031.0100.150717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հաշվի առնելով Ազգային անվտանգության խորհրդի 2017 թվականի հունիսի 27-ի առաջարկությունը որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեցամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն հայեցակարգից բխող` Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարությունը:
3. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգի դրույթների և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարության իրականացման վերաբերյալ:
15 հուլիսի 2017 թվականի
ՆԿ-100-Ա
Հավելված
ՀՀ Նախագահի
2017 թ. հուլիսի 15-ի
ՆԿ-100-Ա կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
1. Ներածություն
Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման և ապագա սերունդների առջև պետության պատասխանատվության կարևոր խնդիրներից են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Այս համատեքստում բնական պաշարների արդյունավետ կառավարումը ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է:
Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգի (այսուհետ` հայեցակարգ) մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:
Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները:
II. Հայեցակարգի նպատակները
1. Հայեցակարգի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը` երկրռւմ բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով` նպաստելով հետևյալ ենթանպատակների իրականացմանը`
1) հանքահումքային պաշարների արդյունավետ օգտագործումն ապահովող` բնապահպանական, սոցիալական և տնտեսական մեխանիզմների և էկոհամակարգային կառավարման պահանջների համակցված և համակարգված գործողությունների ապահովում,
2) անտառային պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում կառավարման համակարգի կատարելագործում, անտառային տարածքների վերարտադրությանը և օգտագործմանն ուղղված համալիր նպատակային ծրագրերի իրականացում,
3) ջրային պաշարների կառավարման որակի բարձրացում` ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, շուրջօրյա և որակյալ խմելու ջրով ապահովման, ինչպես նաև ոռոգման ջրով բնականոն մատակարարման ճանապարհով,
4) հողօգտագործման կառավարման համակարգի կատարելագործում` հողային պաշարների պահպանությանը, վերականգնմանն ու զարգացմանն ուղղված հողօգտագործման գործուն մեխանիզմների մշակման և իրականացման միջոցով,
5) կենսաբազմազանության ապահովում և էկոհամակարգերի պահպանում` բնական պաշարների արդյունավետ օգտագործման ճանապարհով:
III. Ընթացիկ իրավիճակի բնութագիրը
2. Հանքահումքային ոլորտը բնութագրվում է տարատեսակ մետաղական և ոչ մետաղական հանքանյութերով, որոնցից` մետաղային օգտակար հանածոների շարքում արդյունաբերական նշանակություն ունեն երկաթը, պղինձը, մոլիբդենը, կապարը, ցինկը, ոսկին, արծաթը, ալյումինը: Ընդերքում առկա են նաև հազվագյուտ ու ցրված մետաղների տարբեր տեսակներ, ընդ որում.
1) գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների տարբեր մետաղական օգտակար հանածոների պաշարներով ապահովվածությունը տարիների հաշվարկով հետևյալն է`
ա. պղնձամոլիբդենային հանքաքարով` շուրջ 100-120 տարի.
բ. ոսկու հանքաքարով` շուրջ 25-30 տարի.
գ. կապար-ցինկային հանքաքարով` շուրջ 20-25 տարի,
2) պետական հաշվեկշռում գրանցված 43 մետաղական հանքավայրերից միայն 28 հանքավայրերի շահագործման համար է տրամադրված ընդերքօգտագործման իրավունք, իսկ 15 չշահագործվող մետաղական հանքավայրերից 6-ի հիմնական օգտակար բաղադրիչը ոսկին է,
3) հաշվառված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, առկա են նաև ուղեկցող` հազվադեպ և ցրված մետաղներ` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիում, գալիում, թալիում, բիսմութ և այլև, ընդ որում սուլֆիդային հանքաքարերի կարևոր բաղադրամաս է կազմում ծծումբը,
4) բացի գնահատված և պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ,
5) ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր,
