Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 հուլիսի 2017 թվականի N 29

 

32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԳՆԱՃԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. հուլիսի 6-ի նիստի

N 29 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԳՆԱՃԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել են առավել խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ: Հարկ է նշել, որ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական դանդաղ աճի տեմպերը, ներքին թույլ պահանջարկը, ինչպես նաև հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի բացասական ազդեցությանը հիմնականում հակազդել են կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները:

Տարվա ընթացքում պահպանվեց նախորդ տարվա կեսից սկիզբ առած գնանկումային միջավայրը: 2016 թվականին 12-ամսյա գնանկումը կազմեց 1.1%, որին հիմնականում նպաստեցին ներքին թույլ պահանջարկը և միջազգային շուկաներում որոշ ապրանքների գծով ձևավորված ցածր գների մակարդակը:

Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով: Տարեվերջում ՀՀ ԿԲ քաղաքականության տոկոսադրույքը սահմանվել է 6.25 տոկոս, իջեցվել է նաև բանկերի կողմից ներգրաված արտարժութային միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը:

2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում էական միջամտություններ չեն իրականացվել: Հիմնականում միջամտությունները սեզոնայնությունից բխող կարճաժամկետ տատանումները չեզոքացնելու նպատակով են իրականացվել, ինչը նպաստել է նաև ԱՄՀ կողմից ՀՀ փոխարժեքի փաստացի ռեժիմի «լողացող» դասակարգմանը:

ՀՀ ԿԲ-ի քաղաքականության տոկոսադրույքի նվազեցմանը զուգընթաց ֆինանսական շուկայում նկատվել է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազում: Մասնավորապես` միջբանկային տարեկան միջին ռեպո տոկոսադրույքը նվազել է 4.2 տոկոսային կետով` կազմելով 7.5 տոկոս, պետական կարճաժամկետ պարտատոմսերի տարեկան միջին եկամտաբերությունը նվազել է 3.6 տոկոսային կետով` կազմելով 9 տոկոս, բանկերի կողմից տրամադրված ավանդների տարեկան միջին տոկոսադրույքը (մինչև 1 տարի ժամկետով) նվազել է 2.5 տոկոսային կետով` կազմելով 11.6 տոկոս:

Հատկանշական է. որ տարվա ընթացքում բանկային համակարգում առկա էր նաև բարձր իրացվելիություն: Այս հանգամանքն իր հերթին նույնպես նպաստել է շուկայական տոկոսադրույքների նվազմանը:

Տարվա ընթացքում տնտեսությունում աճել են վարկավորման ծավալները: Մասնավորապես ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերը աճել են 14.9 տոկոսով, որից ձեռնարկություններին տրամադրված վարկերն աճել են 7.6 տոկոսով, իսկ տնային տնտեսություններինը` մնացել են անփոփոխ:

Սակայն, չնայած տարվա ընթացքում ԿԲ քաղաքականության տոկոսադրույքին ֆինանսական շուկայի տոկոսադրույքների համարժեք արձագանքին, համակարգում առկա բարձր իրացվելիությանը, բանկերի կողմից տրամադրված վարկերի (մինչև 1 տարի ժամկետով) տարեկան միջին տոկոսադրույքը նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով և կազմել 17.4 տոկոս:

Ամփոփելով նշենք, որ ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունը 2016 թվականին ուղղվել է տոկոսադրույքների իջեցմանը, փոխարժեքի շուկայում էական միջամտություններ չեն իրականացվել, սակայն այնուհանդերձ քաղաքականության տոկոսադրույքի փոխանցման արդյունավետությունը տնտեսության իրական հատվածի վրա թույլ է եղել, որը կարող է պայմանավորված լինել դոլարացման դեռևս բարձր մակարդակով, նաև տնտեսության իրական հատվածում առկա բարձր ռիսկայնությամբ:

Միաժամանակ, 2016 թվականի գնաճի հաշվետվության որոշ դրույթների վերաբերյալ հայտնում ենք, որ 2016 թվականի ցուցանիշները հիմնականում գնահատականներ են, սակայն ՀՀ ԱՎԾ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փաստացի տվյալները արդեն իսկ հրապարակված են, ինչով պայմանավորված, առկա են փաստացի ցուցանիշներից որոշ շեղումներ (Գնաճի հաշվետվության պատրաստումը և հրապարակումը եղել է ավելի վաղ, քան որոշ մակրոտնտեսական ցուցանիշներինը):

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 29
Արձանագրային որոշում