Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 339-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը.

i

2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անհատական ծրագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով:».

3) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 3-րդ կետի 6-րդ ենթակետը «հեռախոսահամարը,» բառից հետո լրացնել «այդ թվում` բջջային և (կամ)» բառերով,

i

բ. 12.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.2-րդ կետով.

«12.2. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնի կողմից համարվում է հրավիրված` բջջային հեռախոսին և (կամ) էլեկտրոնային հասցեին տարածքային կենտրոն ներկայանալու օրվա մասին հաղորդագրություն ստանալու կամ այդ հաղորդագրությունը գործակալության պաշտոնական կայքէջում (www.employment.am) տեղադրվելու դեպքերում: Բջջային հեռախոսի և էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում հաղորդագրությունը տեղադրվում է գործակալության պաշտոնական կայքէջում, և հաշվառման օրն աշխատանք փնտրող անձին տրվում է համապատասխան ծածկագիր` այդ հաղորդագրությանն էլեկտրոնային եղանակով ծանոթանալու համար: Հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու դեպքում տարածքային կենտրոն ներկայանալու օր է համարվում հաղորդագրությունը կայքէջում տեղադրվելու օրվան հաջորդող մինչև հինգերորդ աշխատանքային օրն ընկած ժամանակահատվածի ցանկացած աշխատանքային օրը, որի մասին տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է տարածքային կենտրոնում հաշվառվելու օրը:»,

i

գ. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Այն դեպքում, երբ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բնակչության անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր հաշվառումն իրականացրած տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր, աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում հաշվառվելու համար գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե): Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրն աշխատանք փնտրող տվյալ անձի նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը նրան հանում է հաշվառումից: Աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում համարվում է հաշվառված` նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից իրեն հաշվառումից հանելու օրը:»,

i

դ. 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 6 հավելվածի`

i

ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

 

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

թիվը տվյալ մարզում (Երևան քաղաքում), տարածքում

«8) Ը = ___________________________________________________________ ,»,

կանխատեսվող թափուր աշխատատեղերի և նոր ստեղծվող աշխատատեղերի

ընդհանուր թիվը

 

i

բ. 4-րդ կետն «Է» չափանիշի կշիռը` Կ7» բառերից հետո լրացնել «Ը» չափանիշի կշիռը` Կ8» բառերով, իսկ «Մթ=Կ1xԱ+Կ2xԲ+Կ3xԳ+Կ4xԴ+Կ5xԵ+Կ6xԶ+Կ7xԷ» բառերը փոխարինել «Մթ=Կ1xԱ+Կ2xԲ+Կ3xԳ+Կ4xԴ+Կ5xԵ+Կ6xԶ+Կ7xԷ+Կ8xԸ» բառերով.

5) որոշման N 7 հավելվածի`

i

ա. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) Երևան քաղաքում առնվազն 200 աշխատանք փնտրող անձի, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում առնվազն 50 աշխատանք փնտրող անձի մասնակցության դեպքում:»,

i

բ. 8-րդ կետում «մեկ ամիս» բառերը փոխարինել «10 աշխատանքային օր» բառերով,

i

գ. 10-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով.

6) որոշման N 8 հավելվածի`

i

ա. II գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

 

5. Սույն գլխով կարգավորվում են տարածքային կենտրոններում հաշվառված անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման ենթածրագրի (այսուհետ` ենթածրագիր 1) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

6. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 1-ում` ենթածրագիր 1-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:

7. Անմրցունակ անձին տրվում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:

9. Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար ենթածրագիր 1-ն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` ԲՍՓԳ) տարածքային մարմինների կամ ԲՍՓԳ-ի վերափորձաքննության բաժնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

10. Անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓՉ = 200000 x (ԿՉ1 + ԿՉ2 +...+ ԿՉ12 x ԱՉԹ),

