բավարար զարգացումը, տեղեկատվության ու քարոզչության պակասը.
9) հաշմանդամային սպորտին ուղղված միջոցառումների և ֆինանսական աջակցության ոչ բավարար լինելը.
10) հաշմանդամային տարբեր մարզաձևերի տեղական` ակումբային, համայնքային, մարզային, հանրապետական առաջնությունների անցկացման սակավությունը, բացակայությունը:
49. Հայեցակարգի նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հաշմանդամություն ունեցող անձանց ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ադապտիվ սպորտով զբաղվելու համար մարզական-առողջարարական և մարզական մասսայական աշխատանքների արդյունավետ համակարգի և համակարգված համապատասխան պայմանների ստեղծում մինչև 2024 թվականը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում, պետական և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությանը նոր որակ հաղորդելու նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի ապահովում.
3) բոլոր մակարդակներում անցկացվող մրցաշարերին` տեղական առաջնություններին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, պարալիմպիկ, սուրդլիմպիկ, հատուկ օլիմպիադաների խաղերին և այլ միջազգային մրցաշարերին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ապահովում.
4) ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված հիմնական ուղղությունների ամրագրում` առաջիկա հինգ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման մեթոդիկայի մշակում.
5) հաշմանդամային սպորտի բնագավառում համապատասխան մասնագետների առկայություն մինչև 2024 թվականը:
VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
50. Հաշվի առնելով վերոշարադրյալ խնդիրները` անհրաժեշտ է`
1) հաշմանդամություն ունեցող անձանց կողմնորոշում դեպի ադապտիվ ֆիզիկական կուլտուրան և սպորտը` որպես սոցիալական արժեքի.
2) բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը աջակցում և քաջալերում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ներգրավվելու մարզական և առողջարարական գործունեության մեջ.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովում.
4) հետիոտնի համար նախատեսված ճանապարհների կառուցում այնպես, որ հնարավոր լինի այդ վայրեր հասնել սայլակներով.
5) հաշմանդամություն ունեցող անձանց մասսայական ներգրավման կազմակերպում ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական ուղղվածության միջոցառումների, տեղական մրցաշարերի մեջ (ըստ բնակության վայրերի).
6) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսայգիներում հատուկ սարքերի առկայություն (օրինակ` ձեռքով աշխատող հեծանիվների վարձույթ).
7) հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր միջոցառումների մեջ ընդգրկելուն ուղղված ծրագրեր, ինչը նախընտրելի է վերջիններիս համար առանձին ծրագրեր ստեղծելուց.
8) անցկացվող միջոցառումների լուսաբանում և գովազդում տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով, աշխատանքների ծավալում զանգվածային լրատվամիջոցների հետ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ եղած այն նախապաշարմունքների և վնասակար կարծրատիպերի վերացմանը, որոնք կասկածի տակ են դնում ակտիվ կենսակերպ վարելու նրանց ունակությունը.
9) ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզչական ծառայությունների մասին տեղեկատվության տարածում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում.
10) ադապտիվ սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների հայրենական և օտարերկրյա փորձի տարածում, հանրության իրազեկում.
11) մինչև 2024 թվականը հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներում ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական, սպորտային կատարելագործման խմբերի առկայություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1345-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 659-Ն որոշումներով հաստատած կարգերի համաձայն.
12) կազմակերպվող յուրաքանչյուր մարզական միջոցառմանը Երևան քաղաքի մասնակիցների համեմատ Հայաստանի Հանրապետության մարզերից մասնակիցների թվի աճ` հասցնելով այն 50:50 տոկոսային հարաբերության.
13) յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված առնվազն մեկ մարզադպրոցի ստեղծում կամ նորերի վերանորոգում համընդհանուր դիզայնի նորմերին համապատասխան.
14) հանրապետության ներառական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման նոր ուսումնական ծրագրերի մշակում` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող շահառուների առանձնահատկությունները.
15) ենթակառուցվածքների զարգացում ինչպես կրթական համալիրներում, այնպես էլ բնակելի վայրերում` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, մարզական պարապմունքների հասանելիության ապահովում, այդ թվում նաև` անվճար և արտոնյալ մուտք դեպի մարզական կենտրոններ.
16) խրախուսում և աջակցության ցուցաբերում համայնքային հաշմանդամային մարզաձևերի ակումբների ստեղծմանը.
17) հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ աշխատող կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի կատարելագործում` ներգրավելով նաև այլ երկրներից հրավիրված մասնագետների.
18) պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար հաշմանդամություն ունեցող մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ համալրում և մրցումների նախապատրաստման ապահովում.
19) ամառային և ձմեռային պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերում` յուրաքանչյուր խաղին առնվազն մեկ վարկանիշի ձեռքբերում.
20) հաշմանդամություն ունեցող անձանց մարզական ուղղվածության բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հնարավորության ընձեռում.
21) մինչև 2024 թվականը հաշմանդամային սպորտով զբաղվող համագործակից մարզական ակումբների և հասարակական կազմակերպությունների ցանցի ստեղծում.
22) առնվազն հինգ նոր պարալիմպիկ և սուրդլիմպիկ մարզաձևերի զարգացման ծրագրերի մշակում և մինչև 2024 թվականը այդ մարզաձևերի տարածում Հայաստանի Հանրապետության առնվազն հինգ մարզերում:
VIII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. Ադապտիվ սպորտի զարգացումը: Ադապտիվ մարզաձևերի ակումբների ձևավորումը, հաշմանդամային մարզաձևերի տեղական և հանրապետական մրցաշարերի անցկացումը, որակյալ մարզիկների և մարզիչների պատրաստումը և վերապատրաստումը կնպաստեն երկրում հաշմանդամային մարզաձևերի մասսայականացմանն ու զարգացմանը, հաշմանդամություն ունեցող մարզիկների անհատական մարզական տեխնիկայի կատարելագործմանը և բարձր մարզական վարպետության ձեռքբերմանն ու միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և անհատ մարզիկների մասնակցության ապահովմանը, պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր մարզական նվաճումներ գրանցելուն:
52. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումը: Կնպաստի նրանց աշխատունակության բարձրացմանը, երկարակեցությանը, ակտիվ հանգստի կազմակերպման և վերականգնման ապահովմանը, նրանց շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը:
53. Պետական և ոչ պետական կառույցների գործունեության համակարգումը, ռեսուրսների և հնարավորությունների օգտագործումն ու գործընկերության զարգացումը. կբարձրացնեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը:
54. Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրվելու համակարգի տեղի ու դերի հստակեցումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունների ամրագրումը խթան կդառնան հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման համար:
IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
55. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ այդ լուծումների իրագործմանն ուղղվող ծրագրերի մշակման արդյունքներով: Այդ ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրները: Ծրագրերի միջոցառումների իրականացման համար պետական աջակցության մասով ֆինանսավորումը կարող է նախատեսվել համապատասխան բյուջետային տարիների համար կրթության և սպորտի ոլորտների գծով պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով և պետական բյուջեներով սահմանվող ծախսերի սահմանաչափերի շրջանակներում` ելնելով ծախսային առաջնահերթություններից:
X. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
56. Հանրապետության մարզադահլիճներն ու մարզակառույցները կառուցվել են առանց հաշվի առնելու Միացյալ ազգերի կազմակերպության «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջները: Անհրաժեշտ է հնարավորինս դրանք համապատասխանեցնել, իսկ նորերը կառուցել միջավայրի մատչելիության համընդհանուր դիզայնի նորմերին համապատասխան:
57. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, մանկապատանեկան մարզադպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնամարզական պարապմունքներ անցկացնելը և նրանց դասավանդման որակի բարելավումը առաջնային խնդիր են պետության ոչ միայն մարզական, այլև սոցիալական քաղաքականության համար:
58. Հայեցակարգի ընդունումը և կիրարկումը հնարավորություն կտան լուծելու Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրները, կխթանեն հաշմանդամություն ունեցող խմբերի անձանց` հասարակությանը ինտեգրվելու գործընթացը` ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի մարզական ոլորտին, կբարելավեն հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտը:
59. Հայեցակարգում ներկայացված խնդիրների լուծման շնորհիվ կապահովվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը: Հայեցակարգը ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում առավել ուշադրություն պահանջող խմբերի նկատմամբ հատուկ մոտեցում (երեխաներ, երիտասարդներ, կանայք, բազմահաշմանդամություն ունեցող անձինք):