ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
10 մարտի 2016 թվականի N 9
i
15. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 80-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի`
1. Հավանություն տալ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագիծը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. մարտի 10-ի նիստի
N 9 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ
I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
1. Սույն հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի բարեփոխման հիմնական սկզբունքներն ու քաղաքականությունը:
2. Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`
1) խնամատար ընտանիքի ինստիտուտի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրներին` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները.
2) խնամատար ընտանիքի ինստիտուտի կարգավորման միջազգային փորձին.
3) խնամատար ընտանիքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխումներին, որոնք կարող են նպաստել առկա խնդիրների լուծմանը:
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
3. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման հավելված 1-ի 80-րդ կետի և պայմանավորված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի իրավական կարգավորումների կատարելագործման և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող լավագույն միջազգային փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած` երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բեռնաթափման քաղաքականության իրականացման, որդեգրման մեխանիզմների հստակեցման և խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերոնշյալ որոշմամբ կարևորեց Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացումն ու խթանումը, որը հնարավորություն կտա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձևը կիրառել այն երեխաների համար, ովքեր չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ հնարավոր չէ ապահովել նրաց խնամքը խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքում:
6. Ցանկացած այլընտրանքային խնամքի, մասնավորապես խնամատարության առանցքային սկզբունքներն են`
1) երեխային իր հարազատ համայնքին հնարավորինս մոտ պահելը.
2) ընտանիքից հեռացնելը որպես ժամանակավոր և ծայրահեղ միջոց.
3) խնամքի շարունակական ապահովումը.
4) պաշտպանություն բռնությունից, անտեսումից և շահագործումից.
5) եղբայրների և քույրերի խնամքը միասին կազմակերպելը:
III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
7. Խնամատար ընտանիքի ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք, ՀՕ-123-Ն, ընդունվել է 09.11.2004 թ.) և այլ իրավական ակտերով:
8. 1999 թվականի հունվարի 13-ին Ֆրանսիայի Հանրապետության Քրեթեյ քաղաքի քաղաքապետարանի, Քույր քաղաքների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության միջև կնքվել է համաձայնագիր, համաձայն որի «Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագրի շրջանակներում մանկատնից 9 երեխա տեղափոխվել է հանրապետության տարբեր մարզերի ընտանիքներ: Խնամատար ընտանիքները սկզբնական շրջանում ֆինանսավորվել են բարերարների կողմից, իսկ 2008 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 459-Ն որոշմամբ հաստատված խնամատարության կարգն ընդունվելուց հետո խնամատար ընտանիքների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ընթացքում առանց ծնողական խնամքի մնացած 65 երեխա խնամք է ստացել խնամատար ընտանիքներում, որոնց մի մասը դուրս է գրվել ծրագրից 18 տարեկանը լրանալու կամ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու պատճառով: Ներկայում խնամատար ընտանիքներում խնամք է ստանում 15 երեխա:
9. Համաձայն Օրենսգրքի` խնամատար ընտանիքում խնամատարության կարող է հանձնվել միայն առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին չլրացած երեխան` ում միակ ծնողը կամ ծնողները`
1) մահացել են.
2) զրկվել են ծնողական իրավունքներից.
3) խուսափում են իրենց ծնողական պարտականությունը պատշաճ կատարելուց.
4) դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ.
5) դատարանի կողմից ճանաչվել են մահացած կամ անհայտ բացակայող:
10. Խնամատար ծնող (ծնողներ) կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով համապատասխանում է օրենսգրքի 138-րդ հոդվածի պահանջներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի թիվ 459-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմել է մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան և ստացել խնամատար ծնող (ծնողներ) դառնալու վերաբերյալ դրական եզրակացություն:
11. Խնամատար ծնողի (ծնողների) և հոգաբարձության ու խնամակալության մարմնի միջև, օրենքով սահմանված կարգով, կնքվում է պայմանագիր, որը սահմանում է խնամատար ծնողի (ծնողների) պարտականությունների որոշակի շրջանակ` կապված երեխային խնամելու և դաստիարակելու հետ:
12. Օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է, որ.
1) խնամատար ընտանիքին դաստիարակության չեն կարող հանձնվել սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխաները, եթե խնամատար ընտանիքը հակառակը չի պնդում:
Հայեցակարգով առաջարկվում է սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխային, մինչև խնամատար ընտանիք հանձնելը, տեղավորել բժշկական հաստատությունում և խնամատար ընտանիք նրան հանձնել բուժվելուց հետո` բժշկի եզրակացության հիման վրա:
2) Խնամատար ընտանիքին հանձնելու համար երեխայի (երեխաների) նախնական ընտրությունն իրականացնում են երեխային (երեխաներին) դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձինք` խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությամբ:
13. Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարության» (այսուհետ` ռազմավարություն) ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանում խնամատար ընտանիքի վերաբերյալ օրենսդրությունը չի բավարարում միջազգային իրավական կարգավորումներին ու սկզբունքներին:
14. Մասնավորապես, ռազմավարությունն արձանագրում է, որ խնամատար ընտանիքի վերաբերյալ գործող օրենսդրությամբ պայմանավորված, ոչ բավարար արագությամբ է ընթանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության այլընտրանքային, առավել արդյունավետ ձևերից մեկի` խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:
15. Այդ տեսանկյունից, ռազմավարությամբ սահմանվել են հետևյալ նպատակները`
1) վճռականորեն առաջ տանել երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների բեռնաթափումը` նպատակ ունենալով առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում այդ հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասին վերադարձնել իրենց կենսաբանական (հարազատ) ընտանիքներ, իսկ դրա անհնարինության դեպքում` նրանց համար ապահովել խնամքի և դաստիարակության այլընտրանքային` ընտանեկանին առավել մոտ պայմաններում ապրելու հնարավորություններ.
2) նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ տարբեր պատճառներով հնարավոր չէ նրանց վերադարձնել ընտանիք, կամ անհնար է ապահովել ազգականների ընտանիքներում նրանց խնամքի կազմակերպումը:
16. Օրենսգրքում և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված են նորմեր, որոնք իրենց գործնական կիրառումը չեն ստացել, չնայած, նախքան առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դաստիարակությունը մանկատանը կազմակերպելը, սահմանված են այլ մեխանիզմներ/ինստիտուտներ, մասնավորապես`
1) Օրենսգրքի 111-րդ հոդվածով որդեգրումը, խնամակալությունն (հոգաբարձությունը) ու խնամատարությունը նախընտրելի է համարվում երեխային դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպությունների համեմատությամբ.
2) «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատանը կարելի է կազմակերպել միայն խնամակալի (հոգաբարձուի) կամ խմանատարի ընտանիքում տեղավորելու անհնարինության դեպքում:
17. Երկրում խնամատար ընտանիքի մոդելի զարգացման համար առկա է բարենպաստ միջավայր` հաշվի առնելով որոշ հասարակական կազմակերպությունների փորձը համապատասխան ոլորտում: Այս առիթով հատկանշական է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից շուրջ քառորդ դար իրականացված և փորձարկված մասնագիտացված խնամատար ընտանիքի համակարգը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրամի կողմից իրականացված երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամքի մոդելը, իր բոլոր բնութագրիչներով, համապատասխանում է մասնագիտացված խնամատար ընտանիքի տարատեսակին, մասնավորապես.
1) խնամատար ծնող - յուրաքանչյուր երեխա վայելում է հոգատար ծնողական խնամք /ՍՕՍ մայր դաստիարակ/,
2) քույր և եղբայր - ընտանիքում առկա է բնականոն կապեր և փոխհարաբերություններ,
3) կացարան - յուրաքանչյուր խնամատար ընտանիք ունի բնակարան/կացարան,
4) աշխատանքային փոխհարաբերություններ - յուրաքանչյուր խնամատար ծնողի (ՍՕՍ մայր դաստիարակ կամ ՍՕՍ մայր դաստիարակի օգնական) հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր` դրանից բխող բոլոր իրավական և ֆինանսական իրավունքներով և պարտականություններով,
5) երեխայի խնամքի գործընթացի արդյունավետ կազմակերպման համար կիրառվում է երեխայի անհատական զարգացման պլանավորում,
6) ամսական կտրվածքով իրականացվում է խնամատար ընտանիքի /ՍՕՍ ընտանիք/ գործունեության մշտադիտարկում` ելնելով երեխայի զարգացման պլանավորումից, խնդիրներից, նպատակներից և ցուցանիշներից,
7) յուրաքանչյուր խնամատար ծնողը /ՍՕՍ մայր դաստիարակ/ անցնում է բազմաշերտ հավաքագրման գործընթաց. հարցազրույց, աշխատանքային պրակտիկա, հոգեբանական թեստավորում:
IV. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
18. Խնամատար ընտանիքին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են օրենսգրքի մի շարք դրույթներով, ուստի վերհանված խնդիրների լուծումը առաջացնում է այդ դրույթների բարեփոխման անհրաժեշտություն:
19. Օրենսգրքում անհրաժեշտ է բարեփոխել խնամատարության ինստիտուտի էությունը, մասնավորապես`
1) խնամատարության ինստիտուտը կդադարի լինել միայն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի այլընտրանքային ձև.
2) խնամատարությունը կսահմանվի որպես այլընտրանքային խնամքի ձև, որի դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, նրա խնամքը կազմակերպվում է իր կենսաբանական ընտանիքը չհանդիսացող, օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից ընտրված և վերահսկվող խնամատար ընտանիքում: Ընդ որում, օրենսգիրքը կնախատեսի, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային իր կենսաբանական ընտանիքից հեռացնելու դեպքում, կքննարկվի խնամակալության (հոգաբարձության) միջոցով նրա խնամքի կազմակերպման հնարավորությունը: Այս սկզբունքն արդեն իսկ ամրագրված է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով և որոշմամբ.
3) օրենսդրական կարգավորման միջոցով պետք է նպաստել խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
V. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Օրենսգիրքը կսահմանի, որ խնամատար ընտանիքում կարող է խնամվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխան: Միևնույն ժամանակ պետք է խթանել մեկ խնամատար ընտանիքում մեկից ավելի հոգեզավակների տեղավորումն ու խնամքը:
21. Օրենսգրքում կներառվեն դրույթներ երեխայի լավագույն շահի վերաբերյալ, մասնավորապես.
1) առաջնորդվել երեխայի լավագույն շահով.
2) ապահովել համաչափությունը երեխայի լավագույն շահի ու կենսաբանական ծնողների իրավունքների միջև.
3) ապահովել, որպեսզի խնամատարությունն ուղղված լինի խնամատար ընտանիքում գտնվող երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելուն:
22. Օրենսգրքով կսահմանվեն խնամատարության ձևերը և խնամատար ընտանիքի տեսակները: Խնամատար ընտանիքների տեսակները նախատեսվում են տարբեր իրավիճակներում հայտնված երեխաների համար` հնարավոր բոլոր այլընտրանքները ստեղծելու համար:
23. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ` մինչև երեխայի չափահաս դառնալը: Խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18 տարեկանը լրանալուց հետո` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դեպքերում:
24. Խնամատար ընտանիքի տեսակներն են`
1) ճգնաժամային.
2) արձակուրդային.
3) մասնագիտացված.
4) ընդհանուր:
25. Ճգնաժամային խնամատարությունը նշանակվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Ճգնաժամային խնամատարությունը համարվում է անցումային փուլ, որի ընթացքում կորոշվի երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները:
Ճգնաժամային խնամատար ընտանիքը կարող է ընտրվել`
1) երեխայի ծնողների կամ միակ ծնողի ծանր հիվանդության դեպքում.
2) երեխայի ծնողների կամ միակ ծնողի կալանավորման, կալանքի կամ ազատազրկման դատապարտման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում չի կայացվել.
3) երեխային ծնողից (ծնողներից) անհապաղ հեռացնելու դեպքում, եթե վերջինս իր գործողությամբ կամ անգործությամբ, երեխայի կյանքի կամ առողջության համար իրական լուրջ վտանգ է առաջացնում.
4) եթե տարերային կամ տեխնածին աղետի հետևանքով երեխայի ծնողների կամ միակ ծնողի (ծնողների) համար անհնարին է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն և դաստիարակությունը.
5) եթե ծնողը (ծնողները) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա համար պատշաճ խնամք և դաստիարակություն` նրա անձի լիարժեք զարգացումն ապահովելու նպատակով.
6) երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ, և ծնողները չեն եկել համաձայնության այդ հարցի շուրջ.
7) եթե երեխայի մերձավոր ազգականը (ազգականները) գրավոր հայտնել են երեխայի խնամքը և դաստիարակությունը ստանձնելու համաձայնություն, ապա առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, երեխան խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին (ազգականներին):
26. Արձակուրդային խնամատար ընտանիքները նախատեսված են անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի համար:
Արձակուրդային խնամատարությունը նախատեսվում է ծնողին (ծնողներին) կամ խնամակալներին աջակցելու` դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու նպատակով կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (ծնողներին) կամ խնամակալներին աջակցելու նպատակով:
27. Մասնագիտացված խնամատար ընտանիքն նախատեսվում է այն դեպքերում, երբ գործ ունենք հաշմանդամություն, ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով, խորը սթրես ապրած (տրավմայի ենթարկված) երեխաների, ինչպես նաև անչափահաս մայրերի և նրանց երեխաների խնամատարության հետ: Դա խնամատարության հատուկ տեսակ է:
Մասնագիտացված խնամատար ընտանիքը կարող է լինել ճգնաժամային: Մասնագիտացված խնամատարությունը ներառում է նաև 18 տարեկանը լրանալուց հետո պետության կողմից տրամադրվող հետխնամքի հատուկ աջակցություն:
28. Ընդհանուր խնամատարությունը կիրառվում է այն դեպքում, երբ վերը թվարկված խնամատարության տեսակները կիրառելի չեն:
29. Խնամատարությունը դասակարգվում է նաև ըստ դրա տևողության` երկարաժամկետ ու կարճաժամկետ: Ընդհանուր և մասնագիտացված խնամատարության տեսակները կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, իսկ արձակուրդային և ճգնաժամային խնամատարությունը` միայն կարճաժամկետ:
Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչև մեկ տարի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի և ավելի ժամկետով:
30. Օրենսգրքով կսահմանվի նաև խնամատար ընտանիքին տրամադրվող աջակցության և օգնության, իսկ մասնագիտացված խնամատարների համար` հատուկ աջակցության տրամադրում: Աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ` մասնագիտական ու սոցիալական, և հնարավորություն ընձեռի պատշաճ կերպով արձագանքել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթության, բուժման և պաշտպանության հետ կապված կարիքներին: Խնամատար ընտանիքին տրամադրվող աջակցությունը և օգնությունն ու դրանց տրամադրման կարգը կսահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
31. Խնամատար ծնողի (ծնողների) բնակության վայրի մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ), և խնամատար ծնողի միջև կկնքվի երեխային պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վերաբերյալ քաղաքացիաիրավական պայմանագիր: Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում խնամատար ծնողին` երեխային պահելու համար վճարվող վճարից (եկամտից), որպես հարկային գործակալ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հաշվարկում, պահում և ՀՀ պետական բյուջե է փոխանցում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անձնավորված հաշվարկ է ներկայացնում Աշխատակազմը:
Երեխային խնամելու և դաստիարակելու համար կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց եկամուտ ստանալու ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
32. Օրենսգրքում կբարեփոխվի խնամատար ընտանիքների ընտրության ընթացակարգը:
33. Օրենսգիրքը խնամատար ընտանիքների ընտրությունը կտարբերակի ըստ խնամատարության տեսակների, քանի որ յուրաքանչյուր տեսակի խնամատարության համար դիմած խնամատար ծնողը (ծնողները) պետք է տիրապետի տարբեր ունակությունների, ունենա տարբեր հնարավորություններ, գիտելիքներ, կենցաղային պայմաններ և այլն, մասնավորապես`
1) խնամատար ծնողը (ծնողները) պետք է գիտակցի և իմանա խնամատարության ինստիտուտի առաքելությունն ու նպատակը.
2) ունենա հաղորդակցման և ծնողավարման հմտություն, մասնավորապես կարողանա հաղորդակցվել ու խնամել այնպիսի երեխաների, ովքեր ընտանեկան բռնությունների են ենթարկվել.
3) կարողանա երեխայի հետ ընտանեկան կապեր ստեղծել, ապահովել նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը.
4) ապահովել երեխայի կրթության, խնամքի ու դաստիարակության համար անվտանգ, առողջ ու ներդաշնակ միջավայր:
34. Օրենսգիրքն ի թիվս այնպիսի պահանջների, որոնք վերաբերում են խնամատար ծնողի (ծնողների) ֆինանսական դրությանը, տարիքին, անցյալին, կնախատեսի նաև խնամատար ծնողի (ծնողների) պարբերաբար վերապատրաստվելու պահանջ` պետական լիազորված մարմնի կողմից համապատասխան հավաստագրերի միջոցով այդ փաստը հաստատելով:
35. Օրենսգրքով կսահմանվի, որ խնամատարության յուրաքանչյուր տեսակի դեպքում, կենսաբանական ծնողի (ծնողների), խնամատար ծնողի (ծնողների) և հոգաբարձության ու խնամակալության մարմնի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
36. Օրենսգրքով անհրաժեշտ է սահմանել խնամատարության դեպքում երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, մասնավորապես.
1) Օրենսգրքով կսահմանվի, որ երեխայի լավագույն շահի որոշումը մասնագիտական գործընթաց է.
2) երեխայի լավագույն շահը որոշելու ուղեցույցը կհաստատի Հայաստանի Հանրապետության կառավարությունը. ընդ որում լավագույն շահը տարբեր է` պայմանավորված խնամատարության տեսակով:
37. Երեխայի լավագույն շահը ապահովելու համար անհրաժեշտ է`
1) պահպանել համաչափ և ողջամիտ հավասարակշռություն երեխայի իրավունքների ու նրա օրինական ներկայացուցիչների իրավունքների միջև, ի կատարումն խնամատարության հիմնական նպատակի` երեխային իր կենսաբանական ծնողին (ծնողներին) վերադարձնելուն, ընտանիքը վերամիավորելուն.
2) ապահովել երեխային իր կենսաբանական ընտանիքից հեռացնելու որոշման բավարար հիմնավորվածությունը.
3) որոշել` տվյալ երեխայի համար ներդաշնակ, պատշաճ ու անվտանգ խնամք և դաստիարակություն ապահովելու խնամատար ընտանիքի կարողությունը.
4) պարզել` սոցիալական ծառայությունների հասանելիությունը տվյալ խնամատար ընտանիքի նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու համար.
5) նպաստել խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը.
6) սահմանել խնամատար ընտանիքի նոր տեսակներ:
38. Օրենսգրքով կսահմանվեն խնամատարության հանձնված երեխայի կենսաբանական ծնողի (ծնողների) իրավունքները և կարգավիճակը: Մասնավորապես, Օրենսգրքով կսահմանվի, որ`
1) երեխայի կենսաբանական ծնողը (ծնողները) կարող է մասնակից դառնալ խնամատարության ամբողջ գործընթացին ու որոշումների կայացմանը, որպեսզի գործընթացը նրա համար լինի բավարար չափով թափանցիկ ու հասկանալի, քանի դեռ դա չի հակասում երեխայի լավագույն շահին.
2) ապահովվի խնամատարության հանձնված երեխայի կենսաբանական ծնողի (ծնողների) շփումը երեխայի հետ, անհրաժեշտության դեպքում նաև սոցիալական աշխատողի հսկողության ներքո: Երեխայի հետ շփվելու` կենսաբանական ծնողի (ծնողների) իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ դեպքերում, եթե դա է պահանջում երեխայի լավագույն շահը:
39. Օրենսգրքով կսահմանվեն խնամատարության հանձնվող երեխայի իրավունքները: Ներկա կարգավորմամբ, Օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` երեխային խնամատար ընտանիք հանձնելիս հաշվի է առնվում տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Անհրաժեշտ է սահմանել, որ մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի է առնվում տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
40. Օրենսգրքով կսահմանվի խնամատար ընտանիքում երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկման և վերահսկողության ընթացակարգ:
Անհրաժեշտ է Օրենսգրքով սահմանել, որ սոցիալական ծառայություն տրամադրող մարմինը և (կամ) այլ իրավասու մարմին պետք է պարբերական վերահսկողություն իրականացնի խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի նկատմամբ` ստուգելու արդյոք խնամատար ծնողը (ծնողները) կատարում է երեխայի լավագույն շահը պաշտպանելու իր պարտականությունը, ապահովում է երեխայի համար ներդաշնակ ու անվտանգ խնամք և դաստիարակություն: Դրա համար անհրաժեշտ է որոշակի պարբերականությամբ իրականացնել խնամատար ընտանիքի հետ հանդիպումներ և տնային այցելություններ (մշտադիտարկում):
41. Խնամատար ընտանիքի և հոգեզավակի հարաբերությունները անհրաժեշտ է համապատասխանեցնել ՄԱԿ-ի 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածով ամրագրված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի գործընթացի համար կարևոր ու հիմնարար սկզբունքներին, 2009 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի ընդունած «Երեխայի այլընտրանքային խնամքի մասին ուղեցույց»-ին և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի գաղափարախոսությանը: Վերոնշյալ միջազգային փաստաթղթերը մասնավորապես հռչակում են երեխաների այլընտրանքային խնամքի հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի խնամատարության ինստիտուտի իրավական կարգավորումը: Այդ սկզբունքներն են`
1) Անհրաժեշտությունը. այս սկզբունքը ենթադրում է, որ երեխայի համար լավագույնը իր կենսաբանական ընտանիքում պատշաճ խնամք և դաստիարակություն ստանալն է: Երեխային իր կենսաբանական ընտանիքից հեռացնելը պետք է լինի բացառիկ և կիրառվի միայն այն դեպքում, երբ բոլոր այլ միջոցները սպառվել են, ու հիմնված լինի մասնագիտական եզրահանգման վրա.
2) Համապատասխանությունը. երեխայի այլընտրանքային խնամքի տեսակը և միջոցը պետք է լինի անհատապես որոշված և համապատասխանի տվյալ երեխայի կարիքներին: Այլընտրանքային խնամքի հանձնված երեխան և խնամատարները պետք է գտնվեն շարունակական մոնիթորինգի ու հսկողության ներքո: Այլընտրանքային խնամքի հիմնական նպատակը պետք է լինի երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելը.
3) Իր վերաբերյալ որոշումների կայացմանը երեխայի մասնակցելը և երեխայի լավագույն շահի իրականացումը. այս սկզբունքը ենթադրում է, որ երեխայի այլընտրանքային խնամքի վերաբերյալ յուրաքանչյուր որոշում նախ պետք է կայացվի հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, և երեխան նույնպես պետք է մասնակից լինի իր վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին: Պետությունը ունի պարտավորություն ապահովելու, որ այս սկզբունքը արդյունավետ իրականացվի ու կյանքի կոչվի.
4) Նախապատվությունը ընտանիքում խնամքին ու դաստիարակությանը. այս սկզբունքը նշանակում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները երեխային «պահելու» կամ վերադարձնելու իր կենսաբանական ընտանիք: Երեխան բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կհանձնվի միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել նրա խնամքը ընտանեկան պայմաններում.
5) Ֆինանսական ծանր վիճակը հիմք չէ երեխայի խնամքը հաստատությունում կազմակերպելու կամ իր կենսաբանական ընտանիքից բաժանելու համար. այս սկզբունքը նշանակում է, որ երեխայի այլընտրանքային խնամքի վերաբերյալ որոշում կայացնելիս չի կարելի առաջնորդվել միայն ընտանիքի ֆինանսական վիճակով, անհրաժեշտ է հաշվի առնել նաև երեխայի այլ կարիքները` առողջությունը, կրթությունը և այլն.
6) խնամատարության կարող է հանձնվել նաև այն երեխան, ում կենսաբանական ընտանիքը գոյություն ունի, առկա է կենսաբանական ծնողը (ծնողները), և նա զրկված չէ ծնողական իրավունքից կամ երբ իրավասու մարմինները, գործող օրենսդրության համաձայն, կայացրել են որոշում այն մասին, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից.
7) պետությունն ունի պարտավորություն ապահովելու, որ երեխան ստանա պատշաճ խնամք և դաստիարակություն իր կենսաբանական ընտանիքում, իր կենսաբանական ծնողի (ծնողների) հետ.
8) պետությունն իր պարտավորությունը կատարելիս պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահը պաշտպանելու սկզբունքով.
9) պետության պարտավորությունն է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի խնամատար ընտանիք հանձնված երեխան ի վերջո վերադառնա իր կենսաբանական ծնողի (ծնողների) մոտ.
10) խնամատար ընտանիքի և երեխայի հարաբերությունները դիտարկվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերում, քանի որ որքան երկար է ժամկետը, այնքան մեծ է հավանականությունը, որ կառաջանան ընտանեկան կապերին համարժեք կապեր.
11) երեխայի լավագույն շահի որոշումը պետք է հիմնված լինի մասնագիտական վերլուծության և լավագույն շահը ճանաչելու վերաբերյալ եզրակացության հիման վրա: Պետությունը պարտավոր է այդ մասնագիտական վերլուծության արդյունքում ապահովել ողջամիտ և իրավաչափ հավասարակշռություն երեխայի լավագույն շահի, երեխայի կենսաբանական ընտանիքի ու ծնողների իրավունքների միջև: Այդ հավասարակշռության ապահովումը չպետք է հիմնված լինի զուտ վարչարարական ձևական ընթացակարգերի վրա, քանի որ այդ դեպքում պետական մարմինների որոշումները, անկախ վարչական կամ դատական ընթացակարգերից, կլինեն կամայական ու ոչ իրավաչափ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից.
12) խնամատարության հանձնված և (կամ) դեռևս հանձնման գործընթացում գտնվող երեխայի կենսաբանական ծնողը (ծնողները) պետք է պատշաճ կերպով մասնակցի բոլոր գործընթացներին, որպեսզի կարողանա ներկայացնել ու պաշտպանել իր ծնողական իրավունքները: Բնականաբար, կենսաբանական ծնողի (ծնողների) կամքը չի կարող որոշիչ լինել, եթե դա կհակասի երեխայի լավագույն շահին.
13) խնամատարության գործընթացի որոշումները պետք է կայացվեն ողջամիտ ժամկետներում, հակառակ դեպքում` դրանք կլինեն ժամանակավրեպ և չեն ծառայի իրենց նպատակին:
42. Ի լրումն վերը նշված սկզբունքների, խնամատարության ոլորտում առկա միջազգային փորձը, այդ թվում նաև բնագավառի միջազգային կազմակերպությունների վերլուծությունները նախատեսում են նաև մի շարք բովանդակային և ընթացակարգային կանոններ, որոնք հիմնականում ուղղված են թվարկված սկզբունքների կիրարկմանը:
43. Անհրաժեշտ է սահմանել խնամատար ծնողի (ծնողների) ընտրության այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա ողջամտորեն վստահ լինել, որ ընտրվել է այնպիսի խնամատար ծնող (ծնողներ), ով ունի բավարար ունակություններ և հնարավորություններ, այդ թվում նաև մասնագիտական, երեխայի լավագույն շահն ու կարիքները հասկանալու և պաշտպանելու համար: Խնամատար ծնողի (ծնողների) ընտրության հիմնական սկզբունքները սահմանվում են օրենքով, իսկ խնամատարության ընթացակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով կարող է սահմանվել`
1) խնամատար ծնողի (ծնողների) պարտականությունը` որոշակի պարբերականությամբ անցնելու համապատասխան վերապատրաստում.
2) խնամատար ծնողի (ծնողների) ընտրությունը, երեխայի և խնամատար ծնողի (ծնողների) համադրումը, խնամատար ընտանիքի հետ հարմարվելու ընթացքը, այդ գործընթացում երեխայի կենսաբանական ծնողի (ծնողների) դերը.
3) խնամատար ընտանիքում երեխայի կյանքի վերահսկողության ընթացքին սոցիալական համապատասխան ծառայության մասնակցությունը ամենօրյա խնդիրների վերհանման, ներառյալ պայմանագրի լուծման ընթացքում.
4) խնամատար ընտանիքում խնամվող երեխայի խնամքի նկատմամբ անընդհատ և պարբերական վերահսկողությունը` խնամատարության ամբողջ ընթացքում:
VI. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
44. Հայեցակարգում առաջարկվող լուծումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությունում զարգացնել խնամատար ընտանիքի ինստիտուտը, օրենսդրության փոփոխության միջոցով այն համապատասխանեցնել երեխայի լավագույն շահին, ինչպես նաև համընդհանուր միջազգային իրավական կարգավորումներին և սկզբունքներին:
45. Հայեցակարգով առաջարկվող խնամատարության նոր տեսակների ներդրումը ֆինանսական ծախսերի փոփոխություն չի առաջացնի, քանի որ խնամատարության զարգացումը կհանգեցնի երեխաների խնամքով զբաղվող սոցիալական պաշտպանության հաստատությունների ծանրաբեռնվածության նվազմանը: