Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏ ...

 

 

600.0378.151216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2016 թվականի N 378-Ն

 

i

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

 

կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

N 378-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` Ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները (այսուհետ` Կանոններ) կարգավորում են Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցման, ինչպես նաև Նոր միացման հետ կապված Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները:

2. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Բաժանորդի էլեկտրոնային հաշվառման քարտում (այսուհետ` Հաշվառման քարտ).

2) Առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված Առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ Առևտրային հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.

3) Բաժանորդ` Ծառայությունների մատուցման պահանջարկ ունեցող անձ, որը Պայմանագիր է կնքել Մատակարարի հետ կամ դիմել է Պայմանագրի կնքման համար.

4) Դիմող անձ` Մատակարարին Նոր միացման համար դիմում ներկայացրած անձ.

5) Խմելու ջուր` խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող ջուր.

6) Ծառայություններ` Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ: Այն դեպքում, երբ Բաժանորդի հետ կնքված Պայմանագրով նախատեսված է միայն Ջրամատակարարման կամ միայն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցում, ապա Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումը վերաբերում է միայն տվյալ ծառայությանը.

7) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

8) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 24:00-ին.

9) Մատակարար` Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.

10) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմանագրով կամ այլ իրավական հիմքով Մատակարարի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.

11) Միացման պայմանագիր` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման ու Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դրա միացման համար Մատակարարի և Դիմող անձի միջև Կանոններով սահմանված կարգին ու Կանոնների հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան կնքվող պայմանագիր.

12) Միացման վճար` Նոր միացման համար Դիմող անձից գանձվող վճար.

13) Ներքին ցանց` Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում` նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.

14) Նոր համակարգ` Նոր միացման դեպքում կառուցվող Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, որը ներառում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև Սահմանազատման կետն ընկած հատվածն ու հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս.

15) Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն.

16) Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.

17) Պայմանագիր` Մատակարարի և Բաժանորդի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան Ծառայությունների մատուցման պայմանագիր.

18) Ջրամատակարարման ընդհատում` Բաժանորդի Ջրամատակարարման գրաֆիկի այն խախտումն է, որը պայմանավորված է Սահմանազատման կետում Խմելու ջրի չապահովմամբ.

19) Սահմանազատման կետ` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը (այլ Բաժանորդի Ներքին ցանցով ծառայության մատուցում ստացող Բաժանորդի դեպքում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է այն Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, ում Ներքին ցանցով իրականացվում է Ծառայության մատուցումը), իսկ բազմաբնակարան շենքի Ջրամատակարարման դեպքում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը, բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը, ցայտաղբյուրի դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Առևտրային հաշվառքի սարք տեղակայված չլինելու դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին փականը.

20) Տեխնիկական պայմաններ` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կանոններով, Միացման պայմանագրով, Պայմանագրով և այլ իրավական ակտերով:

4. Ծառայությունների մատուցումն իրականացվում է Պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով Կանոնների 172-րդ կետով նախատեսված կարգավորումը:

5. Այն դեպքերում, երբ Սահմանազատման կետերը մեկից ավելի են (անկախ դրանց գտնվելու վայրից), Մատակարարի և Բաժանորդի միջև կարող է կնքվել մեկ միասնական Պայմանագիր կամ առանձին Պայմանագիր` յուրաքանչյուր Սահմանազատման կետի համար: Մեկից ավելի Սահմանազատման կետերի համար մեկ միասնական Պայմանագիր կնքելու դեպքում`

1) արգելվում է Սահմանազատման կետերից մեկում Կանոնների պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոց կիրառել այլ հասցեում գտնվող Սահմանազատման կետի մասով.

2) արգելվում է մատուցված Ծառայության համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագինը կիրառել տարբեր Սահմանազատման կետերում, այդ թվում` տարբեր Առևտրային հաշվառքի սարքերով մատուցված Ծառայության ամսական քանակները գումարելու միջոցով.

3) Բաժանորդի կողմից գործող Սահմանազատման կետերից որևէ մեկից հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ Պայմանագիրը լուծելու համար:

6. Մատակարարն իր պաշտոնական կայքում հրապարակում է իր սպասարկման գրասենյակների հասցեները, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստերի հասցեները:

7. Նոր միացման, Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վթարի վերացման կամ նորոգման աշխատանքների իրականացման, կամ տեխնիկական սպասարկման, Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն ստանալու, Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, Առևտրային հաշվառքի սարքի (հանգույցի) կնիքների առկայությունը կամ ամբողջականությունը ստուգելու նպատակով Մատակարարի ներկայացուցիչը Պայմանագրի հիման վրա և դրանով սահմանված պայմաններով կարող է մուտք գործել Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք միայն իր լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում գտնվող Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վթարի վերացման կամ Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն ստանալու նպատակով տվյալ տարածք մուտք գործելու անհրաժեշտության դեպքում Բաժանորդը կամ այլ իրավասու անձն ապահովում է Մատակարարի ներկայացուցչի շուրջօրյա մուտք: Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում Մատակարարի ներկայացուցիչը պարտավոր է պահպանել Բաժանորդի ներքին կանոնակարգը:

8. Պայմանագրի կնքումից անմիջապես հետո Մատակարարը, Բաժանորդին մատուցվող Ծառայության մասին տվյալների պահպանման նպատակով, Բաժանորդի համար բացում և վարում է առանձին Հաշվառման քարտ` իր համարանիշով, որը պետք է պարունակի`

1) Բաժանորդի հետ կնքած Պայմանագիրը.

2) մատուցվող Ծառայության տեսակը.

3) Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածի Ջրամատակարարման գրաֆիկները.

4) Առևտրային հաշվառքի սարքի, դրա ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման և տեղակայման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը.

5) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման կետի, տրամագծի և ամսաթվի, ինչպես նաև դրանց հետագա փոփոխությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը.

6) մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի, դրա դիմաց հաշվարկված և վճարված գումարի, հաշվարկված և վճարված տույժի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

9. Մատակարարը Բաժանորդին տրամադրում է Հաշվառման քարտ մուտքի իրավունք` վերջինիս տրամադրելով Հաշվառման քարտի համարն ու դրա տվյալներին հասանելիությունն ապահովող անձնական էջի մուտքանունը և ծածկագիրը:

10. Մատակարարը Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ապահովում է Բաժանորդի հասանելիությունը Հաշվառման քարտում պարունակվող տեղեկություններին: Մատակարարը Հաշվառման քարտն արխիվացնում և պահպանում է Պայմանագրի լուծման պահից առնվազն տասը տարի ժամկետով:

11. Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը վերջինիս տրամադրում է Հաշվառման քարտում պարունակվող տեղեկությունների փաստաթղթային օրինակը, որի դեպքում փաստաթղթերի տպագրման արժեքը վճարում է Բաժանորդը:

12. Հաշվառման քարտում սխալի հայտնաբերման դեպքում Բաժանորդը և Մատակարարն առաջնորդվում են հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման վերաբերյալ Կանոններով սահմանված ընթացակարգով:

13. Չի թույլատրվում Դիմող անձից (Բաժանորդից) պահանջել կատարել վճարում, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկություն կամ փաստաթուղթ, կամ նրան ծանրաբեռնել պարտավորությամբ, եթե այն սահմանված չէ Կանոններով, Միացման պայմանագրով և Պայմանագրով կամ Հանձնաժողովի այլ իրավական ակտերով:

 

ԳԼՈՒԽ 3
ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

14. Կանոնների շրջանակում` Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի միջև տեղեկության փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթի հանձնումն իրականացվում է պատշաճ ձևով:

15. Տեղեկության փոխանակումը կամ փաստաթղթի հանձնումը համարվում է պատշաճ ձևով իրականացված, եթե այն փոխանակվել կամ հանձնվել է ստորագրությամբ` առձեռն, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով (այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ), էլեկտրոնային փոստի (այդ թվում` Դիմող անձի կամ Բաժանորդի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցով (այդ թվում` Դիմող անձի կամ Բաժանորդի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե Կանոններով տեղեկության փոխանակման կամ փաստաթղթի հանձնման այլ ձև նախատեսված չէ:

16. Դիմող անձը կամ Բաժանորդը պարտավոր է Մատակարարին հայտնել իր հասցեի, ներառյալ` էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում տեղեկությունը փոխանակվում և փաստաթուղթը հանձնվում է հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու բացասական հետևանքի ռիսկը:

17. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ որևէ պատճառով պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված ուղարկողի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

18. Մատակարարը, Դիմող անձը և Բաժանորդը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած տեղեկության հավաստիության համար:

19. Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի միջև փոխանակված տեղեկությունում կամ հանձնված փաստաթղթում հայտնաբերված սխալը ենթակա է ուղղման սխալի հայտնաբերումից ու փոխադարձ տեղեկացումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:

20. Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի միջև փոխանակված տեղեկությունը կամ հանձնված փաստաթուղթը, ինչպես նաև վերջիններիս կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունը կամ փաստաթուղթը հրապարակային է, եթե այն օրենքի համաձայն չի համարվում գաղտնի:

