ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
13 ապրիլի 2017 թվականի N 15
i
32. ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի «Գյուղատնտեսություն» բաժնի 1-ին կետի «գ» ենթակետը`
1. Հավանություն տալ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ մշակել և սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. ապրիլի 13-ի նիստի
N 15 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
1. Գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական աղետների և վնասների հետևանքների մեղմման առաջնահերթ անհրաժեշտությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսվել է բնակլիմայական աղետներից (երաշտ, կարկտահարություն և այլն) վնասների կանխարգելման հայեցակարգի մշակումը: Վերջինս էլ ելակետ պետք է հանդիսանա գյուղատնտեսությունում բնակլիմայական աղետներից (բնության բացասական ազդեցությամբ պայմանավորված բնակլիմայական երևույթներ, որոնք հանդես են գալիս տարերային աղետների, կլիմայական փոփոխությունների, կենդանիների, բույսերի հիվանդությունների հողերի դեգրադացիայի և այլնի տեսքով)` վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հստակեցման և նպատակային ծրագրերի իրականացման համար:
2. Հայեցակարգը բաղկացած է տասնմեկ բաժնից: Սկզբում ներկայացված է կլիմայի փոփոխության բնական գործոններ հանդիսացող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների կողմից գյուղատնտեսությանը հասցվող վնասները և դրա հետ սերտորեն կապված անապատացման երևույթի դրսևորումները լեռնային երկրներում, այդ թվում` Հայաստանում:
3. Հայեցակարգի առանձին բաժիններով ներկայացվել է գյուղատնտեսության դերը երկրի տնտեսությունում, վերջին տարիներին բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցված վնասների չափերը և նկարագիրը, դրանց կանխարգելման ու մեղմման ուղղությամբ իրականացված միջոցառումներն ու պետական ծրագրերը, հայեցակարգի նպատակն ու խնդիրները:
4. Հայեցակարգի առանձին բաժիններով ներկայացվել են գյուղատնտեսության բնագավառին հատուկ ռիսկերի դասակարգումը` ըստ դրանց առաջացման պատճառների, բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը և այդ բնագավառում միջազգային փորձը, կիրառվող պայքարի եղանակները: Գյուղատնտեսության բնագավառին հատուկ ռիսկերը ընդհանրացվել են թվով վեց խմբերում: Նշված խմբերից կարևորվել է ամենաառանձնահատուկը` բնակլիմայական ռիսկերը (կարկուտ, ցրտահարություն, երկրաշարժ, փոթորիկ, ջրհեղեղ, սելավ, կայծակ, գերխոնավություն և այլն), որոնցից նկարագրվել են Հայաստանի Հանրապետության համար առավել բնութագրականները` կարկտահարությունը, ցրտահարությունը, երաշտն ու հեղեղումը:
5. Հայեցակարգի առանձին բաժնով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման նախընտրելի հիմնական ուղղություններին և դրանց լուծման ուղիներին: Նախանշվել է թվով ինը հիմնական նախընտրելի ուղղություններ, առաջարկվել են համապատասխան լուծումներ, նկարագրվել են պայքարի միջոցների հայրենական և Եվրասիական տնտեսական միության արտադրանքի հիմնական տեսակները, դրանց կիրառման և ներդրման հնարավորությունները:
6. Փաստաթղթի եզրափակիչ բաժիններում գնահատվել են հայեցակարգի իրականացման ռիսկերը, տրվել են առավելություններն ու ակնկալվող արդյունքները, մոտավոր ֆինանսական գնահատականը և ամփոփ եզրակացություն:
II.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
7. Երկրագնդի գոյության միլիոնավոր տարիների ընթացքում նրա աշխարհագրական թաղանթի հետ միասին փոխվել է նաև կլիման: Կլիմայի փոփոխության բնական գործոններ են հանդիսանում ավելի մեծ հաճախականությամբ կրկնվող հիդրոօդերևութաբանական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են երաշտները և խորշակները, փոթորիկներն ու կարկտահարությունը, ցրտահարությունները: Մեծ վտանգ են պարունակում երկրորդական արտածին (էկզոգեն) երևույթները` էրոզիան, սողանքներն ու սելավները, ջրածածկումներն ու հեղեղները, հողի բնական աղակալումը: Կազմելով գործոնների ինքնուրույն խումբ` այդ երևույթները կարող են վնասազերծվել մարդու նպատակային գործունեության արդյունքում, թեև դրա համար պահանջվում են մեծածավալ կապիտալ ներդրումներ:
8. Կլիմայի փոփոխությունը և դրա հետ սերտորեն կապված անապատացման երևույթն իր յուրահատուկ դրսևորումն ունի լեռնային երկրներում` նաև Հայաստանում: Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականությունը, լեռնային ռելիեֆի կտրտվածությունը, սակավահողությունը և հողի ոչ բավարար խոնավությունը Հայաստանը դասում են երկրագործության տեսանկյունից ծայրահեղ ռիսկային երկրների շարքը: Գյուղատնտեսության ռիսկայնությունը մեծանում է ցածր հողապահովվածությամբ (0.15 հա վարելահող մեկ մարդու հաշվով): Ընդ որում, հողերի ավելի քան 70%-ը բնութագրվում է անապատացման հատկանիշներով և հողերի դեգրադացիայի տարբեր աստիճաններով:
9. Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (երաշտ, խորշակ, կարկտահարություն, ցրտահարություն), որոնց հաճախականությունը և տևողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի: Երաշտները և ուշ գարնանային ցրտահարություններն ավելի շատ սպառնում են Արարատի և Արմավիրի մարզերին, իսկ կարկուտն առավել վտանգավոր է Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի համար: Կլիմայի կանխատեսվող փոփոխության հետ կապված գյուղատնտեսության վրա հիմնականում բացասական ազդեցություն են ունենում հունիսի կեսերից դիտվող երաշտները: Իրավիճակն ավելի շատ կարող են սրել երաշտների հետ ժամանակի առումով համընկնող խորշակները (առավելապես 5-10 մ/վրկ արագության հարավային քամիները): Այդ երևույթը պարբերաբար նկատվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: Գյուղատնտեսությունում ջրի ամենամեծ պահանջարկը սովորաբար նկատվում է ապրիլ-մայիս ամիսներին, ինչն էլ գարնանային երաշտները դարձնում է ամենավնասակարը, քանի որ դրանք համընկնում են մշակաբույսերի աճի առաջին փուլի հետ: Գործնականում երաշտների ու խորշակների առումով հարաբերական բարենպաստ պայմաններ ունի միայն Արարատյան դաշտը, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ 95%-ը ոռոգվող են:
10. Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, գարնանային ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ դրամ: Ընդ որում վնասի մեծ մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, հնարավոր է գարնանը և ամռանը աճի ամպրոպների և կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականությունը: Այդ դեպքում առավել խոցելի կլինեն Հայաստանի հյուսիսային և հարավային մարզերի միջին լեռնային գոտու գյուղատնտեսական հանդակները: Ներկայումս Հայաստանում մշակվող հողերի գրեթե կեսը ոռոգվում են և նրանց բաժին է ընկնում բուսաբուծության արտադրանքի մոտ 70%-ը: Կլիմայի փոփոխությունից ջրային ռեսուրսների կանխատեսվող կրճատումը լուրջ պրոբլեմներ կառաջացնի ոռոգովի հողագործության օգտագործման բնագավառում:
11. Անասնապահության ճյուղում կլիմայի փոփոխության և աղետների հետևանքով ծագող խնդիրները կարող են հանգեցնել վնասների, կապված տարերային աղետների, կայծակահարության, հիվանդությունների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկման, կենդանիների հարկադիր սպանդի, սողանքի և փլուզումների, թունավորման, գազանների հարձակման ու այլ վնասվածքների հետևանքների հետ: Տևական երաշտները նույնպես լուրջ խնդիր են անասնապահության ոլորտի համար, մասնավորապես դաշտային կերարտադրության համար: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, 2030թ. Հայաստանում սպասվում է արոտավայրերի ընդհանուր մակերեսի և նրանց բերքատվության կրճատում 4-10%-ով, այդ թվում` ենթալպյան և ալպյան գոտու առավել արժեքավոր արոտավայրերինը` 19-22%-ով: Հավանական է խոտհարքների բերքատվության նվազում 7-10%-ով, որն իր հերթին կհանգեցնի կերարտադրության ծավալների կրճատման: Կլիմայի փոփոխությունը կարող է ազդել նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների, առաջին հերթին, բնական-օջախային և տարափոխիկ վարակների կազմի և տարածման վրա:
III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
12. Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է: 2015 թվականին գյուղատնտեսությունում ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 17.3%-ը: Ոլորտը բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Վերջին տարիների տվյալներով, էներգետիկ արժեքով գնահատված, առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ավելի քան 60%-ը ապահովվում է սեփական արտադրության հաշվին: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսությունը առանձնակի կարևորվում է գյուղական բնակավայրերում եկամուտների ձևավորման և կենսամակարդակի ապահովման, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման համար: Հանրապետության 793 համայնքներից 745-ը գյուղական համայնքներն են: 2015 թվականի տվյալներով հանրապետության ընդհանուր զբաղվածների 35.3%-ը զբաղված են գյուղատնտեսությունում, իսկ գյուղական բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 36.4%-ը:
13. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային, որի պատճառով ոլորտը ապահովագրական ընկերությունների համար գրավիչ չէ և ապահովագրական համակարգը դեռևս ներդրված չէ: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա, բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում բնակլիմայական աղետների կառավարման համար: Տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) և անկանխատեսելի պատահարների հետևանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները: Նշված պատահարների հետևանքով գյուղատնտեսական արտադրանքի միջին տարեկան կորուստը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 1995-2013 թվականների ոչ ամբողջական տվյալներով կազմել է ավելի քան 336 մլրդ դրամ:
14. Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա:
15. Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում` տնտեսավարողների եկամուտները: ՈՒժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար:
16. 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում մայիսի 12-ին և 17-ին տեղացած կարկտահարության հետևանքով 12817 հողօգտագործողների մոտ վնասվել են 11090 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ, պտղատու և խաղողի այգիներ: Հասցված վնասը գնահատվել է շուրջ 25.3 մլրդ դրամ:
17. 2014 թվականին օպերատիվ տվյալներով, Հայաստանի Հանրապետության 6 մարզում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի և Տավուշի) ցրտահարության հետևանքով վնասվել են 287 համայնքների 31716 տնտեսության պատկանող 9185 հա պտղատու և խաղողի այգիներ: Հասցված վնասը կազմել է շուրջ 11 մլրդ 181 մլն դրամ: Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկտահարության հետևանքով վնասվել են Լոռու մարզում 15 և Շիրակի մարզում` 37 համայնքների 15101 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններ: Հասցված վնասը գնահատվել է շուրջ 6.7 մլրդ դրամ: Ընդամենը 2014 թվականին բնական աղետների (ցրտահարություն և կարկուտ) հետևանքով պատճառած վնասը գնահատվում է շուրջ 17.9 մլրդ դրամ:
18. 2015 թվականին կարկտահարության հետևանքով վնասվել են հանրապետության 8 մարզի 82 համայնքի (որոշ համայնքներ կարկտահարվել են 2-ից 3 անգամ) գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 8.8 հազար հա ցանքատարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 57.5 հազար տոննա, վնասը` շուրջ 7.8 մլրդ դրամ:
19. 2016 թվականին կարկտահարության հետևանքով վնասվել են հանրապետության 9 մարզի 150 համայնքի (որոշ համայնքներ կարկտահարվել են 2-ից 3 անգամ) գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 23.1 հազար հա մշակվող տարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 278.6 հազար տոննա, վնասը` շուրջ 33.6 մլրդ դրամ: 2016 թվականի հունիսի 24-ին Շիրակի մարզի 1 համայնքում սելավի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 2.9 հա ցանքատարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 7.4 տոննա, վնասը` շուրջ 1.5 մլն դրամ:
20. Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես` ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ:
21. Հակակարկտային ծառայությունը հանրապետությունում ստեղծվել է 1964 թվականին: 1980-ական թվականներին այն ընդգրկում էր 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցներով: Հանրապետության 15 վարչատարածքային շրջանների ավելի քան 1,0 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա տարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: 1992 թվականից հակակարկտային պաշտպանության աշխատանքները դադարեցվել են` ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով:
22. Հաշվի առնելով հակակարկտային աշխատանքների խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշմամբ ստեղծվել է «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը վերակազմակերպվել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
23. 2014 թվականի սկզբին գործում էին երկու ռադիոլոկացիոն կայան և 154 հակակարկտային կայանք, որից 145-ը ռադիոմոդեմային, իսկ 9-ը` շարժական` առանձնացված ՎՊՆ-ՎԼԱՆ (VPN-VLAN) կապուղիով: 2014 թվականին տեղադրվեցին թվով 80 «Զենիթ» տիպի ԳՍՄ-ՍՄՍ (GSM-SMS) կարճ հաղորդագրությունների միջոցով կառավարվող հակակարկտային կայանքներ, որոնք տեղադրվեցին Արագածոտնի (7 կայանք), Արմավիրի (50 կայանք), Արարատի (18 կայանք) և Լոռու (5 կայանք) մարզերում: Միասնական կառավարման համակարգի լիարժեք գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների միասնական կառավարման համակարգ, որով 2014-2015 թթ. ընթացքում միասնական կառավարման վերցվեցին վերոնշյալ կայանքները, որի արդյունքում զգալիորեն բարձրացավ հակակարկտային ներգործության աշխատանքների արդյունավետությունը:
24. 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային ներգործության աշխատանքներն իրականացվել են 2 ռադիտեղորոշիչով և 435 հակակարկտային կայանքով, իսկ 2016 թվականին` թվով 496 կայանքի միջոցով: Ներկայումս հակակարկտային կայանքներով պաշտպանված է Հայաստանի Հանրապետության մշակվող տարածքների շուրջ 8%-ը:
25. 2015 թ. հանրապետության տարածքում դիտարկվել են թվով 661 կարկտավտանգավոր գործընթաց, իրականացվել է մոտ 2.2 մլն կրակոց: 2014-2015 թվականների ամփոփ տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աճել է կարկտավտանգավոր օրերի և գործընթացների քանակը: 2015 թվականին տեղի է ունեցել կարկտավտանգավոր գործընթացների աճ շուրջ 1.9 անգամ, համապատասխանաբար ավելացել է կրակոցների քանակը` մոտ 1,8 անգամ, որը ուղիղ համեմատական է հակակարկտային կայանքների քանակի ավելացմանը: Պաշտպանվող տարածքներում կարկուտի դեմ պայքարի աշխատանքները կատարվել են հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ, իսկ հարակից չպաշտպանվող տարածքները պարբերաբար ենթարկվել են կարկտահարության: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կողմից հաշվարկվել է հանրապետության 4 մարզի (Արմավիր, Արագածոտն, Լոռի, Արարատ) հակակարկտային կայանքների գործունեության արդյունավետությունը, որը 2014 թվականի համար կազմել է 9,67 մլրդ, իսկ 2015 թվականի համար` 11,05 մլրդ դրամ: Մինչև 1992 թվականը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը կազմել է 94%, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Համաձայն Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն հակակարկտային կայանների 2015 թվականի տվյալների, կարկտահարության դեպքերի ընդհանուր թիվը չպաշտպանվող տարածքներում կազմել է 111, իսկ պաշտպանվող տարածքներում` 9, իսկ Արագածոտնի և Արմավիրի մարզերի 16 գյուղերում տեղակայված 30 հակակարկտային գազագեներատորային կայանքների ռադիոմոդեմային հեռակառավարման մեթոդով պաշտպանության տակ վերցված շուրջ 2500 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ֆիզիկական արդյունավետությունը 2009 թվականի տվյալներով կազմել է 55-75%:
26. Հրթիռային եղանակի ներդրման արդյունքում անհրաժեշտ է ՀՀ տարածքում կամայականորեն տեղակայված գազագեներատորային հակակարկտային կայանքները վերազինել և տեղակայել սահմանամերձ գոտիներում, ինչը կկանխարգելի հանրապետության տարածք ներթափանցող մթնոլորտային ճակատային գործընթացների հետագա զարգացումը: Արդյունքում, կնվազի լրացուցիչ գազագեներատորային հակակարկտային կայանքների ձեռքբերման անհրաժեշտությունը, իսկ սահմանամերձ գոտիներում պաշտպանության տակ կվերցվի ավելի մեծ տարածք, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել կարկտահարության հետևանքով գյուղատնտեսությանը պատճառվող վնասը:
27. Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում, կարկտահարությունների դեպքում, երաշխավորված բերքի ու տնտեսավարողների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100%:
28. Բնակլիմայական աղետներից, մասնավորապես կարտահարությունից գյուղատնտեսության վնասների կանխարգելման գործում կարևորագույն մեխանիզմ կարող է հանդիսանալ մեր երկրում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, այդ թվում հակակարկտային կայանքների համակարգի զարգացումը: Սակայն, նկատի ունենալով, որ ժամանակակից պայմաններում անհնար է իսպառ բացառել աղետների հնարավորությունը, անվտանգության և վնասների կանխարգելման ապահովումը ենթադրում է նաև այլ անհրաժեշտ և բավարար պաշտպանվածություն և նախապատրաստվածություն բնության հնարավոր տարերային աղետալի երևույթներին, մասնավորապես կարկտապաշտպան ցանցերի, գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն սորտերի և այլ միջոցների կիրառմամբ և դրանց համատեղմամբ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել բնական աղետների կանխարգելմանն ուղղված ծախսերի փոխհատուցման առավել բարձր արդյունավետություն:
29. Բնակլիմայական ռիսկերի մեղմման գործոններից մեկը գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն սորտերի ստեղծումն է, մասնավորապես.
1) գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերի (այդ թվում նաև հացահատիկային և կերային, բանջար-բոստանային) սերմարտադրության և սելեկցիայի հիմնական նպատակը այնպիսի սորտերի ստեղծումն է, որոնք առանձնանում են բարձր բերքատվությամբ, արտադրանքի որակական հատկանիշներով, ցրտադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ բարձր կայունությամբ: Մինչև 1990-ական թվականները գիտահետազոտական ինստիտուտները զբաղվել են առաջնային սերմնաբուծությամբ, իսկ գյուղատնտեսության ոլորտում գործող ավելի քան 120 սերմնաբուծական պետական տնտեսությունները` սերմնարտադրությամբ: Հողի մասնավորեցումից հետո այդ տնտեսությունները հիմնականում լուծարվեցին: Արդյունքում, զգալիորեն նվազեցին մշակաբույսերի բարձր վերարտադրության, սերմերի արտադրության ծավալները, խախտվեց սերմերի բազմացման ու վերարտադրության տեխնոլոգիական հաջորդականությունը, ճյուղում կասեցվեց տեխնոլոգիական առաջընթացը:
2) սկսած 1994 թ-ից` առաջնային սերմնաբուծությամբ զբաղվում են հիմնականում «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» և «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները` արտադրելով սահմանափակ քանակությամբ աշնանացան ցորենի և բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր: Օտարերկրյա պետություններից մասնակի ներկրված սերմերի (տնկանյութի) հաշվին ստեղծված հնարավորությունը մասամբ է բավարարում հանրապետության հողօգտագործողների պահանջարկը:
30. Բնակլիմայական ռիսկերի որոշակի մեղմմանն են նպաստում նաև հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրեր.
1) Սերմնաբուծության և սերմարտադրության, սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագրեր: Ծրագրերի իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել բարձր վերարտադրության սերմերի օգտագործման ծավալները, կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործումը, ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրությունը, ինչպես նաև բույսերի նոր բնակլիմայական պայմաններին հարմարվող սորտերի կազմի ընդլայնումը.
2) «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր»: Ծրագիրը կարևորվում է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման առումով: Այն ներառում է բույսերի հիվանդությունների վնասատուների և մորեխների, ինչպես նաև անտառի վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը.
3) «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիր»: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա կատարվում են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ, փորձանմուշների լաբորատոր փորձաքննություն, կազմվում են ագրոքիմիական քարտեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր.
4) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիր»: Ծրագրի շրջանակներում իրականացվում է հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակվածության արեալի ճշտում.
5) «Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագիր»: Ծրագրի շրջանակներում իրականացվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում մասնագիտական, աղետների ռիսկերի կառավարման և այլ ուղղություններով:
31. Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
32. Հայեցակարգի հիմնական նպատակը` բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է:
33. Հայեցակարգի խնդիրներն են`
1) բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման անհրաժեշտության հիմնավորումը.
2) բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ուղղությունների և լուծումների առաջադրումը.
3) հայեցակարգի իրականացման ռիսկերի և դրանց մեղմման հնարավորությունների գնահատումը.
4) հայեցակարգի իրականացումից ակնկալվող արդյունքների կանխորոշումը:
V. ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
34. Գյուղատնտեսությանը մշտապես բնորոշ բազմաթիվ ու բազմապիսի ռիսկերը ժամանակի տարբեր պահերին իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոլորտի կայունության և զարգացման վրա` պայմանավորված ինչպես բնակլիմայական (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն, երաշտ, փոթորիկ և այլն), այնպես էլ դրանից տարբեր մարդածին և տնտեսական գործոններով: Ռիսկերի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում դրանք կառավարելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար, որն իրականացնելու նպատակով նախևառաջ կարևոր է իրականացնել գյուղատնտեսության բնագավառին հատուկ ռիսկերի դասակարգում` ըստ դրանց առաջացման պատճառների: Սովորաբար, գոյություն ունեն գյուղատնտեսությանը հատուկ ռիսկերի տարբեր դասակարգումներ, որոնք կարելի է ընդհանրացնել հետևյալ խմբերում.
1) բնության բացասական ազդեցությամբ պայմանավորված բնակլիմայական ռիսկեր, որոնք հանդես են գալիս տարերային աղետների, կենդանիների, բույսերի հիվանդությունների, կլիմայական փոփոխությունների և այլնի տեսքով.
2) սանիտարական ռիսկեր` կրծողներ, վնասատուներ, համաճարակ, զանազան հիվանդություններ և այլն.
3) շուկայական ռիսկեր` կապված գյուղատնտեսական ապրանքների տեղական կամ միջազգային շուկաների գնային տատանումների, ապրանքների նկատմամբ սահմանված որակական պահանջների փոփոխությունների և այլնի հետ.
4) օրենսդրական ռիսկեր, որոնք ի հայտ են գալիս օրենսդրությամբ սահմանված նորմերի չպահպանման կամ դրանց փոփոխության դեպքում նոր օրենքների հնարավոր բացասական ազդեցությամբ.
5) արտադրության գործոնների քանակական ու որակական փոփոխություններ, որն արտահայտվում է բույսերի սերմերի, պարարտանյութերի որակի վատացմամբ, օգտագործվող տեխնիկական միջոցների անսարքությամբ, արտադրողականության կրճատումով և նմանատիպ այլ գործոններով.
6) մարդկային գործոնով պայմանավորված և նախորդ խմբերում չընդգրկված այլ ռիսկեր` հակամարտություններ, ֆինանսատնտեսական ճգնաժամեր, գյուղատնտեսական կենդանիների սպանդ և կորուստ, գյուղատնտեսական գույքի կողոպուտ, վնասում և այլն:
35. Նշված խմբերից ամենաառանձնահատուկը բնակլիմայական ռիսկերն են (կարկուտ, ցրտահարություն, երկրաշարժ, փոթորիկ, ջրհեղեղ, սելավ, կայծակ, գերխոնավություն և այլն), որոնք աչքի են ընկնում ինչպես մեծ անորոշությամբ, այնպես էլ քանակական ու ծավալային մեծությամբ: Այս խումբ ռիսկերի պարագայում մարդկային գործոնը կամ մարդու ազդեցությունը շատ ավելի փոքր է, իսկ երբեմն էլ` անհնար: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ: Բնակլիմայական ռիսկերից Հայաստանի Հանրապետությանն առավել բնութագրական են կարկտահարությունը, ցրտահարությունը, երաշտն ու հեղեղումները: Ընդ որում, երկրի հյուսիսային, արևելյան և հարավային մասերի լեռնային շրջանները ենթարկվում են սեզոնային հեղեղումների, կարկտահարության և երաշտի, Արարատյան դաշտավայրը` երաշտի, վաղ գարնանային ցրտահարության և չոր պայմանների, Երևանից հյուսիս գտնվող կենտրոնական գոտին ենթակա է կարկտահարության, երաշտի և վաղ գարնանային ցրտահարության, իսկ ահա հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանը ենթակա է նշված արտակարգ երևույթների բոլոր տեսակների ազդեցության:
1) Ջրհեղեղներ: Ջրհեղեղները գարնանային վարարումների տեսքով Հայաստանում, հիմնականում ձևավորվում են գարնան ամիսներին ձյան ինտենսիվ հալոցքի և առատ տեղումների զուգորդման հետևանքով: Գետերի ծավալը նորմայից երբեմն ավելանում է մինչև տասն անգամ: Ջրհեղեղների ավելի հակված են Արաքս, Հրազդան և Աղստև գետերի ավազանները: Մեղրիի, Վեդու և Գորիսի գետերի ավազաններում վարարումները միջինում տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Երկրի շատ մասերում տեղատարափ անձրևներն ու հալվող ձյունն ավելացնում են ջրհեղեղային և սելավային ռիսկերը: Հայաստանում դիտվում է հեղեղումների և դրանց հետ կապված հետևանքների աստիճանական աճ: 1994 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում հեղեղումների տնտեսական վնասը կազմել է 41 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում Լոռու մարզում` 18 մլն ԱՄՆ դոլար, Շիրակում` 13 մլն ԱՄՆ դոլար, Տավուշում` 5 մլն ԱՄՆ դոլար, Գեղարքունիքում` 2.5 մլն ԱՄՆ դոլլար.
2) Երաշտներ: Երաշտային պայմանները առաջանում են անձրևների երկարատև բացակայության և բարձր ջերմաստիճանի պայմաններում: Այդ պայմանները ավելի են խորանում և ինտենսիվանում բարձր ջերմաստիճանի և քամու առկայության պայմաններում, որը առաջ է բերում բույսերի տրանսպիրացիայի մեծացում, հարաբերական խոնավության նվազեցում, հողի մակերեսից գոլորշիացման ինտենսիվացում, խոնավության պակասորդի ավելացում: Արդյունավետ խոնավության պաշարները արագ ծախսվում են և չեն կոմպենսացվում մթնոլորտային տեղումներով: Հայաստանում երաշտները զգալի վնաս են հասցնում Հայաստանի տնտեսությանը և տեղումների ու խոնավության նվազումը ավելացնում են դրանց ռիսկերը: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության ցածրադիր հովտային գոտիներում երաշտները դիտվում են 92-94%, նախալեռնային գոտիներում 52-57% հաճախականությամբ, իսկ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հասնում է 40-50%-ի: Արարատյան դաշտում և ցածրադիր այլ գոտիներում բարձր ջերմաստիճաններով և տաք քամիներով օրերի թիվը տարեկան կազմում է 120-ից 160, ինչն այդ շրջանները դարձնում է առավել խոցելի երաշտի նկատմամբ: Հայաստանում երաշտ սովորաբար արձանագրվում է հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, սակայն կարող է տեղի ունենալ նաև գարնանը և աշնանը: Ընդհանուր առմամբ երևույթը հատուկ է Արարատյան դաշտավայրին և երբեմն` Արարատյան հարթավայրի նախալեռնային հատվածին, Տավուշին և Սյունիքի հովիտներին: Երաշտի հաճախականությունը մոտավոր հաշվարկներով կարող է լինել 2-4 տարին մեկ անգամ: Երաշտները բացասաբար են ազդում բնական էկոհամակարգերի վրա, խորացնելով անապատացման գործընթացները և նպաստելով երկրորդային աղակալմանը: Ենթակառուցվածքների վատթարացման, էլեկտրաէներգիայի գնի աճի, ներդրումների բացակայության և այլ գործոնների պատճառով մշակվող ոռոգելի տարածքների մակերեսը 1991 թվականի 314.0 հազ. հեկտարից կրճատվել է մինչև 154.0 հազ. հեկտարի (առանց բնակավայրերի հողերի): Երկարատև օդերևութաբանական երաշտների հետևանքով ջրային ռեսուրսները կրճատվում են 20-ից մինչև 45%-ով: Հայաստանում առավել ուժեղ երաշտ գրանցվել է 2000 և 2001 թվականներին, որի ազդեցությունից տուժել են հանրապետության բոլոր գոտիները` ընդհուպ ծովի մակերևույթից մինչև 3000 մ բարձրությամբ տարածքները, պատճառելով 38 միլիարդ դրամի (110 մլն ԱՄՆ դոլար) վնաս: Նույնիսկ 2003 թվականին դեռևս զգացվում էին նախորդ` 2000-2001 թվականների երաշտի հետևանքները: 2006 թվականի տեղային երաշտի հետևանքով հացազգիների բերքը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 35.5 տոկոսով: Բերքի կորստի չափերը կախված են այն բանից, թե երբ է սկսվում երաշտը, ինչքան է տևում և ինչ ինտենսիվություն ունի: Երաշտների ռիսկերի կրճատման խնդրում կարևոր է խորհրդատվությունը և վաղ ահազանգումը: Օդերևութաբանական կամ հիդրոլոգիական երաշտների կանխատեսումը հնարավոր է իրականացնել միայն կարճաժամկետ կտրվածքով, և վաղ ահազանգման հնարավորությունները բավականին սահմանափակ են.
3) Կարկուտ: Գյուղատնտեսության ոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է: Կարկուտի առաջացումը և զարգացումը պայմանավորված է մինչև 30 մ/վրկ արագության հասնող ուժեղ վերընթաց հոսանքներով: Հայաստանի Հանրապետության տարածքում այն դիտվում է ճակատային և ներզանգվածային գործընթացների ժամանակ: Ներզանգվածային կարկտային գործընթացները դիտվում են գարնանը և ամռան առաջին կեսում, երբ մեծ են լինում կոնվեկտիվ հոսանքները և խոնավությունը: Ամենաակտիվ կարկտային գործընթացները դիտվում են, երբ երկրորդ կարգի ցուրտ ճակատը անցնում է հանրապետության տարածքով ցերեկվա երկրորդ կեսին, որին գումարվում են նաև կոնվեկտիվ հոսանքները: ՀՀ տարածքի ռելիեֆային պայմանների բազմազանությունը պայմանավորում է կարկտի հաճախականության մեծ տարբերություններ: Նրա պատճառած միջին տարեկան վնասը կազմում է 30-40 մլն ԱՄՆ դոլար: Կարկտավտանգավորության առումով վտանգավոր տարածքներում գտնվում է մոտ 370 գյուղական համայնք: Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15-ից 17 տոկոսը: Հայաստանում կարկտահարությունները տեղի են ունենում շոգ սեզոնին` մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Կարկուտ առավել հաճախ դիտարկվում է ապրիլ-հունիս ժամանակահատվածում, իսկ խոշոր հատիկներով` հուլիս-օգոստոսին: Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում և Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը` տարեկան 4-5 դեպք: Հովտային գոտիներում կարկուտի հաճախականությունն ավելի ցածր է` տարեկան 1-2 անգամ: 1935-1990 թվականների ընթացքում հիդրոօդերևութաբանական 10 կայանների վերլուծությունները ցույց են տվել, որ կարկուտով օրերի թվի առավելագույն քանակը գրանցվել է Արագածում` 23, Տաշիրում` 19, Գյումրիում` 18, Ապարանում` 13 օր: Միտումների վերլուծությունից պարզվում է, որ կարկտային փոթորիկների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է: 2011 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիս ամիսների ընթացքում երկրում պատահած կարկտային փոթորիկներն ամենածանրն ու ամենալուրջն էին.
4) Սողանքներ և սելավներ: Հայաստանում շուրջ 122.0 հազ. հեկտար հողեր խոցելի են սողանքներից, որոնց պատճառների թվում են հորդառատ անձրևները: Սողանքների առաջացմանը նպաստում են խմելու ջրի և ոռոգման համակարգերի արտահոսքերը, ինչպես նաև լեռնալանջերի անտառահատումները: Սելավները ևս լուրջ սպառնալիք են միջին բարձրության վրա գտնվող լեռնային շրջաններում: Ըստ ուսումնասիրությունների մինչև 2009 թվականը Հայաստանում տեղի են ունեցել տարբեր չափի ավելի քան 3500 սողանքներ: Նրանց 90 տոկոսը գտնվել է 2000-1500 մ և ցածր բարձրությունների վրա, մյուսներն արձանագրված են 2200-2400 մ բարձրությունների վրա և հազվադեպ են հանդիպում 2500-2600 մ ավելի բարձրությունների վրա: Ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրության, Հայաստանում սողանքների հետևանքով առաջացած վնասը գնահատվում է մոտ 11.5-13.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ սելավների վնասը` 5.7-ից մինչև 7.1 մլն ԱՄՆ դոլար.
5) Ցրտահարություն: Հայաստանում մեծ վտանգ են ներկայացնում ուշ գարնանային ցրտահարությունները, երբ մատղաշ մշակաբույսերի սածիլները, ծիլերը, բույսերի ծաղիկները վնասվում են բացասական ջերմաստիճաններից: Վաղ աշնանային ցրտահարությունները վնասակար են չհավաքված բերքի, ջերմասեր բանաջարաբոստանային կուլտուրաների, խաղողի համար: ՈՒշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները հանրապետության տարածքում հիմնականում պայմանավորված են հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժումով: Դիտվում են ադվեկտիվ, ռադիացիոն և ադվեկտիվ-ռադիացիոն ցրտահարություններ: Դրանք ավելի հաճախ դիտվում են տեղանքի ցածրադիր մասերում, երբ սառը և տաք օդը իջնում է ռելիեֆի գոգավոր մասերը: Ցրտահարությունների բաշխման առանձնահատկությունները այլ օդերևութաբանական էլեմենտների համեմատությամբ կայանում է նրանում, որ ցրտահարությունները տարբեր բարձրության կլիմայական գոտիներում օրերի քանակով էապես չեն տարբերվում միմյանցից, քանի որ նրանց առաջացումն ըստ բարձրությունների ուշանում կամ շուտ է սկսվում` պայմանավորված տվյալ բարձրության վրա բույսերի վեգետացիայի սկզբի և վերջանալու հետ: Վերջին տարիներին նկատվում է ցրտահարությունների հաճախականության և ինտենսիվության աճ: Ցրտահարություններն առավել հաճախ դիտարկվում են հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես` Արարատյան դաշտավայրում և դրա նախալեռնային մասում, Տավուշում և Սյունիքի հովիտներում, միջինը` տարեկան երեք անգամ: Լեռնային գոտիներում ցրտահարության դիպվածներն այնքան էլ բնորոշ չեն և գործնականում մեծ վնաս չեն հասցնում գյուղատնտեսությանը:
VI. ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
36. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսության ոլորտի աղետների, մասնավորապես` բնակլիմայական աղետների նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով տարեցտարի տարերային, տեխնածին և կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին, այդ թվում` հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն է առաջացել նոր լուծումներ և մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխման, կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման և վաղ ազդարարման ուղղությամբ:
37. Հայեցակարգը համահունչ է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին, դրանք են.
1) աղետների ռիսկի գիտակցում.
2) աղետների ռիսկի հաղթահարման համար աղետների ռիսկի պետական կառավարման ուժեղացում.
3) դիմակայունության հզորացման համար ներդրումներ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում.
4) արդյունավետ արձագանքում, ավելի արդյունավետ վերականգնում և վերակառուցում ապահովելու համար աղետների պատրաստվածության ամրապնդում:
38. Աղետների ռիսկի կառավարման և աղետներին դիմակայունության միջոցառումներն արտացոլված են նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ընդունված «Փոխակերպելով աշխարհը. մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» բանաձևում:
39. Աղետների ռիսկի կառավարմանն առնչվող կայուն զարգացման նպատակներից են.
1) կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի հրատապ միջոցառումների ընդունում: Կլիմայական փոփոխություններին արձագանքման միջոցները ներդնել քաղաքականության, ռազմավարության և պլանավորման մեջ: Ընդլայնել մարդկանց և հաստատությունների հնարավորությունները կլիմայական փոփոխությունների ու դրանց հետևանքների մեղմման, հարմարվողականության ուղղությամբ, բարձրացնել այդ բնագավառում տեղեկատվության լուսաբանման և իրազեկման մակարդակը, աջակցել կլիմայի փոփոխության հետ կապված պլանավորման և կառավարման հնարավորությունների ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը.
2) էկոհամակարգերի պաշտպանություն և վերականգնում, աջակցություն դրանց ռացիոնալ օգտագործմանը, արդյունավետ անտառօգտագործում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացման և կենսաբազմազանության կորստի կրճատում, ջրային ռեսուրսների առկայության ու դրանց ռացիոնալ օգտագործման ապահովում:
40. Գյուղատնտեսության ոլորտի և հանրապետության առանձնահատկություններով պայմանավորված, ռիսկերի կառավարման դժվարությունները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ռիսկերի կանխարգելման հնարավորությունների ընդլայնումը, միավոր տարածության հաշվով ստացվող եկամտի ավելացումը և պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի ներդրումը, հնարավորություն են ընձեռում հաղթահարել այդ դժվարությունները:
41. Ռիսկերի կառավարման բնագավառում միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ այն առավել արդյունավետ է իրականացվում զարգացած պետություններում, որտեղ գործում են համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ, կատարվում են զգալի ծավալներով ներդրումներ, առանձնակի ուշադրություն է դարձվում ռիսկերի կառավարման բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, տեղեկատվական ու խորհրդատվական համակարգերի ձևավորմանը, ռեսուրսների կենտրոնացմանը, կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Ճիշտ է նաև հակառակ պնդումը, այն երկրները, որոնք ռիսկերի կառավարման բնագավառում վարում են համարժեք (ադեկվատ) քաղաքականություն, հատկացնում են անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսներ, ընդօրինակում են խնդրո առարկայի բնագավառում միջազգային առաջավոր փորձը, միանշանակ զարգանում են ավելի արագ տեմպերով, ուստի ապահովում են բնակչության ավելի լավ կենսապայմաններ և կյանքի ավելի բարձր որակ:
42. Ռիսկերի կառավարման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ զարգացած երկրներում առավել մեծ ուշադրություն է դարձվում հնարավոր անբարենպաստ հետևանքներ ունեցող ռիսկերի կանխմանը (կանխարգելմանը), իսկ ավելի թույլ զարգացած երկրներում` հետևանքների վերացմանը (մեղմմանը): Բացի այդ, զարգացած և միջին եկամուտներ ունեցող պետություններում առանձնակի ուշադրություն է դարձվում ռիսկերի ապահովագրությանը, որպես ռիսկերի կառավարման կարևորագույն բաղադրիչի` այդ երկրներում ձևավորված են ապահովագրության գործուն համակարգեր:
43. Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության բնագավառում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ, հաշվի առնվելով գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, բազմաթիվ երկրներում գյուղատնտեսական ապահովագրությունը իրականացվում է պարտադիր եղանակով: Ընդ որում, բազմաթիվ երկրներում այն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ ապահովագրավճարների սուբսիդավորման միջոցով, ինչը չի հակասում Առևտրի Համաշխարհային Կազմակերպության պահանջներին:
44. Գյուղատնտեսության ապահովագրության միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական ապահովագրության մոտեցումների, ձևերի, մեթոդների բազմազանությունը պայմանավորված է տվյալ երկրի գյուղատնտեսության վարման ռիսկայնությամբ, ոլորտի առանձնահատկություններով և տնտեսության կառուցվածքում դրա նշանակությամբ, երկրի տնտեսական հնարավորություններով, ապահովագրության բնագավառում ձևավորված ավանդույթներով (մշակույթով), իրականացվող քաղաքականության սոցիալական ուղղվածությամբ, ապահովագրական շուկայի զարգացվածության մակարդակով, ապահովագրական մարքեթինգի արդյունավետությամբ և մի շարք այլ գործոններով:
45. Գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում միջազգային փորձի տեղայնացումը պահանջում է, առաջին հերթին, հանրապետությունում առկա ռիսկերի գնահատում, ռիսկերի արդյունավետ կառավարման ուղղությամբ խոչընդոտող գործոնների բացահայտում, գյուղատնտեսական ապահովագրությունում հստակ քաղաքականության մշակում և իրականացում` ելնելով ընձեռված ռեսուրսային հնարավորություններից:
46. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ակտիվ ներգործության միջոցով կարկուտի դեմ պայքարի աշխատանքներն իրականացվում են աշխարհի շուրջ 40 երկրներում` մոտ 96 մլն հեկտար ընդհանուր մակերեսով տարածքներում: Տարբեր երկրներում պայքարի աշխատանքները իրականացվում են տարբեր եղանակներով.
1) ներկայումս Չինաստանում և Մոնղոլիայում կիրառվում է հակակարկտային պաշտպանության հիմնական մեթոդներից մեկը` հրետանային եղանակը, որը լայնորեն կիրառվում էր նախկին Խորհրդային Միության տարածքում: Այս եղանակի սկզբունքն է կարկտային ամպերում բյուրեղագոյացնող ազդանյութ պարունակող հրետանային արկերով ցանքսի իրականացումը: Արկերը համապատասխան պայթուցիչի միջոցով պայթում են պահանջվող բարձրության վրա` ցրելով ազդանյութն ամպի տվյալ հատվածում: Մեթոդի արդյունավետությունը կազմում է մինչև 95%: Տվյալ եղանակի կիրառումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս նպատակահարմար չէ, քանի որ հրանոթները համարվում են ռազմական տեխնիկա, իսկ հրետանային արկերը ռազմամթերք և դրանց ձեռքբերումն ու պահպանությունը կապված է բազմաթիվ ֆինանսական և ռազմատեխնիկական բարդությունների հետ.
2) ներկայումս կարկտավտանգավոր ամպերում հրթիռային եղանակով ազդանյութի ցանքսը իրականացվում է Ռուսաստանի Դաշնությունում, ՈՒկրաինայում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում, Արգենտինայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Իտալիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Հունգարիայում, Վրաստանում և Չինաստանում: Եղանակը լայն կիրառում էր ստացել նաև նախկին Խորհրդային Միությունում: Մեթոդը նախատեսված է կարկտաբեր ամպերում հետագծային ազդանյութային ցանքս իրականացնելու համար և դրա արդյունավետությունը հասնում է մինչև 98%-ի: Հրթիռների արձակումն իրականացվում է արձակիչ կայանների միջոցով, ավտոմատ ռադիոմոդեմային հեռակառավարմամբ: Ազդանյութի ցանքսը կատարվում է հրթիռում գտնվող հատուկ հրատեխնիկական բաղադրության այրումով, որի վերջանալուց հետո հրթիռն անմիջապես օդում պայթում է կամ իջնում է անկարգելով: Ցանքսի իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է հրթիռների արագ արձակման հնարավորությունից, ինչն էլ պայմանավորված է արձակիչ կայանների և հրթիռների տեսակներով: Միջինից հզոր մեկ ներգործման օբյեկտի (ամպի) ազդանյութային ցանքսի համար պահանջվում է շուրջ 20 հրթիռ, որով հնարավոր է պաշտպանել 16-30 հազ. հա տարածք` կախված հրթիռի և արձակիչ կայանքի տեսակից: Այս մեթոդի կիրառումը հանրապետությունում, պայմանավորված բարձր արդյունավետության հետ` նպատակահարմար է, սակայն կապված է մի շարք տեխնիկական և կազմակերպչական բարդությունների հետ.
ա. հրթիռները կառավարվող չեն, այդ իսկ պատճառով չի բացառվում դրանց հետագծից շեղումը, և պայթյունը կարող է տեղի ունենալ չնախատեսված վայրում,
բ. այդ հրթիռների արտադրության ընթացքում (չնայած օգտագործվող արդիական տեխնոլոգիաների) հաճախակի են նաև գործարանային խոտանները, որոնց պատճառով երբեմն տեղի են ունենում հրթիռների վաղաժամկետ պայթյուններ, այդ թվում` երկրի մակերևույթին կամ արձակիչ կայանի կրակափողում,
գ. մինչ գործարկումը պահանջվում է ավիացիայի հետ համաձայնեցում,
դ. հաճախակի են լինում դեպքերը, երբ ավիացիայի պահանջով հրթիռների կիրառումն արգելվում է (ինքնաթիռային թռիչքուղիների զբաղվածության պատճառով), ինչը խոչընդոտում է ժամանակին հակակարկտային աշխատանքների իրականացմանը:
ե. սահմանամերձ գոտիներում այս եղանակի կիրառումը նպատակահարմար չէ:
3) ինքնաթիռային եղանակը լայն կիրառություն ունի ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում և այլն, համարվում է տեղումների արհեստական ավելացման լավագույն եղանակ, որը նախատեսում է բյուրեղագոյացնող ազդանյութի ցանքսը վերընթաց հոսքերում և ամպի կազմավորման մակարդակում: Այն իրականացվում է ինքնաթիռներում տեղադրված ազդանյութի համար նախատեսված տարողություններից կամ արծաթի յոդիդի (AgI) պարունակող ազդանյութի պարունակությամբ` 26 մմ տրամաչափի հրափամփուշտների միջոցով: Եղանակի արդյունավետությունը կազմում է 50%: Ընդհանուր առմամբ ինքնաթիռային եղանակի առավելություններն են մեծ տարածքների ընդգրկման հնարավորությունը և քիչ քանակությամբ տեխնիկական միջոցների և սպասարկող անձնակազմի ներգրավումը: ՀՀ տարածքի հակակարկտային պաշտպանության աշխատանքներում ինքնաթիռային եղանակի կիրառումը կապված է լուրջ բարդությունների հետ, քանի որ կարկտաբեր ամպերը և ճակատային գործընթացները ձևավորվում են հիմնականում հանրապետության արևմտյան սահմաններից դուրս: Այդ եղանակի կիրառմանը խոչընդոտում է նաև տարածքի բարդ բնապատկերը.
4) գազագեներատորային եղանակի կիրառումը համեմատաբար նոր է և այն օգտագործվում է Արգենտինայում, Բոլիվիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, ՈՒրուգվայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում և այլն: Գազագեներատորային հակակարկտային կայանքի աշխատանքի հիմքում ընկած է` ձայնային թնդանոթում գազի պայթյունից գեներացված ձայնային ալիքների ազդեցությունը կարկտի առաջացման օջախների վրա: Եղանակի արդյունավետությունը կազմում է միջինը 50%` կախված կարկտային պրոցեսի ուժգնությունից, առավելագույն արդյունավետությունը արտահայտվում է կայանքից 500 մետր շառավղով տարածքի վրա: Ձայնային ալիքը գեներացվում է հատուկ կառուցվածքով ձայնային «թնդանոթում» և 330 մ/վ արագությամբ բարձրանում է դեպի վեր` հասնելով 8-12 կմ բարձրության: Հակակարկտային կայանքն ավտոմատացված է, ունի անկախ սնուցման, գազամատակարարման, ինքնավերահսկման, անվտանգության, հեռակառավարման համակարգեր: Այս եղանակի կիրառումը նպատակահարմար է հատկապես հանրապետության սահմանամերձ գոտիներում, քանի որ գոյություն ունեցող այլ մեթոդներով սահմանամերձ գոտիները հնարավոր չէ պաշտպանել:
5) ազդանյութով աշխատող վերերկրյա գեներատորային եղանակը օգտագործվում է Ֆրանսիայում, Ավստրիայում, Կանադայում, Հունգարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բրազիլիայում, Շվեյցարիայում և այլն: Այս եղանակի աշխատանքի հիմքում ընկած է` մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված ազդանյութերից ստացված բյուրեղագոյացնող մասնիկների մեծ քանակի արտանետումը մթնոլորտ: Անհրաժեշտ քանակի մասնիկների ստացումն իրականացվում է վերերկրյա ազդանյութային գեներատորի միջոցով: Արդյունավետությունը կազմում է մինչև 45%: Մեկ գեներատորի պաշտպանող տարածքը կազմում է մինչև 500 հեկտար (կախված երկրապատկերից և քամիների ազդեցությունից): Մյուս եղանակների համեմատ` համարվում է ամենաէժանը և հեշտ սպասարկվողը: Հանրապետության տարածքում այս մեթոդի կիրառումը նույնպես ընդունելի է, քանի որ մեթոդը կիրառվելու է գազագեներատորային կայանքների և հրթիռային եղանակի համալիր օգտագործմամբ, որը կավելացնի պաշտպանվող տարածքների ծավալները` համեմատաբար փոքր ծախսերով:
6) էլեկտրաֆիզիկական եղանակը նախատեսված է մթնոլորտային երևույթների կառավարման համար: Այն արտոնագրվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն կարկտի դեմ պայքարի աշխատանքներում չի անցել բազմամյա փորձարկումներ: Եղանակի էությունը կայանում է ամպերի իոնների միջոցով էլեկտրաստատիկ դաշտի փոփոխության մեջ: Իոնների ստացումն իրականացվում է իոնային գեներատորների միջոցով: 2004 թվականին Հայաստանի տարածքում հայ և ռուս մասնագետների կողմից իոնային գեներատորները տարբեր աշխատանքային ռեժիմներով փորձարկվել են, սակայն ստացված արդյունքները հիմնավոր չեն եղել:
47. Հակակարկտային աշխատանքների նշված եղանակներից հանրապետությունում կիրառման համար նախընտրելի են համարվում բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային եղանակը, բացառությամբ հանրապետության սահմանամերձ գոտիների, որտեղ հնարավոր է համարվում գազագեներատորային և ազդանյութով աշխատող վերերկրյա գեներատորային եղանակների կիրառումը:
48. Գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանում են նաև պոլիմերային հիմք ունեցող ցանցերով, որը համարվում է հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակ և կիրառվում է բազմաթիվ երկրներում: Հակակարկտային ցանցերը տեղադրվում են պտղատու այգիներում` կրող կոնստրուկցիաների վրա: Մթնոլորտային գործոնների ազդեցության ներքո (ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ջերմաստիճանային տատանումներ, ուժեղ քամիներ և այլն)` ցանցերի շահագործման ժամկետը զգալիորեն նվազում է (առավել ևս` ՀՀ բնակլիմայական խիստ պայմանների դեպքում): Ցանցերի շահագործման միջին ժամկետը 5 տարի է: Հանրապետության այն գոտիները (հատուկ նշանակության օբյեկտներ, արգելված տարածքներ), որոնք հնարավոր չէ պաշտպանել հակակարկտային կայանքներով, նպատակահարմար է համարվում հակակարկտային ցանցերի կիրառումը:
49. Զարգացած երկրներում երաշտի կառավարման համար կարևորում են երաշտային պայմանների հուսալի և ժամանակին ճիշտ գնահատումը, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին սպասվող երաշտի վերաբերյալ վաղօրոք ազդարարումը, ինչը հնարավորություն է տալիս միջոցառումներ ձեռնարկել զգալիորեն մեղմելու երաշտի հետևանքները: Նշված միջոցառումների ժամանակին և ճիշտ կատարելու դեպքում հնարավոր է լինում խուսափել կամ մեղմել երաշտի բացասական ազդեցությունը: Երաշտի դեմ պայքարի շրջանակներում, հիդրոլոգիական երաշտներից խուսափելու համար կարևորվում է համապատասխան տարողություններով ջրամբարների կառուցումը: Անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը հնարավորություն է տալիս մշակելու ադապտացիոն միջոցառումներ, կապված հողի խոնավության պահպանման, ոռոգման ջրերի կուտակման ու ռացիոնալ օգտագործման, գյուղատնտեսական աշխատանքների և ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումների կատարման արդյունավետ պլանավորման հետ: Երաշտների կանխատեսման համար անհրաժեշտ է բարելավել երկարաժամկետ (ամսական և սեզոնային) կանխատեսումների որակը, որը կօժանդակի երաշտների դեմ պայքարի հստակ մեխանիզմների կիրառմանը:
50. Բնակլիմայական աղետների հետևանքների մեղմման ներկայացված մեթոդներն ունեն կիրառման տարբեր ընդգրկում և արդյունավետություն: Վերջիններիս կիրառումը պայմանավորված են մի շարք` տեխնոլոգիական, տնտեսական և այլ գործոններով:
VII. ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
51. Բնակլիմայական աղետների կանխարգելման ուղղությունները բազմազան են` կախված աղետի բնույթից, դրանց կանխարգելման տեխնոլոգիական և տնտեսական հնարավորություններից, ոլորտի և տարածաշրջանային առանձնահատկություններից:
52. Հայաստանի Հանրապետությունում բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման նախընտրելի հիմնական ուղղություններն են.
1) գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրումը.
2) ոռոգման համակարգերի բարելավումը` կորուստների կրճատման, ջրախնայողական արդիական տեխնոլոգիաների ներդրման միջոցով.
3) կարկտապաշտպան միջոցների և տեխնոլոգիաների կիրառումը.
4) գյուղատնտեսական հողատեսքերի հակահեղեղային պաշտպանության, հողերի դեգրադացիայի, մասնավորապես` հողերի էռոզիայի և աղակալման, լանդշաֆտային հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացումը.
5) սերմնաբուծության և սերմարտադրության, արհեստական սերմնավորման բնագավառների զարգացումը, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդությունների և վնասատուների դեմ առավել կենսունակ սորտերի և ցեղերի կիրառման հնարավորությունների ընդլայնումը.
6) բնակլիմայական աղետների ճշգրիտ կանխատեսումների, նախազգուշացման արդյունավետ միջոցների կիրառման միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, արդյունքում` արագ արձագանքման պայմանների ստեղծում.
7) բնակլիմայական աղետների դեմ պայքարի և հետևանքների մեղմման արդիական մեթոդների և ավանդական միջոցների կիրառման ընդլայնումը և դրանց զուգակցված կիրառումը.
8) պետություն-մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում` բնակլիմայական աղետների դեմ պայքարի ժամանակակից միջոցների տեղական արտադրության խթանումը, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրվող բնակլիմայական աղետների դեմ պայքարի ժամանակակից միջոցների հանրապետությունում արդյունավետ կիրառման հնարավորությունների օգտագործումը և այդ միջոցների տնտեսավարողներին մատակարարման մատչելի մեխանիզմների կիրառումը.
9) հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող` սերմերի որակի ստուգման, բույսերի պաշտպանության, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման, անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում և գյուղական խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական ծրագրերի կատարման շարունակումը:
53. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մի շարք խնդիրների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և տնտեսավարողների վնասների մեղմման գործընթացում կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը և համակարգի աստիճանական ներդրումը, որը գյուղատնտեսության ոլորտում տարվող պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Նշվածից ելնելով, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ: Մասնավորապես, ագրարային ոլորտի համար ուղենիշային համարվող փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր խնդիրներից է նաև գյուղատնտեսական ռիսկերի մեղմացումը, որի շրջանակներում դիտարկվել է ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման աջակցությունը և փուլային մոտեցմամբ համակարգի ներդրումը: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարող է կարևոր նախապայման լինել ճյուղի կայուն զարգացման, բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Հանրապետության գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման կարևոր երաշխիքներից է այդ բնագավառի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքներից ելնելով Հայաստանի առանձնահատկություններին համապատասխանող ապահովագրական իրատեսական մեխանիզմների մշակումը և ներդրումը:
54. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համագործակցության արդյունքում` մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացված խորը ուսումնասիրություններով Հայաստանում ներկայիս փուլում նախընտրելի է համարվում ապահովագրության համակարգի ներդրումը սկզբնական փուլում բուսաբուծության ճյուղում: Հավանության արժանացած Շվեյցարական «Բիզնես և ֆինանսական խորհրդատվություն» (BFCconsulting) կազմակերպության ծրագրով, որը նախատեսում է Գերմանական զարգացման բանկի (KFW) հետ` տեխնիկական աջակցության շրջանակներում փորձնական ծրագրի իրականացում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապահովագրական գործընթացում անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը, մասնավորապես սուբսիդավորում է ապահովագրական վճարների զգալի մասը: Գերմանական զարգացման բանկի (KFW) կողմից ներկայացված ծրագրային առաջարկով նույնպես ապահովագրական ծրագրի սուբսիդավորումը համարվում է անհրաժեշտ պայման` ծրագիրը սկսելու համար: Առաջարկվում է նաև հանրապետության գյուղատնտեսությունում մասամբ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը: Հաշվի առնելով ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ռիսկերի մեղմման գործում, դիտարկելով բնության կողմից գյուղատնտեսությանը հասցվող պարբերական վնասները, Գերմանական զարգացման բանկի կողմից ներկայացված ծրագրային առաջարկի հիման վրա ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը ապահովելու համար անհրաժեշտ է.
1) առաջիկա մեկ երկու տարում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացում.
2) փորձնական ծրագրի դրական արդյունքների պայմաններում` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի հիմնական ծրագրի ներդրում:
55. Երկրագնդի կլիմայի գլոբալ փոփոխությունն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների ձևավորման վրա: Անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով հանրապետության ջրամբարները լցվում են կիսով չափ, որի արդյունքում ոռոգման շրջանում ջրի խիստ պակաս է զգացվում: Նշված պակասը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին լրացնելը հանգեցնում է դրա էկոլոգիական վիճակի վատթարացմանը: Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աննախադեպ տեմպերով զարգացումը հանգեցրել է Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման, խմելու և կենցաղային նպատակներով օգտագործվող բազմաթիվ խորքային հորերի թողունակության նվազմանը: Ոռոգման համակարգերի զարգացումը պետք է նպատակաուղղվի խնայողական համակարգերի, մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, հաշվի առնելով, որ հանրապետությունում առկա է կաթիլային ոռոգման ներդրման զգալի պոտենցիալ`
1) Հայաստանում ներկայումս հիմնված են շուրջ 58 հազար հեկտար բազմամյա տնկարկներ` խաղողի և պտղատու այգիներ.
2) Հայաստանի Հանրապետություն կառավարության ծրագրով նախատեսվում է ստեղծել համապատասխան պայմաններ` 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար.
3) Հայաստանում ներկայումս մշակվում են շուրջ 32.5 հազ. հեկտար կարտոֆիլի, 27.4 հազ. հեկտար բանջարանոցային, 6.4 հազ. հեկտար բոստանային, 2.2 հազ. հեկտար հատապտղային մշակաբույսեր.
4) զարգացման միտումներ ունեն արդիական տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունները, որոնցում արդեն իսկ հիմնականում ներդրված են կաթիլային ոռոգման համակարգեր: Դրանց տարածքը ներկայումս կազմում է շուրջ 700 հեկտար:
56. Չնայած կաթիլային ոռոգման համակարգերի առավելություններին` ջրի տնտեսում ավելի քան 70%-ով և ջրի հավասարաչափ բաշխում, բերքատվության աճ 20-50%-ով և ոռոգման կազմակերպման ծախսերի զգալի կրճատում, բարդ ռելիեֆ ունեցող հողատարածքների ոռոգման հնարավորություն և այլն, դրանք հանրապետությունում ներկայումս լայնորեն չեն կիրառվում, ինչի հիմնական պատճառներն են դրանց ներդրման համեմատաբար մեծ ծախսերը և որոշ առումով մակերեսային ոռոգման ու միկրոոռոգման առավելությունների վերաբերյալ ջրօգտագործողների իրազեկության ցածր մակարդակը:
57. Կաթիլային ոռոգման համակարգերի կիրառման խթանման համար անհրաժեշտ է ձևավորել պահանջարկ, որտեղ կարևորվում է խորհրդատվական և ուսուցողական ծրագրերի իրականացումը, մասնավորապես` ցուցադրական տնտեսությունների հիմնումը, ֆերմերների համար սեմինարների, դասընթացների կազմակերպումը: Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը կարող են նպաստել նաև համապատասխան սարքավորումների տեղական արտադրության կազմակերպման աջակցությունը, տնտեսավարողներին համակարգերի ներդրման համար մատչելի վարկային միջոցների տրամադրումը կամ լիզինգի կիրառումը:
58. Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես` ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության արդիական մեթոդներ: Ելնելով ստեղծված իրավիճակից` անհրաժեշտություն է առաջացել մշակել Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության պիլոտային ծրագրերի նախագծեր, որով կնախատեսվեն կարկտահարությունից խոցելիության նվազեցման նպատակով ստեղծել վաղ նախազգուշացման և անհետաձգելի օպերատիվ աշխատանքների իրականացման համակարգ: Հարավ-արևմտյան սահմանամերձ տարածքների պաշտպանությունը կունենա դրական ազդեցություն նաև հանրապետության մյուս տարածքների վրա, քանի որ հիմնականում արևմուտքից ներթափանցող կարկտավտանգավոր ամպերի վրա ակտիվ ներգործությունը կթուլացնի դրանց կարկտավտանգավորությունը, որոնք հետագայում, շարժվելով Հայաստանի Հանրապետության տարածքի խորքերը, ավելի նվազ վնասներ կհասցնեն չպաշտպանվող տարածքներին: Ներկայումս ՀՀ տարածքում տեղակայված թվով 496 գազագեներատորային հակակարկտային կայանքների զգալի մասը տեղաբաշխված են տարերայնորեն, ինչը բերում է ակտիվ ներգործությունների ֆիզիկական արդյունավետության նվազմանը: Գործող հակակարկտային կայանքները տեղակայված են` ՀՀ Շիրակի մարզում թվով 64 հակակարկտային գազագեներատորային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված 5120 հա (6.5%) տարածք, ՀՀ Արարատի մարզում տեղադրված թվով 92 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված 7360 հա (29.0%) տարածք, ՀՀ Արմավիրի մարզում տեղադրված են թվով 206 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված մոտ 16480 հա (39.8%) տարածք, ՀՀ Արագածոտնի մարզում ներկայումս գործում է ռադիոտեղորոշիչ համակարգ և տեղադրված են թվով 62 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված 4960.0 հա (9.2%) տարածք, ՀՀ Լոռու մարզում ներկայումս գործում է ռադիոտեղորոշիչ համակարգ և տեղադրված են թվով 33 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված 2640.0 հա (6.3%) տարածք, ՀՀ Տավուշի մարզում տեղադրված են թվով 13 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված մոտ 1040 հա (4.1%) տարածք, ՀՀ Վայոց Ձորի մարզում տեղադրված են թվով 7 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված մոտ 560 հա (3.5%) տարածք, ՀՀ Կոտայքի մարզում տեղադրված են թվով 19 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված մոտ 1520 հա (4.0%) տարածք:
59. Հակակարկտային կայանների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները: Կարկուտի դեմ պայքարի հակակարկտային կայաններ և մնացած այլ վայրերում հակակարկտային ցանցեր տեղադրելու մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքներում նպատակահարմար է ներգրավել միջազգային մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսաստանի Դաշնության «Անտիգրադ» մասնագիտացված կազմակերպության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ համատեղ իրականացվող համալիր ուսումնասիրության արդյունքում կմշակվի Հայաստանի Հանրապետության տարածքի հակակարկտային պաշտպանության կազմակերպման միջոցառումների ծրագիր: Հակակարկտային պաշտպանության տարածքների ընդլայնումը և պաշտպանության իրականացման նոր համակարգի ձևավորումը կնպաստի գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանը և էականորեն կբարձրացնի ճյուղի գրավչությունն ապահովագրական ընկերությունների համար: Հակակարկտային համակարգերի ներդրմամբ հնարավորություն է ընձեռվում նվազեցնել կարկտահարության պատճառած միջին տարեկան կորուստները ավելի քան 90%-ով:
60. Համեմատելով Հայաստանում այգեգործության վարման մակարդակը աշխարհում այս ոլորտում ընթացող զարգացումների, կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների հետ, համոզվում ենք, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում այգու մշակության տեխնոլոգիաները չեն բավարարում արդի պահանջները: 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում խաղողի այգիների տարածքները կազմել են 17.3, իսկ պտղատու այգիներինը` 40,6 հազար հեկտար, համախառն արտադրանքը համապատասխանաբար կազմել է` 309.2 և 386.5 հազ.տոննա: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում պտղի և հատապտղի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 7.6, իսկ խաղողինը` 4.8 տոկոս: Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում, կարկտահարությունների դեպքում, երաշխավորված բերքի ու տնտեսավարողների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց կարող է հանդիսանալ խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրումը: Ցանցերի միջոցով հակակարկտային պաշտպանություն ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է պիլոտային ծրագրերի տեսքով, և ցանցերի մասսայական կիրառում դեռևս չի իրականացվում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել պետական նպատակային քաղաքականության կիրառմամբ հանրապետությունում խթանել պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրումը, ընդ որում, հանրապետության այն գոտիները, որոնք հնարավոր չի լինի պաշտպանել մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված տեխնիկական միջոցներով, պետք է պաշտպանված լինեն կարկտապաշտպան ցանցային համակարգերի միջոցով: ՈՒսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրմանը խոչընդոտող գործոններն են`
1) կարկտապաշտպան միջոցների բարձր գինը.
2) պտղաբուծությամբ և խաղողագործությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ կարկտապաշտպան միջոցների ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը.
3) վարկերի դժվարամատչելիությունը (կարճաժամկետ և բարձր տոկոսադրույքներ).
4) գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ համակարգի վերաբերյալ իրազեկվածության պակասը.
5) տեղական արտադրություն բացակայությունը:
61. Կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման խոչընդոտների մեղմման նպատակով առաջարկվում է.
1) մշակել նպատակային երկարաժամկետ, մատչելի (ցածր տոկոսադրույքներով և երկարաժամկետ) վարկավորման մեխանիզմներ` կարկտապաշտպան ցանցային միջոցների ներդրման համար.
2) բարձրացնել տնտեսավարողների իրազեկվածությունը, կարկտապաշտպան ցանցային միջոցներ ներդրված այգիներում կազմակերպել ցուցադրական ուսուցումներ.
3) տարբեր մեխանիզմներով (նպատակային մատչելի վարկեր, դրամաշնորհներ, ծախսերի մասնակի սուբսիդավորում, տեխնոլոգիաների իրազեկում) աջակցել կարկտապաշտպան ցանցաշերտերի ներդրմանը և տեղական արտադրության կազմակերպմանը:
62. Բանջարաբուծության մեջ գնալով ծավալվում է վաղ գարնանը` ծլարձակման, թփակալման, ծաղկման ու պտղի ձևավորման սկզբնական փուլում պոլիէթիլենային թաղանթների տակ բույսերի աճեցումը: Վերջինս որոշակիորեն հանդիսանում է պաշտպանիչ միջոց ցրտահարությունից, կարկտահարությունից և այլն: Այդ թաղանթները լայնորեն կիրառվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ժամանակ և նպաստում են մոլախոտների վերացմանը, բերքի ապրանքային տեսքի պահպանմանն ու փթախտային հիվանդությունների կանխարգելմանը:
63. Գյուղատնտեսության համար ուղղակի շրջադարձային նշանակություն կարող է ունենալ բերքի ստացման ավտոմատ կառավարման համակարգի ներդրումը: Վերջինս հնարավորություն է ընձեռում ամբողջ վեգետացիայի ընթացքում հատուկ համակարգչային ծրագրով հետևել բույսերի աճին ու զարգացմանը, ցուցիչների որոշակի համակարգի օգնությամբ ավտոմատ կարգավորել` ոռոգման, պարարտացման, բուժման և այլ գործողությունները: Ներկայումս այս համակարգը կիրառվում է նոր տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսություններում, բայց որոշակի գործընթացներ (խոնավության ավտոմատ կարգավորում, սնուցում, բուժում և այլն) իրականացվում է նաև դաշտային պայմաններում:
64. Բազմամյա տնկարկները հայտնվում են ռիսկային վիճակում նաև հեղեղումների ժամանակ: Այս վտանգի ազդեցությունը արտահայտվում է ջրանցքների և ոռոգման ակոսների քանդմամբ, հողի հումուսային շերտի և տնկարկների վնասմամբ, ու բերքի կորստով: Տվյալ դեպքում ռիսկի մեղմման տարբերակները ներառում են գետերի ափերին պաշտպանիչ պատնեշների կառուցումը, դաշտերի եզրերին և գետերի ափերին ծառերի տնկումը, ինտենսիվ պարարտացումը: Բացի պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից, վտանգի մեղմմանը կարող է նպաստել նաև կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ խորհրդատվական համակարգի կողմից տնտեսավարողներին մատուցվող խորհրդատվությունը հեղեղների վնասների կանխարգելման և մեղմման ուղղությամբ:
65. Մշակաբույսերը և բազմամյա տնկարկներն առավել շատ են ենթարկվում բնակլիմայական պայմանների ազդեցությանը: Արտադրական գործընթացի ժամանակահատվածը, երբ աշխատանքի առարկան ենթարկվում է բնական գործընթացների ազդեցությանը, այլ ճյուղերի համեմատությամբ այստեղ էապես երկար է: Հաճախ մշակաբույսերի ցանքատարածություններն ամիսներ շարունակ գտնվում են կլիմայական և այլ բնական գործոնների ազդեցության տակ:: Կարևորվում է նաև հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարված, բարձր մթերատու հատկանիշներով գյուղատնտեսական կենդանիների աշխարհագրության ընդլայնումը: Նշված ուղղությամբ բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման համար անհրաժեշտ է.
1) հացահատիկային և կերային մշակաբույսերի, կարտոֆիլի և բանջարեղենի բարձր վերարտադրության, բնակլիմայական պայմաններին հարմարված սերմացուների կայուն սորտաթարմացման, տեսականու ընդլայնման և սերմերի որակի ստուգման գործընթացի կազմակերպման բարելավում.
2) հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացման ծրագրերի շարունակում և այս բնագավառում տեղական հնարավորությունների օգտագործման ընդլայնում, մասնավորապես.
ա. հանրապետությունում իրականացնել մշակաբույսերի սորտային նոր քաղաքականության գործընթաց` «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտու համար նոր կայուն սորտերի ստեղծում և նոր առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ տեղանքի եղանակային պայմաններին հարմարեցված բարձր վերարտադրության սերմերի արտադրության կազմակերպում,
բ. «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի միջոցով աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու և հատիկաընդեղենի, հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիների համար ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդությունների և վնասատուների դեմ առավել կենսունակ, նոր կայուն սորտերի և բարձր վերարտադրության սերմերի արտադրություն,
գ. հաշվի առնելով տարածաշրջանային բնակլիմայական պայմանները, մասնավոր սերմնաբուծական տնտեսությունների միջոցով էլիտային սերմերի վերարտադրության ընդլայնում` հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիների համար:
դ. «Բանջար-բոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով բանջար-բոստանային մշակաբույսերի տեղական` ցրտադիմացկուն, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն սորտերի սերմարտադրության կազմակերպում:
3) հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարված կենդանիների տեղական (էնդեմիկ) ցեղերի գենոֆոնդի պահպանումը, գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու ցեղերի գենետիկական ներուժի` սելեկցիոն նպատակներով օգտագործում և արհեստական սերմնավորման գործընթացում ընդգրկված անասնագլխաքանակի ավելացման արդյունքում ստացվող մատղաշի տոհմային ու մթերատու հատկանիշների բարելավում.
4) բարձր վերարարտադրության սերմերի և տոհմային անասնագլխաքանակի գնի մի մասի սուբսիդավորման ծրագրերի իրականացման միջոցով դրանց կիրառման հնարավորությունների ընդլայնում, արդյունքում` գյուղատնտեսության կայունության բարձրացում.
5) տնկարանային տնտեսությունների ստեղծման խթանումը և գործողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը նպատակահարմար է համարվում իրականացնել գյուղատնտեսության աջակցության տարբեր դրամաշնորհային և վարկային ծրագրերի շրջանակներում:
66. Բնակլիմայական աղետների ճշգրիտ կանխատեսումների, նախազգուշացման արդյունավետ մեթոդների կիրառման միջոցով ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման, բնակլիմայական աղետների դեմ պայքարի ժամանակակից գիտական, տեխնիկական և ավանդական միջոցների կիրառման աշխարհագրության ընդլայնման և նշված միջոցների զուգահեռ կիրառման խրախուսման գործում կարևորվում է հատկապես խորհրդատվական համակարգի դերը, վերջինիս պատրաստվածության ապահովման համար անձնակազմի պարբերական վերապատրաստումների անցկացումը:
67. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման գործում կարևորվում է պայքարի ժամանակակից միջոցներ արտադրող հայրենական տնտեսվարողների հետ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը: Ներկայումս հանրապետությունում բնակլիմայական աղետների դեմ պայքարի և մթնոլորտային այլ երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցներ են արտադրում հիմնականում «Լոկատոր» ՓԲԸ-ն և «Բարվա» ինովացիոն կենտրոնը:
68. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրվում են հակակարկտային պաշտպանության և մթնոլորտային այլ երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցներ: Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ պայմանավորված հնարավորություն է ստեղծվել անհրաժեշտության դեպքում, մատչելի պայմաններով ձեռք բերել և ներդնել անդամ երկրներում արտադրված, տեղական պահանջները բավարարող ժամանակակից նոր սերնդի պայքարի միջոցներ: Մասնավորապես, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արտադրվող մթնոլորտային վտանգավոր երևույթների հայտնաբերման ժամանակակից տեխնիկական միջոց, պետք է նշել Ռուսաստանի Դաշնության արտադրության «ԴՄՌԼ-10»(ԴՄՐԼ-10) ռադիոլոկացիոն կայանը: Այն նախատեսված է ամպերի, տեղումների և նրանց հետ կապված եղանակային վտանգավոր երևույթների հայտնաբերման և դասակարգման, տարբեր եղանակային տվյալների (անդրադարձելիությունը, արագությունը, սպեկտրի լայնությունը) բաշխումը տարբեր մակարդակների վրա արտացոլելու, կարկուտի և նրան ուղեկցող երևույթների կանխման և տեղումների արհեստական կարգավորման նպատակով կարկուտի և այլ ամպային պրոցեսների վրա ակտիվ ազդեցության վերաբերյալ տեղեկատվության (ամպրոպ, փոթորիկ, մրրիկ, հորդառատ անձրև և այլն) ստացման համար: Կայանը ընդունակ է աշխատելու ավտոմատ ռեժիմով: Նրա գործողության շառավիղը կազմում է 250 կմ, ազիմուտը` 3600, բարձրության տիրույթը` մինչև 20 կմ:
69. «Բարվա» ինովացիոն կենտրոնի և ֆրանսիական «Սկիդետեկ» (SkyDetect) ընկերության կողմից համատեղ արտադրված և նմանատիպ այլ մետեոռադարները ուսումնասիրվել են ՀՀ վարչապետի 2013 թվականի մայիսի 21-ի թիվ 371-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և առաջատար միջազգային մասնագիտական կառույցների կողմից, որոնց ՀՀ տարածքում իրականացվող հակակարկտային միջոցառումների ժամանակ կիրառման վերաբերյալ տրվել է բացասական գնահատական: Եվրասիական տնտեսական միությունում արտադրվող «ԴՄՌԼ-10» ռադիոլոկացիոն կայանը, որպես մթնոլորտային վտանգավոր երևույթների հայտնաբերման ժամանակակից տեխնիկական միջոց, նոր սերնդի է, իր տեխնիկական հարաչափերով գերազանցում է շուկայում առկա նմանակներին, ավելի էժան է և նպատակահարմար է կիրառման համար:
70. Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների արդյունավետության վերաբերյալ տարակարծություններն ու անորոշությունները հաշվի առնելով, ներառյալ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հրահանգներն ու որոշումները` հակակարկտային գործողությունների իրականացման տեխնոլոգիաների կիրառման առումով, այդ տեխնոլոգիաները պետք է ենթարկվեն բազմակողմանի ուսումնասիրությունների` բնության վրա բացասական ուղղակի ու անուղղակի ազդեցությունը բացառելու, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական արդյունավետությունը ապահովելու համար: Անհրաժեշտ է բացառել նաև Հայաստանի Հանրապետության մարզերում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցների կամայական վայրերում տեղադրումը և շահագործումը:
71. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման գործում պայքարի ժամանակակից միջոցներ արտադրող հայրենական տնտեսվարողների հետ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը ենթադրում է.
1) համապատասխան մասնագիտացված պետական և մասնավոր կառույցների մասնակցությամբ արտադրվող սարքավորումների փորձարկումների անցկացում` դրանց կիրառման արդյունավետության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նպատակով.
2) փորձարկումների դրական արդյունքների պայմաններում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների հստակեցում, մասնավորապես`
ա. արտադրանքի անհրաժեշտ ծավալների ապահովման համար բարենպաստ պայմանների ստեղծում,
բ. պայքարի միջոցների հասանելիությունն ապահովող միջոցառումների իրականացում` տնտեսավարողներին խորհրդատվության մատուցման, մատչելի վարկային միջոցների ներգրավման, արտադրանքի գնի սուբսիդավորման, լիզինգային մեխանիզմների կիրառման միջոցով:
VIII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
72. Հայեցակարգի ռիսկերն են.
1) իրավիճակի ոչ ճիշտ գնահատման հետևանքով բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման ոչ արդյունավետ ուղղությունների սահմանումը.
2) բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման նախանշված ուղղությունների կիրառման գործուն մեխանիզմների առաջադրման բարդությունները.
3) բնակլիմայական աղետների դեմ պայքարի միջոցների ներդրման տարածքային համամասնությունների ոչ ճիշտ գնահատումը և տեղաբաշխումը.
4) ակնկալվող միջոցների գերագնահատումը:
73. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`
1) բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման նախանշված ուղղություններով նախատեսվող ծրագրերի մշակման գործընթացում, հիմնավորվածության ապահովման համար շահագրգիռ բոլոր կողմերի հնարավոր մասնակցության ապահովումը.
2) բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման նախանշված ուղղությունների ներդրման գործընթացում, հանրապետության մարզերի տարածաշրջանների առանձնահատկությունների և գյուղատնտեսության առանձնահատկությունների ու մասնագիտական հնարավոր հաշվառումը.
3) բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման գործընթացում օտարերկրյա պետությունների մասնագիտացված կառույցների ներգրավման հնարավոր ապահովումը:
IX.ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
74. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի իրականացումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը
75. Հայեցակարգի դրույթների գործնական կիրառումը հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար:
76. Հայեցակարգի իրականացումը կխթանի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը, կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գյուղում սոցիալական աղքատության հաղթահարմանը և արդյունքում` կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
X.ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՏԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
77. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի իրականացման ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել`
1) պետական բյուջեն.
2) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները.
3) գյուղատնտեսությունում տնտեսավարողների ներդրումները.
4) հայրենական կազմակերպությունների ներդրումները.
5) միջազգային և դոնոր կազմակերպությունների ներդրումները.
6) վարկային ռեսուրսները.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
78. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին կիրականացվեն սույն հայեցակարգի 52-րդ կետի 9-րդ ենթակետում նշված ուղղություններով միջոցառումները, որոնց իրականացման համար ինչպես Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 723-Ն որոշմամբ 2018-2019 թվականների համար նախատեսված են համապատասխան գումարներ: Այլ ուղղություններով միջոցառումների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կիրականացվի տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կամ նախատեսվող միջոցառումների իրականացման համար սահմանված կարգով կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու առաջարկություն և բյուջետային հայտ:
79. Հայաստանի Հանրապետության մարզերում հրթիռային կայանքների միջոցով հակակարկտային պաշտպանության ֆինանսական ծախսերը մեկ հրթիռային կայանքի հաշվարկով (հեռակառավարվող, ամբողջովին ավտոմատ ռեժիմով աշխատող «Էլիա-2» արձակիչ կայանք) կկազմի շուրջ 9.7 մլն դրամ: Մեկ հրթիռի արժեքը կազմում է 102-145 հազ. դրամ, մեկ 4-րդ կարգի ներգործման օբյեկտի (ամպի) ազդանյութային ցանքսի համար կպահանջվի 2.0-3.0 մլն դրամ, որով հնարավոր կլինի պաշտպանել մինչև 30.0 հազ. հա տարածք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հակակարկտային պաշտպանություն կազմակերպելու համալիր ուսումնասիրության արդյունքում միջոցառումների ծրագրով կիրականացվի ֆինանսական գնահատում և կնախանշվեն ֆինանսավորման աղբյուրները:
80. Հայաստանի գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը` ֆինանսավորելով ապահովագրավճարների սուբսիդավորման ծրագիրը առաջին չորս տարիներին` շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով` ՀՀ կառավարության հետ հավասար ֆինանսավորման հիմունքներով:
81. Մեկ հեկտար խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցային համակարգի ներդրման համար պահանջվող ֆինանսական միջոցները, նախնական հաշվարկներով, համապատասխանաբար կազմում են 3.6-6.0 և 9.0-10.0 մլն դրամ` կախված տեսակից, տնկարկի տարածքի դիրքից, օգտագործվող սարքավորումներից, նյութերից և այլ գործոններից:
82. Հայաստանում ներկա դրությամբ գազագեներատորային հակակարկտային մեկ կայանքի բազային մոդելի մոտավոր միջին արժեքը կազմում է շուրջ 3500,0 հազ. դրամ: Մասնավորապես.
1) «Զենիթ» հակակարկտային կայան «Տուրբո» (պաշտպանվող տարածը` շուրջ 100 հա)-3.0 մլն դրամ.
2) «Զենիթ» հակակարկտային կայան «Տրիո» (պաշտպանվող տարածը` շուրջ 300 հա)-7.0 մլն դրամ.
3) մինի մետեոռադարային ռոբոտ կայան (որը տեղադրվում է հակակարկտային կայանի վրա և հնարավորություն է տալիս ավտոնոմ ռեժիմով պաշտպանել 2 կմ շառավղով տարածք)-շուրջ 450.0 հազ. դրամ.
4) անձրևային տեղումների խթանման համակարգ «ՌեինՍտիմ» (ReinStim)- 150.0 մլն դրամ.
5) ցրտահարությունից այգիները պաշտպանող «ԱնտիՖրոստ» (AntiFrost) սարքավորում-2.0 մլն դրամ:
83. Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման համակարգերի ներդրման ֆինանսական կոնկրետ գնահատականները հնարավոր կլինի ներկայացնել հայեցակարգի դրույթներից բխող միջոցառումների ծրագրի շրջանակներում:
XI.ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
84. Գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, որը կարևորվում է ինչպես մակրոտնտեսական կայունության, գյուղական բնակավայրերում զբաղվածության, գյուղական բնակչության եկամուտների ապահովման ու կենսամակարդակի բարձրացման և որ ամենակարևորն է` բնակչության պարենային անվտանգության ապահովման գործում: Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային, որը գլխավորապես պայմանավորված է բնակլիմայական գործոններով:
85. Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, վարվող պետական քաղաքականության և պետական աջակցության արդյունքում ոլորտում առկա են կայունացման ու զարգացման նախադրյալներ: Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսության ոլորտի առջև դեռևս ծառացած են բազմաթիվ խնդիրներ: Ոլորտում առկա խնդիրների լուծումը ներդրումների ներգրավման և պետական օժանդակության անհրաժեշտություն ունի: Գյուղատնտեսությանը մշտապես բնորոշ բազմաթիվ ու բազմապիսի ռիսկերը ժամանակի տարբեր պահերին իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոլորտի կայունության և զարգացման վրա` մեծապես պայմանավորված բնակլիմայական (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն, երաշտ, փոթորիկ և այլն) գործոններով: Ռիսկերի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում դրանք կառավարելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար: Դրա համար պահանջվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրում, որի շրջանակներում կարևորվում է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման բնագավառում համակարգված քաղաքականության իրականացումը և համապատասխան միջոցառումների իրականացումը, որին էլ ուղղված են սույն հայեցակարգի դրույթները: