(ուժը կորցրել է 02.08.18 թիվ 1040-Ա որոշում)
i
041.0191.020317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2017 թվականի N 191-Ա
ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2017 թվականի մարտի 2-ի
N 191-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Յու. Ավետիսյան - ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի վարիչ (խորհրդի նախագահ)
(համաձայնությամբ)
Լ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Վ. Կատվալյան - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
տնօրեն (համաձայնությամբ)
Յու. Սուվարյան - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և
հասարակական գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի
վարիչ (համաձայնությամբ)
Ա. Ավագյան - ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան
(համաձայնությամբ)
Լ. Հովսեփյան - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ-ի
դասախոս (համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի
ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի
վարիչ (համաձայնությամբ)
Ռ. Սաքապետոյան - ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան - ՎՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Աբաջյան - ԵՊՀ-ի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ
(համաձայնությամբ)
Լ. Խաչատրյան - ՀՊՄՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ս. Զոլյան - ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և
իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող
(համաձայնությամբ)
Լ. Արզումանյան - «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով»
գործակալության պետ
Ն. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի
հայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Թելյան - ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ռ. Թարումյան - տառաստեղծ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ԼՂՀ-ի կրթության և գիտության նախարարի տեղակալ
(համաձայնությամբ)
Ռ. Տեր-Մերկերյան - հայագետ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Տոնապետյան - ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2017 թվականի մարտի 2-ի
N 191-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գրական հայերենի բոլոր իրողությունների` ուղղագրական, ուղղախոսական, հնչյունափոխական, բառային, բառակազմական, այդ թվում` տերմինաբանական, քերականական, կետադրական, ոճական նորմերի կանոնարկման աշխատանքները համակարգելու, միասնական լեզվաքաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու, ինչպես նաև ժամանակակից գրական հայերենի զարգացմանն ու հարստացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին կից ստեղծված հայերենի բարձրագույն խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Խորհուրդն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
3. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան:
4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Խորհուրդը`
1) մշակում է ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության ու տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարկման սկզբունքները.
2) գործող կանոններին և սահմանված սկզբունքներին համապատասխան քննարկում և առաջարկում է լուծումներ հայերեն բանավոր և գրավոր խոսքի առկա հիմնահարցերի, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում լեզվի կիրառման նորմերի և տերմինների, կիրառական լեզվաբանությանն առնչվող այլ հարցերի, գրական լեզվում առկա զուգաձևությունների վերաբերյալ.
3) ուսումնասիրում և ներկայացնում է առաջարկություններ առկա լեզվական իրողությունների, տեղաշարժերի ու զարգացումների վերաբերյալ.
4) լեզվական պարզաբանումներ և խորհրդատվություններ է տալիս Հայաստանի աշխարհագրական տեղանունների ծագման, գրության ձևերի, ինչպես նաև մարզերի, բնակավայրերի, թաղամասերի, համայնքների անվանման և վերանվանման և լեզվական այլ հարցերի վերաբերյալ.
5) առաջարկություններ է մշակում անվանակոչումների համար միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով.
6) առաջարկություններ է մշակում խոսակցական լեզուն գրական հայերենին հնարավորինս մերձեցնելու վերաբերյալ.
7) մշակում է որոշակի բառապաշար` տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում գրական հայերենի գործառության զարգացման նպատակով.
8) ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում հայերեն ժեստերի լեզվի կանոնարկման և կիրառման վերաբերյալ.
9) խորհրդատվություն է տալիս զանգվածային լրատվության միջոցներում հայոց լեզվի կիրառման և կանոնարկման խնդիրների վերաբերյալ.
10) ուսումնասիրություններ է կատարում և ներկայացնում է առաջարկություններ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման, առկա զուգորդումների, արևմտահայերենի ուսուցման, գործառնության, պահպանման խնդիրների վերաբերյալ.
11) առաջարկություններ է տալիս հանրապետության ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի լեզվի որակի վերաբերյալ.
12) քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները.
13) ըստ անհրաժեշտության ուսումնասիրում և քննարկում է լեզվական այլ խնդիրներ:
6. Խորհուրդն իր գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ստեղծում է ճյուղային հանձնաժողովներ, անհրաժեշտության դեպքում` նաև ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբեր, հաստատում դրանց աշխատակարգերը:
7. Խորհուրդն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական, գիտական և մշակութային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև շահագրգիռ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ
8. Խորհուրդն ունի էլեկտրոնային կայք և էլեկտրոնային փոստային հասցե, որոնց սպասարկումն իրականացնում է խորհրդի քարտուղարը:
9. Գործունեության հրապարակայնությունն ու հանրության պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով խորհրդի նիստերի օրակարգն ու արձանագրությունները, ընդունած որոշումները, քննարկվող նյութերը, ուսումնասիրությունները, հրապարակումները, տեղեկանքները և հաշվետվությունները զետեղվում են կայքէջում:
10. Խորհուրդն էլեկտրոնային կայքէջի և էլեկտրոնային փոստի միջոցով ապահովում է հետադարձ կապ հանրության և կազմակերպությունների հետ, տալիս է պարզաբանումներ իրեն ուղղված հարցերի վերաբերյալ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Խորհուրդը լեզվաքաղաքականության և հայերենի արդի խնդիրների առաջարկվող լուծումների վերաբերյալ տարեկան զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:
12. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ խորհուրդը ներկայացնում է նաև այլ հաշվետվություններ և վերլուծական տեղեկանքներ:
13. Տարեկան զեկույցը զետեղվում է խորհրդի կայքէջում:
V. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ
14. Խորհրդի անդամ կարող են դառնալ ինչպես հումանիտար, այնպես էլ ճշգրիտ գիտությունների բնագավառների վաստակաշատ գիտնականներ, անվանի մտավորականներ:
15. Խորհրդի անդամների թեկնածությունները ներկայացնում են գիտաուսումնական հաստատությունները:
16. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` 3 տարի ժամկետով:
17. Խորհրդի կազմը բաղկացած է առավելագույնը 20 անդամից` ներառյալ խորհրդի նախագահը, տեղակալը և քարտուղարը:
18. Խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
19. Խորհրդի կազմից նրա անդամների կեսից ավելի ձայներով ընտրվում են խորհրդի նախագահի տեղակալը և քարտուղարը:
20. Խորհրդի կազմի փոփոխությունները կատարվում են խորհրդի անդամների պարզ մեծամասնության առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ:
21. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:
22. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ.
3) ստանալու տեղեկություններ խորհրդի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին:
23. Խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով խորհրդի շահերից:
24. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`
1) իր դիմումի համաձայն.
2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն ներկայացնելու հիմքով:
25. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով:
26. Խորհրդի իրավասություններն են`
1) խորհրդի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության կազմակերպումը, նրա լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը.
2) սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցի և այլ հաշվետվությունների ու վերլուծական տեղեկանքների լսումն ու հավանություն տալը,
3) խորհրդի նախագահի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.
4) խորհրդի գործունեության ծրագրերի հաստատումը.
5) խորհրդի հանձնաժողովների և ժամանակավոր աշխատանքային խմբերի հաստատումը.
6) խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկ ներկայացնելու մասին որոշումների ընդունումը:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
27. Խորհրդի նախագահը`
1) ղեկավարում և համակարգում է խորհրդի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
3) ստորագրում է խորհրդի որոշումները և արձանագրությունը.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված տարեկան զեկույցը և այլ հաշվետվություններն ու վերլուծական տեղեկանքները.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում սույն աշխատակարգի 35-րդ կետով նախատեսված որոշումները.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին խորհրդի որոշումները:
28. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, կատարում է խորհրդի նախագահի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում, խորհրդի որոշմամբ` անդամներից մեկը:
29. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ խորհրդի նախագահի տեղակալը համակարգում է խորհրդի ճյուղային հանձնաժողովների և ժամանակավոր թեմատիկ աշխատանքային խմբերի աշխատանքները:
30. Խորհրդի քարտուղարը նախապատրաստում և կազմակերպում է խորհրդի նիստերը, վարում է նիստերի արձանագրությունները:
VII. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ
31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան առնվազն 4 անգամ` խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով:
32. Խորհրդի նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից:
33. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, ինչպես նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:
34. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
35. Խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ ունեն և ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահողի ձայնը վճռորոշ է: Պարտադիր կատարման ուժ ստանալու համար խորհրդի առանձին որոշումներ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին` պետական մարմինների կողմից համապատասխան նորմատիվ ակտեր ընդունելու հանձնարարական տալու նպատակով: Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումների նախագծերը դրվում են հրապարակային քննարկման:
36. Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռակա` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
37. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշման հետ, կարող է ներկայացնել գրավոր կարծիք, որը կցվում է ընդունված որոշմանը: