Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

011.0002.220617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1.6. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կարևոր գործառույթներից է պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարումը: Պետական գույքի կառավարման արդյունավետության խնդիրը լուծելու համար պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական նպատակներն են լինելու`

. պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը, վարչարարության պարզեցումը,

. պետություն-մասնավոր հատված գործընկերության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կապահովի պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը,

. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբերության բարձրացումը,

. առևտրային բարձր պահանջարկ ունեցող պետական գույքի սեփականության իրավունքի օտարումը, որը կապահովի հանրային օգտակարության բարձրացումը:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու`

1. Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման և արմատապես բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը հաստատել 2018-2020 թվականների պետական գույքի կառավարման ծրագիրը, որի մեջ կներառվեն պետական գույքի հետ նախատեսվող բոլոր գործողությունները` իրենց ժամկետային առաջադրանքներով, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով.

2) մինչև 2020 թվականի ավարտն իրականացնել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցումը` նախատեսելով նաև ֆոնդային բորսայի միջոցով պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի կազմակերպումը.

3) 2018 թվականի ընթացքում պարզեցնել պետական գույքի օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության տրամադրման ընթացակարգերը` նվազագույն վարչարարության ապահովմամբ.

4) 2018 թվականի ընթացքում պետական ծախսերի կրճատման և հանրությանը մատուցված ծառայությունների որակի բարձրացման նպատակով ուսումնասիրել ՀՀ մարզերում պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ պիլոտային իրագործման վերաբերյալ.

5) 2018-2020 թվականների ընթացքում իրականացնել եռամյա ծրագրով սահմանված առաջադրանքների և միջոցառումների տնտեսական և ֆինանսական արդյունքների հսկողությունը, այդ թվում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրերի կատարման հսկողությունը:

2. Պետություն-մասնավոր հատված գործընկերության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2018 թվականի ավարտը ներդնել պետական գույքի վաճառքի գնի տարաժամկետ վճարման ձևաչափը, որի արդյունքում մասնավոր հատվածին տարաժամկետման պայմանով հնարավոր կդառնա փոխանցել տնտեսական շրջանառությունից դուրս մնացած պետական գույքը.

2) 2018-2022 թվականների ընթացքում ներդրումային բարձր գրավչություն ունեցող պետական գույքի օտարման և մասնավորեցման գործիքակազմում ստանալ առավել տարածում ունեցող «գործարար միավորի վաճառք» սկզբունքը, որի իրականացման համար գործարքի գումարի 10 տոկոսը կուղղվի գույքի վաճառքի նախապատրաստման և կազմակերպման ծախսերի փոխհատուցմանը:

3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության, շահութաբերության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը սահմանել և 2018-2022 թվականների ընթացքում ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունների աշխատանքի հիմնական ֆինանսական, տնտեսական և որակական ցուցանիշները, այդ թվում` դրանց գործարար ծրագրերի համաձայնեցման և մշտադիտարկման միջոցով.

2) 2017-2022 թվականների ընթացքում լայնորեն կիրառել հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու պրակտիկան.

3) մինչև 2018 թվականի ավարտը վերակազմակերպել 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունները ոչ առևտրային կազմակերպությունների, եթե պետական բաժնետոմսերով առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությամբ շահույթ չեն ապահովում.

4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների աշխատանքի խրախուսման նոր ձևեր ու մեխանիզմներ:

4. Պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի ձևավորման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինեն գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները.

2) մինչև 2018 թվականի ավարտն ուսումնասիրել պետական գույքի օտարման առանց նախապես հայտարարված վաճառքի մեկնարկային գնի ՀՀ-ում աճուրդային եղանակի կիրառման հնարավորությունը և ներկայացնել համապատասխան առաջարկներ:

 

1.7. ԿԱԴԱՍՏՐ

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության որոշ պետական և մասնավոր կազմակերպություններ աշխատանքներ են սկսել երկրատեղեկատվական համակարգերի (այսուհետ` ԵՏՀ) ստեղծման ուղղությամբ, սակայն դրանք լուծում են միայն իրենց բնագավառի որոշակի լոկալ փոքր մասնագիտական խնդիրները:

ՈՒսումնասիրելով միջազգային առաջադեմ փորձը և համաձայն INSPIRE 2007/2/EC դիրեկտիվների, ՀՀ-ում առկա բոլոր գեոդեզիական և քարտեզագրական նյութերն անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, այդ թվում` նաև 19115:2003 «Երկրատեղեկատվական տեղեկատվություն - Մետատվյալներ» (ISO 19115:2003 «Geographic information - Metadata») տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ձևավորման մեթոդոլոգիայի, ինչպես նաև մետատվյալների պրոֆիլների կանոնների պահանջների մասով:

Պետական նշանակության աշխատանքներից է նաև կրթական համակարգի համար քարտեզների և այլ հիմնարար ատլասների ստեղծումը: Նախկինում հրատարակված 32 անվամբ ուսումնական քարտեզներն անվճար տրամադրվել են ՀՀ և Արցախի Հանրապետության դպրոցներին: Համահունչ լինելով ՀՀ կառավարության զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրին` անհրաժեշտ է հրատարակել տարաբնույթ տուրիստական քարտեզներ և ճանապարհային ատլասներ: Այս քարտեզները մատչելի ձևով կներկայացնեն Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկներին:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու`

1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում առկա վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2017-2020 թվականների ընթացքում ավարտին հասցնել թեմատիկ քարտեզագրության բնագավառում Հայաստանի Ազգային ատլասի ռուսերեն տարբերակի ստեղծման աշխատանքները և հրատարակել, միաժամանակ իրականացնել ՀՀ խոշորացված համայնքների բազմաֆունկցիոնալ քարտեզների ստեղծում.