6) Հայաստանի տարածքում հանդիպում են համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Կարևոր նշանակություն ունեն հրաբխային գործընթացների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթև ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները, ինչպես նաև տարատեսակ բազալտները, գրանիտները, նեֆելինային սիենիտները, մարմարների պաշարները,
7) Հայաստանում են գտնվում լեռնային ապարների (պեռլիտ, վանակատ (օբսիդիան) ամենաորակյալ և ամենաշատ փքվող պաշարները, որոնց կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը գնահատվում է շուրջ 3 մլրդ խոր. մ,
8) հանրապետության տարածքում առկա են աղի ու կրի զգալի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի,
9) իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով աչքի են ընկնում գործող կվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների ու պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների և գիպսի մեծ պաշարներով հանքավայրերը,
10) ոչ մետաղական օգտակար հանածոների հաստատված պաշարները գնահատվում են հետևյալ կերպ. հրաբխային խարամ` 345 մլն խոր. մ, պեռլիտ և օբսիդիան` 165 մլն խոր. մ, պեմզա` 100 մլն խոր. մ, կավեր` 435 մլն խոր. մ, դիատոմիտ` 16 մլն խոր. մ, մարմար և մարմարեցված կրաքար` 72.92 մլն խոր. մ, բազալտ` 334.07 մլն խոր. մ, գրանիտ` 25.66 մլն խոր. մ, ավազակոպճային նյութեր` 23 մլն խոր. մ, ցեմենտի հումք` 630 մլն տ,
11) վերոհիշյալ պաշարները նույնիսկ խոշորամասշտաբ արդյունահանման պարագայում կարող են բավարարել հարյուրավոր տարիներ,
12) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել և քանակապես գնահատվել են թվով 25 հանքային և 45 քաղցրահամ բարձր որակի ջրերի հանքավայրեր,
13) Հայաստանի տարածքում առկա են վառելիքաէներգետիկ հումքի աղբյուր հանդիսացող այրվող թերթաքարերի և ածխի երևակումներ,
14) հանրապետության տարածքում նավթի և գազի հետախուզման համար օտարերկրյա մեկ կազմակերպության կողմից իրականացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ,
15) Սյունիքի մարզի տարածքում հետախուզական հորատանցքերի հետազոտման միջոցով իրականացվում են ընդերքի ջերմության օգտագործմանն ուղղված` առկա պաշարների ուսումնասիրություններ, իսկ նախկինում իրականացված ուրանի երևակման հետախուզական աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են, քանի որ ռադիոակտիվ հումքի արդյունաբերական սպասված պաշարների առկայությունը չի հաստատվել,
16) չնայած տնտեսության մեջ հանքահումքային ոլորտի օրեցօր աճող դերին առկա են լուրջ հիմնախնդիրներ` պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած թափոնների կուտակումներով և կառուցված պոչամբարներռվ, որոնք բացասական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա,
17) ներկայումս ՀՀ տարածքում հաշվառված են 21 պոչամբարներ, որոնցում կուտակված են շուրջ 220 մլն խոր. մ արդյունաբերական թափոններ,
18) ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև ջրային պաշարները, հատկապես գետերը,
19) շինանյութերի արդյունահանման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից վերջին տարիներին հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական հողահանդակ,
20) օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման գործընթացն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև մարդկանց առողջության, օդի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքների վրա,
21) վերոհիշյալը պատճառում է զգալի նյութական վնաս` պահանջելով լրացուցիչ ծախսեր` կապված հողի բերրիության նվազման, հողամասերի կտրտվածության, հողատեսքերի մակերեսի կրճատման, անապատացման գործընթացների բացասական ազդեցության վերացման կամ մեղմացման հետ,
22) մետաղական պաշարների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով առաջացած թափոններում ու պոչամբարներում մնում են չկորզված օգտակար հանածոներ, քանի որ կորզվում է պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 տոկոսը, մոլիբդենի` 70 տոկոսը, բազմամետաղների` 50 տոկոսը,
23) ընդերքօգտագործման կառավարման արդյունավետության բարձրացմանը և հանքարդյունաբերության զարգացմանը խոչընդոտում են ընդերքի պահպանության և բնապահպանական խնդիրների նկատմամբ ոչ բավարար վերահսկողությունը, անկատար փորձաքննությունն ու մշտադիտարկումը, ոլորտում դեռևս գերիշխող ցածր արտադրողականությունն ու շահագործման ոչ արդյունավետ և բարձր էներգատարություն ունեցող տեխնոլոգիաների կիրառումը,
24) ոլորտում առաջացել է օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրությունների կազմակերպման ակտիվացման, ժամանակակից գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետների նախապատրաստման, ինչպես նաև ոլորտում ստեղծված իրավահարաբերությունների կարգավորման և հստակեցման անհրաժեշտություն:
3. Որպես սակավանտառ լեռնային երկիր, Հայաստանի անտառային հողերը կազմում են շուրջ 460 հազ. հա, որից անտառածածկը` 334.1 հազ. հա (հանրապետության տարածքի 11.2%), ընդ որում անտառային ոլորտը բնութագրվում է հետևյալ կերպ`
1) անտառների 62%-ը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելքում, 36%-ը` հարավ-արևելքում և 2%-ը` կենտրոնական շրջաններում,
2) անտառներում աճում են ավելի քան 250 տեսակի ծառաթփային բույսեր,
3) փորձագիտական գնահատականներով 1992-2000 թթ. ջեռուցման նպատակով անտառահատվել է շուրջ 7 մլն քաո. մ փայտանյութ կամ ընդհանուր զանգվածի 16%-ը, ինչը բացասական էկոլոգիական հետևանքներ է ունեցել անտառտնտեսության համար,
4) ներկայումս հանրապետության անտառներում իրականացվում են հիմնականում խնամքի և սանիտարական հատումներ: Միաժամանակ, շարունակվում է պահպանվել բարձր պահանջարկը համեմատաբար էժան վառելափայտի նկատմամբ, ինչն էլ հենց նպաստում է ապօրինի անտառահատումներին,
5) ոլորտում մեծ տեղ է հատկացվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով պայքարի կազմակերպմանը, ինչը կարևոր դերակատարություն ունի անտառների պահպանման գործում,
6) անտառվերականգնման բնագավառում 2012-2015 թթ. իրականացվել է շուրջ 442.7 հա անտառատնկում հիմնականում միջազգային աջակցությամբ,
7) ըստ փորձագիտական գնահատականների` պետբյուջեից հատկացվող միջոցները դեռևս անբավարար են անտառների պաշարների պահպանման և վերականգնման խնդիրների արդյունավետ լուծման համար:
4. Հայաստանի ջրային պաշարները բնութագրվում են լեռնային երկրներին բնորոշ զարգացած, բայց համասեռ ջրային ցանցով, ընդ որում`
1) Հայաստանի օգտագործելի ջրային պաշարը կազմում է շուրջ 9049 մլն խոր. մ, որից շուրջ 87%-ը ձևավորվում է հանրապետության տարածքում, իսկ շուրջ 1190 մլն խոր. մ-ը կամ 13%-ը անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի հայկական մասնաբաժինն է (50%),
2) Հայաստանի ամենամեծ ջրային պաշարը կազմում է Սևանա լիճը, որը աշխարհի ամենախոշոր, բարձրլեռնային և քաղցրահամ ջուր ունեցող լճերից է և առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի բնության համակարգում, նաև որպես խմելու ջրի հեռանկարային պաշարի տարածաշրջանային նշանակության աղբյուր,
3) Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման հիմնախնդիրը Հայաստանի համար առաջնահերթ բնապահպանական խնդիր է, որի համալիր լուծման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանց հիմնական նպատակն է բարելավել Սևանա լճի էկոլոգիական վիճակը, կանխել Սևանա լճի մակարդակի հետագա իջեցումը և ապահովել վերջինիս առնվազն 6 մետրով բարձրացումը,
4) Հայաստանի տարածքում հաշվառված են 9480 փոքր և միջին գետեր 25 հազ. կմ ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև շուրջ 100 փոքր լճեր` 0.8 մլրդ խոր. մ ընդհանուր ծավալով,
5) հանրապետության ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4017 մլն խոր. մ, հաստատված շահագործման պաշարները` 1200 մլն խոր. մ,
6) գետերի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման և հոսքը կարգավորելու նպատակով գործում են 83 ջրամբարներ շուրջ 1 մլրդ խոր. մ ընդհանուր ծավալով,
7) ջրային պաշարների օգտագործումը բնութագրվում է ցածր արդյունավետությամբ, քանի որ ոռոգման ջրի կորուստները ջրանցքներում հասնում են շուրջ 50%-ի: Անկատար են նաև օգտագործվող ոռոգման տեխնոլոգիաները,
8) բնակչության ջրամատակարարման համակարգերում կորուստները ջրացանցերի անսարքության և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով կազմում են միջինը 51%,
9) խնդրահարույց է նաև բնակչության շուրջօրյա խմելու ջրով ապահովման հարցը,
10) կան անելիքներ համակարգի տարբեր կառույցների միջև ջրային պաշարների կառավարման գործառույթների տարանջատման և հստակեցման, ինչպես նաև ջրի որակի չափորոշիչների պահպանման բնագավառում` ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ջրավազանային կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
5. Հողային պաշարները բնութագրվում են սակավաթվությամբ և սակավահողությամբ, սակայն համեմատաբար ոչ մեծ տարածքում առկա են գրեթե բոլոր հողակլիմայական գոտիները` կիսաանապատային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային, ընդ որում`
1) գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են Հայաստանի հողային ֆոնդի 68.7%-ը,
2) հանրապետության տարածքում առկա են հողերի վիճակի վատթարացման միտումներ` պայմանավորված բնական և մարդածին գործոններով,
3) բնական գործոնների թվին են դասվում երաշտները, խորշակները, սողանքային երևույթները, խոնավության պակասորդը, գեոմորֆոլոգիական առանձնահատկությունները, սելավները, ջրածածկումներն ու ողողումները, գետերի էրոզիան ու բնական աղակալումը, որոնք բնորոշ են և արտահայտվում են շուրջ 1216 քառ. կմ տարածքում, ինչը կազմում է հանրապետության հորային մակերեսի շուրջ 4.4%-ը,
4) հողային պաշարների որակի վրա բացասական ազդեցություն ունեցող մարդածին գործոնները պայմանավորված են տնտեսական ոչ արդյունավետ գործունեությամբ, այդ թվում` երկրագործության վարման կանոնների խախտմամբ,
5) Հայաստանում հորերի պահպանության կետ առավել սերտ առնչվող ոլորտներն են`
ա. գյուղատնտեսության ոլորտը, որտեղ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են հողի աղակալումը, անապատացումը և էրոզիան, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը, ոռոգման ջրի կորուստները և այլն.
բ. անտառտնտեսության ոլորտը, որտեղ սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների, ինչպես նաև փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառահատումները դեռևս անհամեմատ գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները.
գ. ընդերքօգտագործման ոլորտը, որտեղ ինտենսիվ հանքարդյունահանման հետևանքով մեծանում են օգտագործված հողատարածքների մակերեսները բերելով հողօգտագործման արդյունավետության նվազման:
6. Կենսաբանական պաշարները բնութագրվում են որպես հարուստ և բազմազան, ընդ որում`
1) շուրջ 150 բուսական ընտանիքներում ներառված է ավելի քան 3500 բուսատեսակ,
2) շուրջ 1000 տեսակի վայրի բույսեր (սննդային, համեմունքային, դեղաբուսական, եթերայուղային, ներկանյութային և այլն) ունեն ոչ միայն արդյունահանվող նշանակություն, այլև լայնորեն օգտագործվում են բնակչության կողմից,
3) կենդանական բազմատեսակ կազմը բնութագրվում է բարձր մակարդակի էնդեմիկ ագրոբազմազանությամբ` ներառելով շուրջ 12.000 կենդանատեսակ,
4) կենդանական աշխարհի պաշարներն ընդգրկում են կենդանիների, թռչունների և ձկների բազմազան տեսակներ:
7. Հայաստանի լեռնային ռելիեֆը նպաստել է 10 տարբեր տեսակի լանդշաֆտային գոտիների ձևավորմանը, որոնց պահպանության, արդյունավետ օգտագործման և կառավարման տեսանկյունից առանձնապես կարևորվում են պահպանության տնտեսական մեխանիզմների կատարելագործման խնդիրները` հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքների` պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի և բնության հուշարձանների պահպանման հարցերը:
IV. Բնական պաշարների կառավարման համակարգի սպառնալիքներն ու
մարտահրավերները
8. Հանքահումքային պաշարների կառավարման ոլորտի սպառնալիքներն են`
1) մետաղական օգտակար հանածոների ոչ արդյունավետ արդյունահանումը և արդյունահանված հանքաքարից և առաջացած թափոններից օգտակար տարրերի ոչ լիարժեք կորզումը,
2) ոչ մետաղական օգտակար հանածոների վերամշակման և առավել մրցունակ արտադրատեսակների արտադրության կազմակերպման ոչ բավարար մակարդակը,
3) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունը, որի չեզոքացման ծախսերը գերազանցում են բնապահպանական միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները,
4) Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատումը, ինչպես նաև ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու-կենցաղային ստորերկրյա ջրի ծավալների նվազումը,
5) Մեծամոր-Ակնալիճ աղբյուրների խմբում (որից սնվում ու սկիզբ է առնում Մեծամոր (Սևջուր) գետը) ջրատվության նվազումը, ինչը կարող է վտանգել Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգը,
6) ընդերքօգտագործման հետևանքով մարդկանց առողջության, օդի, բուսական և կենդանական աշխարհի բացասական ազդեցությունների ուսումնասիրության ու մոնիտորինգի ոչ բավարար և կանոնավոր կազմակերպումը,
7) օգտակար հանածոների նոր պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների ոչ լիարժեք իրականացումը:
9. Հանքահումքային պաշարների կառավարման ոլորտի մարտահրավերներն են`
1) մարդու առողջությանը, շրջակա միջավայրին և կենսաբազմազանությանը սպառնացող գործոնները,
2) հանքահումքային պաշարների գնահատման և նոր պաշարների հետազոտման գործընթացի անբավարար մակարդակը,
3) օգտակար հանածոների արդյունահանված տարածքներում վերականգնման կամ հողաբարելավման աշխատանքների ոչ լիարժեք համակարգումը,
4) հանքերի հարակից տարածքներում շրջակա միջավայրի վերականգնման համար նախատեսվող ֆինանսական երաշխիքների անբավարարությունը,
5) ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու տրամադրվող տեղեկատվության թափանցիկության ոչ պատշաճ մակարդակը:
10. Անտառային պաշարների կառավարման ոլորտի սպառնալիքներն են`
1) անտառների վրա մարդածին գործոնների բացասական ազդեցությունը (անտառների գերշահագործում, ապօրինի հատումներ, արածեցում, խոտհունձ, հողազավթումներ և այլն),
2) անտառային տարածքների կրճատումը, տեսակային կազմի և կառուցվածքի փոփոխությունները, ծառուտների բնական վերականգնման ունակության նվազումը,
3) սերմային ծագման անտառային տարածքների կրճատումը, փոխարենը կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակների ու թփատեսակների ավելացումը,
4) անտառսպասարկման տեխնիկական միջոցների անբավարար մակարդակը,
5) ոլորտի զարգացման համար ֆինանսական պաշարների սղությունը,
6) անտառային օրենսդրության մեխանիզմների կիրարկման անկատարությունը;
11. Անտառային պաշարների կառավարման ոլորտի մարտահրավերներն են`
1) անտառային պաշարների կառավարման արդյունավետ համակարգի բացակայությունը,
2) կլիմայի փոփոխության բացասական ներազդեցությունը անտառային էկոհամակարգերի կայունության վրա,
3) վնասատուների և հիվանդությունների բացասական ազդեցությունը անտառների պահպանման վրա,
4) որպես այլընտրանքային էժան վառելանյութ վառելափայտի նկատմամբ կայուն բարձր պահանջարկի պահպանման միտումը,
5) ոլորտում որակյալ մասնագետների պակասը, անտառապահպանման թույլ կարողությունների և կառավարման կառուցվածքային միավորների հզորությունների սղությունը,
6) անտառապահպանություն իրականացնող սուբյեկտների սահմանափակ լիազորությունները և նյութատեխնիկական բազայի ապահովման ցածր մակարդակը,
7) անտառապատման և անտառավերականգնման աշխատանքների ոչ բավարար մակարդակը և արդյունավետությունը:
12. Ջրային պաշարների կառավարման ոլորտի սպառնալիքներն են`
1) ջրային պաշարների աղտոտման և գերշահագործման աճող միտումները,
2) բնակչությանը շուրջօրյա որակյալ խմելու ջրով ապահովելու խնդիրը,
3) գյուղատնտեսությանը ոռոգման ջրով կանոնավոր մատակարարման ապահովումը,
4) ջրային պաշարների կառավարման համակարգի գործառույթների ու պատասխանատվության ոչ արդյունավետ տարանջատումը,
5) ջրամատակարարման գործընթացում ջրային ռեսուրսների կորուստների բարձր մակարդակը և դրա նկատմամբ վերահսկողության ոչ պատշաճ իրականացումը,
6) ջրամատակարարման ենթակառուցվածքների, ջրամբարների և ձկնաբուծարանների վիճակի և դրանց աշխատանքների նկատմամբ հսկողության ու մշտադիտարկումների ցածր մակարդակը:
13. Ջրային պաշարների կառավարման ոլորտի մարտահրավերներն են`
1) ջրային պաշարների ոչ խնայողաբար և ոչ հավասարակշռված օգտագործումը,
2) գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների հետ կապված հիմնախնդիրները,
3) ջրային պաշարների ջրավազանային համապարփակ կառավարման համակարգի արդյունավետության ցածր մակարդակը,
4) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր երևույթներից խուսափելու կամ դրանց հետևանքները վերացնելու` կառավարման մեխանիզմների անկատարությունը,
5) բնակչությանը շուրջօրյա և որակյալ խմելու ջուր մատակարարելու հիմնախնդիրը,
6) ջրի խնայողության վերաբերյալ տեղեկատվական, ծանուցողական, ուսուցողական և կրթական աշխատանքների ցածր արդյունավետությունը:
14. Հողային պաշարների կառավարման ոլորտի սպառնալիքներն են`
1) հողի վիճակը վատթարացնող բացասական ազդեցությունների` անապատացման, աղակալման, ջրային և հողմային հողատարման, ողողումների, ճահճացման, արտադրական և կենցաղային թափոնների ծավալների մեծացումը,
2) գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի փոփոխման հետ կապված հիմնախնդիրները,
3) գյուղատնտեսական հողերի մշակման (վարում, ոռոգում, անհրաժեշտ պաշարների մատչելիության ապահովում) հետ կապված խնդիրները,
4) հողերի բերրիության նվազումը, ագրոտեխնիկական կանոնների խախտումը, պարարտանյութերի օգտագործման ծավալների կրճատումը,
5) սողանքավտանգ տարածքների գույքագրման, սողանքների դեմ իրականացվող կանխարգելիչ աշխատանքների ցածր արդյունավետությունը,
6) ցանքաշրջանառության օգտագործման ծավալների կտրուկ պակասումը,
7) գյուղամերձ արոտների գերարածեցումը և հետագնա արոտների օգտագործման ծավալների նվազումը:
15. Հողային պաշարների կառավարման ոլորտի մարտահրավերներն են`
1) բնական և մարդածին գործոններով պայմանավորված` հողային պաշարների վրա բացասական ազդեցության կանխարգելման և (կամ) նվազեցման ոչ պատշաճ մակարդակը,
2) հոդային ֆոնդի վիճակի նկատմամբ պարբերաբար դիտարկումների, էկոհամակարգային պահանջներին համահունչ հողօգտագործման մեխանիզմների ներդրման ոչ լիարժեք համակարգը,
3) հոդային պաշարների ոչ նպատակային օգտագործման կանխարգելման նկատմամբ ոչ բավարար վերահսկողությունը,
4) գյուղատնտեսական արտադրությտն գործընթացում օրգանական և հանքային պարարտանյութերի անհրաժեշտ ծավալների ապահովման ոչ բավարար վիճակը,
5) հողագործության նորարարական եղանակների և տեխնոլոգիաների ներդրման համակարգի անկատարությունը,
6) հողագործական խորհրդատվական ծառայությունների ապահովման ոչ պատշաճ մակարդակը:
16. Կենսաբանական պաշարների կառավարման ոլորտի սպառնալիքներն են`
1) կենսաբանական պաշարների գերօգտագործումը և ապօրինի օգտագործումը,
2) կենսաբանական բազմազանության նվազման միտումները,
3) շրջակա միջավայրի շարունակվող աղտոտումը, աղբաթափոնների արտադրական վերամշակման կազմակերպման ձգձգումը,
4) հանրապետության տարածք օտարածին կենսատեսակների ներթափանցումը,
5) բնապահպանական վերականգնողական և ռեկուլտիվացիոն աշխատանքների անբավարար մակարդակը,
6) կենսաբազմազանության ապահովմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների բացակայությունը,
7) կենսաբանական պաշարների կառավարման ոլորտում վերահսկողության մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությունը:
17. Կենսաբանական պաշարների կառավարման ոլորտի մարտահրավերներն են`
1) բնածին և մարդածին գործոններով պայմանավորված` կենսաբազմազանության վրա ներազդեցության համալիր վերլուծության և գնահատումների բացակայությունը,
2) կենսաբանական պաշարների հաշվառման և օգտագործման գնահատման անհրաժեշտ մեխանիզմների ու չափորոշիչների ներդրման, ինչպես նաև դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկման և մոնիտորինգի անկատարությունը,
3) կենսաբազմազանության ապահովման կառավարման ոլորտի կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության ու օգտագործման արդյունավետության ցածր մակարդակը,
4) ոեկուլտիվացիոն և վերականգնողական աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հիմնախնդիրները,
5) բնական հարստությունների բնության և մշակութային լանդշաֆտների պահպանության և զարգացման միջազգային լավագույն փորձի ներդրման ոչ բավարար մակարդակը:
V. Բնական պաշարների կառավարման սկզբունքները, հիմնական խնդիրները
և ուղղությունները
18. Բնական պաշարների կառավարման սկզբունքներն են`
1) բնական պաշարների օգտագործման նկատմամբ միասնական և հավասարակշռված մոտեցման ձևավորումը` հենված ոլորտի կայուն զարգացման, տնտեսապես արդյունավետ, սոցիալական տեսանկյունից արդար և բնապահպանական առումով անվտանգ կառավարման սկզբունքների վրա,
2) բնական պաշարների ռացիոնալ օգտագործումը` բացառելով հավելյալ ծախսերի գոյացումը ապագա սերունդների համար և հակասություններ չառաջացնելով նրանց միջև,
3) վերականգնվող բնական պաշարների պարզ կամ ընդլայնված արտադրական ներուժի առկայության երաշխավորումը հեռանկարում, ինչպես նաև չվերականգնվող պաշարների խնայումը` ի հաշիվ անսպառ բնական պաշարների առավել ծավալուն օգտագործման,
4) պետական կառավարման լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների իրավասությունների հստակ սահմանազատումը,
5) համայնքների սոցիալական և բնապահպանական պաշտպանվածության ու շահերի ապահովումը,
6) մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցված վնասի պարտադիր փոխհատուցումը (վճարում են բնօգտագործողները և աղտոտողները),
7) բնական պաշարների կառավարման մասին հասարակության իրազեկվածության և բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը մասնակցության ապահովումը,
8) ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունքների փորձաքննության և գնահատման ժամանակակից չափորոշիչների ներդրումը:
19. Բնական պաշարների կառավարման խնդիրներն են`
1) բնական պաշարների արդյունավետ կառավարման չափորոշիչների հստակեցումը և կիրառումը,
2) բնական պաշարների կառավարման ոլորտի արդյունավետությանը խոչընդոտող գործոնների աճի կանխարգելումն ու նվազեցումը,
3) բնական պաշարների կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործումը,
4) բնական պաշարների կառավարման ոլորտի կատարելագործմանն ուղղված գործունեության նկատմամբ հսկողության և վերահսկողության կատարելագործումը, նպատակային միջոցների (ֆինանսական, նյութատեխնիկական) հասցեականության ապահովումը, հատկացումն ու դրանց օգտագործման արդյունավետության ու թափանցիկության բարձրացումը,
5) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդող բնական պաշարների օգտագործման հետ կապված ռիսկերի և վտանգների կանխարգելումն ու վերացումը,
6) բնական պաշարների օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բնակչության առանձին խմբերի շահերի պաշտպանումը,
7) բնաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության ապահովումը,
8) ընդերքօգտագործման հետևանքով մարդկանց առողջությանը, օդի, բուսական և կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունների ու աղտոտվածության մշտադիտարկումների արդյունավետության բարձրացումը,
9) ընդերքօգտագործման թափոնների` էկոլոգիապես անվտանգ չեզոքացման ապահովման, վերաշրջանառության և ռեկուլտիվացիոն աշխատանքների խրախուսումը և աջակցության ցուցաբերումը,
10) ընդերքօգտագործման արդյունքում հողային պաշարների վատթարացման, ջրային պաշարների անվերահսկելի օգտագործման, շահագործվող հանքավայրերի հարակից տարածքների անապատացման կանխարգելումն ու կանխումը,
11) բնական պաշարների շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասի և հանքավայրերի շահագործման հետևանքով խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների և տնտեսավարող սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը,
12) օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման համալիր շրջափուլի կատարելագործումը, հին տեխնոլոգիաների կիրառման պարագայում ընդերքում հաշվառված պաշարների արդյունահանման կորուստների նվազեցումը, արդյունահանվող և արտահանվող մետաղական օգտակար հանածոների ավարտուն ապրանքային արտադրանքի ապահովումը,
13) օգտակար հանածոների նոր պաշարների հայտնաբերմանն ուղղված երկրաբանական ուսումնասիրությունների իրականացումը,
14) բնական պաշարների երկրաբանական ուսումնասիրության և գնահատման գործընթացների կատարելագործումը,
15) բնական պաշարների կառավարման մասնագետների պատրաստվածության և պատասխանատվության մակարդակի բարձրացումը,
16) բնական պաշարների կառավարման տեղեկատվության միասնական համակարգի ձևավորումը և արդյունավետության բարձրացումը:
20. Բնական պաշարների կառավարման ուղղություններն են`
1) բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը, ոլորտի միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը,
2) բնական պաշարների արդյունավետ օգտագործման և կենսաբանական բազմազանության հուսալի պահպանման իրավական հիմքերի ներդաշնակեցումը միջազգային իրավական նորմերին,
3) բնական պաշարների կառավարման համակարգի համար ժամանակակից արդյունավետ մեթոդների, մեխանիզմների և տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը,
4) բնական պաշարների համակարգային և ոլորտի բադադրիչային մշտադիտարկման, տեղեկատվության փոխանակման և վիճակագրական վերլուծության համակարգի կատարելագործումը,
5) բնական պաշարների կառավարման արդյունավետության չափորոշիչների հստակեցումն ու սահմանումը, դրանց հիման վրա ոլորտի կառույցների ու ծառայությունների իրավասությունների ու լիազորությունների սահմանումը, հստակեցումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը,
6) բնական պաշարների օգտագործման ոլորտում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը,
7) բնակչության իրազեկվածության և տեղեկատվական ապահովման մակարդակի բարձրացումը:
VI. Հայեցակարգից բխող ռազմավարությունը
21. Հայեցակարգի դրույթների իրականացման նպատակով հայեցակարգի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կմշակվեն Բնական պաշարների կառավարման ռազմավարությունը և վերջինիս իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը սահմանելով պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները ու կատարողականի ցուցանիշները:
VII. Հայեցակարգի, դրա դրույթներից բխող ռազմավարության և ծրագրերի
մշտադիտարկման կազմակերպումը
22. Հայեցակարգի, ղրա դրույթներից բխող ռազմավարության և ծրագրերի իրականացման ընթացքի նկատմամբ կանցկացվեն մշտադիտարկումներ, որոնց արդյունքները թույլ կտան գնահատել միջոցառումների արդյունավետությունը ու հիմք կհանդիսանան ոլորտի հետագա կատարելագործման և արդիականացման համար:
VIII. Միջազգային համագործակցության իրականացումը
23. Հայեցակարգի, դրա դրույթներից բխող ռազմավարության և ծրագրերի իրականացումը կներառի նաև միջազգային համագործակցության հետագա խորացումը և կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը բնական պաշարների կառավարման ոլորտին առընչվող միջազգային միջոցառումներին:
IX. Եզրակացություն
24. Հայեցակարգի իրականացումը պայմաններ կստեղծի`
1) բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորման և զարգացման, Հայաստանի Հանրապետության տարածքում բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանման, վերարտադրության, ինչպես նաև կառավարման արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար,
2) բնական պաշարների կառավարման ոլորտում միջգերատեսչական, ինչպես նաև միջազգային կառույցների և հասարակական բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման և ամրապնդման համար,
3) շրջակա միջավայրի բազմազանության, էկոհամակարգերի և մարդու համար բարենպաստ և ներդաշնակ միասնության ապահովման նախադրյալների ստեղծման համար,
4) բնական պաշարների օգտագործման հետ կապված սպառնալիքների և վտանգների հակազդման գործուն համակարգի ձևավորման ու արդյունավետ գործունեության համար,
5) էկոհամակարգերի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, Սևանա լճի պահպանմանն ուղղված հատուկ ծրագրերի իրականացման համար,
6) պետության և բնակչության բնապահպանական անվտանգության ապահովման հիմնահարցերի իրագործման համար,
7) Հայաստանի Հանրապետության որդեգրած և միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման համար: