Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱ ...

 

 

040.1084.250915

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1084-Ն

 

i

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 31.03.16 թիվ 325-Ն որոշում)

i

1.1. Հաստատել իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 31.03.16 թիվ 325-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) սույն որոշմամբ սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելն իրականացնել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետից բխող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը.

3) մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծ:

3. Սույն որոշման հավելվածով սահմանված պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու գործընթացի համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու համար անհրաժեշտ մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված նորմատիվ իրավական ակտերի պատճենները «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու գործընթացը` համաձայն «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ցանկի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության N 1

2015 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1084-Ն որոշման

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու (այսուհետ` էլեկտրոնային ժողովածու) կազմելու և տրամադրելու կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային ժողովածուն պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև այդ ակտերի հետ կապված այլ իրավական ակտերի համակարգված, որոնողական համակարգով հագեցած ժողովածու է, որի ներկայացումն իրականացվում է http://www.arlis.am/ ինտերնետային կայքում:

3. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերը ներկայացվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱ» նշումով:

4. Պաշտոնական ինկորպորացիայի են ենթարկվում 2015 թվականի մարտի 1-ից հետո ընդունված և փոփոխություններ կրած նորմատիվ իրավական ակտերը:

5. Մինչև 2015 թվականի մարտի 1-ը ընդունված և փոփոխությունների ենթարկված, ինչպես նաև 2015 թվականի մարտի 1-ից փոփոխված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիաներով էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքներն իրականացվում են հետևյալ փուլերով`

1) պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերով համալրում.

2) պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերով համալրում:

6. Էլեկտրոնային ժողովածուի համալրման հաջորդականություն է սահմանվում նորմատիվ իրավական ակտերի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետները` սկսած 2015 թվականի մարտի 1-ից` նվազման կարգով:

7. Սույն կարգի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր ունեցող նորմատիվ իրավական ակտերն են` 1997 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականներում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:

8. Սույն կարգի իմաստով պաշտոնական սկզբնաղբյուր չունեցող կամ չպահպանված նորմատիվ իրավական ակտերն են` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված և ընդունման պահին սահմանված կարգով հրապարակված նորմատիվ իրավական ակտերը:

9. Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքների ավարտման ժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է:

(1-ին հավելվածը փոփ. 31.03.16 թիվ 325-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1084-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգի նպատակն է իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման համար միասնական կանոնների սահմանումը, ինչպես նաև այդ աշխատանքների միատեսակության ապահովումը:

3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հիմնական իրավական ակտ` փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող այն իրավական ակտը կամ դրա պաշտոնական ինկորպորացված տարբերակը, որում նախատեսվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, կամ դադարեցնել իրավական ակտի գործողությունը.

2) փոփոխող իրավական ակտ` հիմնական իրավական ակտում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 70-րդ հոդվածով սահմանված կարգով փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտ.

3) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում` հիմնական իրավական ակտում փոփոխող իրավական ակտով նախատեսված փոփոխությունների և լրացումների ներառում, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողության դադարեցում.

4) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիա` իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացման արդյունքում ստեղծված հիմնական իրավական ակտի` համապատասխան փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող տարբերակ.

5) ծանուցում` իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմնի կողմից ներկայացվող լրացուցիչ տեղեկատվություն` իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու և այլ իրավական բնույթի տեղեկությունների վերաբերյալ.

6) հղում` իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մասին տեղեկություն, որն առնվազն ներառում է տվյալ փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը: Հղումը կատարվում է փոփոխված իրավական ակտի կամ դրա կառուցվածքային միավորից հետո, նոր տողից, փակագծերի մեջ` հիմնական իրավական ակտի տեքստի ձևաչափից տարբերվող ձևաչափով.

7) իրավատեխնիկական սխալ (վրիպակ)` պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում ի հայտ եկած հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև տեքստային անհամապատասխանություն, որի արդյունքում հնարավոր չէ ինկորպորացնել իրավական ակտը կամ դրա որևէ կառուցվածքային միավորը.

8) կառուցվածքային միավոր` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված իրավական ակտի մասեր, ինչպես նաև հավելվածների ձևով հաստատվող իրավական ակտի առանձին բաղկացուցիչ մասեր:

4. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է փոփոխող և հիմնական իրավական ակտերի բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ` չփոխելով դրանց իմաստը` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները:

5. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամանակագրության` աճողական կարգով:

6. Եթե հիմնական իրավական ակտի երկու և ավելի փոփոխող իրավական ակտեր ուժի մեջ են մտնում նույն օրը, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող իրավական ակտերի ընդունման օրվա ժամանակագրության` աճողական կարգով:

7. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված փոփոխող իրավական ակտերի ընդունման օրերը համընկնում են, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող ակտերի համարակալման հաջորդականության` աճողական կարգով:

8. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է փոփոխող իրավական ակտի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Եթե փոփոխող իրավական ակտն ուժի մեջ է մտնում պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում, ապա նախատեսված բոլոր փոփոխությունները ներառվում են հիմնական իրավական ակտում, ընդ որում` հիմնական իրավական ակտի համապատասխան կառուցվածքային միավորի (օրենքում` հոդվածի, այլ իրավական ակտում` կետի) տեքստից հետո կատարվում է հղում` հետևյալ հաջորդականությամբ`

1) փոփոխվող կառուցվածքային միավորի համարը և տեսակը.

2) կատարված փոփոխության բնույթը` «փոփ.», «լրաց.» կամ «խմբ.» կրճատված ձևով.

3) փոփոխող իրավական ակտի ընդունման օրը` «ամսաթիվը.ամիսը.տարին» ձևաչափով.

4) փոփոխող իրավական ակտի համարը:

Գործողությունը դադարեցրած հիմնական իրավական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի տեքստի փոխարեն կատարվում է հղում` պահպանելով միայն հիմնական իրավական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի վերնագիրը և համարակալումը, իսկ վերնագիր չունենալու դեպքում` համարակալումը:

10. Եթե փոփոխող իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետից հետո, ապա նախատեսված փոփոխությունները չեն ներառվում հիմնական իրավական ակտում: Սույն կետով սահմանված դեպքում հիմնական իրավական ակտում տրվում է ծանուցում համապատասխան փոփոխող իրավական ակտն ուշ ուժի մեջ մտնելու, ինչպես նաև այդ փոփոխությունները դեռևս ներառված չլինելու վերաբերյալ: Սույն կետով սահմանված փոփոխող իրավական ակտերով նախատեսված փոփոխությունները հիմնական իրավական ակտում ներառվում են դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն հինգ օր առաջ:

11. Եթե փոփոխող իրավական ակտը պարունակում է տարաժամկետ ուժի մեջ մտնող փոփոխություններ նախատեսող դրույթներ, ապա`

1) պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված կանոնները.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից հետո ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված կանոնները:

12. Պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմինը հիմնական իրավական ակտում` տեսանելի վայրում, ծանուցման տեսքով ներկայացնում է տեղեկատվություն փոփոխող իրավական ակտի եզրափակիչ կամ անցումային դրույթներով նախատեսված իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու վերաբերյալ:

13. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման պարտադիր պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հիմնական իրավական ակտում կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորից հետո կատարվում է հղում` նշելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:

14. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում իրավատեխնիկական սխալներ հայտնաբերելու դեպքում տվյալ իրավական ակտի կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորի ինկորպորացիա չի իրականացվում` այդ մասին տալով ծանուցում հիմնական իրավական ակտում: Ծանուցման մեջ նշվում է հիմնական իրավական ակտի և համապատասխան փոփոխող իրավական ակտի միջև անհամապատասխանության և դրա արդյունքում հիմնական իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը ինկորպորացված չլինելու մասին:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքում իրավատեխնիկական սխալը հայտնաբերելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը համապատասխան իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում հայտնաբերված իրավատեխնիկական սխալի մասին` ներկայացնելով իրավատեխնիկական սխալի մանրամասն նկարագրությունը:

16. Իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում հայտնաբերված իրավատեխնիկական սխալները գրանցվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարվող մատյանում:

 

(2-րդ հավելվածը լրաց. 31.03.16 թիվ 325-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2015
N 1084-Ն
Որոշում