ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ
ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը և Հայաստանի կոմկուսի Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի դիմումի տեքստը` ուղղված Սովետական Հայաստանի քաղաքացիներին:
5 դեկտեմբերի 1988 թվականի
թիվ 1413-XI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄՈՒՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեն, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Լենինական, Կիրովական քաղաքներում, Սպիտակի, Ստեփանավանի, Ամասիայի, Գուգարքի և հանրապետության ուրիշ շրջաններում ս.թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, 1988թ. դեկտեմբերի 9-ին և 10-ին հանրապետությունում սուգ հայտարարել:
Այդ օրերին`
դադարեցնել թատերահանդեսային և կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատանքը.
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի, Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների, Հայկական ՍՍՀ մինիստրությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, պետական ու հասարակական մյուս մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև բնակելի շենքերին կախել Հայկական ՍՍՀ պետական դրոշը` սգո ձևավորմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ
ԿՈՄԿՈՒՍԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԿԵՆՏԿՈՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Թանկագին հայրենակիցներ:
Եղբայրներ ու քույրեր:
Մեր ժողովրդին ծանր փորձություն բաժին ընկած: Դժբախտություն եկավ մեր տունը: Դեկտեմբերի 7-ին չտեսնված ուժի երկրաշարժը ավերածության հետքեր թողեց, ողբերգական հետևանքներ ունեցավ: Տարերային աղետը առանձնակի դաժանությամբ դրսևորվեց հանրապետության երկրորդ մեծ քաղաք Լենինականում, Կիրովական քաղաքում, Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի, Ամասիայի, Ղուկասյանի, Արագածի և դրանց հարող շրջաններում:
Այդ ամենի հետևում մարդկային մեծ ողբերգությունն է, հսկայական նյութական վնասը: Կան բազմահազար զոհեր և զգալի ավերածություններ: Գրեթե լիովին ավերված է Սպիտակ քաղաքը: Տարերային աղետի գոտում շարքից դուրս են եկել կոմունիկացիաները, ընդհատվել է հեռախոսային կապը, դադարել է էլեկտրաէներգիայի, ջրի, գազի մատակարարումը:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը, հանրապետության Գերագույն սովետի նախագահությունը և Մինիստրների խորհուրդը խորը կարեկցանք և ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, տուժածներին, մեր ամբողջ ժողովրդին:
Որոշում է ընդունված դեկտեմբերի 9-ը և 10-ը հայտարարել համազգային սգո օրեր:
Թանկագին ընկերներ:
Հայ ժողովուրդը իր պատմության բոլոր ժամանակներում հոգու ուժ, արիություն, տոկունություն է դրսևորել: Նա կարողացավ դիմանալ ճակատագրի բոլոր հարվածներին, բոլոր դժվարին փորձություններին:
Մեր թիկունքում մեր ժողովրդի պատմությունն է, մեր նախնիների աննկուն բնավորությունը:
Հանրապետության բոլոր աշխատավորները` անկախ իրենց ազգային պատկանելությունից, կոմունիստները և անկուսակցականները, ճերմակահեր վետերանները և երիտասարդները տարերային աղետի առաջին իսկ րոպեներից իրենց դրսևորեցին որպես իսկական հայրենասերներ: Կուսակցության Երևանի քաղկոմի կոչով տուժածներին օգնության են կանգնել հազարավոր կամավորներ: Հազարավոր մարդիկ դարձել են կամավոր դոնորներ, իրենց կյանքի մի մասնիկը տալով հայրենակիցների կյանքը փրկելու համար:
Հանրապետության ղեկավարությունը բոլոր միջոցները ձեռնարկում է փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու, տուժածներին սննդով, հագուստով, դեղորայքով ապահովելու համար: Մեր որդիները, սովետական բանակի ռազմիկները առաջիններից էին, որ շտապեցին օգնելու բնակչությանը, նրանք ցուցաբերում են անձնվիրություն և ազնվություն, իրենց ամենաակտիվ մասնակցությունը բերելով փրկարար աշխատանքներին:
Հանրապետության համար ծանրագույն պահին անգնահատելի բարոյական աջակցություն եղան Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի անկեղծ մարդասիրական խոսքերը: Հեռավոր Նյու Յորքից ստացված հեռագիրը մեզ ուժ տվեց, վստահություն ներշնչեց: Հայաստանում երկրաշարժի կապակցությամբ Մ. Ս. Գորբաչովը ընդհատեց իր այցը և վերադարձավ հայրենիք: Տարերային աղետը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի ժողովուրդների համար, այլև ամբողջ սովետական ժողովրդի համար:
Երկրաշարժի հետևանքները վերացնելու ու տուժածներին օգնություն ցույց տալու ընդհանուր միութենական մասշտաբի աշխատանքների կոորդինացման համար ստեղծված է ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ի. Ռիժկովի գլխավորությամբ: ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ն. Ն. Սլյունկովը, ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, ՍՍՀՄ պաշտպանության մինիստր Դ. Տ. Յազովը, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալներ Յու. Պ. Բատալինը և Լ. Ա. Վորոնինը:
Հանձնաժողովի անդամները Երևան ժամանելուն պես մեկնեցին աղետի շրջան և ձեռնամուխ եղան աշխատանքին:
Գործելու է նաև կառավարական հանձնաժողով` ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Բ. Ե. Շչերբինայի գլխավորությամբ:
Այս ծանր, սգալի օրերին մենք կրկին կարողացանք համոզվել, որ ապրում ենք եղբայր ժողովուրդների համերաշխ ընտանիքում: Երկրաշարժը հանրապետության բնակչությանը հանկարծակիի բերեց: Բայց դժբախտության մեջ մենք միայնակ չմնացինք, մեզ հետ է ամբողջ երկիրը, հանրապետությունների մեծ Միությունը, որի նյութական և բարոյական ամբողջությունը մենք զգացինք մեզ հասած դժբախտության առաջին իսկ րոպեից:
Մոսկվայից արդեն ժամանել է աշխատանքին ձեռնամուխ է եղել բժիշկների, վիրաբույժների մի մեծ խումբ, որը գլխավորում է ՍՍՀՄ առողջապահության մինիստր Ե. Ի. Չազովը: Տարերային աղետից տուժած շրջանների համար հատկացվում են հսկայական միջոցներ, շինանյութեր, ջեռուցիչ համակարգեր, հավաքովի տներ, տաք հագուստ, օթևանից զրկված մարդկանց ժամանակավոր բնակության համար վրաններ: Շտապ կարգով միջոցներ են ձեռնարկվում տների, բնակարանների վերականգնման համար: Այդ նպատակով կազմված են շինջոկատներ երկրի բոլոր հանրապետությունների ներկայացուցիչներից: Սովետական Հայաստանի աշխատավորները միշտ էլ արձագանքել են մյուսների դժբախտությանը: Չէ որ ուրիշի դժբախտություն չի լինում: Իսկ այսօր երկիրն է շտապում մեզ ցույց տալու օգնություն: Դա պետք է ուժ տա մեզ, ամրապնդի մեր ոգին աննախադեպ աղետի դեմ հանդիման:
Մենք վստահ ենք, հայ ժողովուրդը, Սովետական Հայաստանի աշխատավորները կդիմանան ճակատագրի այս հարվածին, փորձությունից դուրս կգան էլ՛ ավելի համախմբված, էլ՛ ավելի տոկուն:
Եվ թող ավերակներից հառնող քաղաքները դառնան տարերային աղետի զոհերի հուշարձանը:
Արիության ժամն է խփել մեր ժամացույցով, և թող արիությունը մեզ չլքի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ
ԿՈՄԿՈՒՍԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԿԵՆՏԿՈՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