23.06.2023 -
040.1452.201214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1452-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (այսուհետ` մանկատուն) շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.08.17 թիվ 982-Ն որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագրի մոնիթորինգի չափորոշիչները:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման աշխատանքների ձեռքբերումը կատարում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 03.08.17 թիվ 982-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1452-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթները:
2. Սույն ծրագիրը տարածվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում պետական մանկատների 2003 թվականից սկսած մինչև 2013 թվականը ներառյալ, հաշվառված և շահառու (այսուհետ` շահառու) ճանաչված (1991-2013 թթ. շրջանավարտներ), ինչպես նաև Գավառի և Վանաձորի ընդհանուր տիպի մանկատների 2014 թվականի և հաջորդող տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) վրա:
3. 2003-2013 թվականների ընթացքում շուրջ 433 շրջանավարտի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական և իրավաբանական ծառայություններ: 2003-2012 թվականների ընթացքում մանկատան 187 շրջանավարտ և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 7 անձ ապահովվել է բնակելի տարածքով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ կարգավորվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը:
5. Սույն ծրագրի իրականացումը գործակալության պայմանագրով վերապահվելու է երեխաների հիմնահարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությանը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Ծրագրի նպատակը շրջանավարտների սոցիալական պաշտպանության և հասարակությանը նրանց ինտեգրման ապահովումն է:
7. Ծրագրի խնդիրներն են`
1) շրջանավարտների ինտեգրումը հասարակություն.
2) աջակցություն շրջանավարտների կենսամակարդակի բարձրացմանը.
3) շրջանավարտների տվյալների շտեմարանի ստեղծումը:
III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալական կարիքների գնահատումը.
2) 1991-2013 թվականների շրջանավարտների և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող անձանց տվյալների ճշտումը և տվյալների շտեմարանի ձևավորումը.
3) 2014 թվականի և հաջորդող յուրաքանչյուր տարվա շրջանավարտների հաշվառումը, նրանց տվյալների ներառումը շտեմարան և նրանց սոցիալական կարիքների գնահատումը.
4) յուրաքանչյուր տարի շրջանավարտներին, ըստ նրանց գնահատված կարիքների, սույն ծրագրով նախատեսված ծառայությունների տրամադրումը:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
9. Ծրագրով նախատեսված միջոցառումներն են`
1) ուսումնասիրել 2003-2013 թվականների ընթացքում «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառու ճանաչված` 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալ-տնտեսական պայմանները, գնահատել նրանց սոցիալական կարիքները.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով վերագնահատված սոցիալական կարիքների համաձայն կազմել շահառուների, այդ թվում` բնակելի տարածության կարիք ունեցողների, տվյալների շտեմարան.
3) ուսումնասիրել և գնահատել պետական մանկատների 2014 թվականին և հաջորդող տարիներին` տվյալ տարվա շրջանավարտների սոցիալական կարիքները և նրանց տվյալները ներառել սույն կետի 2-րդ ենթակետով ձևավորված տվյալների շտեմարանում.
4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված կարգով գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան կազմել շրջանավարտի անհատական սոցիալական ծրագիր.
5) անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում շրջանավարտներին իրենց կարիքներին համարժեք տրամադրվում են`
ա. իրավաբանական խորհրդատվություն` ուղղված նրանց իրավունքների և օրինական շահերի, մասնավորապես, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, պաշտպանությանը,
բ. մասնագիտական կողմնորոշում և աջակցություն զբաղվածության ապահովմանը` խորհրդատվության տրամադրում ելնելով նրանց գիտելիքներից և նախասիրություններից հետագա կրթության կազմակերպման համար, աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան շահառուի ներգրավում առաջնային մասնագիտական ուսուցման և մասնագիտացման վերապատրաստումների դասընթացներում, ինչպես նաև հաշվի առնելով շահառուի պատրաստվածությունն ու նախասիրությունները, աջակցություն նրա զբաղվածության ապահովման գործում,
գ. ընդգրկում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման ծրագրերում` դրա անհրաժեշտության դեպքում,
դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
զ. բնակելի տարածության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով,
է. սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում, որոնք ուղղված են շահառուների հարմարեցմանն ինքնուրույն կյանքին, նրանց միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև սոցիալական այլ հմտությունների և կարողությունների զարգացմանը:
(9-րդ կետը փոփ. 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
10. Գործակալության պայմանագրի հիման վրա ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) համագործակցում է շահառուի բնակության վայրն սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի, զբաղվածության տարածքային կենտրոնի, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանման, տեղական ինքնակառավարման մարմնի և այլ կազմակերպությունների հետ:
11. Կազմակերպությունը սույն ծրագրի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացնելու համար` համագործակցելով մանկատան աշխատակազմի հետ, նախապատրաստական աշխատանքներն սկսում է դեռևս մանկատանը բնակվող 17 տարեկանը լրացած մանկատան սանի հետ, շրջանավարտին` մանկատնից դուրս գալուց հետո տեղավորելու, կրթական և այլ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
12. Կազմակերպությունը կամ մանկատունն աջակցում է մանկատան սանին` մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ:
(12-րդ կետը փոփ. 03.08.17 թիվ 982-Ն որոշում)
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
17. (17-րդ կետն ուժը կորցրել է 22.06.2023 թիվ 1007-Ն որոշում)
18. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած չափորոշիչների և կարգի համաձայն:
19. Ծրագրի իրականացման համար կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալները քննարկվում են յուրաքանչյուր տարի` տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում: