Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.05.2020  -ից մինչեւ   01.01.2021  -ը:
 
i

(ուժը կորցրել է 15.04.2021 թիվ 600-Ն /տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա/ որոշում)

040.0757.040717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2017 թվականի N 757-Ն

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 4.2-րդ կետի «ժ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերը, շինությունները դասակարգվում են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության.

2) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

3) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

4) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 29-ի

N 757-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինություններ, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից` օժտված կոմունալ հարմարություններով:

2. Բնակարան` բնակելի շենքում գտնվող առանձին տարածք, որը կազմված է բնակելի և օժանդակ մասերից` օժտված կոմունալ հարմարություններով:

3. Բազմաբնակարան շենք` շենք, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:

4. Բնակելի տուն` տուն` բնակավայրի տարածքում, առանձին հողամասում, որն ունի առանձին փոստային համար և տնտեսական շինություններ.

1) հիմնական է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով: Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ.

2) օժանդակ է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունի երկրորդական նշանակություն: Օժանդակ շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, ջերմոցները, մառանները և այլն, բակային ջրավազաններն ու կառույցները:

5. Բնակելի մակերես` բնակելի սենյակների մակերեսների գումար:

6. Օժանդակ մակերես` օժանդակ տարածքների (միջանցք, խոհանոց, լողարան, նախասենյակ և այլն) մակերեսների գումար:

7. Ընդհանուր մակերես` բնակելի և օժանդակ մակերեսների գումար:

8. Բակային կառույց` տնտեսական օգտագործման շինություններ, այդ թվում` պարիսպներ, դարպասներ, աղբահորեր, ջրհորներ, բակային ծածկույթներ և այլն:

9. Կցակառույց` շենքի արտաքին հիմնապատերի ուրվագծից դուրս գտնվող մաս, որը շենքի նկատմամբ օժանդակ է, ունի նրա հետ առնվազն մեկ ընդհանուր հիմնապատ և հաղորդակից է հիմնական շենքին:

10. Ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան)` շենք կամ շենքերի ու շինությունների համալիր, որը նախատեսված է ավտոմեքենաների մշտական կամ ժամանակավոր պահման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման համար:

11. Նկուղային հարկ` հարկ, որի հատակի նիշը ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից այնտեղ տեղավորված հարկի բարձրության կեսից ավելի չափով:

12. Որմնախարսխային հարկ` հարկ, որի հատակի նիշը հարկի բարձրության կեսից պակաս չափով ցածր է գետնի միջինացված հատակագծային նիշից, մայթից կամ սալվածքից:

13. Տեխնիկական հարկ` հարկ, որը նախատեսվում է ինժեներական սարքավորումների ու հաղորդակցուղիների անցկացման համար և կարող է գտնվել շենքի ստորին, միջին կամ վերին մասում:

14. Ձեղնահարկ` շենքի տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածություն:

15. Կիսավերնահարկ` վերակառույց ցածրահարկ բնակելի տան կենտրոնական մասում ձեղնահարկի սահմաններում, որը ծառայում է որպես ննջարան և ներքին սանդուղքով կապված է բնակարանին:

16. Մանսարդային հարկ` հարկ շենքի տանիքի ազատ տարածության մեջ, որտեղ պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումն ապահովելու դեպքում տեղավորվում են բնակելի սենքեր, ստեղծագործական արվեստանոցներ, օժանդակ տարածքներ:

17. Լուսասենյակ` ձեղնահարկի ուրվագծային չափերի մեջ ներկառուցված տարածություն, որն անփոփոխ է թողնում տանիքի շրջագիծը:

18. Վերնասրահ` բնակելի տան վերնամասը գրավող հարթակ, որը կոչված է նրա մակերեսի մեծացմանը և բնակելի, օժանդակ, պահեստային և այլ տարածությունների տեղադրմանը:

19. Պատշգամբ` ճաղապատված հարթակ` բնակելի և հասարակական շենքերի ճակատների վրա, որն առաջ է գալիս պատի հարթությունից:

20. Տափարակ` հանգստի համար նախատեսված` հարթակի տեսքով բաց կամ ծածկված կցակառույց, որը տեղադրվում է գետնին կամ ստորին հարկի վրա և հաղորդակցվում է տան հետ դռան միջոցով:

21. Սյունասրահ` կառույցի ծավալի մեջ մեկ կողմից բաց (արտաքին պատի փոխարեն սյունաշար, կամարաշար) պատշգամբ կամ նախամուտք:

22. Էրկեր` շենքի ներքին ծավալի կորաձև կամ բազմանիստ ապակեպատ մաս, որը ելուստվում է շենքի արտաքին պատի հարթությունից:

23. Նախասրահ` շինության մուտքին հարող տարածք, նախատեսված մարդկային հոսքի ընդունման և բաշխման համար:

24. Նախամուտք` դռների միջև ընկած միջանցիկ տարածք, որը պաշտպանում է շինության մուտքը, աստիճանավանդակը և ներքին տարածություններն արտաքինից ներխուժող սառը օդից, ծխից և կողմնակի հոտերից:

25. Նախասենյակ` շինության այն մասը, որն ունի անմիջական ելք դեպի աստիճանավանդակ, ընդհանուր օգտագործման միջանցք և այլն:

26. Բնակելի սենյակ` բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մաս, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու և հանգստի համար: Բնակելի տների մեջ, բացի բնակելի սենյակներից, մտնում են նաև միջանցքները, սրահները, խոհանոցները, զուգարանները, լողարանները, մառանները, նախասենյակները և ներքին նախամուտքերը:

27. Միջանցք` սենյակների միջև հաղորդակցության միջոց, որն անկախ լայնությունից և լուսավորվածությունից հաշվառվում է որպես ոչ բնակելի տարածք:

28. Խորշապատշգամբ` շենքի ծավալի մեջ պարփակված և տարածության մեջ բացված հարթակ, որը ծառայում է ամառային հանգստի և արևից պատսպարվելու համար:

29. Բարաք` բնակության համար նախատեսված մեկ կամ երկհարկանի ընդհանուր խոհանոցով և սանհանգույցով շինություն` որպես կանոն փայտաշեն, հաշվառված կարճատև` 10-20 տարի, ծառայության համար:

30. Շենքի տանիք` շենքի վերին պատվածքը, որն անմիջականորեն ենթարկվում է մթնոլորտային ազդեցության:

31. Հանրակացարան` ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածք:

 

i

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 29-ի

N 757-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Հասարակական` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը, շինությունները:

2. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում`

1) գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր և շինություններ.

2) կրթական և ուսումնական նշանակության շինություններ, որոնք նախատեսված են նախադպրոցական (մսուր և մանկապարտեզ), հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ, վարժարան, կրթահամալիր, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարանների, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում` արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների համար և այլն:

3. Առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, հակահամաճարակային կայանների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների, քեմփինգների, մանկատների, ծերանոցների, պրոֆիլակտորիաների, մարմնակրթական և սպորտային կենտրոնների, մարզադաշտերի, ձիարշավարանների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, թենիսի կորտերի, լողավազանների, ավտոդրոմների, հրաձգարանների, սպորտային դահլիճների, գիշերային ակումբների, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճների, խաղատների և այլնի համար:

4. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, պատկերասրահների, ակումբների, մշակույթի տների, թատրոնների, հանգստի կենտրոնների, կինոթատրոնների, համերգային և մարզահամերգային համալիրների, կրկեսների, արվեստանոցների և այլնի համար:

5. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են խանութների, կրպակների, շուկաների, տոնավաճառների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, սրճարանների, ավտոլցավորման և գազալցման կայանների, ավտոտեխսպասարկման կայանների, ավտոկայանատեղերի, վերանորոգման կետերի, լուսանկարչատների, քիմիական մաքրման կետերի, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահների, վարսավիրանոցների, լվացքատների, երկրորդական հումքի ընդունման կետերի, ներկատների և այլնի համար:

6. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հարսանյաց տների, սգո սրահների, գերեզմանատների, բաղնիքների, սաունաների, հասարակական զուգարանների և այլնի համար:

7. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, դրամատների, բանկերի, տարբեր տիպի գրասենյակների, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակների, տարբեր տիպի գործակալությունների, կապի բաժանմունքների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակների, տրանսպորտային գործակալությունների, տոմսերի իրացման կետերի, հրշեջ կայանների, լրատվական կենտրոնների, արխիվների, ապահովագրության հիմնարկների, դեսպանատների, հյուպատոսարանների, միջազգային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, ավտոմատ հեռախոսակայանների, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և այլնի համար:

8. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:

9. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում`

1) ապաստարան - քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.

2) հակաճառագայթային թաքստոց - քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:

(2-րդ հավելվածը փոփ. 01.03.18 թիվ 203-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 29-ի

N 757-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Արտադրական` արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը, շինությունները:

2. Արդյունաբերական, որոնք զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով և ենթակայաններով, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով և ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակչություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններով, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով և այլնով:

i

3. Գյուղատնտեսական արտադրական, որոնք զբաղեցված են անասնաշենքերով, սպանդանոցներով, թռչնանոցներով, ջերմոցներով, դեզանոցներով, չորանոցներով, սիլոսահորերով, պահեստներով, անասնաբուժական կայաններով, արհեստական սերմնավորման կայաններով, սառնարանային տնտեսություններով, կերախոհանոցներով, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններով, տնկարկային տնտեսություններով, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերով, գյուղատնտեսական մթերքների մթերման կետերով և այլնով:

(3-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 575-Ն որոշում)

4. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես` բացառությամբ բազմաբնակարան շենքերի և բնակելի տների:

5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինություններն ըստ նպատակային նշանակության դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2017
N 757-Ն
Որոշում