040.1051.010917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2017 թվականի N 1051-Ա
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների պահանջները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքում գտնվող դպրոցի շենքը` 45362.1 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 968.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը` 87.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պահեստը` 20.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը` 4 քառ. մետր մակերեսով և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար հողատարածքը (իրավունքի գրանցման 2002 թվականի սեպտեմբերի 24-ի N 737130 վկայական) (այսուհետ` գույք) հետ վերցնել «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 99.210.01415) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 99.210.01393):
3. Սահմանել, որ «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Փարաքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