21. Կանոնների 20-րդ կետով սահմանված տեղեկությունը կամ փաստաթուղթը կարող է հրապարակվել օրենքով սահմանված կարգով: Հրապարակած կողմը պատասխանատվություն է կրում այդպիսի տեղեկության կամ փաստաթղթի հրապարակման վերաբերյալ օրենսդրության պահանջների խախտման համար:

22. Կանոններով նախատեսված ցանկացած տեղեկություն կամ փաստաթուղթ պետք է պահպանվի առնվազն հինգ տարի ժամկետով, եթե Կանոններով կամ օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

23. Մատակարարը, Դիմող անձը և Բաժանորդը Կանոնների դրույթները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով, Կանոններով, Միացման պայմանագրով և Պայմանագրով սահմանված կարգով:

24. Մատակարարը, Դիմող անձը և Բաժանորդը Կանոններով սահմանված պարտավորության խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի:

25. Կանոնների իմաստով ֆորս մաժոր է համարվում ցանկացած դեպք կամ հանգամանք (դրա հետևանք), որը հանգեցրել է (հանգեցնում է) Կանոններով սահմանված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման և միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին`

1) չի գտնվում պարտավորությունը խախտած կողմի վերահսկողության ներքո.

2) ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները և գործադրել ջանքերը (այդ թվում` նախազգուշական, այլընտրանքային, օրենսդրությամբ նախատեսված) նշված դեպքը կամ հանգամանքը (հետևանքը) կանխելու, վերացնելու, մեղմելու կամ դրանից խուսափելու համար:

26. Կանոնների իմաստով ֆորսմաժորային դեպքեր կամ հանգամանքներ են`

1) բնական կամ տեխնածին աղետը, համաճարակը, բնության ուժերի արտասովոր դրսևորումը (այդ թվում` ջրհեղեղը, երկրաշարժը, փոթորիկը, պտտահողմը, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևը, ձնաբուքը, սողանքը), ատոմային, քիմիական կամ կենսաբանական աղտոտումը, գործադուլը, հասարակական անկարգությունը.

2) ապստամբությունը, ահաբեկչությունը, պատերազմը, ներխուժումը, զինված հակամարտությունը, արտաքին թշնամու գործողությունը կամ շրջափակումը, որոնցից յուրաքանչյուրը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ներգրավում է այն, ինչը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ողջամտորեն կանխատեսվել.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության ակտը, գործողությունը կամ անգործությունն` այն դեպքում, երբ դրա արդյունքում չի տրամադրվել, երկարաձգվել պարտավորության կատարման համար անհրաժեշտ որևէ թույլտվություն կամ իրավունք կամ խոչընդոտվել է այդ պարտավորության կատարումը, պայմանով, որ պարտավորությունը խախտած կողմը գործել է համաձայն օրենսդրության:

27. Ֆորս մաժոր առաջանալու դեպքում ֆորս մաժորի ազդեցության ներքո գործող կողմը մյուս կողմին այդ մասին տեղեկացնում է ֆորս մաժորի մասին իրազեկվելու պահից կամ իր նկատմամբ ազդեցությունից տասն օրվա ընթացքում: Ծանուցում չիրականացրած կողմը կրում է չծանուցման հետ կապված բացասական հետևանքի ռիսկը:

28. Կանոնների 26-րդ կետը չի սահմանափակում Մատակարարի, Դիմող անձի և Բաժանորդի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպք կամ հանգամանք ի հայտ գալու դեպքում դիմել Հանձնաժողով` սույն գլխի պահանջները բավարարելու դեպքում այն ֆորս մաժոր ճանաչելու համար:

29. Մատակարարի և Դիմող անձի, Մատակարարի և Բաժանորդի միջև առաջացող վեճը (տարաձայնությունը) կարգավորվում է բանակցության միջոցով, իսկ նրանցից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն դրույթը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը (տարաձայնությունը) լուծելու դատական կարգով, եթե նրանց համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

ԲԱԺԻՆ II
ՆՈՐ ՄԻԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

ԳԼՈՒԽ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. Նոր միացումն իրականացվում է սույն բաժնով սահմանված կարգով` Միացման պայմանագրով կամ Տեխնիկական պայմանների հիման վրա` Դիմող անձի հայեցողությամբ: Նոր համակարգի կառուցումը և այն Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց հանձնումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Նոր միացումն իրականացվում է Դիմող անձի դիմումի (սույն բաժնում այսուհետ` Դիմում) հիման վրա, որը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձի դեպքում`

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

բ. մատուցվելիք Ծառայությունների տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը.

գ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.

դ. Բաժանորդին Ծառայության մատուցումն այլ Բաժանորդի Ներքին ցանցով իրականացվելու դեպքում այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:

2) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում`

ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.

բ. հարկ վճարողի հաշվառման համարը.

գ. մատուցվելիք Ծառայությունների տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը.

դ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.

ե. միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը.

զ. արտադրական գործունեության դեպքում` Խմելու ջրի պահանջվող քանակի հաշվարկն ու հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը.

է. Բաժանորդին Ծառայության մատուցումը այլ Բաժանորդի Ներքին ցանցով իրականացվելու դեպքում այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:

32. Այն դեպքում, երբ տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքն (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` տվյալ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով Նոր միացման և (կամ) Ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավունք ունի տրամադրել Տեխնիկական պայմաններ կամ կնքել Միացման պայմանագիր:

33. Դիմումը Մատակարարին ներկայացվում է գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով` այն ուղղելով Մատակարարի պաշտոնական կայքում տեղակայված էլեկտրոնային փոստի հասցեին:

34. Հանձնաժողովը Մատակարարի և Դիմող անձի շահերի հավասարակշռման նպատակով կարող է ընդունել Նոր միացման վերաբերյալ անհատական որոշումներ` Մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա` վերջիններիս համաձայնության դեպքում: Անհատական որոշումը չի կարող պարունակել խտրական մոտեցում նմանատիպ այլ դեպքերի համեմատությամբ:

35. Այն դեպքում, երբ Բաժանորդին Ծառայության մատուցումը պետք է իրականացվի այլ Բաժանորդի Ներքին ցանցով, Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում` Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում):

36. Կանոնների 35-րդ կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է այն Բաժանորդի Ներքին ցանցին միացման կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:

 

ԳԼՈՒԽ 5
ՆՈՐ ՄԻԱՑՈՒՄ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ

 

37. Սույն գլխով կարգավորվում են Նոր միացման աշխատանքները Մատակարարի կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

38. Մատակարարի կողմից Նոր միացման աշխատանքներն իրականացնելու դեպքում Նոր միացումն իրականացվում է Միացման պայմանագրով, իսկ աշխատանքների դիմաց Դիմող անձը Մատակարարին վճարում է Միացման վճար:

39. Մատակարարը, Դիմումն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բացակայում են Կանոնների 40-րդ կետով նախատեսված Դիմումի մերժման հիմքերը`

1) մշակում է Տեխնիկական պայմանները.

2) հաշվարկում է Միացման վճարը.

3) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված Միացման պայմանագրի երկու օրինակ:

40. Դիմումի` Կանոններին անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Դիմող անձի Նոր միացումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, Մատակարարը Դիմումը, այդ թվում` ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում մերժում է այն` համապատասխան գրավոր հիմնավորումներով:

41. Դիմող անձը Մատակարարից միակողմանի ստորագրված Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Միացման պայմանագրի մեկ օրինակը` կցելով Միացման պայմանագրում ամրագրված Միացման վճարի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, ինչը Մատակարարի կողմից ստանալուց հետո Միացման պայմանագիրը համարվում է կնքված: Դիմող անձի կողմից Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում դրա ստորագրված օրինակն ու Միացման վճարի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը Մատակարարին չներկայացվելու դեպքում Միացման պայմանագրի կնքման առաջարկությունը համարվում է չընդունված:

42. Դիմող անձը Միացման վճարի վճարված մասի վճարման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր պահանջել Մատակարարից վերադարձնել այն: Նշված ժամկետի ավարտից հետո վճարված գումարը վերադարձնելու Դիմող անձի պահանջի դեպքում Միացման վճարի վճարված մասը, բացառությամբ մինչև պահանջի պահը Միացման պայմանագրի համաձայն Նոր միացման աշխատանքների կատարմանն ուղղված Մատակարարի փաստացի կատարած ծախսերի, պահանջի պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման: Սույն կետի համաձայն` վճարված գումարի վերադարձման դեպքում Մատակարարը լուծում է Միացման պայմանագիրը:

43. Միացման վճարի մեծությունը հավասար է Նոր միացման աշխատանքների իրականացման նպատակով Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին (ներառյալ 3000 դրամ` Դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար) և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո` Միացման պայմանագրով սահմանված կարգով:

44. Ճշգրտված Միացման վճարի և վճարված գումարի դրական տարբերությունը Դիմող անձի կողմից ենթակա է վճարման մինչև Պայմանագրի կնքման նպատակով Մատակարարին դիմելը, իսկ բացասական տարբերությունը Մատակարարի կողմից ենթակա է վերադարձման Դիմող անձին` Կանոնների 53-րդ կետում նշված ծանուցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

45. Եթե Մատակարարը, ելնելով իր Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, նախատեսում է կառուցել Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ հարաչափերը գերազանցող համակարգ, ապա այդ մասով Մատակարարի կողմից կատարվելիք ծախսերը Միացման վճարի հաշվարկում չեն ներառվում:

46. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր միացման ծախսային հնարավոր բոլոր բաղադրիչների համար կիրառվող գները, որոնք կիրառելի են միայն Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո:

47. Այն դեպքում, երբ կառուցվող Նոր համակարգի ուղեգծի հաստատման և համապատասխան թույլտվությունների ստացման փուլում փոփոխվում են Միացման վճարի հաշվարկման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը կամ տեխնիկական հարաչափերը, որոնք հանգեցնում են Միացման պայմանագրով ամրագրված Միացման վճարի ավելի քան 20 տոկոսով ավելացման, Մատակարարը, այդ փոփոխությունների մասին տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կանոնների 8-րդ գլխի համաձայն կազմում է Միացման պայմանագրում Միացման վճարի փոփոխության վերաբերյալ միակողմանի ստորագրված լրացուցիչ համաձայնագիր` երկու օրինակից և ներկայացնում Դիմող անձին: Դիմող անձը լրացուցիչ համաձայնագիրը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը ներկայացնում է Մատակարարին` կցելով Միացման վճարի ավելացած մասի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից առաջարկը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը և Միացման վճարի ավելացած մասի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը Մատակարարին չներկայացվելու դեպքում Միացման պայմանագիրը համարվում է լուծված: Միացման վճարի վճարված մասը, բացառությամբ մինչև լուծման պահը Միացման պայմանագրի համաձայն Նոր միացման աշխատանքների կատարմանն ուղղված Մատակարարի փաստացի կատարած ծախսերի, լուծման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերադարձման:

48. Կանոնների 47-րդ կետով սահմանված կարգով Միացման պայմանագիրը փոփոխված է համարվում Դիմող անձի կողմից նույն կետում նշված համաձայնագրի ստորագրված մեկ օրինակը և Միացման վճարի ավելացած մասի 80 տոկոսի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը Մատակարարի կողմից ստանալու պահից:

49. Մատակարարը Նոր միացման աշխատանքների ավարտից հետո այդ մասին ծանուցում է Դիմող անձին` ծանուցման մեջ նշելով Նոր միացման աշխատանքների ավարտի ամսաթիվը, ինչպես նաև Պայմանագրի կնքման համար Կանոնների համաձայն ակցեպտ և պահանջվող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, Միացման պայմանագրի կնքման, իսկ Կանոնների 47-րդ կետի համաձայն Միացման պայմանագրի փոփոխման դեպքում` փոփոխման պահից մինչև սույն կետին համապատասխան ծանուցում ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, իսկ եթե Նոր համակարգի Ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան` 120 աշխատանքային օրը:

50. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով կառուցվող Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Նոր համակարգի միացումն իրականացվում է` ելնելով տվյալ ծրագրի իրականացման ժամկետից:

 

ԳԼՈՒԽ 6
ՆՈՐ ՄԻԱՑՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

 

51. Սույն գլխով կարգավորվում են Նոր միացման աշխատանքները Մատակարարի կողմից տրամադրված Տեխնիկական պայմանների համաձայն Դիմող անձի կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

52. Տեխնիկական պայմաններով Նոր միացման դեպքում Նոր համակարգի կառուցման աշխատանքներն իրականացվում են Դիմող անձի հաշվին` օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից: Նոր միացման աշխատանքները կատարվում են Մատակարարի հետ համաձայնեցված նախագծով` տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու Կանոնների պահանջներին համապատասխան: Կառուցված Նոր համակարգի Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացումն իրականացնում է Մատակարարը` Դիմող անձի հաշվին (ներառյալ 3000 դրամ` Դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար):

53. Դիմումի ներկայացումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը տրամադրում է Տեխնիկական պայմանները կամ, համապատասխան հիմնավորումներով, գրավոր մերժում է դրա տրամադրումը տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե Դիմումը, այդ թվում` ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները չեն համապատասխանում Կանոնների պահանջներին կամ Տեխնիկական պայմանների տրամադրումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

54. Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի: Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը Մատակարարն իրավունք ունի երկարաձգել մեկ տարով` այդ մասին Դիմող անձի` մինչև Տեխնիկական պայմանների գործողության ժամկետի ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա: Տեխնիկական պայմանների երկարաձգման դիմումի մերժման դեպքում Մատակարարը ներկայացնում է մերժման պատճառները և հիմնավորումները:

55. Մատակարարը Դիմող անձի ներկայացրած նախագծի վերաբերյալ հայտնում է իր գրավոր դիրքորոշումը ոչ ուշ, քան նախագիծը ստանալուց հետո`

1) հինգ օրվա ընթացքում` II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

2) տասն օրվա ընթացքում` III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

3) տասնհինգ օրվա ընթացքում` IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում:

56. Մատակարարը, Կանոնների 55-րդ կետի համաձայն իրեն ներկայացված նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնելու դեպքում, ներկայացնում է համապատասխան հիմնավորումներ:

57. Նոր միացման աշխատանքները սույն գլխով նախատեսված ընթացակարգով ավարտելուց հետո Դիմող անձի հետ Կանոնների 7-րդ գլխով սահմանված կարգով կարող է կնքվել Պայմանագիր:

 

ԳԼՈՒԽ 7
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

 

58. Պայմանագիրը հրապարակային է, որը կնքվում է Բաժանորդի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտի հիման վրա և ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ակցեպտը հաստատվելու պահից:

59. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով` բացառությամբ Կանոններով նախատեսված դեպքերի:

60. Ակցեպտը Մատակարարին ներկայացվում է գրավոր ձևով` թղթային փաստաթղթի տեսքով (ձեռագիր ստորագրությամբ), կամ էլեկտրոնային հաղորդակցության այնպիսի միջոցով, որը հնարավորություն է տալիս Մատակարարին հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է Բաժանորդից, այդ թվում` Բաժանորդի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված տեսքով կամ Բաժանորդի կողմից նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեից` անկախ էլեկտրոնային թվային ստորագրության առկայությունից:

61. Ակցեպտին կից ենթակա է ներկայացման`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը` բնակիչ Բաժանորդի դեպքում.

2) Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ Բաժանորդի իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը` բնակիչ Բաժանորդի դեպքում, Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը` ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում.

3) ճշգրտված Միացման վճարի և վճարված կանխավճարի տարբերության վճարումը հավաստող փաստաթուղթը` Միացման պայմանագրով միացած Բաժանորդի դեպքում.

62. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ բնակիչ Բաժանորդի իրավունքն (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` տվյալ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով Նոր միացման և (կամ) Ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավունք ունի կնքել Պայմանագիր:

63. Ակցեպտի վերադարձման` Կանոնների 64-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Մատակարարն ակցեպտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հաստատում է այն և Բաժանորդին տեղեկացնում Պայմանագրի կնքված համարվելու մասին:

64. Մատակարարը Կանոնների 63-րդ կետով սահմանված ժամկետում, համապատասխան գրավոր հիմնավորումներով, վերադարձնում է ակցեպտը Բաժանորդին, եթե`

1) ներկայացված ակցեպտը չի համապատասխանում Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին կամ Կանոնների պահանջներին.

2) Բաժանորդին Ծառայությունների մատուցումը հակասում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

65. Մատակարարը Պայմանագրի կնքումից հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե Բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ չի նշվում, ապահովում է Բաժանորդին Ծառայությունների մատուցումը (դրա հնարավորությամբ):

 

ԳԼՈՒԽ 8
ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

66. Կողմերի համաձայնությամբ Միացման պայմանագրում և Պայմանագրում, այդ թվում` ակցեպտում (սույն բաժնում այսուհետ` Պայմանագրեր) փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ դրանք չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

67. Հանձնաժողովի կողմից Պայմանագրերի նոր օրինակելի ձևեր հաստատվելու կամ դրանցում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում կնքված Պայմանագրերը Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից համարվում են նոր կամ փոփոխված (լրացված) ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված (լրացված):

68. Կանոնների 67-րդ կետի համաձայն Պայմանագրերի նոր օրինակելի ձևերի հաստատման կամ դրանցում կատարված փոփոխությունների (լրացումների) մասին Մատակարարը, Հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետում, ծանուցում է Դիմող անձանց և Բաժանորդներին:

69. Պայմանագրերը լուծվում են`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Դիմող անձի (Բաժանորդի) կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատուցված Ծառայությունների և Մատակարարի կատարած փաստացի ծախսերի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի`

ա. Դիմող անձի (բնակիչ Բաժանորդի) մահվան, Դիմող անձի (ոչ բնակիչ Բաժանորդի) լուծարման դեպքում.

բ. Միացման պայմանագրի կնքման մերժման կամ ակցեպտի վերադարձման` Կանոններով նախատեսված հիմքերի բացահայտման դեպքում.

գ. Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Դիմող անձը (Բաժանորդը) չունի Կանոններով պահանջվող տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հաստատող փաստաթուղթ` Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ Կանոնների 71-րդ կետով նախատեսված դեպքի.

դ. Կանոնների համաձայն կնքված ժամանակավոր Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով.

ե. օրենքով, Կանոններով, Պայմանագրերով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում` այդ մասին Դիմող անձին (Բաժանորդին) նախապես տեղեկացնելու պայմանով:

70. Միացման պայմանագրի լուծման դեպքում Դիմող անձը և Մատակարարը, հաշվի առնելով փաստացի կատարված ծախսերը, իրականացնում են Միացման վճարի վերջնահաշվարկ, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի:

71. Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում` Կանոնների 69-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն` Պայմանագրերի լուծման հարցը որոշվում է վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո:

72. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման տարածքի (այդ թվում` շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ծագել է կամ դրա առկայության մասին Մատակարարը տեղեկացել է Կանոնների 69-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերության համաձայն Պայմանագրերի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրերի կնքումից հետո, վեճի առկայության մասին Մատակարարի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրերի գործողությունները համարվում են կասեցված և նախկին Դիմող անձի (Բաժանորդի) հետ նախկին պայմաններով կնքված են համարվում ժամանակավոր Պայմանագրեր` մինչև վեճի` օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Մատակարարը տեղեկացնում է կողմերին:

73. Պայմանագրերի փոփոխումը կամ լուծումը կողմերին չի ազատում մինչ այդ դրանով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

ԲԱԺԻՆ III
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՈԼՈՐՏՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 9
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՊԱՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

74. Նոր միացման դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքից դուրս` Սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում` Սահմանազատման կետին հնարավոր ամենամոտ կետում: Բազմաբնակարան շենքի դեպքում Առևտրային հաշվառքի սարքը կարող է տեղակայվել Ներքին ցանցում, այդ թվում` բնակարանի ներսում:

75. Մատակարարն իրավունք ունի, առանց Բաժանորդի համար ծախս առաջացնելու, Բաժանորդի Ներքին ցանցում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը վերատեղակայել Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս գտնվող այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը կամ բնակարանից դուրս` Ներքին ցանցում:

76. Առևտրային հաշվառքի սարք չունեցող Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք:

77. Մատակարարը համարակալված հոլոգրաֆիկ կնիքով կնքում է տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը, որը կարող է լրացուցիչ կնքել Բաժանորդը: Մատակարարի կնքած հոլոգրաֆիկ կնիքը`

1) վթարի դեպքում Բաժանորդն իրավունք ունի պոկել` այդ մասին Մատակարարին գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց, Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց և Մատակարարի համաձայնությունը ստանալուց հետո: Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է վերակնքման կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում վերակնքման մասին Բաժանորդի կողմից Մատակարարին գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կնիքը պոկելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 79-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 102-րդ կետի համաձայն.

2) մնացած դեպքերում իրավունք ունի պոկել Մատակարարը` այդ մասին Բաժանորդի կողմից գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Մատակարարը նշված ժամանակահատվածում կնիքը չի պոկում, ապա Բաժանորդն իրավունք ունի պոկել այն` այդ մասին Մատակարարին գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց հետո: Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է վերակնքման Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում վերակնքման մասին Բաժանորդի կողմից Մատակարարին գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 79-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 102-րդ կետի համաձայն.

3) բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, պոկված լինելու մասին Մատակարարին Բաժանորդի գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելու կամ պոկված լինելու փաստը Մատակարարի հայտնաբերելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է վերակնքման: Կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի հայտնաբերելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 79-րդ կետով սահմանված դեպքի, բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի կրկնապատիկի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 102-րդ կետի համաձայն, իսկ ոչ բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի իննսունապատիկի չափով:

78. Պոկված հոլոգրաֆիկ կնիքը Բաժանորդը պարտավոր է պահպանել և Առևտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել Մատակարարին, որի չկատարման դեպքում Կանոնների 77-րդ կետի համաձայն հաշվարկված` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը կրկնապատկվում է, բացառությամբ Կանոնների 77-րդ կետի 3-րդ ենթակետով ոչ բնակիչ Բաժանորդի համար նախատեսված դեպքի:

79. Առևտրային հաշվառքի սարքը Կանոնների 77-րդ կետով սահմանված ժամկետում չվերակնքելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքը վերակնքելու համար սահմանված ժամանակահատվածը լրանալու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար`

1) Բաժանորդի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և Ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար ոչ ավելի, քան 30 մ3, իսկ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում` 100 մ3.

2) Մատակարարի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակ չի հաշվարկվում:

80. Նոր միացման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

81. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի կամ Բաժանորդի մոտ կասկած առաջանալու դեպքում, Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ անցկացվում է Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:

82. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը:

83. Մատակարարն, անկախ պատկանելությունից, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումն իրականացնում է իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման արդյունքում դրա խախտում չի արձանագրվել: Այդ դեպքում Բաժանորդը, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը:

84. Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով, ծանուցել Բաժանորդին: Մատակարարը և Բաժանորդն իրավունք ունեն փոխհամաձայնեցմամբ սահմանել Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և (կամ) ստուգաչափման այլ ժամկետ:

85. Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ապահավաքակցման Մատակարարի կողմից Բաժանորդին ծանուցման, իսկ Բաժանորդի նախաձեռնության դեպքում` Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոնների 84-րդ կետի համաձայն այլ ժամկետ չի փոխհամաձայնեցվել:

86. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարի կողմից Կանոնների 84-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ծանուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն այդ աշխատանքներն իրականացում է առանց Բաժանորդի ներկայության:

87. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Մատակարարը`

1) արտաքին զննության արդյունքում կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի և արտաքին զննության արդյունքների մասին արձանագրություն, որը ստորագրում են Մատակարարը և Բաժանորդը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին Մատակարարը արձանագրության մեջ կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն արձանագրությանը կցում է Բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար.

2) ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է կնքվող փաթեթում, որը կարող է լրացուցիչ կնքել նաև Բաժանորդը.

3) իր հաշվին տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Հաշվառման քարտում և որը հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է Բաժանորդին` տասն աշխատանքային օրվա ընթացքում:

88. Բաժանորդն իրավունք ունի Կանոնների 87-րդ կետով սահմանված կարգով ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ինքնուրույն ներկայացնել ստուգաչափման` պահպանելով Կանոնների 78-րդ կետով սահմանված ծանուցմամբ նշված կամ փոխհամաձայնեցված ժամկետը: Սույն կետով նախատեսված դեպքում Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքը հանձնում է Բաժանորդին` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ներկայացնելու մասին Կանոնների 87-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կազմված արձանագրության մեջ կատարելով համապատասխան նշում:

89. Եթե Բաժանորդը Կանոնների 88-րդ կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը սահմանված ժամկետում չի ներկայացնում ստուգաչափման, ապա Մատակարարը Կանոնների 106-րդ կետով սահմանված կարգով կատարում է վերահաշվարկ:

90. Կանոնների 89-րդ կետով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու մասին պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:

 

ԳԼՈՒԽ 10
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

91. Մատուցված Ծառայությունների հաշվարկված և վերահաշվարկված քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված Ծառայությունների մատուցման սակագներով` յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար, բացառությամբ Կանոնների 92-րդ կետով սահմանված դեպքերի:

92. Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումն անվճար է`

1) քաղաքի մաքրման և հիդրանտով` հակահրդեհային նպատակով իրականացվող Ջրամատակարարման դեպքում.

2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կառուցված ցայտաղբյուրների համար.

3) սկսած 2017 թվականի հունվարի 1-ից համայնքի թույլտվությամբ և ջրային համակարգերի կառավարման մարմնի ու Մատակարարի համաձայնությամբ կառուցված ցայտաղբյուրների համար.

4) խմոցների համար:

93. Մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին տասնօրյակում Հանձնաժողով ներկայացնել քաղաքի մաքրման նպատակով ջրառի կետերի, հիդրանտների, ցայտաղբյուրների և խմոցների ջրային համակարգերի կառավարման մարմնի հետ համաձայնեցված ցանկերն` ըստ հասցեների:

94. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի չափով: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը կարող է հաշվարկվել առևտրային հաշվառքի սարքի միջոցով:

95. Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցման դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ընթացիկ և նախորդ Հաշվարկային ամիսներում Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը նվազեցվում է իր Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցող Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի չափով:

96. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդի պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարել Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ` Բաժանորդի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է առանց նրա, բացառությամբ Կանոնների 98-րդ և 99-րդ կետերով սահմանված դեպքերի:

97. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարի ներկայացուցիչը` ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հեռախոսազանգով կամ էլեկտրոնային եղանակով ճշտում է Մատակարարը կամ հաղորդում է Բաժանորդը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարի ներկայացուցչի կողմից Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով ցուցմունքի գրանցումը պետք է իրականացվի առնվազն վեց ամիսը մեկ անգամ, բացառությամբ Կանոնների 98-րդ և 99-րդ կետերով սահմանված դեպքերի:

98. Կանոնների 96-րդ և 97-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով Մատակարարի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու անհնարինության փաստարկված հիմնավորման դեպքում Մատակարարը հաշվարկում է Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ` տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 102-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող` Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո: Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը վեց Հաշվարկային ամսվա համար:

99. Մատակարարն իրավունք ունի Բաժանորդի հետ գրավոր փոխհամաձայնեցված Հաշվարկային ամիսների համար հաշվարկել Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ` տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 102-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո: Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը մեկ տարվա համար:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.11.2016
N 378-Ն
Որոշում