Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆ ...

22.07.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.03.2015  -ից մինչեւ   22.07.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 29.06.17 թիվ 759-Ն որոշում)

i

040.0099.160215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2015 թվականի N 99-Ն

 

i

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 15-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գնումների համակարգողի որակավորման շնորհման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գնումների որակավորված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով գնումների համակարգողի որակավորում ստացած անձինք սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված ցուցակում ընդգրկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամիս ժամկետով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 12-ի

N 99-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գնումների համակարգողի որակավորման շնորհման նպատակով քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Անձին գնումների համակարգողի որակավորում շնորհվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով կազմակերպված քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում:

3. Լիազոր մարմինը հաշվառում է գնումների որակավորված մասնագետներին և www.gnumner.am կայքում (այսուհետ` կայք) հրապարակում է այդ մասնագետների ցուցակը:

 

II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Գնումների համակարգողի որակավորման շնորհման նպատակով քննությունը (այսուհետ` քննություն) կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմինը` հայերենով, մեկ փուլով, թեստի միջոցով:

5. Յուրաքանչյուր տարվա համար անցկացվող քննության հարցաշարը, որը ներառում է հարցերը` իրենց ենթադրյալ պատասխաններով, համապատասխան օրենսդրական ակտերին կատարված հղումները, ինչպես նաև հարցաշարի կազմման համար հիմք հանդիսացած իրավական ակտերի ցանկը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը լիազոր մարմինը հրապարակում է կայքում: Ընդ որում, հարցաշարում կատարված փոփոխությունները կիրառվում են դրանց` կայքում հրապարակմանը հաջորդող 60-րդ օրվանից սկսած:

6. Քննության հարցաշարը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հիման վրա: Ընդ որում, հարցաշարը չպետք է ներառի այնպիսի հարցեր, որոնք չեն բխում սույն կետով նախատեսված իրավական ակտերից:

7. Քննությունն անցկացվում է սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջները բավարարող դիմումի ստացման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմինը քննությունն անցկացնելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ քննության անցկացման օրվա, ժամի և վայրի մասին գրավոր տեղեկացնում է տվյալ խմբում ընդգրկված դիմորդներին` դրա մասին տեղեկատվություն հրապարակելով նաև կայքում:

8. Քննությանը կարող են մասնակցել այն անձինք, որոնք սույն կարգի ձևի պահանջներին համապատասխան լիազոր մարմին են ներկայացրել դիմում:

9. Քննությանը մասնակցելու նպատակով անձն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինն ուսումնասիրում և դիմորդին թույլատրում է մասնակցել քննությանը, եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են սույն կարգի պահանջներին:

11. Քննությունն անցկացվում է էլեկտրոնային եղանակով` համակարգչային ծրագրի միջոցով: Թեստում յուրաքանչյուր հարց ունի չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:

12. Քննության թեստերը յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում են քննության անցկացման օրը` դրա անցկացումից անմիջապես առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով, մասնակիցների և լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

13. Քննությունն անցկացնելու համար կազմվող թեստում ներառվում է 50 հարց: Քննության տևողությունը սահմանվում է 75 րոպե:

14. Քննության մասնակցի մուտքը քննասենյակ թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Լիազոր մարմնի ներկայացուցիչն ստուգում է մասնակցի ինքնությունը և վերջինիս անձնական տվյալների հավաստիության դեպքում թույլատրում մասնակցել քննությանը: Քննասենյակ մուտքն արգելվում է քննության մեկնարկից 10 րոպե առաջ: Մասնակցին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել այլ համակարգչից` բացառությամբ թեստի համար նախատեսվածից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև դուրս գալ քննասենյակից:

15. Սույն կարգի 14-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում քննության մասնակիցը լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից դուրս է հրավիրվում քննասենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը, մասնակցի ցանկությամբ, անհապաղ տրվում է իրեն: Այս դեպքում քննության մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:

16. Քննության անցկացման համար սահմանված ժամանակը լրանալուն պես լիազոր մարմնի ներկայացուցիչը հայտարարում է սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո քննության մասնակիցը դադարեցնում է թեստի լրացումը:

17. Համակարգչային ծրագիրը թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատում է 1, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը և որևէ պատասխան չնշելը:

18. Քննությունը հաղթահարելու համար քննության մասնակիցը պետք է ստանա առնվազն 35 միավոր:

19. Քննության արդյունքները հրապարակվում են նույն օրը` կայքում:

20. Քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

21. Քննությունը հաջողությամբ հանձնած մասնակիցներին շնորհվում է գնումների համակարգողի որակավորում` անժամկետ, և քննությունն անցկացվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում անձի տվյալները ներառվում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ցուցակում:

22. Անձը զրկվում է գնումների համակարգողի որակավորումից, եթե առկա են հիմքեր անձի կողմից սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի բովանդակության` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ:

23. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը:

24. Քննությունների արդյունքները պահպանվում են հինգ տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

պրն_________________________________-ին

____________________________________-ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

Գնումների համակարգողների որակավորման քննությանը մասնակցելու նպատակով Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու գնումների համակարգողի որակավորման քննությանը:

 

________________________________________________________________

                      (դիմողի բնակության վայրը)

________________________________________________________________

           (հեռախոսահամարներ և էլեկտրոնային փոստի հասցե)

 

Առդիր` ______ թերթ

 

    Դիմող __________________     «___»__________ թ.

          (ստորագրությունը)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի փետրվարի 12-ի

N 99-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված պատվիրատուի (այսուհետ` պատվիրատու) գնումների որակավորված մասնագետների (այսուհետ` մասնագետներ) շարունակական մասնագիտական վերապատրաստման (այսուհետ` վերապատրաստում) հետ կապված հարաբերությունները:

2. Մասնագետների վերապատրաստումն իրականացվում է վերջիններիս մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով:

3. Վերապատրաստման գործընթացը կանոնակարգում և համակարգում է օրենքով նախատեսված լիազոր մարմինը:

4. Պատվիրատուի աշխատակազմի մասնագետների վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն մասնագետներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն է:

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված անձինք մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հայտ են ներկայացնում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` ԳԱԿ): ԳԱԿ-ը հավաքագրում և ամփոփում է վերապատրաստման համար ներկայացված հայտերը և ձևավորում վերապատրաստվողների խմբերը:

6. Վերապատրաստման դասընթացի մասնակցության ժամանակահատվածում մասնագետների համար սահմանված կարգով ձևակերպվում է գործուղում, իսկ մասնագետներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից` իրենց զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

7. Պատվիրատուի աշխատակազմի մասնագետների վերապատրաստումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Մասնագետները յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ հրավիրվում են մասնակցելու կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման դասընթացներին չմասնակցելն իրավական հետևանքներ չի առաջացնում:

9. Վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների ընդհանուր տևողությունը պետք է կազմի առնվազն 12 ժամ: Վերապատրաստման ծրագրերն ու թեմաները հաստատվում են ԳԱԿ-ի ներկայացմամբ լիազոր մարմնի կողմից` մինչև տվյալ տարվա մարտի 1-ը:

10. Վերապատրաստման հայտերը ներկայացվում են ԳԱԿ-ին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը:

11. Մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը ԳԱԿ-ը հաստատում և www.gnumner.am կայքում (այսուհետ` կայք) հրապարակում է վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը և խմբերը:

12. Վերապատրաստման դասընթացներին առանց բացակայությունների մասնակցելու դեպքում մասնագետները համարվում են վերապատրաստում անցած: Եթե մասնագետները չեն մասնակցել վերապատրաստման դասընթացի որևէ թեմային, նրանց հնարավորություն է ընձեռվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ երեք դասընթացներից որևէ մեկին:

13. Մասնագետները չեն համարվում վերապատրաստում անցած, եթե չեն մասնակցել վերապատրաստման դասընթացներին կամ վերապատրաստման դասընթացի որևէ թեմայի: Վերապատրաստման ենթակա, սակայն արձակուրդում, հղիության և ծննդաբերության ու երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մասնագետները վերապատրաստվում են աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում:

14. ԳԱԿ-ը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կայքում հրապարակում է վերապատրաստումն անցած և չանցած մասնագետների տվյալները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2015
N 99-Ն
Որոշում