2) 2017-2022 թվականների ընթացքում ստեղծել և ներդնել ՀՀ քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգ.

3) 2017-2022 թվականների ընթացքում ստեղծել ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի հիման վրա քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր, մասնավորապես, ՀՀ տարածքի օդալուսանկարահանման նյութերի հիման վրա կստեղծվեն ՀՀ 46 քաղաքների 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր.

4) 2018-2019 թվականների ընթացքում ՀՀ պետական մասշտաբային շարքի քարտեզների ձևափոխումը ISO միջազգային ստանդարտներին համապատասխան.

5) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել աշխարհագրական անվանումների ոլորտում աշխատանքներ, մասնավորապես, 2017-2021 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի վարման և թարմացման աշխատանքներ, ինչպես նաև շարունակել մեծ պահանջարկ ունեցող տարաբնույթ բառարանների և տեղեկատուների ստեղծման և հրատարակման աշխատանքները:

2. Հողաշինարարության ոլորտում առկա վիճակը բարելավելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել հողերի խոշորացման ծրագիր` յուրաքանչյուր տարի 5-ական համայնքներում.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի կազմում:

3. Անշարժ գույքի կադաստրային գնահատման ոլորտում առկա վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանել միասնական տարածագնահատման նոր գոտևորում.

2) 2018-2020 թվականների ընթացքում իրականացնել ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի կադաստրային գնահատման աշխատանքներ, ՀՀ գյուղատնտեսական հողատեսքերի որակական և տնտեսական նոր գնահատում:

4. Առցանց` ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել առցանց ծառայությունները` այն դարձնելով այդ ծառայություններից օգտվողների համար հնարավորինս մատչելի և հարմարավետ: Կոմիտեի պաշտոնական կայքում (www.e-cadastre.am) գրանցվելուց և իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ տվյալներ ներկայացնելուց հետո, հետագա բոլոր հնարավոր տեղեկատվությունները կտրամադրվեն առցանց: Առցանց տեղեկատվության տրամադրումը կիրականացվի երկու ուղղությամբ`

ա. այն տեղեկատվությունը, որը կարող է տրամադրվել յուրաքանչյուր անձին, կտրամադրվի առանց որևէ գրանցման, պարզ և կարճ գործողությունների միջոցով,

բ. սեփականատերերին տեղեկատվությունը կտրամադրվի համակարգում գրանցվելուց և իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորների վերաբերյալ տվյալներ ներկայացնելուց հետո: Համակարգում գրանցումը և անշարժ գույքի միավորների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելն անհրաժեշտ է սուբյեկտին և իրեն պատկանող անշարժ գույքի միավորները միանշանակ նույնականացնելու համար:

 

2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

2.1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու`

- ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.

- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը.

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը.

- երկկողմ հարաբերություններում`

. Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,

. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,

. եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,

. անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,

. փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը,

. Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,

. Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը,

. Ամերիկայի մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը,

. Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի պետությունների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը,

. հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը.

- բազմակողմ հարաբերություններում`

. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,

. ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,

. Եվրոպական միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը,

. ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,

. ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը,

. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ ներգրավվածության խորացմանը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպմանը,

. ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը,

. միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը.

- երկկողմ և բազմակողմ ձևաչափերով խորհրդարանական դիվանագիտության զարգացման և կապերի ամրապնդման աջակցմանը.

- Հայաստանի տնտեսական կայուն զարգացմանը նպաստելուն, մասնավորապես`

. երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը` հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնման միջոցով,

. հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, նոր շուկաների բացահայտմանը, օտարերկրյա ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացմանը` դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ ներգրավման միջոցով,

. միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացմանը, տնտեսական բնույթի միջոցառումներին հայկական կողմի մասնակցության ապահովմանը,

. ՀՀ տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավմանը.

- օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.

- արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում` սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը.

- օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը.

- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

 

2.2. ՍՓՅՈՒՌՔ

 

Սփյուռքը, ձևավորվելով հայ ժողովրդի դժվարին ճակատագրի հետևանքով, այսօր վերածվել է Հայաստանի մրցակցային առավելության: Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից է:

Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները բազմաթիվ ոլորտներում ունեն հարուստ փորձառություն, գիտելիք և հմտություններ, որոնց ներդրումը և կիրառումը Հայաստանում կարող են առաջ բերել նոր գաղափարներ, ներմուծել նոր աշխատանքային մշակույթ, ստեղծել մրցունակ ապրանքներ և ծառայություններ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք:

Հայաստան-սփյուռք գործակցությունը հիմնված է միասնականության, պատասխանատվության և թափանցիկության արժեքների հիման վրա:

ՀՀ կառավարության առաջիկա տարիների գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման, ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցությանը և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը:

1. Սփյուռքի ներուժը թիրախային օգտագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի և սփյուռքի միջև համակողմանի կապերի սերտացման և համագործակցության մակարդակի բարձրացումը, համահայկական առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների, մասնագիտական ընկերակցությունների և սփյուռքի անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը.

2) 2018-2019 թվականների ընթացքում գնահատել տարբեր երկրներում հայկական համայնքների ներուժը և մշակել ըստ երկրների` սփյուռքի ներուժի Հայաստանում ներգրավման գործողությունների ծրագիր.

