Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0661.200617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2017 թվականի N 661-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 661-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ` օբյեկտ) դիտանցում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են այն ընդերքօգտագործողների վրա, որոնց գործունեության հետևանքով առաջացել են ընդերքօգտագործման թափոններ:

3. Դիտանցումն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների նկատմամբ պարբերաբար իրականացվող գործողությունների (ակնադիտարկումներ, այդ թվում` բնապայմանային ուսումնասիրություններ և գործիքային չափումներ, լաբորատոր ուսումնասիրություններ, տեղեկատվության հավաքագրում, մշակում, գնահատում և տվյալների հիմնապաշարների (բազայի) վարում) համակարգն է:

4. Օբյեկտների դիտանցման նպատակն է`

1) օբյեկտների անվտանգության և կայունության պահպանումը.

2) հնարավոր ռիսկերի բացահայտումն ու կանխարգելումը.

3) օբյեկտների պահպանման և դրանց հնարավոր վթարների օրինաչափությունների ուսումնասիրությունը.

4) օբյեկտների գործունեության կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

5) օբյեկտների ռիսկայնության աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը.

6) օբյեկտների վերաբերյալ օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը, ամփոփումը և հրապարակումն իր` ընդերքօգտագործողի ինտերնետային կայքում.

7) ամփոփ տվյալների հիման վրա առաջարկությունների և կանխարգելման միջոցառումների պլանի մշակումը և իրականացումը:

5. Դիտանցումն իրականացվում է հետևյալ օբյեկտների նկատմամբ` պոչամբարների, տարածքի, տեղի` ներառյալ ցանկացած պատվարի կամ որևէ այլ կառույցի (այսուհետ` լցակույտի հարթակ), կույտային տարալվացման հարթակների, ինչպես նաև պոչամբարների, կույտային տարալվացման հարթակների ու լցակույտի հարթակի կամ դրանց շրջակա միջավայրի ազդեցության (այսուհետ` ազդեցության) տարածքների` մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ:

6. Օբյեկտների դիտանցումն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից`

1) մինչ գործունեության ծավալման փուլում` օբյեկտների և դրա ազդեցության ենթակա տարածքների շուրջը բնապահպանական ֆոնային ելակետային տվյալների բազայի ստեղծման համար.

2) օբյեկտների շահագործման փուլում` որոշակի պարբերականությամբ` օբյեկտի կառույցի անվտանգ և բնապահպանական կայուն ռեժիմով կառավարումն ապահովելու` շրջակա միջավայր աղտոտող նյութերի արտանետման դեպքերի բացահայտման համար.

3) օբյեկտի փակման և փակումից հետո փուլում` պարզելու համար, որ օբյեկտն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար և օբյեկտում իրականացվել են ռեկուլտիվացման աշխատանքներ:

 

II. ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՅՏԱՅԻՆ ՏԱՐԱԼՎԱՑՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

7. Պոչամբարների և կույտային տարալվացման հարթակների (այսուհետ` կառույցներ) դիտանցումը` մշտական ռեժիմով, անհրաժեշտ է պոչամբարի կառուցվածքների և նրա տարրերի վիճակներին հետևելու համար` նշելով ֆիլտրացիայի օջախները, փլուզումները, փլվածքները, նստվածքները, նստեցումները, ճեղքերը, խյուսի և կեղտաջրերի արտահոսքի տեղերը:

8. Կառույցների կայունության վիճակի դիտանցման նպատակն է ապահովել կառույցում տեղադրված ընդերքօգտագործման թափոնների զանգվածի և կառույցների կայունությունը` հատկապես նվազեցնելով սողանքային վտանգը:

9. Պոչամբարների կառուցվածքների և կույտային տարալվացման հարթակների վիճակի որակական դիտանցման իրականացման համար պետք է տեղադրվեն հսկիչ-չափիչ սարքեր:

10. Կառույցների կանոնավոր դիտանցման նպատակն է հետևել կառուցվածքի ամբողջականության վիճակին` իրականացնելով դիտանցում դրանց գործածության ամբողջ ընթացքում: Կառույցների կարգավորման և կայունության գնահատումը պետք է իրականացվի համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից:

11. Լանջի խախտումը (կուտակումները) շրջակա միջավայրի և մարդու առողջության համար կարող են հանդիսանալ պոտենցիալ վտանգ, հետևաբար լանջերի վրա տեղադրված ընդերքօգտագործման թափոնները պետք է վերահսկվեն կանոնավոր պարբերականությամբ իրականացվող դիտանցումների միջոցով` համոզվելու համար, որ դրանց կայունությունը մնացել է ընդունելի:

12. 25 տարվանից ավելի շահագործման մեջ եղած պոչամբարների կառուցվածքները` անկախ դրանց վիճակից, ամեն տարի պետք է ենթարկվեն համալիր վերլուծության` ամրության, կայունության և շահագործման հուսալիության գնահատումով: Կառուցվածքների նյութերի ու դրանց հիմքերի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում (նախավթարային վիճակի նշանների առկայության), կառուցվածքներն արտահերթ կարգով վիճակի համալիր վերլուծության են ենթարկվում: Կուտակումների կայունության դիտանցման ցուցանիշները պետք է վերլուծվեն` հիմք ընդունելով ելակետային վերլուծության տվյալները:

13. Պոչամբարների շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել դիտանցում`

1) պոչամբարում ջրի մակարդակների, պոչանքների ծավալի, պոչամբար լցվող պոչանքների հոսքի արագության, արտամղման պոմպերի ջրի ծախսի, արտահոսքերի արագության նկատմամբ` օրական կտրվածքով.

2) հեղուկի մակարդակից պատնեշի կատարի բարձրության գերազանցման նկատմամբ` շաբաթական կտրվածքով.

3) լողափային շեպերի վիճակի նկատմամբ` շաբաթական կտրվածքով.

4) պոչամբարի ծակոտկենային ջրերի, ստորերկրյա ջրերի որակի ելակետային տվյալների և աղտոտման մակարդակի նկատմամբ` ամսական կտրվածքով.

5) ողողալցման նախագծին պոչամբարի տարածքի համապատասխանության նկատմամբ.

6) պոչանքի` պոչամբար տեղափոխվող զանգվածի (ծավալի) նկատմամբ` շաբաթական կտրվածքով.

7) կույտային տարալվացման հարթակ տեղափոխվող արդյունահանված հանքաքարի զանգվածի (ծավալի) արագության նկատմամբ` օրական կտրվածքով.

8) խյուսատարի և ցամաքուրդի (դրենաժի) համակարգի նկատմամբ.

9) տարվա չոր ժամանակաշրջանում տղմարանների փոշեզատման նկատմամբ.

10) պոչամբարի ազդեցության տարածքի ջրահոսքերում, խմելու ջրի ջրամատակարարման համակարգերի ջրառներում և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ.

11) տղմազտիչների և հեղուկ թափոնների ամբարների նկատմամբ.

12) արգելափակող սարքվածքների վիճակի, հեղուկի մակարդակից կատարի բարձրության գերազանցման նկատմամբ.

13) անձրևային և հալոցքային ջրերի որսման ու հեռացման համակարգի նկատմամբ.

14) հակածծանցող, ջրամերժ կառույցների (էկրանների, սեպերի, պատնեշների) նկատմամբ.

15) տղմազտարանների ու պահեստարանների տարածքից հեղուկ թափոնների դուրս թափանցման հնարավորությանը հետևող հսկիչ-չափիչ սարքավորման աշխատանքի նկատմամբ.

16) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման և բացառելու ուղղությամբ.

17) փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների նկատմամբ, որի արդյունքում ներկայացվում են առաջարկություններ այդ պատճառների վերացման համար:

 

III. ԼՑԱԿՈՒՅՏԻ ՀԱՐԹԱԿԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

14. Լցակույտի հարթակի ձևավորումը, շահագործումը և պահպանումը պետք է իրականացվեն լցակույտի հարթակի կառուցման նախագծի համաձայն:

15. Լցակույտի հարթակում իրականացվում է դիտանցում`

1) թեքությունների վրա տեղադրված լցակույտի հարթակի սողալը կամ փլուզումը կանխարգելող միջոցառումների կատարման նկատմամբ` ամենօրյա (շաբաթական) կտրվածքով.

2) լցակույտի հարթակում մակերևութային կամ հանքախորշային ջրերի ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ` շաբաթական կտրվածքով.

3) լցակույտի հարթակից գրունտային, հեղեղատային և անձրևային ջրերի հեռացմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ` շաբաթական կտրվածքով.

4) լցակույտի հարթակի տարածքի գրունտային ջրերի մակարդակի նկատմամբ` շաբաթական կտրվածքով, ջրի որակի ընդհանուր չափորոշիչների նկատմամբ` շաբաթական կտրվածքով, ջրի որակի ընդհանուր (մանրամասն) չափորոշիչների նկատմամբ` ամսական կտրվածքով.

5) լցակույտի հարթակի տարածքում տեղումների ներծծման ցուցանիշների և ընդերքօգտագործման թափոնների խոնավության պարունակության նկատմամբ` եռամսյակային կտրվածքով.

6) ընդերքօգտագործման թափոններում պարունակվող ջրերի մակարդակի, ծավալի և ընդերքօգտագործման թափոններում թթվածնի ազդեցության ենթարկվող դատարկ ապարների ծավալի նկատմամբ` ամսական կտրվածքով.

7) լցակույտ հարթակի թեքությունում, հիմքի մոտակայքում և տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերում մարդկանց գտնվելը կանխարգելող նշանների կամ գրառումների առկայության նկատմամբ.

8) ապարների լցակույտերի աստիճանահարթակների և բարձրության, կտրվածքների և բերմաների անկյունների, լցակույտային աշխատանքների ճակատի շարժի արագության նախագծին համապատասխանության նկատմամբ.

9) լցակույտի հարթակում վթարների և վտանգավոր միջադեպերի կանխման, նախագծով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների կատարման նկատմամբ.

10) լցակույտի հարթակի ազդեցության տարածքի ջրահոսքերում, մակերևութային և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ:

16. Իրականացվում են փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների ուսումնասիրություններ և ներկայացվում առաջարկություններ այդ պատճառների վերացման վերաբերյալ:

 

IV. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

17. Ստորերկրյա ջրերի նկատմամբ դիտանցումն իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներում (պոչամբարում, լցակույտի հարթակում, կույտային տարալվացման հարթակներում ձևավորված լցակույտերում, խարամակուտակիչներում և այլն) և դրանց ազդեցության տարածքներում:

18. Ստորերկրյա և ցամաքուրդային ջրերի նկատմամբ դիտանցումն իրականացվում է դիտարկման ջրհորներում և հորատանցքերում, որոնք տեղադրված են անմիջապես օբյեկտում, իսկ եթե այդպիսին հնարավոր չէ` ազդեցության տարածքում, կանխատեսվող աղտոտման գոտու շրջանակներում:

19. Դիտանցման հորատանցքերը պետք է հորատվեն համապատասխան տեղում և խորության վրա, որպեսզի հնարավոր լինի`

1) բացահայտել օբյեկտների ստորերկրյա ջրերի որակի բարելավման միտումները.

2) բացահայտել օբյեկտների ստորերկրյա ջրերի որակի վատթարացման միտումները.

3) ճշգրիտ չափել ստորերկրյա ջրերի մակարդակը.

4) որոշել ստորերկրյա ջրերի շարժման ուղղությունը:

20. Դիտարկման ջրհորների և հորատանցքերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով` կոնկրետ տվյալ օբյեկտի համար` հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրաերկրաբանական պայմանների բարդության աստիճանը:

21. Դիտարկման հորատանցքերի ցանցում պետք է նախատեսվեն հորատանցքեր նաև ստորերկրյա ջրերի վրա վնասակար ազդեցության գոտու սահմաններից դուրս, ստորերկրյա ջրերի բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում: Նվազագույնը մեկ հորատանցք պետք է տեղադրվի պոչամբար մտնող ջրի սկզբնաղբյուրում և առնվազն երկու հորատանցք` դրանից դուրս եկող ջրի հոսքի ուղղությամբ:

22. Նախքան օբյեկտի կառուցումը, մեկ տարվա ընթացքում, եռամսյա կտրվածքով, անհրաժեշտ է իրականացնել հսկողություն ստորերկրյա ջրերի մակարդակի և որակի նկատմամբ` ելակետային տվյալների ստացման համար: Օբյեկտի փակման ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հսկողություն ստորերկրյա ջրերի մակարդակի և որակի նկատմամբ` յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ:

23. Կույտային տարալվացման հարթակների շահագործման ժամանակ պետք է նախատեսվի նաև վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերի տեղադրում` ստորերկրյա ջրերի շարժման ուղղությամբ:

24. Տեխնոլոգիական լուծույթների վթարային ներծծումային ստորերկրյա արտահոսքի դեպքում վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերից իրականացվում է աղտոտված ջրերի արտամղում և դրանց վերադարձ կույտային տարալվացման տեղամասի կեղտաջրերի կուտակման միջանկյալ տարաներ:

25. Օբյեկտներում դիտանցման հորատանցքերը և ջրհորները պետք է լինեն տեխնիկապես անխափան ու աշխատանքային վիճակում, հագեցված չափիչ և հսկիչ սարքերով` ներառյալ ջրի արտամղման և նմուշարկման համար պոմպային սարքավորումներով:

26. Ստորերկրյա ջրերի նմուշարկման ժամանակ իրականացվում է նախնական արտամղում մինչև կախված նյութերի դուրսբերումը և հետագայում ջրատար հորիզոնում ջրի մակարդակի վերականգնումը` նվազագույնը հորատանցքի ծավալի եռապատիկի չափով արտամղում կատարելով:

 

V. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

27. Մակերևութային ջրերի դիտանցման նպատակն է ջրի քանակի և որակի նկատմամբ պարբերական ստուգումներ իրականացնելը և օբյեկտի շահագործման հետևանքով մակերևութային ջրերի վրա էական բացասական ազդեցության բացահայտումը:

28. Դիտանցումն իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներից դուրս հոսող բոլոր մակերևութային ջրերի հանդեպ, ինչպես նաև դրանց բեռնաթափման գետերում, լճերում, արհեստական ջրամբարներում:

29. Դիտարկման կետերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով կոնկրետ տվյալ օբյեկտի համար` հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրաբանական պայմանների բարդության աստիճանը, գետային համակարգի բնութագիրը, ջրի ծախսերը, հոսքի բնութագիրը, ստորերկրյա և մակերևութային ջրերի փոխադարձ կապը:

30. Դիտարկման կետերի ցանցում պետք է ստեղծվեն կետեր, որոնք տեղադրվում են օբյեկտներից հոսող ջրերը մակերևութային ջրերի խառնման տեղից բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում: Դիտարկման կետերի տեղադրման համապատասխան վայր ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալը`

1) գետային ցանցի համար դիտանցումը պետք է իրականացնել նվազագույնը երկու կետերում, նախքան օբյեկտ մտնող յուրաքանչյուր գետի վերին հոսանքում և օբյեկտից դուրս եկող ստորին հոսանքում: Եթե ստորին հոսքը բեռնաթափվում է մոտակա գետային ցանց, ապա դիտարկման կետը տեղադրվում է միախառնման տեղից անմիջապես հետո.

2) օբյեկտից քաղցրահամ ջրերի ջրամբարներ (լճեր) մտնող հոսքի դեպքում պետք է տեղադրվի առնվազն երկու դիտարկման կետ, մեկը դուրս եկող հոսքի վրա, մյուսը` ջրամբարում (լճում), որը հանդիսանում է բնութագրական` ամբողջ ջրամբարի (լճի) համար.

3) թափոնների օբյեկտներից հավաքված ջուրն անհրաժեշտ է հեռացնել և բեռնաթափել գետային ցանց.

4) թափոնների օբյեկտ մտնող և դուրս եկող ցանկացած ջրարգելող և ջրթող տեղամասերում անհրաժեշտ է իրականացնել դիտանցում, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց արդյունավետությունը և որոշել ցանկացած պոտենցիալ աղտոտման աղբյուրները.

5) օբյեկտից դուրս հոսող թափոնաջրերի բոլոր կետերը պետք է նույնականացվեն և ստուգվեն մինչև գետային ցանց բեռնաթափվելը:

31. Օբյեկտներում մակերևութային ջրերի դիտանցման կետերը պետք է լինեն տեխնիկապես անխափան ու աշխատանքային վիճակում, հագեցված չափիչ և հսկիչ սարքերով:

32. Մակերևութային ջրերի դիտարկման կետերում իրականացվում է ջրի ծախսի, ընդհանուր հանքայնացման չափում, և որոշվում են որակական հատկանիշները:

33. Օբյեկտներից դուրս հոսող կեղտաջրերի մաքրման կայաններում իրականացվում է դիտանցում ինչպես կայան մտնող, այնպես էլ դուրս հոսող ջրերի հանդեպ:

34. Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մակերևութային և ստորերկրյա ջրերի համար որոշվում են նաև այն չափորոշիչները, որոնք կարող են դառնալ աղտոտման աղբյուր կամ ենթարկվել աղտոտման ազդեցության: Այդ չափորոշիչների ցանկը կազմում է ընդերքօգտագործողը, նախօրոք, օբյեկտի կառուցման նախագծման փուլում:

35. Ընդերքօգտագործողներն օբյեկտում մակերևութային կամ ստորերկրյա ջրերի հանդեպ դիտարկումներն իրականացնում են անվտանգ լցակույտերում յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ, կույտային տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամբարներում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, այդ թվում` նաև հորատանցքում կամ ջրհորում ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների ժամանակ:

36. Տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում ելակետային տվյալների ստացման համար մակերևութային ջրերի դիտանցման ցանկացած կետ, մինչև օբյեկտում աշխատանքների սկսելը, անհրաժեշտ է դիտանցել (վերահսկել) եռամսյակային կտրվածքով, նվազագույնը մեկ տարվա ընթացքում:

37. Ընդերքօգտագործողները յուրաքանչյուր օբյեկտում մակերևութային և ստորերկրյա ջրերի ֆոնային չափորոշիչներից որևէ մեկի էական շեղումներ հայտնաբերելու դեպքում դիտարկումներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով, որի պարբերականությունը որոշում է ինքը, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթը:

38. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները: Կազմվում են մակերևութային կամ ստորերկրյա ջրի ծախսի, մակարդակի կորեր և այլ գրաֆիկական պատկերներ, որոնցում արտացոլվում են տվյալ օբյեկտին յուրահատուկ չափորոշիչների փոփոխման առանձնահատկությունները:

39. Ստորերկրյա և մակերևութային ջրերից վերցված նմուշներում պետք է որոշվեն աղյուսակում նշված չափորոշիչները:

 

Ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական չափորոշիչները

 

Աղյուսակ

 

._______________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը           |Պարունակությունը        |

|                              |մեկ լիտրում             |

|                              |________________________|

|                              |մգ/լ  |մգ-էկվ |մգ-էկվ, %|

|______________________________|______|_______|_________|

|Նատրիում, Na+                 |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Կալիում K+                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ամոնիում, NH4+                |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Կալցիում, Ca2+                |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Մագնեզիում, Mg++              |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Երկաթ, Fe++                   |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Երկաթ, Fe+++                  |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Կադմիում, Cd++                |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Քրոմ, Cr++                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Կապար, Pb++                   |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Մկնդեղ As+++                  |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Պղինձ Cu++                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Մոլիբդեն Mo++++               |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Նիկել Ni++                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ցինկ Zn++                     |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Սնդիկ, Hg++                   |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ընդամենը` կատիոններ`          |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Սուլֆատ, SO4- -               |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Քլորիդ, Cl-                   |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Նիտրիտ, NO2-                  |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Նիտրատ, NO3-                  |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Հիդրոկարբոնատ, HCO3-          |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Յոդ, I-                       |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Բրոմ, Br -                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ֆտորիդ, F-                    |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Հիդրոսուլֆիդ HS-              |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Կարբոնատ CO3_ -               |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Հիդրոարսենիտ H2 AsO4 - -      |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ընդամենը` անիոններ`           |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ընդհանուր հանքայնացում        |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|pH                            |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Չդիսոցվող մոլեկուլներ`        |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Մետաբորաթթու HBՕ2             |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ծծմբաջրածին ընդ. (H2S+HS)     |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Սիլիկաթթու, H2 SiO3           |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Արսենաթթու H3 AsO3 կամ H3AsO4 |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ածխածնի երկօքսիդ CO2          |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ցիանիդներ                     |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Ֆիզիկական հատկությունները     |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Պղտորությունը                 |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Համը                          |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Հոտը                          |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Գույնը                        |      |       |         |

|______________________________|______|_______|_________|

|Նստվածք                       |      |       |         |

._______________________________________________________.

 

VI. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

40. Օբյեկտներում, ամենօրյա ռեժիմով, պետք է իրականացվի դիտանցում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման նկատմամբ:

41. Դիտանցում է իրականացվում մթնոլորտային օդ արտանետող բոլոր աղտոտող նյութերի աղբյուրների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ սահմանված է սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) քանակը:

42. Օբյեկտներից փոշու արտանետումները, կախված փոշու մասնիկների չափերից և քիմիական կազմից, մեծ ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա և ստեղծում տեսողության համար անհարմար պայմաններ, հետևաբար, փոշու չափերի ու քիմիական կազմի բացահայտման համար պետք է իրականացվի օդում կախված մասնիկների և աէրոզոլային մասնիկների <10 և 2,5 մկմ նմուշարկում և որոշվի դրանց մեջ ծանր մետաղների պարունակությունը:

43. Փոշու մասնիկների վերահսկման սարքերը պետք է տեղակայել օբյեկտի շրջակայքում` նվազագույնը չորս կետերում, ազդեցության ենթարկվող օբյեկտից հեռու, քամու ուղղությամբ և դրան հակառակ: Անհրաժեշտ է նաև դիտանցում իրականացնել օբյեկտի սահմանում, զգայուն ընկալիչների և հավանական աղբյուրների մոտ:

44. Փոշեկլանման դիտարկման տևողությունը պետք է կազմի երեսուն օր, տարեկան երեքանգամյա պարբերականությամբ, որոնցից երկուսն ընկած են մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածում:

45. Կախված մասնիկների (PM10) նկատմամբ դիտանցման պահանջները պետք է որոշվեն կոնկրետ տարածքին համապատասխան: Տվյալ դեպքում դիտանցման պարբերականությունը կախված է թափոնների օբյեկտի չափերից և բնութագրերից: Անհրաժեշտ է նաև դիտանցում իրականացնել օբյեկտի սահմանում, զգայուն ընկալիչների և հավանական աղբյուրների մոտ:

 

VII. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

46. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների հողերի և ազդեցության տարածքների հողերի դիտանցման նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ստանդարտներով, թույլտվություններով և նախագծային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարման հսկողությունն է:

47. Դիտանցումն իրականացվում է թափոնների օբյեկտների կառավարման պլաններում նախանշված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխարգելման նպատակով և պլանով նշված նմուշառման վայրերում, ըստ հստակ սահմանված դիտանցման ցուցանիշների և դիտանցման հաճախականության:

48. Հողերի աղտոտման գնահատման չափանիշ ընդունվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի քանակները, իսկ այդպիսիների բացակայության դեպքում` ֆոնային մեծությունները:

49. Դիտանցումը պետք է իրականացվի միասնական տեղեկատվական և մեթոդական հիմքով, ինչը կապահովի համադրելիությունն ու համապատասխանությունն այլ պետական մոնիթորինգի համակարգերի դիտարկումների արդյունքների հետ:

50. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում ստեղծում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները:

 

VIII. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

51. Օբյեկտների հարակից տարածքներում պետք է իրականացվի դիտանցում` բուսական աշխարհի նկատմամբ:

52. Բուսական աշխարհի դիտանցման նպատակը պետք է լինի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջակա միջավայրի և բուսական աշխարհի պահպանումը և կանխումը վտանգավոր ազդեցություններից:

53. Բուսական աշխարհի դիտանցումը ֆիտոինդիկացիոն մեթոդի վրա հիմնված մշտական և պարբերական դիտարկումներ են բուսական աշխարհի օբյեկտների նկատմամբ, դրանց վիճակի և աճման միջավայրի գնահատման համար, ինչպես նաև զարգացման և փոփոխությունների ենթարկման կանխատեսումը` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ազդեցության հետևանքով:

54. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում բուսական աշխարհի դիտանցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) լեռնային բուսականության դիտանցում.

2) մարգագետնային բուսականության դիտանցում.

3) ջրային բուսականության դիտանցում.

4) բույսերի և սնկերի պահպանվող (Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված) տեսակների դիտանցում.

5) ռեսուրսաձևավորող բույսերի (հատապտուղներ և սնկեր) դիտանցում.

6) անտառների դիտանցում:

55. Ընդերքօգտագործողներն օբյեկտում բուսականության հանդեպ դիտարկումներն իրականացնում են անվտանգ լցակույտերում` յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ, կույտային տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամբարներում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

56. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է բուսական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ բուսական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

 

IX. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

57. Կենդանական աշխարհի դիտանցման օբյեկտ են հանդիսանում վայրի կենդանիների հետևյալ տեսակները` կաթնասունները, թռչունները, սողունները, ձկները, կրծողները, միջատները և այլ կենդանիներ, որոնք բնակվում են գետնում (մակերևույթում, հողում, ստորերկրյա դատարկություններում), մակերևութային ջրերում և մթնոլորտում ազատ բնական պայմաններում:

58. Դիտանցում իրականացվում է`

1) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց ապրելու միջավայրի նկատմամբ.

2) որսի օբյեկտ հանդիսացող վայրի կենդանիների և դրանց բնական միջավայրի նկատմամբ:

59. Դիտանցման արդյունքում պետք է ստացվի տեղեկատվություն հետևյալի մասին`

1) վայրի կենդանիների տարածվածության արեալի և բնակատեղերի մասին.

2) վայրի կենդանիների թվի մասին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված.

3) վայրի կենդանիների առանձին տեսակների աճի դինամիկայի և կառուցվածքի մասին.

4) կենդանական աշխարհի վերարտադրության գնահատման մասին.

5) վայրի կենդանիների ֆիզիկական վիճակի մասին:

60. Ընդերքօգտագործողներն օբյեկտում կենդանական աշխարհի հանդեպ դիտարկումներն իրականացնում են տարեկան երկու անգամ:

61. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է կենդանական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ կենդանական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2017
N 661-Ն
Որոշում