01.01.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին
i
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ (այսուհետ` վտանգավոր բեռներ) փոխադրելու բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները, ինչպես նաև վտանգավոր բեռներ առաքողի, փոխադրողի և ստացողի (այսուհետ` վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտներ) իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
Հոդված 2. |
Օրենքի գործողության ոլորտը |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու գործունեություն կազմակերպող և (կամ) իրականացնող, ինչպես նաև վտանգավոր բեռներ փոխադրելու հետ կապված ծառայություններ մատուցող բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում, եթե ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումն իրականացվում է այն կազմակերպության տարածքում, որտեղ կատարվում է դրանց արտադրությունը, մշակումը, պահպանումը, օգտագործումը կամ ոչնչացումը, և փոխադրումները չեն իրականացվում ընդհանուր օգտագործման ճանապարհներով:
3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինված ուժերին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացվող վտանգավոր բեռների փոխադրումների վրա:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) վտանգավոր բեռ` վտանգավոր նյութ, հումք, վտանգավոր թափոններ, որոնք փոխադրման ընթացքում իրենց յուրահատկությունների հետևանքով կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին և առողջությանը, առաջացնել շրջակա միջավայրի աղտոտում և վնասել տրանսպորտային միջոցները կամ շենքերն ու շինությունները` «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման համաձայն. ↩
2) վտանգավոր բեռ փոխադրող` վտանգավոր բեռը փոխադրելու համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձ, որն իրականացնում է վտանգավոր բեռի փոխադրումը.
3) վտանգավոր բեռի փոխադրում` արտադրության կամ պահպանման վայրից (սկզբնակետ) նշանակման վայր (վերջնակետ) վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված գործունեություն, որն ընդգրկում է վտանգավոր բեռի, դրա տարաների, տրանսպորտային միջոցների, բեռի ընդունման, փոխադրման, հանձնման գործողությունների իրականացման, ինչպես նաև փոխադրման բոլոր փուլերում բեռի կարճաժամկետ պահպանման հետ կապված աշխատանքները.
4) փոխադրման երթուղի` վտանգավոր բեռի փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ տրանսպորտային միջոցների շարժման համար հաստատված ուղեգիծ, որը ներառում է դրանց կայանման վայրերը և լիցքավորման կետերը.
5) վտանգավոր բեռը ստացող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը լիազորված է ստանալու իր անունով ուղարկված (առաքված) վտանգավոր բեռը.
6) վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոց` բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որն արտադրող գործարանի կողմից նախատեսված է կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերասարքավորված է տվյալ տիպի վտանգավոր բեռի փոխադրման համար.
7) վթարային քարտ` վտանգավոր բեռի հատկությունների և դրա փոխադրման ժամանակ առաջացող վթարների կամ միջադեպերի և դրանց հետևանքների վերացման գործողությունների սահմանված նմուշի փաստաթուղթ, որը լրացվում է բեռնառաքողի կողմից և բեռի հետ միասին տրամադրվում փոխադրողին: Վթարային քարտի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8) բեռնառաքող` փոխադրման փաստաթղթերում նշված իրավաբանական անձ, որը նախապատրաստում, փաթեթավորում և առաքում է վտանգավոր բեռը.
9) չվնասազերծված տարա` վտանգավոր բեռներ փոխադրելու և պահելու համար նախատեսված տարաներ, կոնտեյներներ, անոթներ, ցիստեռններ, որոնք վտանգավոր բեռը բեռնաթափելուց հետո չեն անցել մաքրում, ախտահանում, վարակազերծում կամ ակտիվազերծում:
10) մասնագիտական վերապատրաստման վկայական` վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա վարորդներին և անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի փաստաթուղթ.
11) մասնագիտական վերապատրաստում` վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականության նվազեցման, ինչպես նաև վթարային արձագանքման վերաբերյալ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական ուսուցում, որն իրականացնելու են վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
12) հատուկ վտանգավոր բեռներ` վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի և շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն և ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում:
(3-րդ հոդ. փոփ. 20.11.14 ՀՕ-161-Ն, փոփ. և լրաց. 03.10.23 ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 4. |
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրությունը |
1. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 2
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները |
1. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) էկոլոգիական, ռադիացիոն և հակահրդեհային անվտանգության, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման և ֆիզիկական պաշտպանության, աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանության, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և անվտանգ երթևեկության պահանջների գերակայությունը.
2) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը:
Հոդված 6. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
1) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը և իրականացումը.
3) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում անվտանգության պետական կարգավորման ու կառավարման նպատակով պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
4) վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջազգային համագործակցությունը:
ԳԼՈՒԽ 3
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) իրականացնում է պետական քաղաքականությունը.
2) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը.
3) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները. ↩
4) սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը. ↩
5) 5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2024 թվականից` համաձայն 03.10.23 ՀՕ-297-Ն օրենք: ↩
6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
7) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը.
9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.
10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը.
11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը:
(7-րդ հոդ. փոփ. և լրաց. 03.10.23 ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 8. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնի լիազորությունները↩ |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնին`↩
1) մշակում և իրականացնում է իր բնագավառում պետական քաղաքականությունը.
2) իր լիազորությունների մասով մշակում է բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 21.07.2020 թվականից` 09.07.20 ՀՕ-363-Ն օրենք)↩
4) վտանգավոր բեռներ փոխադրելու համար տալիս է թույլտվություն, իսկ մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում` նախապես ստանալով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը.
5) համաձայնեցնում է վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, եթե երթուղին անցնում է Երևան քաղաքի վարչական տարածքով` նաև Երևանի քաղաքապետի հետ.
6) ապահովում է տեղեկությունների փոխանակումը շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների միջև.
7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու և վտանգավոր բեռներ փոխադրելու` մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.
9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը:
(8-րդ հոդ. փոփ. 09.07.20 ՀՕ-363-Ն, լրաց. 03.10.23 ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 8.1. |
Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
2. Տեսչական մարմնի իրավասություններն են`
1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների, այդ թվում` վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների և ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
2) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման և անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(8.1-ին հոդ. լրաց. 09.07.20 ՀՕ-363-Ն օրենք)
Հոդված 8.2. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազորությունները |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը`
1) վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռ փոխադրողի կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում իրականացնում է վտանգավոր բեռի ուղեկցումը անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով.
2) տալիս է համաձայնություն վտանգավոր բեռներ փոխադրելու երթուղու վերաբերյալ.
3) վտանգավոր բեռների փոխադրման ժամանակ առաջացած վթարների դեպքում իրականացնում է բնակչության և տարածքների պաշտպանությանը, վթարների վերացմանն ուղղված միջոցառումներ.
4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(8.2-րդ հոդ. լրաց. 16.12.22 ՀՕ-463-Ն օրենք)
Հոդված 9. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները |
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-463-Ն օրենք) ↩
Հոդված 10. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2023 թվականից` 16.12.22 ՀՕ-463-Ն օրենք) ↩
i
Հոդված 11. |
Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների լիազորությունները |
1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական կառավարման այլ մարմինների լիազորություններն են`
1) առողջապահության բնագավառ`
ա. մասնակցություն վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ առաջացած վթարների հետևանքների վերացման միջոցառումներին,
բ. մարդու համար ախտածին` 1-ին և 2-րդ խմբերի միկրոօրգանիզմներ փոխադրելու դեպքում համաձայնության տրամադրում,
գ. վտանգավոր բեռների բացասական ներգործությունից մարդու առողջության պաշտպանության միջոցառումների գերակա ուղղությունների մշակում և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ սանիտարահիգիենիկ պահանջների սահմանում,
դ. իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ.
2) շրջակա միջավայրի պահպանության բնագավառ`↩
ա. հսկողություն է իրականացնում վտանգավոր բեռների փոխադրման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:↩
(11-րդ հոդ. փոփ. 04.03.20 ՀՕ-128-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. |
Վտանգավոր բեռների բեռնառաքողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Բեռնառաքողն իրավունք ունի`
1) արտադրողից պահանջելու ներկայացնել տեղեկատվություն փոխադրման ենթակա վտանգավոր բեռների վերաբերյալ.
2) վտանգավոր բեռները փոխանցելու փոխադրողին` սահմանված կարգով այն փոխադրելու համար.
3) հրաժարվելու փոխադրողի տրամադրած` տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար չնախատեսված ավտոտրանսպորտային միջոցից:
2. Բեռնառաքողը պարտավոր է`
1) փոխադրողին տրամադրել վտանգավոր բեռները` դրանց ծագման և յուրահատկությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերով.
2) ապահովել վտանգավոր բեռների նախապատրաստումը փոխադրման համար, դրանք փոխադրողին հանձնել անվտանգ փոխադրումն ապահովող համապատասխան տարաներում, կոնտեյներում, ցիստեռնում կամ փաթեթավորմամբ.
3) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը:
Հոդված 13. |
Հատուկ վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները ↩ |
1. Փոխադրողն իրավունք ունի`
1) հրաժարվելու վտանգավոր բեռների փոխադրումից, եթե հայտնաբերում է տվյալ վտանգավոր բեռի փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություն.
2) ստանալու հատուցում բեռնառաքողի կամ բեռը ստացողի մեղքով պատճառված վնասի դիմաց:
2. Փոխադրողը պարտավոր է`
1) փոխադրելու համար ընդունել վտանգավոր բեռները.
2) տրամադրել տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված և (կամ) համապատասխան կահավորված սարքին ավտոտրանսպորտային միջոցներ.
3) վտանգավոր բեռները նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում.
4) ապահովել վտանգավոր բեռների փոխադրման անվտանգությունը` փոխադրման ընթացքում վթարային իրավիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով.
5) անհրաժեշտության դեպքում փոխադրման ժամանակ ապահովել հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը, պահպանումը և ուղեկցումը. ↩
6) վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը, փոխադրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները համապատասխանեցնել անվտանգության, սանիտարական օրենսդրության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.
7) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը.
8) մշակել և սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված համապատասխան մարմին ներկայացնել վտանգավոր բեռների փոխադրման երթուղին: Փոխադրման ամբողջ ընթացքում չշեղվել փոխադրման երթուղուց, պահպանել անվտանգ երթևեկության պահանջներից բխող կանոնները, անընդհատ հսկողության տակ պահել ավտոտրանսպորտային միջոցի և վտանգավոր բեռների վիճակը.
9) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով` աշխատանքների ավարտից հետո իրականացնելով դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը: Վտանգավոր բեռների փոխադրումից հետո կատարել դատարկ տարայի մաքրում և վարակազերծում:
(13-րդ հոդ. փոփ. 03.10.23 ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 5
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 14. |
Հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը և ուղեկցումը ↩ |
1. Հատուկ վտանգավոր բեռների փոխադրումների ֆիզիկական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ուղեկցող անձնակազմի ընտրության և հրահանգավորման, բժշկական զննության անցկացման պատասխանատվությունը կրում է վտանգավոր բեռ փոխադրողը: ↩
2. Փոխադրման ընթացքում ուղեկցող անձնակազմը`
1) ապահովում է փոխադրման ամբողջ ընթացքում հատուկ վտանգավոր բեռների ուղեկցումը, դրանց անվտանգության պահանջների պահպանումը, սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությունը. ↩
2) հատուկ վտանգավոր բեռի փոխադրումից առաջ անցնում է վտանգավոր բեռի փոխադրման և միջադեպերի հետևանքների վերացման համար նախապատրաստություն և հրահանգավորում. ↩
3) անցնում է բժշկական զննություն.
4) փոխադրման սկզբում ստուգում է հատուկ վտանգավոր բեռների արտաքին վիճակը` դրանց ճիշտ փաթեթավորումը, պիտակավորումների և դրոշմակնքման պահպանվածությունը. ↩
5) միջադեպերի և վթարների դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջադեպերի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:
3. Փոխադրողը պարտավոր է ուղեկցող անձնակազմի միջոցով ապահովել հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը:
(14-րդ հոդ. փոփ. և լրաց. 03.10.23 ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 15. |
Վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները |
1. Վտանգավոր բեռների բեռնման և բեռնաթափման աշխատանքների հսկման պատասխանատվությունը կրում է բեռնառաքողի կամ բեռը ստացողի ներկայացուցիչը հանդիսացող պատասխանատու անձը, որն ուղեկցում է բեռը:
2. Վտանգավոր բեռների փոխադրումների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմը`
1) անցնում է հրահանգավորում այդ տեսակի վտանգավոր բեռների հետ վարվելու անվտանգության պահանջներին համապատասխան.
2) հետևում է պիտակներով և նախազգուշացնող նշաններով նշված պահանջների պահպանմանը.
3) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ առաջացած միջադեպերի դեպքում վթարային քարտի պահանջներին համապատասխան ձեռնարկում է միջոցառումներ միջադեպերի հետևանքների վերացման համար.
4) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ավարտից հետո կատարում է աշխատանքային հագուստի մաքրում և վարակազերծում:
3. Վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների վարորդները`
1) բեռի փոխադրման ընթացքում պահպանում են սույն օրենքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության պահանջները.
2) անցնում են հրահանգավորում այդ տեսակի վտանգավոր բեռների հետ վարվելու անվտանգության պահանջներին համապատասխան.
3) յուրաքանչյուր երթից առաջ անցնում են բժշկական զննություն.
4) միջադեպերի առաջացման դեպքում աջակցում են միջադեպի պատճառների վերացմանը.
5) ապահովում են «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի պահանջների կատարումը:
Հոդված 16. |
Վտանգավոր բեռների միջպետական փոխադրումները |
1. Վտանգավոր բեռների միջպետական փոխադրումներն իրականացվում են սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) և Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի պահանջների հիման վրա: ↩
(16-րդ հոդ. փոփ. 03.10.23 թիվ ՀՕ-297-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 6
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Հոդված 17. |
Վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների ապահովագրությունը |
1. Վտանգավոր բեռների փոխադրումներում ներգրավված անձանց կյանքը և առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 18. |
Վտանգավոր բեռներ փոխադրելու գործունեության պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը |
1. Վտանգավոր բեռներ փոխադրելու ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենքով սահմանված պարտականությունները խախտող վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտները պարտավոր են Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել իրենց մեղքով պատճառված վնասը:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. |
Եզրափակիչ դրույթներ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2012 թ. մարտի 17 Երևան ՀՕ-30-Ն
|