3) 2017-2018 թվականների ընթացքում մշակել ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում ներդրումային հնարավորությունները` ՀՀ օրենսդրության, փոքր ու միջին բիզնեսին տրված արտոնությունները, ԵԱՏՄ երկրներ և միջազգային շուկաներ արտահանման առավելությունների մասին սփյուռքի գործարարներին հասանելի դարձնելու գործուն կառուցակարգերը.

4) 2017-2019 թվականների ընթացքում սփյուռքահայերի զբոսաշրջային այցելությունները դեպի Հայաստան խթանելու նպատակով հայաշատ տարածաշրջաններում ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային առավելությունները, մասնավորապես, այդ նպատակով հավաքներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ կազմակերպելով ԱՊՀ տարածքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում.

5) մինչև 2018 թվականի ավարտը մշակել սփյուռքի հայ բժիշկների, գործարարների, իրավաբանների, ճարտարագետ-ճարտարապետների և այլ մասնագիտական ընկերակցությունների գործունեության աջակցմանն ուղղված միջոցառումների ծրագիր.

6) 2018-2019 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում սփյուռքահայերի և սփյուռքահայ մասնագետների մասնակցությունն առողջապահական և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակման և իրագործման գործընթացներում:

2. Սփյուռքի ինքնակազմակերպման և ազգային ինքնության պահպանման հարցերում աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել միջոցներ ձեռնարկել սփյուռքի ինքնակազմակերպման գործընթացները խթանելու հարցում, ինչպես նաև ցուցաբերել օժանդակություն թույլ կազմակերպված համայնքների համախմբմանը.

2) 2018-2022 թվականների ընթացքում իրականացնել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ստեղծել և տարածել արևելահայերեն և արևմտահայերեն ուսուցողական հոլովակներ, համայնքներին տրամադրել ուսուցողական ձեռնարկներ, դասագրքեր և այլ նյութեր` սփյուռքահայ երիտասարդների շրջանում հայերենի բավարար իմացության մակարդակի բարձրացման նպատակով.

3) 2018-2022 թվականների ընթացքում ընդլայնել սփյուռքի երիտասարդության համար նախատեսված հայրենաճանաչության ծրագրերը, դրանց մասնակիցների թիվը և աշխարհագրությունը.

4) 2018-2022 թվականների ընթացքում շարունակել Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերի, ուսուցողական ձեռնարկների հրատարակությունն ու դրանց տարածումը և կազմակերպել հանդիպում-քննարկումներ Հայաստանի և սփյուռքի համապատասխան կառույցների, մասնագետների հետ.

5) 2018-2019 թվականների ընթացքում իրականացնել իսլամացված և ծպտյալ հայերի հիմնախնդիրների համակարգային ուսումնասիրություն և առաջարկել մոտեցումներ.

6) 2017-2022 թվականների ընթացքում ապահովել ՀՀ կառավարության օժանդակության շարունակականությունը վիրահայությանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների զարգացմանը.

7) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ընդունել սփյուռքի հայալեզու ԶԼՄ-ների հետ տեղեկատվական դաշտում համագործակցության և աջակցությանն ուղղված գործողությունների ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետությունում սփյուռքահայերի ինտեգրմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) 2017-2018 թվականների ընթացքում ապահովել Հայաստանում բնակվող սիրիահայերի և իրաքահայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքների շարունակականությունը.

2) մինչև 2018 թվականի ավարտը լրամշակել և ընդունման ներկայացնել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը.

3) մինչև 2019 թվականի ավարտը մշակել արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների ազգային ինտեգրման ռազմավարությունը` ներառելով միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակությունների տրամադրման գործիքակազմ:

 

2.3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը, ռազմական բնույթի առկա և հավանական սպառնալիքների ժամանակին բացահայտումը, գնահատումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը:

Հայաստանի Հանրապետության անվտանգ միջավայրը, մեր երկրի առջև ծառացած ռազմաքաղաքական և ռազմական բնույթի մարտահրավերները վկայում են, որ անվտանգության ապահովումը մեր պետության առաջընթացի և կայուն զարգացման միակ գրավականն է: Հայաստանի և Արցախի անվտանգության հանդեպ ամենօրյա ոտնձգությունները, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիքներն ու դրանց իրականացման գործնական քայլերը մեզ այլընտրանք չեն թողնում, քան անընդհատ և հետևողականորեն բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը, ինչը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը:

Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ: Այդ նպատակով պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով: Դա հնարավորություն կտա մշակել համալիր և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հիմնված կլինեն պաշտպանական քաղաքականությանը` փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, հասարակական, կրթական, գիտական քաղաքական ուղղությունների հետ փոխհամաձայնեցված (ինտեգրված) և հավասարակշռված, հասարակական վստահությունը վայելող որոշումների վրա և կապահովեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի ամբողջ ներուժի օգտագործման առավելագույն արդյունավետություն: Ընդ որում, պաշտպանության ոլորտում համազգային ներուժի օգտագործման արդյունավետության չափանիշ պետք է հանդիսանա ոչ միայն հասանելի ռեսուրսների առավելագույն նպատակային օգտագործումը (սպառումը), այլև դրա արդյունքում ավելացված արժեքի ստեղծման խթանումը:

Մեր խնդիրն է ստեղծել ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորություններ, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, դրանք խթանող, հասարակության անմիջական ներգրավմամբ նրա վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ` մարտունակ, մշտապես կատարելագործվող, ժամանակակից սպառազինությամբ զինված, ռազմարվեստում տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող զինված ուժերով:

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու`

1. Պաշտպանության ոլորտի ներուժի և կարողությունների շարունակական, ներդաշնակ ու հավասարակշռված աճն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի` ժամանակակից մարտական գործողությունների վարման և կրակային խոցման կարողությունների որակական վերազինման համար անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով համալրումը` տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղերի զարգացման, դրանց արդյունավետության և տնտեսական շահավետության խթանման, հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառման, ներդրումների խթանման և միջազգային համագործակցության միջոցով: Մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեսլականին համահունչ, և հենվելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումների վրա, ձևավորել ազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ` ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ` բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը ՀՀ նորարարական համակարգում.

2) մինչև 2020 թվականի ավարտն ստեղծել արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ հրամանատրման ու առաջնորդության արդի տեսությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների և նոր օրենսդրության հիման վրա, կապահովեն պաշտպանության համակարգում կառավարման էթիկայի բարելավումը, թափանցիկության, հաշվետվողականության, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ու քաղաքացիական վերահսկողության, բարեվարքության և զինված ուժեր - խորհրդարան կապի ամրապնդումը.

3) մինչև 2022 թվականի ավարտը զուգահեռաբար զարգացնել ազգային պաշտպանական կարողությունները և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները` ձևավորելով անվտանգության երաշխիքների փոխկապակցված համակարգ, որը կապահովի բարենպաստ ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման և ռազմական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման, զինված ուժերի միջազգային ներգրավման և փոխգործունակության, առաջավոր փորձի ներդրման, հավաքական պաշտպանության միջազգային պարտավորությունների ու գործուն մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

2. Պաշտպանության ոլորտի գործունեությունը, գործառույթները և գործընթացներն ավելի արդյունավետ, գործուն և նպատակային դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել ռեսուրսների կառավարման արդյունավետ և թափանցիկ համակարգ, որը հնարավորություն կտա պլանավորման համակարգում քանակական ցուցանիշներից անցում կատարել որակական ցուցանիշների, ինչպես նաև ձևավորել պաշտպանական ռազմավարական (երկարաժամկետ և թիրախային) պլանավորման և ծրագրային բյուջետավորման համակարգեր:

3. Զինված ուժերի պատրաստականությունը, մարտունակությունը և անձնակազմի մարտական վարպետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, հրամանատրման համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը` մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով.

2) մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել մարտական հերթապահության համակարգը, անհրաժեշտ տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ծրագրերի միջոցով բարձրացնել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները:

4. Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2020 թվականի ավարտը` բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են` պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ` որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը.

2) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը` զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները` զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն: Միաժամանակ, մանրակրկիտ վերաքննել նախազորակոչային պատրաստության, զորակոչի արդյունավետ կազմակերպման, այդ թվում` բժշկական փորձաքննությունների գործընթացը` այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

3) մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն: Նոր ռազմավարությամբ նշված անձանց համար երաշխավորել սոցիալական ապահովության գործուն համակարգ ու մեխանիզմներ, որոնք կներառեն բնակարանային ապահովվածությունը, ամբողջապես անվճար բժշկական օգնությունը, նաև հանգստի կազմակերպման ծառայությունները, այլ արտոնություններ ու երաշխիքներ.

4) մինչև 2022 թվականի ավարտը պաշտպանության ոլորտը վերածել պետական կառավարման նոր մոտեցումների ներդրման, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ձևավորման, բարոյական նորմերի և հայրենասիրության սերմանման, գիտական (կիրառական և տեսական) և տնտեսական ներդրումների խթանման հարթակի` հանրային իրազեկման, հասարակական վերահսկողության և վստահության, արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման միջոցով.

5) մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, կայացնել և մրցունակ դարձնել նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը, զարգացնել արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման շարժառիթավորման հնարավորությունները.

6) մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակներում կապահովվի նոր ենթակառուցվածքների ու սարքավորումների, ինչպես նաև մասնագետների կատարելագործված արհեստավարժության շնորհիվ` ռազմաքաղաքացիական ամբողջարկված (ինտեգրված) բուժհաստատությունների կողմից որակապես նոր մակարդակով բուժծառայությունների մատուցումը:

 

3. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

3.1. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանը փոքր ներքին շուկա ունեցող երկիր է, և նրա մրցունակությունը պայմանավորված է բացառապես արտաքին շուկաներում մրցունակ առաջարկ ներկայացնելու նրա տնտեսության կարողություններով: Երկիրը պետք է առաջնորդվի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի մոդելով, որտեղ տնտեսական աճի առանցքային շարժիչն արտահանումն է: Դրա համար հատկապես կկարևորվի արտահանման արտադրողների մրցունակության բարձրացման և այդ կերպ` առկա արտաքին շուկաներում նրանց դիրքերի ամրապնդման, ինչպես նաև` նոր արտաքին շուկաներ ներթափանցելու և դրանցում դիրքավորվելու ճանապարհով: Ծրագրային այս մոտեցումների կենսագործումը պահանջում է տնտեսության իրական հատվածի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա:

Գործարար միջավայրի բարելավման շարունակական քայլերով պետական կարգավորումները, պետության կողմից մատուցվող ծառայություններն ու վարչարարական ընթացակարգերը կդառնան առավել պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար: Պետությունը հետևողականորեն կբարելավի մրցակցային միջավայրը` ապահովելով ապրանքային շուկաներ ազատ և հավասար մուտքի/ելքի պայմաններ:

Հայաստանում շարունակաբար կայանալու են ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուցիոնալ համակարգերը` յուրաքանչյուր ներդրողի մոտ ամրապնդելով երկրի նկատմամբ վստահության և գործընկերային բարձր մակարդակ: Օտարերկրյա ներդրողների ներգրավմամբ ներդրումային ծրագրերը կուղղորդվեն հատկապես ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներով տնտեսության վերազինման պահանջների բավարարմանը, ինչը զուգահեռաբար կընդլայնի նոր ներդրումներ կլանելու տնտեսության կարողությունը: Միաժամանակ, ներառական տնտեսական աճին նպաստող և նոր աշխատատեղեր ստեղծող ներդրումային ծրագրերը կգտնվեն ՀՀ կառավարության ուղղակի հոգածության տիրույթում:

ՀՀ կառավարությունը հետապնդում է տնտեսության որակական առաջընթացն ինովացիոն զարգացման ճանապարհով ապահովելու նպատակը, որի արդյունքում պետք է գրանցվի ընդհանուր տնտեսության, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտադրողականության մակարդակի արագընթաց աճ: Ընդ որում, աշխատավարձերի քաղաքականություն իրականացնելիս ՀՀ կառավարությունը կհետևի արտահանելի հատվածի մրցունակության աճի չխաթարման սկզբունքին` պահպանելով նմանատիպ զարգացման հաջողված փորձ ունեցող արևելաեվրոպական և այլ երկրներում ժամանակով փորձված նվազագույն աշխատավարձի և տնտեսությունում աշխատավարձի մեդիանայի համամասնությունները:

Համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության շարունակական բարձրացման միջոցով ՀՀ կառավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների թվի շարունակական բարձր աճ և համաչափ բաշխվածություն ամբողջ հանրապետությունում:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկված նախաձեռնություններն ու բարեփոխումները վերոնշյալ ոլորտներում նախատեսում են հետևյալ քայլերը`

 

Արտահանում

 

Արտահանման վրա հիմնված աճի ապահովման համատեքստում ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապրանքների և ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 40-45 տոկոսի: Այս նպատակին հասնելու համար քաղաքականությունը կիրականացվի հիմնականում երկու ուղղությամբ`

1) արտահանման առկա, հատկապես արտոնյալ ռեժիմներ ունեցող շուկաներ (ԵԱՏՄ, ԵՄ) մուտքի խոչընդոտների առավելագույն վերացում և ԵԱՏՄ շրջանակներում նոր արտահանման շուկաների հասանելիության բարձրացում.

2) երկկողմ հարթության մեջ թիրախային երկրների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների ձեռքբերում:

Այդ կապակցությամբ`

1. Արտահանման շուկաների հասանելիությունն ընդլայնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը ներդնել Եվրոպական միության «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ (Registered Exporter System).

2) 2017 թվականից սկսած կազմակերպել ԵԱՏՄ-ի շրջանակներում բանակցություններին, նախաբանակցային գործընթացներին ակտիվ մասնակցություն և դրսևորել նախաձեռնողականություն Վիետնամի, Չինաստանի, Իրանի հետ բազմակողմ ձևաչափով առևտրային նպաստավոր ռեժիմներ ձևավորելու նպատակով.

3) շարունակել ապահովել և ընդլայնել արտոնյալ առևտրային ռեժիմները (այդ թվում` GSP): Մինչև 2017 թվականի ավարտն այդ ուղղությամբ նախաձեռնել բանակցություններ Ծոցի երկրների հետ, իսկ Հնդկաստանի հետ` մինչև 2021 թվականի ավարտը.

4) ձևավորել արտահանող ու ներմուծող ընկերությունների համագործակցությունը` թիրախային շուկաներում հայկական ապրանքների արտահանման զարգացման նպատակով: Մինչև 2017 թվականի ավարտը կայացնել հայ-իրանական համագործակցության նման մեխանիզմը.

5) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել ոսկերչական իրերի հարգադրոշմման փոխճանաչելիությունը ԵԱՏՄ-ի երկրներում.

6) մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ տարածքում ստեղծել որակավորման ստուգման ծրագրեր իրականացնող և միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչություն և eLAB էլեկտրոնային համակարգ.

7) մինչև 2019 թվականի ավարտը կնքել «Եվրոպական հավատարմագրում» (EA) կազմակերպության հետ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից երկկողմ/բազմակողմ ճանաչման մասին համաձայնագիր.

8) մինչև 2022 թվականի ավարտն օժանդակել ԵԱՏՄ-ի երկրների պետական գնումների համակարգերում հայկական արտադրանքի մասնակցությանը, ձևավորել գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի միասնական շուկաներ, ընդլայնել ծառայությունների միասնական շուկան:

2. Արտահանման խթանման մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը դիվերսիֆիկացնել ադամանդի հումքի աղբյուրները և ձևավորել առկա աղբյուրներից հումքի ձեռքբերման առավել արդյունավետ պայմաններ.

2) մինչև 2017 թվականի ավարտը աջակցել ՌԴ-ի շուկայում հայկական ծագման ապրանքների վաճառքի Armzօոe էլեկտրոնային հարթակի ներդրմանը և ապահովել հանրայնացումը.

3) մինչև 2017 թվականի ավարտը տրամադրել ծագման երկրի հավաստագրեր և պարզեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերը.

4) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել հայկական ապրանքների համար առնվազն 5 թիրախային շուկաներ ներմուծման ընթացակարգերի, ՀՀ օրենսդրության պահանջների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հասանելիություն, իսկ 2018 թվականին այն ավարտին հասցնել մնացած թիրախային շուկաների մասով.

5) 2017-2018 թվականների ընթացքում ներդնել առավել արդյունավետ մեխանիզմներ ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցության աջակցման հարցում.

6) մինչև 2018 թվականի ավարտն ստեղծել հայկական արտահանող արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ.

7) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել արտահանման ծավալի ապահովագրության ավելի քան կրկնակի աճ.

8) 2018-2022 թվականների ընթացքում կազմակերպել արտահանման թիրախային շուկաներում «Made in Armenia» ամենամյա միջոցառումներ:

 

Գործարար միջավայր

 

Բարեփոխումների առանցքային նպատակադրումը երկրում այնպիսի գործարար միջավայրի հաստատումն է, որին հատուկ են` անհրաժեշտ նվազագույն ծավալով, հստակության բարձր աստիճանով, համաչափ և հավասար կիրառությամբ, կայուն և կանխատեսելի կարգավորումներ: Դրանց արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ Հայաստանն առաջիկա 4-5 տարիների բարեփոխումների արդյունքում կդիրքավորվի Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի լավագույն 20 երկրների շարքում: Այս նպատակների իրագործմանն ուղղված են մի շարք միջոցառումներ`

1. Գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրերի իրականացումը հետևողականորեն շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվություններն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարողությունները` ամբողջականացնելով հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը.

2) մինչև 2017 թվականի ավարտը կրճատել էլեկտրականության միացման գործընթացում պահանջվող գործողությունները.

3) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել քաղաքաշինական թույլտվությունների ոլորտում էլեկտրոնային համակարգի լայն կիրառություն.

4) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել պետության կողմից մատուցվող ծառայությունների արագացված ընթացակարգեր, եթե ներկայումս այդպիսիք սահմանված չեն.

5) մինչև 2019 թվականի ավարտն իրականացնել օրենսդրական փոփոխություններ` խթաններ ստեղծելով սնանկության վարույթում կազմակերպությունների առողջացումը որպես գերակայություն սահմանելու ուղղությամբ:

2. Տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտն ապահովել գերիշխող դիրքի չարաշահում որակելու դեպքերի օրենսդրական հստակեցում.

2) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել տնտեսական մրցակցության բնագավառում կայացվող անհատական որոշումների ամփոփման, դրանց նախադեպային տրամաբանության հստակեցման և տնտեսավարողներին ու լայն հասարակությանն իրազեկման մեխանիզմները:

3. Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2018 թվականի ավարտը ձևավորել ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ինստիտուցիոնալ հնարավորությունները և 2019 թվականին հրապարակել վիճակագրական տեղեկատվությունը.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել ՓՄՁ-ի սուբյեկտների նոր պահանջներին համապատասխան պետական աջակցության նոր գործիքակազմ, այդ թվում` խորացնել ՓՄՁ-ի ոլորտում աջակցության ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

 

Ներդրումներ

 

ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը: Այդ նպատակով ներդրումային քաղաքականությունն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով`

1. Ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտն առկա միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը.

2) մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) գործունեությունը կարգավորող իրավական դաշտը.

3) մինչև 2018 թվականի ավարտը մշակել պետություն-մասնավոր գործընկերության համար օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումները.

4) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը.

5) մինչև 2018 թվականի ավարտն իրագործել ՀՀ-ում որոշակի ներդրումների դիմաց` ՀՀ քաղաքացիություն շնորհելու ծրագիրը:

2. Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից դեպի «թիրախավորված» ռազմավարության քաղաքականության անցում կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընտրված թիրախային ոլորտներում (այդ թվում` մանածագործություն, հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն) և ըստ գործունեության վայրերի աշխատատեղերի ստեղծումը խթանող հնարավոր արտոնությունների վերաբերյալ.

2) մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել ներդրումային ծրագրերի փաթեթների` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և դրանց առաջմղման համար Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները և ապահովել այդ գործառույթի շարունակականությունը.

3) մինչև 2017 թվականի ավարտը ամրապնդել Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները «մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ` ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ.

4) մինչև 2017 թվականի ավարտը մշակել տնտեսական դիվանագիտության կիրառական մոտեցումներ.

5) մինչև 2018 թվականի ավարտը մշակել համայնքային նշանակության մարզային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործուն մեխանիզմներ.

6) մինչև 2018 թվականի ավարտը մշակել առաջատար վերազգային ընկերությունների հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հստակ ձևաչափեր և մեխանիզմներ.

7) մինչև 2019 թվականի ավարտն ապահովել Հայաստանը ՏՀԶԿ ՕՈՒՆ Կարգավորումների սահմանափակման ինդեքսի վարկանիշում (OECD) ներառելուն.

8) մինչև 2020 թվականի ավարտը մշակել և իրագործել առնվազն 5 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման ռազմավարությունները:

3. Ստեղծարար և նորարարական բիզնեսների զարգացում, տեխնոլոգիական զարգացման խթանում`

1) մինչև 2018 թվականի ավարտը քարտեզագրել ՀՀ նորարարական էկոհամակարգը (քաղաքականություն (իրավական) դաշտ, կազմակերպություններ, ոլորտի զարգացման ծրագրեր, նորարարական բիզնես, կրթություն և հետազոտություններ), գույքագրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները և դրանց տեխնոլոգիական կարողությունները.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզ` տնտեսության առանցքային ճյուղերում նորարար տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով.

3) մինչև 2018 թվականի ավարտը ներգրավել վերազգային առնվազն 2 կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով.

4) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ներդնել առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին տրամադրվող աջակցության հատուկ մեխանիզմներ:

 

Զբոսաշրջություն

 

ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Այս նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

1. Զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում.

2) մինչև 2018 թվականի ավարտը սահմանել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները.

3) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել զբոսաշրջության ռեգիստրը:

2. Մինչև 2020 թվականի ավարտն ավարտել հանրապետության տարածքում ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները: Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «ՈՒխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը` 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը.

2) 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոների, տոնակատարությունների և այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը.

3) 2017-2022 թվականների ընթացքում ընդլայնել մարզական զբոսաշրջությունը ՀՀ-ում միջազգային մրցաշարերի կազմակերպման միջոցով.

4) 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը.

5) մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդը` նախադրյալներ ստեղծելով «Զբոսաշրջության սատելիտային հաշիվ» համակարգի ներդրման համար.

6) մինչև 2020 թվականի ավարտն ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:

 

3.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ

 

Հասարակության բարեկեցության, սոցիալական խնդիրների լավագույնս լուծման բանալին կայուն տնտեսական աճ ունենալն է` դրա ստեղծմանը մասնակցողների և դրանից օգտվողների թվի մշտապես աճի պայմաններում: Հարկաբյուջետային քաղաքականությունն առաջիկա տարիներին միտված կլինի տնտեսական աճի խթանմանը և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը: Հարկաբյուջետային քաղաքականության մակրոտնտեսական շրջանակը միջին ժամկետում ուրվագծվելու է պարտքը կայունացնող քաղաքականության համատեքստում, ինչը տնտեսական աճին նպաստող մակրոտնտեսական կայուն միջավայրի կարևորագույն նախապայման է:

Եկամուտների քաղաքականությունը թիրախավորելու է բիզնեսի և արտաքին ներդրողի համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ապահովումը և այն պետք է հնարավորություն ընձեռի տնտեսությունում ռեսուրսների արդարացի վերաբաշխման, ինչպես նաև վերաուղղորդման դեպի արտահանելի հատված:

Գլոբալ աշխարհում մրցունակ և երկարաժամկետ կայուն աճ ապահովող սուբյեկտը թափանցիկ և միջազգային հաշվետվողականության սկզբունքներով գործող բիզնեսն է: Որակյալ աուդիտը պետք է դառնա մրցունակ բիզնեսի գործունեության պահանջված նորմ, իսկ ՀՀ կառավարությունը ջանքեր գործադրի աուդիտորական ծառայությունների որակի հսկման գործուն համակարգի ստեղծման համար:

Պետական ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է բյուջետային գործընթացում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման ֆինանսական ցուցանիշների համակարգից անցում կատարել քանակական և որակական արդյունքային ցուցանիշների համակարգին, ինչպես նաև ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը: Այդ առումով, առաջիկա տարիներին կամբողջականացվի ծրագրային բյուջետավորման ներդրման մեթոդաբանական հենքը, ինչպես նաև կբարձրացվի պետական ֆինանսների կառավարման գործառույթների ավտոմատացման մակարդակը, կընդլայնվի էլեկտրոնային գնումներ օգտագործողների շրջանակը, ինչպես նաև կուժեղացվեն պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգերը:

Հանրային հատվածի ակտիվները և պարտավորությունները հաշվառելու ու արդյունավետ կառավարելու, ինչպես նաև դրանց վրա բյուջետային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը բացահայտելու անհրաժեշտությունը պահանջում է հաշվապահական հաշվառման և հաշվետվողականության նոր ստանդարտների առկայություն: Այս նպատակին հասնելու համար ՀՀ կառավարությունը կներդնի հաշվեգրման սկզբունքի հիման վրա հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգ:

Հեռանկարային կայուն տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից էական է ֆինանսական շուկաների զարգացվածությունն ու խորությունը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Ստվերային տնտեսության կրճատումը, կենսաթոշակային կուտակային համակարգի գործարկումը և վերջինիս արդյունքում ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտան առավել բազմազան դարձնելու և զարգացնելու ֆինանսական գործիքներն ու շուկաները` միաժամանակ ֆինանսական ռեսուրսներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Վերը նշված նպատակներին հասնելու համար ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի հետևյալ ուղղություններով`

1. Տնտեսական աճի ներուժի բարձրացման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) բարձրացնել պետական պարտքի կառավարման արդյունավետությունը և ապահովել պետական պարտքի կայունությունը`

ա. մինչև 2017 թվականի ավարտը ներդնել ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման գործուն համակարգ,

բ. 2018 թվականից սկսած ներդնել հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոններ.

2) մինչև 2019 թվականի ավարտը ներդնել տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման նպատակով նոր գործիքակազմ.

3) մինչև 2022 թվականի ավարտը նախագծել բյուջետային շրջանակ` միջնաժամկետ ժամանակահատվածի համար, որը կնախատեսի կապիտալ ծախսերի աստիճանական ավելացում` հնարավորինս չափավորելով ընթացիկ ծախսերը և առավելապես կարևորելով դրանց արդյունավետությունը` սոցիալական կարիքների ապահովման տեսակետից խնդիրներ չառաջացնելու նպատակադրմամբ:

2. Հարկային քաղաքականության և միջազգային հարկային համագործակցության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները` հարկման արդարացի համակարգի ներդրման և տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը խթանելու նպատակով, մասնավորապես`

ա. մինչև 2017 թվականի ավարտը մշակել և լայն քննարկման ներկայացնել անշարժ գույքի միասնական հարկման համակարգի բարեփոխումներին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը,

բ. մինչև 2018 թվականի ավարտը մշակել և հաստատել նոր համակարգի կիրարկումն ապահովող նորմատիվ իրավական ակտերը.

2) 2019-2020 թվականների ընթացքում գործարկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի ստանդարտներին համապատասխան ավտոմատ եղանակով հարկման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգը.

3) 2017-2019 թվականների ընթացքում իրագործել ՏՀԶԿ-ի «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ (արտահանում)» ծրագրին (BEPS ծրագիր) ՀՀ անդամակցության գործընթացը և մինչև 2020 թվականի ավարտը տեղայնացնել տրանսֆերային գնագոյացման օրենսդրության BEPS ծրագրի առանձին գործողություններով նախատեսված միջոցառումների պահանջները.

4) տնտեսավարող սուբյեկտների միջսահմանային գործունեությանը և միջպետական առևտրին նպաստելու համար ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտն ավելացնել ստորագրված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվն առնվազն 8-ով,

բ. 2019-2022 թվականների ընթացքում առնվազն 5 երկրների հետ նախաստորագրել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր:

3. Մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտորական գործունեության ոլորտներում կարգավորման կատարելագործման առումով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2018 թվականի ավարտը մշակել օրենսդրական փաթեթ` հիմնված հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների որակի հսկման համակարգերը շեշտող բարեփոխումների հայեցակարգի վրա.

2) մինչև 2019 թվականի ավարտը ձևավորել անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումների դաշտը և մինչև 2020 թվականի ավարտը ներդնել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների նկատմամբ արդյունավետ մասնագիտական և հանրային վերահսկողության համակարգը:

4. Պետական ֆինանսական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) ընդլայնել էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակը` պետական գնումների ոլորտում արդյունավետության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև մրցակցության ավելացման նպատակով: Մասնավորապես`

ա. մինչև 2017 թվականի ավարտը ներդնել գնումների էլեկտրոնային աճուրդի համակարգը,

բ. մինչև 2018 թվականի ավարտը գնումների էլեկտրոնային համակարգը համապատասխանեցնել էլեկտրոնային կառավարման համակարգերի ժամանակակից չափորոշիչներին,

գ. մինչև 2018 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած ՊՈԱԿ-ներին,

դ. մինչև 2019 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած համայնքներին,

ե. մինչև 2020 թվականի ավարտն էլեկտրոնային գնումների համակարգ տեղափոխել 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքների` հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններին.

2) բյուջետային գործընթացներում «փողի արժեք» սկզբունքի ուժեղացման և հանրային հաշվետվողականության տեսանկյունից արդյունավետ գործիքակազմի ներդրման նպատակով անցում կատարել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման քանակական և որակական արդյունքային ցուցանիշներին: Մասնավորապես`

ա. մինչև 2017 թվականի ավարտն ամբողջականացնել ծրագրային բյուջետավորման մեթոդաբանական հենքը,

բ. 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի և հաջորդ տարիների նախագծերը կազմել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով.

2) մինչև 2019 թվականի ավարտն ավտոմատացնել բյուջետային ծրագրերի ծախսերը կազմելու հաշվարկման գործընթացը և այն համակցել գործող էլեկտրոնային համակարգերին (էլ-գանձապետարան, գնումներ և այլն).

3) համախմբել պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ) և հաշիվները, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտը ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով վերջիններիս հաշիվների վարումը կազմակերպել գանձապետարանի միջոցով,

բ. մինչև 2019 թվականի ավարտը պետական և համայնքների բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը կիրառել ՊՈԱԿ-ների հաշիվների նկատմամբ.

4) իրականացնել հանրային հատվածում պետական ներքին ֆինանսական հսկողության և ներքին աուդիտի ինստիտուտի ուժեղացման միջոցառումներ, մասնավորապես, մինչև 2019 թվականի ավարտն ապահովել ներքին աուդիտի գործունեության որակի նկատմամբ արտաքին գնահատումների իրականացման հիմքերը և իրականացնել պիլոտային իրագործում.

5) հանրային հատվածի ֆինանսական հաշվետվողականության և կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման երկրորդ փուլ, մասնավորապես`

ա. մինչև 2018 թվականի ավարտը ձևավորել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգ և պիլոտավորել ՀՀ մեկ նախարարությունում,

բ. ձևավորել նախարարությունների մակարդակով համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ընթացակարգերը, մասնավորապես, 2018-2025 թվականների ընթացքում ներդնել վերոնշյալ պիլոտավորման արդյունքների հիման վրա նոր համակարգ` առնվազն 5 նախարարությունում:

5. ՀՀ կառավարությունը ֆինանսական շուկաների գործիքակազմի հասանելիության բարձրացման և կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձևավորման ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացնելու է քայլեր` կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով: Դա խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության զարգացման և ներդրումների ավելացման համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է`

1) մինչև 2018 թվականի ավարտը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել կապիտալի շուկայի զարգացման ծրագիր` ուղղված տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկման խթանմանը.

2) մինչև 2019 թվականի ավարտը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ բարձրացնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը` անհրաժեշտ իրավակարգավորումների իրականացմամբ.

3) մինչև 2020 թվականի ավարտը կենսաթոշակային համակարգի ընդլայնման համար ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել ապահովագրական շուկայի զարգացման միջնաժամկետ ծրագիր` ուղղված ապահովագրական նոր գործիքների և կյանքի ապահովագրության համակարգի ներդրմանը:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
22.06.2017
N ԱԺՈ-002-Ն
Որոշում