որտեղ`

ՄՓՉ-ն միանվագ փոխհատուցման չափն է,

ԿՉ1-ԿՉ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշների կշիռներն են,

Չ1-Չ12-ը միանվագ փոխհատուցման չափի որոշման չափանիշներն են, ընդ որում`

Չ1` անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն,

Չ2` անձն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ,

Չ3` անձն ունի 3-րդ խմբի հաշմանդամություն,

Չ4` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 0.00-20.00 միջակայքում,

Չ5` ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և անապահովության միավորը գտնվում է 20.01-30.00 միջակայքում,

Չ6` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը գտնվում է 30.01 - 45.00 միջակայքում,

Չ7` ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, և անապահովության միավորը 45.01 և դրանից բարձր է,

Չ8` անձը բնակվում է սահմանամերձ բնակավայրում,

Չ9` անձը բնակվում է լեռնային բնակավայրում,

Չ10` անձը բնակվում է բարձր լեռնային բնակավայրում,

Չ11` անձը գտնվում է 16-30 տարիքային խմբում,

Չ12` այլ չափանիշներ, որոնցում ներառվում են`

ա. անձը գտնվում է 31-63 տարիքային խմբում,

բ. անձը 3 ամսվանից մինչև մեկ տարի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

գ. անձը մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,

դ. անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է կենտրոնում,

ե. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,

զ. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից,

է. թրաֆիքինգի զոհ է,

ը. անձի փախստական լինելու հանգամանքը,

թ. անձն ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ,

ժ. անձն ունի մասնագիտություն (որակավորում), սակայն տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,

ժա. չունի մասնագիտություն (որակավորում) և տարածքային կենտրոնում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակից և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն,

ժբ. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժգ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

ժդ. անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային,

ԱՉԹ` այլ չափանիշների թիվը, որոնք բավարարում է անձը:

11. Միանվագ փոխհատուցման չափը որոշող չափանիշների կշիռները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

12. Միանվագ փոխհատուցման չափը 200.0 հազ. դրամից ավելի լինելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում` 200.0 հազ. դրամի չափով:

13. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 1-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական համակարգում: Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում` տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:

14. Տարածքային կենտրոնը տվյալ տարվա ոչ ուշ, քան հունվարի տասներորդ աշխատանքային օրը և յուրաքանչյուր հաջորդ եռամսյակին նախորդող ամսվա վերջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում բոլոր համագործակցող գործատուներին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է ամփոփ տեղեկատվություն ենթածրագիր 1-ի պայմանների մասին:

15. Գործատուն էլեկտրոնային եղանակով տարածքային կենտրոն է ներկայացնում ենթածրագիր 1-ի մասնակցության հայտ` նշելով իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկությունները (հասցեն, հեռախոսահամարը, այդ թվում` բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն) և հարմար եղանակը, միաժամանակ կցելով նախարարի հաստատած ձևին համապատասխան` իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին հայտը:

16. Տարածքային կենտրոնը գործատուի մասնակցության մասին հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն մուտքագրում է տեղեկատվական համակարգում և դրա մասին տեղեկացնում գործակալությանը:

17. Գործակալությունը գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը ենթածրագիր 1-ի աջակցությամբ համալրելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով`

1) կատարում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ընտրություն` հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված առաջնահերթությունները.

2) ըստ առաջնահերթությունների հերթականության` ձևավորում է ենթածրագիր 1-ում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց ցուցակը (այսուհետ` ցուցակ) և ուղարկում համապատասխան տարածքային կենտրոններ:

18. Տարածքային կենտրոնը ցուցակն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձին սահմանված կարգով հրավիրում է տարածքային կենտրոն:

19. Ցուցակում ընդգրկված և տարածքային կենտրոն ներկայացած անմրցունակ անձին տարածքային կենտրոնը տրամադրում է ենթածրագիր 1-ի վերաբերյալ խորհրդատվություն:

20. Տարածքային կենտրոնը ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց ուղեգրում է ենթածրագիր 1-ում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով անմրցունակ անձանց մասին տեղեկատվությունը, ուղեգրման ենթակա անմրցունակ անձանց թիվը և գործատուին անմրցունակ անձանց այցելելու օրը, ժամը` նախապես համաձայնեցնելով գործատուի հետ:

21. Եթե գործատուն չի համաձայնում նույն օրն ընդունել ցուցակում ընդգրկված բոլոր անմրցունակ անձանց, ապա տարածքային կենտրոնը, գործատուի հետ համաձայնեցնելով ուղեգրվող անձանց թիվը և օրն ու ժամը, գործատուի մոտ է ուղեգրում անմրցունակ անձանց` ըստ ցուցակում նշված առաջնահերթությունների:

21.1. Գործատուի մասնակցության հայտը չեղարկվում է`

1) գործատուի պահանջով կամ`

2) եթե նրա մոտ առկա թափուր աշխատատեղը համալրվում է անմրցունակ անձով կամ`

3) եթե գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ցուցակում ընդգրկված անմրցունակ անձանց:

21.2. Տարածքային կենտրոնի կողմից գործատուի մոտ ուղեգրված անմրցունակ անձին առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում առնվազն 12 ամիս ժամկետով աշխատանքի ընդունելու դեպքում գործատուի, տարածքային կենտրոնի և անմրցունակ անձի միջև կնքվում է անմրցունակ անձի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1)` երեք օրինակից, նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

21.3. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման օրը:

21.4. Անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն կամ ուղարկում էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:

21.5. Անմրցունակ անձին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով:

21.6. Տարածքային կենտրոնը ենթածրագիր 1-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, անմրցունակ անձի կողմից առաջարկի ընդունման կամ չընդունման, ինչպես նաև գործատուի կողմից անմրցունակ անձի մերժման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` դրան կցելով ուղեգիրը, իսկ դրա բացակայության դեպքում` էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համապատասխան հաղորդագրությունը:

21.7. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն էլեկտրոնային եղանակով գործակալություն է ուղարկում ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

21.8. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոններից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված ենթածրագիր 1-ի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

21.9. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ենթածրագիր 1-ի ծախսերի նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների:

21.10. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է գործակալությանը:

21.11. Գործակալությունը նախարարության աշխատակազմից հաստատված ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Քլայնթ Թրեժրի» («Client Treasury») էլեկտրոնային ծրագրային համակարգում:

21.12. Տարածքային կենտրոնն աշխատանքային պայմանագրի կրկնօրինակն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը սահմանված կարգով փոխանցում է գործատուի բանկային հաշվի համարին:

21.13. Ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`

1) գործատուի կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

ա. գործատուի նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր,

բ. այն ժամկետում, որի ընթացքում անմրցունակ անձի համար գործատուի կողմից վճարված եկամտային հարկի գումարը չի գերազանցում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված փոխհատուցման գումարի չափը.

2) ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից, եթե սույն կարգի 21.3-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր.

3) գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր:

21.14. Միանվագ փոխհատուցման գումարը ենթակա չէ վերադարձման, եթե ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո սույն կարգի 21.13-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված ժամկետներում լուծում է աշխատանքային պայմանագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ` առնվազն սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետով:

21.15. Սույն կարգի 21.14-րդ կետով նախատեսված դեպքում այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո դրա պատճենը ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տարածքային կենտրոն:

21.16. Սույն կարգի 21.2-րդ կետում նշված պայմանագիր 1-ով սահմանված ժամկետում սույն կարգի 21.14-րդ կետում նշված այլ գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման` ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի կողմից:»,

i

բ. 24-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ենթածրագիր 2-ում` ենթածրագիր 2-ի ավարտից առնվազն երեք տարի հետո:»,

i

գ. 39-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով,

i

դ. 43-րդ կետի 1-ին ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, նույն կետի 2-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, իսկ նույն կետի 3-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը գործատուի և ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով.

7) որոշման N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

8) որոշման N 12 հավելվածի`

i

ա. 3-րդ կետից «ծրագրին`» բառից հետո հանել «առավելագույնը» բառը,

i

բ. 6-րդ կետն «(այսուհետ` նախարար):» բառերից հետո լրացնել «Ընդ որում, բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի հետ մեկ տարվա ընթացքում կարող է կնքվել առավելագույնը երկու պայմանագիր: Ծրագրի իրականացման առաջնահերթությունը տրվում է այն գործատուին, որը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո առնվազն մեկ տարի գործազուրկի հետ շարունակել աշխատանքային հարաբերությունները:» բառերով,

i

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման օրը: Գործազուրկի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն:»,

i

դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(գործազուրկի նպատակային սոցիալական վճար կատարող հանդիսանալու մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնն ստանում է էլեկտրոնային եղանակով անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից, կամ գործատուն ներկայացնում է համապատասխան տեղեկանք)» բառերով,

i

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տարածքային կենտրոնը սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործազուրկների ցուցակն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է գործակալություն:»,

i

զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Ծրագրի իրականացումն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում ծրագրին գործազուրկների մասնակցության մասին:»,

i

է. 13-րդ կետը «կենտրոնները» բառից հետո լրացնել «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը» բառերով,

i

ը. 13-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ձեռք բերված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:»,

i

թ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները` ըստ տարածքային կենտրոնների:»,

i

ժ. 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ժա. 19-րդ կետը «նախատեսված միջոցները:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործազուրկի նախաձեռնությամբ ծրագրի` ժամկետից շուտ դադարեցման դեպքում ծրագրի իրականացման համար ծախսված միջոցները վերադարձվում են գործազուրկի կողմից:».

9) որոշման N 13 հավելվածի`

i

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել առնվազն երեք տարի ժամկետով: Գործազուրկը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:»,

i

բ. 14-րդ կետը «ժամկետով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման օրը:»,

i

գ. 18-րդ կետում «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, իսկ սույն կարգի 15-րդ կետի և 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով` սույն կարգի 13-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

i

դ. 18-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:»,

i

ե. 19-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով,

i

զ. 23-րդ կետի 1-ին ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, նույն կետի 2-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործազուրկի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործազուրկը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, իսկ նույն կետի 3-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 36 ամիսը լրանալը գործատուի և գործազուրկի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով.

10) որոշման N 14 հավելվածի`

i

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը և 5-րդ կետի 9-րդ ենթակետն «ընտանեկան» բառից հետո լրացնել «կամ սոցիալական» բառերով,

բ. 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. առնվազն 90 օր գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված,»,

գ. 5-րդ կետի 8-րդ ենթակետում «մեկ տարվանից» բառերը փոխարինել «երեք ամսվանից» բառերով.

11) որոշման N 15 հավելվածի`

i

ա. 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:»,

i

բ. 3.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.2. Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

3.3. Սույն կարգի 3.2-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:»,

i

գ. 15-րդ կետը «կենտրոնին» բառից հետո լրացնել «, ընդ որում, գործատուի մոտ աշխատանքային գործունեության սկիզբ է համարվում աշխատանքային պայմանագրի կնքման օրը» բառերով,

դ. 22-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Սույն ծրագրի ֆինանսավորման կարգը սահմանվում է նախարարի հրամանով:»,

ե. 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

զ. 31-րդ կետի 1-ին ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալը գործատուի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ գործատուն չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, նույն կետի 2-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալն անմրցունակ անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ անմրցունակ անձը չի համաձայնել կնքել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով, իսկ նույն կետի 3-րդ ենթակետն «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 18 ամիսը լրանալը գործատուի և անմրցունակ անձի նախաձեռնությամբ լուծվել է աշխատանքային պայմանագիրը, կամ չի կնքվել սեզոնային նոր աշխատանքային պայմանագիր» բառերով.

12) որոշման N 17 հավելվածի`

i

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Անմրցունակ անձը յուրաքանչյուր հաջորդ անգամ կարող է ընդգրկվել ծրագրում` ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո:»,

i

բ. 13-րդ կետի 2-րդ ենթակետում և 17-րդ կետում «25» թիվը փոխարինել «70» թվով, իսկ 13-րդ կետի 3-րդ ենթակետում և 18-րդ կետում «70» թիվը` «25» թվով,

i

գ. 20-րդ կետը «կենտրոնները» բառից հետո լրացնել «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը» բառերով,

i

դ. 20-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Գործակալությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:»,

i

ե. 21-րդ կետում «31-ը» բառը փոխարինել «երրորդ աշխատանքային օրը» բառերով.

i

13) որոշման N 18 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Անմրցունակ անձին այցելության համար դրամական օգնությունը տրվում է առաջնահերթ, եթե`

1) նա հաշմանդամություն ունեցող անձ է.

2) նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.

3) նրա ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

4) նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացածին:».

14) որոշման N 19 հավելվածի`

i

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետն «ընտանեկան» բառից հետո լրացնել «կամ սոցիալական» բառերով,

i

բ. 11-րդ կետը «չի կարող» բառերից հետո լրացնել «ցածր լինել հիսուն հազ. դրամից, և» բառերով,

i

գ. 13-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից (այսուհետ` կազմակերպություն):

13.2. Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ծրագրի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն կազմակերպությունը`

1) տալիս է եզրակացություն հողօգտագործողի` տվյալ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսանալու իրավունքի մասին.

2) հողօգտագործողի անմիջական մասնակցությամբ` փաստագրում է մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը և չափը.

3) գնահատում է հողօգտագործողի և նրա ընտանիքի կողմից հողի մշակման կարիքներն ու հնարավորությունները և տալիս եզրակացություն.

4) կազմում է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

5) ամսական կտրվածքով իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ.

6) ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում կատարված աշխատանքների արդյունքների մասին եզրակացություն` կցելով ամփոփ կատարողական ակտը.

7) մինչև ծրագրի ավարտն աջակցում է հողօգտագործողի, ծրագրի շրջանակներում` նրա հարկային գործակալի պարտավորություններից բխող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի ու անձնավորված հաշվարկի ձևավորման և դրանք հարկային մարմին ներկայացնելու գործառույթների իրականացմանը:»,

i

դ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Գործակալության պետի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված գործակալության մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու) սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան գյուղական համայնքի ղեկավարի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա`

1) կազմակերպության ներկայացուցչի և գյուղական համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է հողօգտագործողին.

2) հողօգտագործողին, նրա` ծրագրում ընդգրկման ենթակա ընտանիքի անդամներին ծրագրի վերաբերյալ մանրամասնորեն իրազեկում է և տրամադրում խորհրդատվություն.

3) հողօգտագործողին և նրա ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամներին, այդ անձանց համաձայնությամբ, հաշվառում է որպես աշխատանք փնտրող.

4) հիմք ընդունելով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները, սույն կարգի 13.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված եզրակացությունները և պլան-ժամանակացույցը` կազմում է գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագիր` երեք օրինակից, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

5) կազմակերպության կողմից ներկայացված եզրակացության հիման վրա գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականը (այսուհետ` կատարողական):»,

i

ե. 18-րդ կետում «Ծրագրի պատասխանատուն» բառերը փոխարինել «Կազմակերպությունն» բառով, իսկ «կենտրոնի տնօրենին» բառերը` «կենտրոն» բառով,

i

զ. 19-րդ կետից «կողմից» բառից հետո հանել «գործարար ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և» բառերը,

i

է. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ը. 21-րդ կետում «Խորհրդատուները գնահատում են» բառերը փոխարինել «Կազմակերպությունը գնահատում է» բառերով, իսկ «Խորհրդատուների» բառը` «Կազմակերպության» բառով,

i

թ. 24-րդ կետում «ԳԱՄԿ-ի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով,

i

ժ. 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

ժա. 33-րդ կետից հանել «` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը» բառերը.

15) որոշման N 21 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերն «աշխատանքները» բառից հետո լրացնել «(բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների)» բառերով,

i

բ. 7-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ովքեր ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 339-Ն որոշման

 

«Հավելված N 11
ՀՀ կառավարության
2014 թվականի ապրիլի 17-ի
N 534-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների ու աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագիտական ուսուցման նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում:

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշմամբ հաստատված կարգի` երաշխավորված կազմակերպության միջոցով: Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը.

2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին.

3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հիմք ընդունելով անհատական ուսումնական պլանը:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը` բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքի, առավելագույն ժամկետը` 6 ամիս:

8. ՈՒնկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց` ըստ հաշվառման հերթականության: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տարածքային կենտրոնի համար եռամսյակային համամասնությամբ հաստատված` մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկման ենթակա անձանց թիվը գերազանցում է մասնագիտական ուսուցման դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող անձանց թիվը:

9. Մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` մասնագիտական ուսուցումից հրաժարված կամ հեռացված ունկնդիրը կարող է փոխարինվել այլ անձով` մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը նշված տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություն, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է անձի փոխարինումը` գործակալության կողմից տրամադրված փոխարինող անձանց ցուցակի հիման վրա:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, տեղեկությունների տրամադրում:

12. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը` նշելով նրանցից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, գործատուի անվանումը, գործատուի կողմից դասընթացի մասնակցին ներկայացված մասնագիտական ունակությունների և հմտությունների պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացի կանխատեսվող վերջնաժամկետը:

13. Գործակալությունը սույն կարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ամփոփում և ներկայացնում է նախարարություն, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը նախարարությունից ստացված ցուցակի հիման վրա, հիմք ընդունելով ցուցակում նշված վերջնաժամկետը, կազմակերպում է անձանց մասնագիտական ուսուցումը` անձանց բնակության վայրին առավել մոտ գտնվող ուսումնական հաստատությունում կամ կազմակերպությունում` հիմք ընդունելով առաջադրված դասընթացի պատվերն ապահովող լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննության դրական արդյունքները:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված մասնագիտական ուսուցման դասընթացն իրականացնող ուսումնական հաստատության կամ կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության երաշխավորած կազմակերպությունը կնքում է պայմանագիր: Նշված մասնագիտական ուսուցման ծախսերի փոխհատուցումը (այսուհետ` ուսուցման վճար) կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` ըստ մասնակիցների թվի և կրթական ծրագրի:

16. Մասնագիտական ուսուցման դասընթացն սկսվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը նախարարություն է ներկայացնում, իսկ նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ծրագրի կազմակերպման ժամանակացույցը:

17. Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկության, այն ընդունելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող` գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում:

18. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ` համաձայն նախապես ներկայացված լրացուցիչ կրթական ծրագրի կազմակերպման ժամանակացույցի, և մոնիթորինգի արդյունքում արձանագրված ունկնդրի կողմից դասընթացին չմասնակցելու մասին տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալություն: Գործակալությունը մոնիթորինգի արդյունքներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է նախարարություն, որն էլ իր հերթին երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

19. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի երրորդ աշխատանքային օրը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվները` կրթաթոշակի վճարման մասով (ըստ տարածքային կենտրոնների և ամփոփ):

20. ՈՒսուցման ընդհանուր վճարը հաշվարկվում է տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թվով և հատկացվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, որն իր երաշխավորած կազմակերպության միջոցով ապահովում է համապատասխան միջոցների բաշխումը` ըստ իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների` յուրաքանչյուր մասնագիտության ուսուցման մասնակիցների թվին և լրացուցիչ կրթական ծրագրին համապատասխան:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

 

21. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է տարածքային կենտրոնը:

22. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկները բանկային հաշիվ չունենալու դեպքում եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում են բանկային հաշիվ և տարածքային կենտրոն են ներկայացնում հայտարարություն իրենց բանկային հաշվի տվյալների մասին:

23. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը վճարվում է մասնագիտական ուսուցման դասընթացին մասնակցելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար. ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

24. Կրթաթոշակն անձին տրամադրվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա` ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը տարածքային կենտրոնին է տրամադրվում ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից` յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:

25. Մասնագիտական ուսուցման դասընթացների գործուղված անձանց կրթաթոշակը վճարվում է տարածքային կենտրոնի կողմից գործակալություն ներկայացված հայտի հիման վրա:

26. Մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը ենթակա է ունկնդրի կողմից վերադարձման, եթե ունկնդիրը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ, կամ տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին, կամ հեռացվել է մասնագիտական ուսուցման դասընթացից երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով:

27. ՈՒնկնդրի` ծրագրում ընդգրկվելու պահին զբաղված լինելու (բացառությամբ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ հանդիսացող ունկնդրի) կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու, կամ նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին տարածքային կենտրոնին չտեղեկացնելու դեպքերի մասին տեղեկատվությունը պարզելուց հետո տարածքային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է գործակալությանը, որն էլ իր հերթին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մասնագիտական ուսուցման դասընթացից ունկնդրի հեռացման համար:

28. ՈՒնկնդրի` երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացի չներկայանալու հիմքով մասնագիտական ուսուցման դասընթացից հեռացման դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը չորս աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը` ունկնդրին մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակներում կրթաթոշակ չվճարելու և ծրագրի շրջանակներում ունկնդրի ստացած կրթաթոշակը վերադարձնելու նպատակով:

29. ՈՒսուցում իրականացնող կազմակերպությունը մասնագիտական ուսուցման դասընթացի արդյունքում ունկնդրին վկայական շնորհելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, որն էլ իր հերթին երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն:

 

IV. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

30. Այլ միջոցների հաշվին մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունը գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվողների թիվը:

31. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն այլ միջոցների հաշվին մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունից ստացված տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն` մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկվող անձանց ցուցակն ստանալու նպատակով:

32. Այլ միջոցների հաշվին մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման ընթացքում կրթաթոշակ նախատեսված լինելու դեպքում կրթաթոշակի չափը չի կարող գերազանցել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված կրթաթոշակի չափը:

33. Այլ միջոցների հաշվին մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է ծրագրում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող անձանց:

 

V. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

34. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող աշխատանքի տեղավորման չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

 

  Տն + Տտ - Ա 
Տչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒն + ՈՒտ

 

Տչ -ն աշխատանքի տեղավորման չափանիշն է,

Տն-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Տտ-ն տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն նախորդ տարի իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված, ինչպես նաև տվյալ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` ծրագրի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում և տվյալ տարում աշխատանքի տեղավորված անձանցից (Նատ + Տատ)` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

ՈՒն-ն ընթացիկ գնահատման ցուցանիշի հաշվարկում ներառվող` նախորդ տարում իրականացված ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է,

ՈՒտ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված` մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

35. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ ձևով.

  Տ - (Ա - Ատ) 
Զկչ =_________ x 100%, որտեղ`
  ՈՒ

 

Զկչ -ն կայուն զբաղվածության չափանիշն է,

Տ-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

Ա-ն տվյալ տարվա ընթացքում իրականացված ծրագրի ավարտից հետո ծրագրում ընդգրկվածներից երեք ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված անձանցից` աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,

Ատ-ն աշխատանքի տեղավորումից հետո երեք ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո տասնօրյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,

ՈՒ-ն տվյալ տարում իրականացվող ծրագրում ընդգրկված և մասնագիտական ուսուցումն ավարտած անձանց թիվն է:

36. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների` ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 12 ամիսը:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 339-Ն
Որոշում