Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻ ...

 

 

010.0116.150717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հուլիսի 6-ին

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 Օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 2.4. Հաստատել 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն 5-րդ հավելվածի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքով հաստատված` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.6-րդ կետով.

«6.6. 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3: 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը (այսուհետ` Լրացուցիչ շահույթ) ենթակա է վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ շահույթի հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել 5-րդ հավելվածով:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

 

15 հուլիսի 2017 թվականի

ՀՕ-116-Ն

 

Հավելված 5

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետի երկրորդ պարբերության դրույթների:

Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

 

2. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ` 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում` սահմանված կարգին համապատասխան:

Եղել են տարիներ, երբ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի` պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, որն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար առաջացրել է չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ:

Ըստ Հայաստանի Հանրապետության ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20% սակավ ջրատվություն: 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ (սույն օրենքի նախագծի մշակման ժամանակ) անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա համեմատ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված` 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն:

Առկա և առաջիկայում սպասվելիք բարձր ջերմաստիճանի հետ կապված` բնականաբար կմեծանա նաև ջրի պահանջարկը: Դա կպահանջի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել ջրամատակարարում:

2016 թվականի հունիսի 19-ին 2015 թվականի նույն օրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակն ավելացել է 16 սմ-ով (տարբերության առավելագույն ցուցանիշը 24.08.2016 թվականին գրանցվել է 32 սմ), իսկ 2017 թվականի հունիսի 19-ին 2016 թվականի նույն օրվա դրությամբ` ևս 18 սմ-ով:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից ջրի տարեկան բացթողնման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է` դարձնելով այն մինչև 270 մլն մ3:

Սույն ծրագրի մշակման համար առկա են հետևյալ հիմքերը.

- Սևան-Հրազդան ջրառի իշխման տարածքներում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում ոռոգման ջրաքանակը պակաս է շուրջ 17 մլն մ3-ով, Հրազդան գետի ջրատվությունը` 40 մլն մ3-ով (2016 թվականին եղել է 150 մլն մ3, 2017-ի նույն ժամանակահատվածում` 110 մլն մ3).

- 2016 թվականին ևս 60 մլն մ3 ջուր արտադրվել է Մխչյան և Ռանչպար պոմպակայաններով, որի ծախսը կազմել է 1.2 մլրդ դրամ:

Այսպիսով` Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 մլն մ3 ջրի դեֆիցիտ անցած տարվա համեմատ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյան և Ռանչպար պոմպակայանները կարող են լրացնել այս դեֆիցիտի միայն 50%-ը, այդ իսկ պատճառով Սևանա լճից լրացուցիչ ջրառը դառնում է անհրաժեշտություն:

Խնդիրն առավել սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան համակարգի կարիքներին գումարվում են Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները: 2016 թվականի համեմատ Ախուրյանի ջրամբարը 105 մլն մ3-ով պակաս է լցվել (անցած տարի եղել է 545 մլն մ3, 2017 թվականին` 440 մլն մ3):

Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրի պակասը լրացնելու միակ տարբերակը մեխանիկական ջրարտադրությունն է Արմավիրի տարածաշրջանի խորքային հորերի շահագործման միջոցով, որը կպահանջի առնվազն 1.2-1.3 մլրդ դրամի էլեկտրաէներգիայի ծախս:

2016 թվականի սցենարով աշխատելու, Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու դեպքում համակարգում առկա կմնան հետևյալ չլուծվող խնդիրները.

- Սևան-Հրազդան համակարգում` 50 մլն մ3 ջրի դեֆիցիտ.

- Ախուրյան-Արաքս համակարգում` 105 մլն մ3 ջրի դեֆիցիտ:

Այսպիսով` երկու համակարգերում էլ կունենանք թերոռոգում, որը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի, գյուղատնտեսական արտադրանքի վերջնարդյունքի կորստի` առ ոչինչ դարձնելով նաև մինչ այդ իրականացված ջրամատակարարումը, ինչպես նաև շուրջ 130 հազ. հողօգտագործողների կատարած ծախսերն ու վճարումները:

Սևանա լճից լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարելու մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող` Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, որի շնորհիվ համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա:

Լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրի բացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոէլեկտրակայաններում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա: Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն:

Լրացուցիչ ջրբացթողումները լճի ջրի մակարդակի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ Օրենքի ընդունման պահին Սևանա լճի ջրի մակարդակը կազմել է 1896.32 մ: 2017 թվականի հունվարի 1-ին այն կազմել է 1900.46 մ: Այս նիշերի տարբերությամբ պայմանավորված, և, հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտման/կոլերացիայով ընդունված 0,20 մ նիշի բարձրացման գործակիցը, Սևանա լճի ջրի մակարդակը Օրենքի ընդունումից հետո 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ փաստացի բարձրացել է 3.94 մ-ով:

Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18-8) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված` լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված` Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները:

Որակական առումով առաջարկվող փոփոխությունը նույնպես լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա` պայմանավորված լճի ջրի ծավալի ավելացմամբ և ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների գործարկմամբ:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1) հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում.

2) ոռոգում իրականացնող կազմակերպություններում մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Էներգետիկայի բնագավառի լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` Օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն (170 մլն մ3) չափաքանակից ավել բաց թողնված ջրաքանակի օգտագործման շնորհիվ արտադրված էլեկտրական էներգիայի քանակի և դրա հետ կապված կատարված վճարումների վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն Ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

 

pin
ՀՀ 06.07.2017
N ՀՕ-116-Ն օրենք