ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 հունիսի 2014 թվականի N 27
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎՏՈՄԱՏ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանության տալ Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` բանակցել միջազգային դոնոր երկրների կամ կազմակերպությունների հետ սույն որոշման հավելվածով հաստատված` Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի համաձայն ծրագրի մշակման և իրականացման համաֆինանսավորման համար` առաջին փուլում ապահովելով ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թ. հունիսի 26-ի
նիստի
N 27 արձանագրային որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎՏՈՄԱՏ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի (այսուհետ` ԱԿՀՀ) ներդրման նպատակն է` ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացումը, ապահովելով շահառուների համար տեղեկատվության հասանելիությունը:
2. ԱԿՀՀ ծրագրի մշակումը և շահագործումը պետք է իրականացվի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ:
3. ԱԿՀՀ պետք է ապահովի Արարատյան դաշտի ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը,հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը` ըստ առանձին ջրաղբյուրների, ջրօգտագործողների, ինչպես նաև բնակավայրերի և ջրահավաք ավազանների համար ընդհանրական կտրվածքով:
4. ԱԿՀՀ կողմից հավաքագրվող տվյալները պետք է ներառեն, սակայն չսահմանափակվեն (պայմանավորված համակարգում ներդրվող արդի տեխնոլոգիաների տեխնիկական հնարավորություններից).
1) ջրօգտագործման անխափան շարունակական հաշվառում,
2) հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն,
3) մոնիթորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորություն:
5. ԱԿՀՀ կողմից տվյալների հավաքագրումը պետք է ապահովի չընդհատվող և հուսալի հաշվառում, ըստ` ժամանակահատվածի (ջրօգտագործման տևողություն, ընդհատումներ, ժամ, օր, տարի):
6. ԱԿՀ համակարգը ապահովում է`
սույն կարգի 2-րդ կետում նշված պահանջների համաձայն հավաքագրված տվյալների Փոխանցումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային տարածքային կառավարման բաժիններին (ըստ ջրօգտագործման տարածքային պատկանելիության), աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արմավիրի և Արարատի տարածքային բաժիններին (ըստ տարածքային պատկանելիության)` որպես շահառուներ:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը կազմակերպում, տիրապետում, տնօրինում է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգ ներդրումը և ապահովում է դրա անխափան շահագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջներին համապատասխան կատարում է փոփոխություն ջրօգտագործող անձի (բացառությամբ խմելու ջրի մատակարարման և ոռոգման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների) կողմից իրականացվող ջրօգտագործման ծավալներում և ռեժիմներում` ընդհուպ մինչև դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակումները:
8. ԱԿՀՀ հավաքագրված տվյալները պետք է հասանելի լինեն օգտատերերին և շահագրգիռ կողմերին, առնվազն կայքէջի միջոցով:
9. ՀՀ Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգը միացված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին, որին հասանելի են ԱԿՀՀ կողմից հավաքագրված բոլոր տվյալները: